Եվրոպական ժառանգության օրերին մարդիկ ներսից կծանոթանան պետ.շենքերին

Արև Սամուելյան.

Եվրոպական ժառանգության օրերին մարդիկ ներսից կծանոթանան պետ.շենքերին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը, որոնց համաեվրոպական մեկնարկը կտրվի հենց մեր երկրում: Մշակույթի նախարարությունն արդեն կազմել է ծրագիրը, որին այս տարի մասնակցելու է 60 թանգարան՝ մոտ 200 միջոցառմամբ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը մեզ պատմեց, թե ինչու է այս տարվա հայաստանյան խորագիր ընտրվել «Ժառանգության ժառանգները», ինչպես հաջողվեց կազմակերպել, որ Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվի Հայաստանում, պետական շենքեր այցելություններ կազմակերպելու, ինչպես նաև ծրագրի հանդեպ հետաքրքրության մասին:
Ինչո՞վ է պայմանավորված «Ժառանգության ժառանգները» այս տարվա հայաստանյան խորագիրը:
Եվրոպական ժառանգության օրերի խորագիրն ամեն տարի առաջարկում է Եվրոպայի խորհուրդը: Այս տարվա ընդհանուր խորագիրն է «Եվրոպան՝ ընդհանուր ժառանգություն»: Մենք միշտ տեղայնացրել ենք ու ընդհանուր խորագրի ներքո Հայաստանում մեր խորագիրն ընտրել: Այս տարի դա «Ժառանգության ժառանգներ»-ն է: Մտածեցինք, որ այն համահունչ է այս տարվան, քանի որ նույն օրերին լինելու է նաև Գիտելիքի օրը, ինչպես նաև Մշակույթի նախարարության 2013 թ.-ին գերական խնդիրներից էր մանկապատանեկան գեղարվեստական կրթությունը և այլն: Ամեն դեպքում, «ժառանգություն» բառը մեր ոլորտի կողմնորոշիչ բառերից է:

Ինչպե՞ս ստացվեց կազմակերպել, որ Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվի Հայաստանում:
Քանի որ այս տարի Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, մեզ հաջողվեց պայմանավորվել, որ Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը կայանա Հայաստանում: Այն անցկացվելու է օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Նշեմ, որ համաժողովը միշտ կայացել է Եվրամիության 27 երկրներում, ու Հայաստանն արևելյան երկրներից առաջինն է, որտեղ այն կանցկացվի: Այսպիսով, ոլորտի պատասխանատուները կկարողանան ճանաչել ու ավելի մոտ ծանոթանալ մեր երկրին:

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այն 11 տարիների ընթացքում, որ Հայաստանը մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին:
Առաջին անգամ` 2001-ին, Հայաստանում այս օրերին ընդամենը 9 միջոցառում էր կազմակերպվել: Այս տարի մենք արդեն 60 մշակութային օջախ-մասնակից ունենք ու մոտ 200 տարաբնույթ միջոցառում: Ժառանգության օրերի այս տարվա նորությունն է, որ այս օրերին մարդիկ՝ անցնելով կառավարության, Ազգային ժողովի ու մի քանի այլ պետ.շենքերի մոտով, կկարողանան նաև ներս մտնել, ծանոթանալ շենքին, քանի որ մուտքը բաց է լինելու (այդ շենքերն են ՀՀ նախագահի նստավայրը, կառավարության, Ազգային ժողովի շենքերը, Հարավկովկասյան երկաթուղու Երևանի երկաթուղային կայարանը, «Արարատ» գինեգործական արդյունաբերության միավորման համալիրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մասնաշենքն ու Երևանի քաղաքապետարանը,- խմբ.): Ծրագրում ներառված շենքերի մուտքն ազատ կլինի կոնկրետ ժամերի, էքսկուրսիաներին կարող են մասնակցել բոլորը՝ նախնական գրանցմամբ:

Մարդիկ, օրինակ, սովորաբար գնում են Օպերա՝ երաժշտություն լսելու, իսկ այս օրերին կկարողանան ծանոթանալ հուշարձան-շենքին, ուսումնասիրել բեմահարթակը, իջնել փոսը, որտեղ նստում է նվագախումբը, տեսնել՝ որտեղ են պահվում դեկորացիաներն և այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական ժառանգության օրերի ավարտից հետո շենքեր այցելությաններին, ապա ամեն շենքի «տեր» ինքը պետք է որոշի՝ շարունակական կլինի՞ այս ծրագիրը, թե՝ ոչ: Մշակույթի նախարարությունը խնդրել է նման ակցիա անցկացնել միայն այս օրերին:

Նշեմ, որ այցելուների թիվը տարեցտարի ավելանում է: Մարդիկ սպասում են այս օրերին, ինչպես սպասում են Թանգարանների գիշերվան:

Ի՞նչ ֆինանսավորմամբ են կազմակերպվում միջոցառումները:
Ունենք լուրջ ֆինանսական աջակցություն՝ կապված համակարգողների համաժողովի մասնակիցների այցի հետ: Այն կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը: Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի կազմակերպման համար նախարարությունը ֆինանսական օգնություն է ստացել նաև Եվրամիության հայաստանյան գրասենյակից ու Երևանի քաղաքապետարանից, իհարկե, գումար է հատկացվել նաևնախարարության միջոցներից:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
---