Մինչև տարեվերջ մտադիր ենք ՓՄՁ վարկավորմանն ուղղել մոտ 600 մլն դրամ

Մնացական Դոխոյան.

Մինչև տարեվերջ մտադիր ենք ՓՄՁ վարկավորմանն ուղղել մոտ 600 մլն դրամ

PanARMENIAN.Net - «Գյումրի» մասնաճյուղը Առէկսիմբանկի առաջին տարածքային մասնաճյուղն է: Տարածաշրջանի գլխավոր խնդիրը` երկրաշարժից հետո խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները այդպես էլ չվերականգնվեցին: Հիմնական խնդիրների, գլխավոր հաճախորդների ու նոր շենքի մասին պատմում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Մնացական Դոխոյանը:
Խնդրում եմ պատմել ձեր մասնաճյուղի մասին` ինչպիսի՞ պայմաններում է այն ստեղծվել և ի՞նչ նպատակով:
«Գյումրի» մասնաճյուղը Առէկսիմբանկի առաջին տարածքային մասնաճյուղն է: Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է` իր մեծությամբ և նշանակությամբ, ուստի մասնաճյուղի բացումն այստեղ տեղին էր: Մեր քաղաքի ընտրության հիմնական պատճառը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական զինվորական բազան էր` Անդրկովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գլխավոր օբյեկտներից մեկը և հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բաղադրիչը: Ռուսական զորքերը ավելի քան 200 տարի է, ինչ տեղակայված են մեր քաղաքում: Ռուսական ամրոցը հիմնվել է դեռևս XIX դարի սկզբին, երբ կամավոր ռուսական տիրապետության տակ անցան կամ գրավվեցին մի շարք տարածքներ, որոնք նախկինում պատկանում էին Օսմանյան կայսրությանն ու Պարսկաստանին: 1850թ. Ալեքսանդրոպոլը վերածվեց բերդ-ամրոցի, որտեղ տեղակայվեց 18-րդ «Սևերսկի» զինվորական ավանը: Ավելի ուշ, արդեն սովետական իշխանության օրոք Հայկական ԽՍՀ-ի տարածքում տեղակայվեց անդրկովկասյան ռուսական զորքի գումարտակը, իսկ Հայաստանի անկախությունից հետո, 1955թ. միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայվեց 102-րդ ռուսական զինվորական բազան:

Ինչպես տեսնում եք, նման ռազմավարական կարևոր գործընկերոջը չի կարելի թերագնահատել, քանի որ 2002թ. մասնաճյուղի բացումից ի վեր ռուս զինվորները դարձել են մեր առաջնային հաճախորդները: 2003թ-ից մենք սկսեցինք իրականացնել աշխատավարձային ծրագիր սպաների և պայմանագրային զինվորականների համար: Հետագայում մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնվեց, և այսօրվա դրությամբ Առէկսիմբանկն առաջարկում է բանկային պրոդուկտների մեծ տեսականի, այն է` կոմունալ վճարումներ, միջազգային դրամական փոխանցումներ ինչպես անձնագրային տվյալներով, այնպես էլ քարտից-քարտ, նաև տարբեր վարկային պրոդուկտներ: Հարկ է նշել, որ բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման պայմանները` փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձևակերպման ու տրամադրման գործընթացը: Այլ կերպ ասած` ռուսական զինվորականները Առէկսիմբանկը համարում են «իրենցը»:

Սակայն ռուսական զինվորական բազան ձեր միակ հաճախորդը չէ:
Մասնաճյուղի հաճախորդային բազան բավականին մեծ է: Մեր հաճախորդներն են մի շարք պետական հաստատություններ, խոշոր շինարարական ընկերություններ, փոքր ու միջին ձեռնարկություններ: Դրանցից 34 ձեռնարկության հետ իրականացվում են աշխատավարձային ծրագրեր, օրինակ` «Գազպրոմ-Արմենիա» Շիրակի մասնաճյուղը, «Հայջրմուղկոյուղի» «Շիրակ ջուր» մասնաճյուղը, խոշոր շինկազմակերպություններ` «Ալկարե» և «Ռուսլան Համբարյան», «Մհեր Զարգարյան» տրիկոտաժի արտադրամաս: Ուսումնական հաստատություններից կցանկանայի նշել Մ.Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտը, թիվ 7 հիմնական դպրոցը, ինչպես նաև` Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Եվ իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են ՓՄ ձեռնարկությունները, որոնք օգտվում են մեր բանկի վարկային միջոցներից: Տարածաշրջանի խնդիրը նրանում է, որ երկրաշարժից հետո խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները այդպես էլ չվերականգնվեցին: Այդ պատճառով մեր ուշադրությունն այսօր մասնավորապես ուղղված է ՓՄ ձեռնարկություններին: Մինչև տարեվերջ մտադիր ենք ՓՄՁ վարկավորմանն ուղղել մոտ 600 մլն դրամ: Համեմատության կարգով նշեմ, որ 2013թ. մեր մասնաճյուղի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում էր 470 մլն դրամ: Սակայն մինչև տարեվերջ նախատեսում ենք ընդհանուր վարկային պորտֆելը հասցնել 1 մլրդ 270 մլն դրամի:

Ինչ վերաբերում է քարտային բիզնեսին, ապա հայաստանյան բանկային համակարգում մենք զբաղեցնում ենք առաջնային դիրքեր: Այսօրվա դրությամբ թողարկված քարտերի քանակը կազմում է 16 300, որից ակտիվ քարտերը կազմում են մոտ 6 000: Մասնաճյուղի համար դա շատ լավ ցուցանիշ է: Մնում է ավելացնել, որ քաղաքում գործում է թվով 6 բանկոմատ` 120-140 մլն դրամ ամսեկան շրջանառությամբ, և 14 POS-տերմինալ: Մինչև տարեվերջ մտադիր ենք քարտերի սպասարկման կետերը հասցնել 18-ի:

Ինչպիսի՞ խնդիրներ է առաջադրված ձեզ Բանկի ղեկավարության կողմից:
Մեր հիմնական նպատակն է ներգրավել նոր հաճախորդների, սակայն դրանց քանակը մեզ այսօր էլ բավականացնում է: Հարցը այլ բանում է. այսօր տեղական շուկայում բանկերի միջև բարձր մրցակցություն է առաջացել, քանի որ առաջարկվող պրոդուկտները այնքան էլ չեն տարբերվում միմյանցից: Միակ բանը, որով մենք կարող ենք տարբերվել, դա վարկերի տրամադրման պայմաններն են, սպասարկման որակն ու արագությունը: Հիմնականում բանկերը մրցում են վարկերի տրամադրման ժամկետներով, վարկավորման գործընթացի ավտոմատացմամբ, ինչպես նաև հաճախորդից պահանջվող փաստաթղթերի կրճատմամբ: Մեր բանկը մշտապես բարելավում է իր վարկավորման պայմանները` ձգտելով առավելագույնս հեշտացնել վարկերի ձևակերպման ու տրամադրման գործընթացը: Կարևոր նշանակություն ունի նաև հաճախորդների հետ հարաբերություններում ազնվության դրսևորումը: Համաձայնեք, որ հաճախորդը կընտրի այն բանկը, որտեղ վերջինիս վարկը կտրամադրվի արագ, առանց որևէ քաշքշուքի և վազքի: Մեր Բանկը վաղուց է անցել «մեկ պատուհան» սկզբունքին, երբ հաճախորդը սպասարկվում է մեկ մասնագետի կողմից և ազատվում երկարատև հերթերից ու քաշքշուքից: Կարևոր նպատակներից է նաև եկամտային պլանի կատարումը: Բանկի ղեկավարությանը վստահեցնում եմ, որ այս խնդիրը մենք կկատարենք, նախնական հաշվարկներով` նույնիսկ պլանը գերակատարմամբ:

Ձեզ համար ամենահաճելի հարցը: Վերջերս դուք տեղափոխվեցիք նոր շենք: Ինչպե՞ս վերաբերվեցին դրան հաճախորդները և արդյո՞ք այն ազդեց անձնակազմի աշխատանքի վրա:
Նոր մասնաշենք տեղափոխվեցինք 2013 թվականին: Մինչ այդ գտնվում էինք հին, ոչ հարմարավետ մի տարածքում, որը ոչ միայն չէր կարող ընդունել բոլոր այցելուներին, այլև չէր համապատասխանում Բանկի բրենդին: Հիմա մենք ունենք լուսավոր ու մեծ շենք քաղաքի կենտրոնում, որով շատ հպարտանում ենք: Մոտակայքում են գտնվում քաղաքի հիմնական վարչական շենքերը` քաղաքապետարանը, կադաստրը, ՔԿԱԳ գործակալությունը: Արդյունքն ակնհայտ է. այսօրվա դրությամբ ունենք ավելի քան 10.000 հաճախորդ, որից ֆիզիկական անձ` 9685, իրավաբանական անձ` 118 և անհատ ձեռնարկատեր` 60: Բազմաթիվ դժվարություններով ու բարձր մրցակցությամբ նման տարածաշրջանի համար դա շատ լավ արդյունք է, սակայն ոչ վերջնական:

---