Ուզում եմ Բելուչիի մասնակցությամբ Կուստուրիցայի ֆիլմի երևանյան պրեմիերա կազմակերպել

Խաչատուր Ալմազյան.

Ուզում եմ Բելուչիի մասնակցությամբ Կուստուրիցայի ֆիլմի երևանյան պրեմիերա կազմակերպել

PanARMENIAN.Net - Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի On The Milky Road (թարգ.՝ «Ծիր կաթինի ճանապարհին») ֆիլմի սաունդթրեքը, որտեղ գլխավոր դերերում հենց ինքը՝ Կուստուրիցան ու իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին են, ձայնագրել է Almazian Symphony նվագախումբը, որը ղեկավարում են ջութակահար Խաչատուր Ալմազյանն ու թավջութակահար Թամարա Սավիչը: Almazian Symphony-ի առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է 2013-ին՝ Ֆրանսիայում, Sony Music Entertainment-ի ու France TV National-ի հետ գործակցությամբ: PanARMENIAN.Net-ը զրուցել է Խաչատուր Ալմազյանի հետ ու պարզել Էմիր Կուստուրիցայի հետ հերթական համատեղ աշխատանքի մանրամասները:

On The Milky Road-ը պատմում է նախկին Հարավսլավիայում պատերազմի մասին: Մոնիկա Բելուչին վանական դարձած նախկին զինվորի ընկերուհու դերում է: Գլխավոր դերում Կուստուրիցան է: Ֆիլմի վրա աշխատանքները ռեժիսորը պլանավորում է ավարտել արդեն տարեվերջին, իսկ 2015-ի մայիսին ներկայացնել այն Կաննի կինոփառատոնում:

Մոնիկա Բելուչին ու Խաչատուր Ալմազյանը

Կուստուրիցայի հետ գործակցության մասին

Էմիրի հետ ինչպես ընկերական, այնպես էլ գործնական հարաբերություններն արդեն տարիների պատմություն ունեն: Նրա կազմակերպած առաջին «Կուստենդորֆում» հենց իմ նվագախումբն է ելույթ ունեցել կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: 2010-ին արդեն գործակցել ենք Էմիրի ու նրա որդու՝ Ստրիբոր Կուստուրիցայի հետ: Cool Water ֆիլմի համար երաժշտություն գրեցինք, որի համապրոդյուսերը Ջոնի Դեփն է: Չնայած ֆիլմի նկարահանումները հետագայում հետաձգվեցին, թե Էմիրը, թե Ստրիբորը հավանել էինձայնագրությունը, ինչն էլ, հավանաբար, հետագա համատեղ աշխատանքի համար հիմք դարձավ:

Այդ ամբողջ գործընթացը շատ պատասխանատու է, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր: Ի տարբերություն այլ ռեժիսորների, որոնք պոստփրոդաքշնի փուլում աշխատում են երաժշտության վրա, Էմիրը դրանով զբաղվում է ֆիլմի նկարահանումների ու մոնտաժի հետ միաժամանակ:

Ալմազյանը` կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցայի (մեջտեղում) և պրոդյուսեր Ֆիլիպ Ավրիլի հետ (աջից)

Ես ղեկավարում եմ նվագախումբը, նաև ջութակի սոլո ելույթներ ունեմ: Աշխատում ենք այսպես՝ նախ Ստրիբորն ուղարկում է պարտիտուրան, երաժիշտների հետ փորձեր ենք անում, հետո արդեն ստուդիայում բոլորս միասին աշխատում ենք մեկնաբանման վրա: Նրա երաժշտությունն ուղղակի հիասքանչ է: Նույնիսկ չեմ կարող առանձնացնել ոճը՝ երևի ինչ-որ խառնուրդ է, բայց ամենակարևորը, որ շատ գեղեցիկ ու լուսավոր երաժշտություն է:

Ստրիբորի հետ իրար կես բառից հասկանում ենք: Համատեղ աշխատանքի ժամանակ ժամացույցին չենք նայում՝ սկսում ենք աշխատել վաղ առավոտյան ու ավարտում ուշ գիշերը: Մեկ-մեկ Ստրիբորը հենց ձայնագրության ժամանակ է ինչ-որ բան փոխում, ժամանակ առ ժամանակ մեզ նաև իմպրովիզներ ենք թույլ տալիս, բուռն քննարկումներ էլ են լինում: Այդ ամենն ավարտելուց հետո արդյունքը ներկայացվում է Էմիրի դատին:

Էմիր Կուստուրիցան ու Խաչատուր Ալմազյանը

Կուստուրիցայի մասին

Էմիրն ամեն ֆիլմի վրա աշխատում է մանրակրկտորեն, առանց սահմանափակելու իր ժամանակը: Դա աշխատանքի հանդեպ նրա վերաբերմունքի առանձնահատկություններից մեկն է: Չէ որ այսօր բազմաթիվ ռեժիսորներ կախված են պրոդյուսերներից, որոնք նշում են ժամկետները, դերասանական կազմը և այլն: Օրինակ, նա ինձ պատմել է, որ Underground ֆիլմում հարսանիքի դրվագի վրա պլանավորում էր ընդամենը 5 օր աշխատել, իսկ արդյունքում այդ ամենը 1,5 ամիս ձգվեց... Ինձ զարմացնում է նրա ֆենոմենալ էներգիան ու աշխատունակությունը: Դժվար է պատկերացնել, որ մի մարդ կարող է միաժամանակ ֆիլմեր նկարահանել, համերգներ տալ, փառատոններ անցկացնել, գրքեր գրել ու քաղաքներ կառուցել: Հիշում եմ Դովալտովի խոսքերը՝ «Բոլորն էլ գիտեն, որ հանճարները պետք է ծանոթներ ունենան: Բայց ո՞վ կհավատա, որ իր ծանոթը հանճար է»:

Ֆիլմի երևանյան պրեմիերայի մասին

Կուզեի On The Milky Road-ի երևանյան պրեմիերան կազմակերպել: 2010-ին Էմիրին իր The No Smoking Orchestra բենդի հետ Երևան էի հրավիրել: Համերգը շատ հաջող անցավ, բացի այդ, Կուստուրիցայի ու ստեղծագործ երիտասարդների հետ հանդիպում էինք կազմակերպել: Դահլիճը լեփլեցուն էր, և բոլորը հարց տալու հնարավորություն ունեին: Էմիրը հետո խոստովանեց, որ հաճելի զարմացած էր մեր երիտասարդության մտավոր մակարդակով: Կուզեի նման ևս մի հանդիպում կազմակերպել Կաննում ֆիլմի պրեմիերայից հետո՝ ընդլայնելով մասնակիցների կազմը: Նկատի ունեմ Կուստուրիցայի ընտանիքը, որն իրականում եզակի երևույթ է կինոյի աշխարում: Ֆիլմի վրա աշխատանքներին մասնակցում են բոլորը. կինը՝ Մայան, պրոդյուսերներից մեկն է, դուստրը՝ Դունյան, սցենարի համահեղինակն է, որդին՝ Ստրիբորը, կոմպոզիտորը (նախորդ ֆիլմերում նաև որպես դերասան է ներկայացել):

On The Milky Road ֆիլմից կադր ու պոստերը

Եվ, իհարկե, կուզեի հանդիպմանը հրավիրել նաև ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Մոնիկա Բելուչիին: Լինելով առաջին մեծության աստղ, Մոնիկան ոչ միայն իր գեղեցկությամբ է հիացնում, այլև ինտելեկտով: Համոզված եմ, որ նման հանդիպումը երևանյան հանդիսատեսին անտարբեր չէր թողնի:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, լուսանկարները՝ Խաչատուր Ալմազյանի և PAN Photo-ի արխիվներից
---