Խաչատրյանի երաժշտությունը՝ ռուսական ու ճապոնական պրիզմաներով

Մարինա Դոմաշենկո, Մայու Կիշիմա.

Խաչատրյանի երաժշտությունը՝ ռուսական ու ճապոնական պրիզմաներով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին համաշխարհային ճանաչում վայելող մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոն Երևանում կատարեց կոմպոզիտորի «Ձոն ցնծությանը», իսկ ջութակահար Մայու Կիշիման՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրանց հետ Խաչատրյանի, փառատոնի, Երևանի և այլնի մասին:

Մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոն ծնվել և մեծացել է Կեմերովոյում, ավարտել է տեղի արվեստների ինստիտուտը՝ դաշնամուր և նվագախմբի դերիժոր մասնագիտությամբ, այնուհետև՝ Եկատերինբուրգի կոնսերվատորիայի վոկալի բաժինը: 1997-ին նա դարձել է Չեխիայում անցկացվող Դվորժակի անվան օպերային երգեցողության միջազգային մրցույթի հաղթող, իսկ 1999-ին հաղթել է մեկ այլ մրցույթում, այս անգամ արդեն Իտալիայում: 2006-ին արժանացել է «Գրեմիի»՝ օպերային լավագույն ձայնագրության համար: Նա Կարմենի արիաներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրայի, Իտալիայի, Ճապոնիայի թատրոններում:

«Ձոն ցնծությանը»

Առաջին անգամ Խաչատրյանի «Ձոն ցնծությանը» կատարել եմ կոմպոզիտորի 100 ամյակին նվիրված միջոցառմանը Նյու Յորքում: Այնտեղ առաջին անգամ ծանոթացա Խաչատրյանի վոկալ արվեստի հետ: Մինչև այդ , իհարկե, շատ էի նվագել նրա ստեղծագործությունները, մենք դրա վրա ենք մեծացել, սովորել, բայց վոկալ առումով երբեք մոտ չէի գնացել Խաչատրյանին: Դա իմ առաջին փորձն էր, և ես երջանիկ էի, որովհետև շատ արագ սովորեցի, երգչի համար շատ հարմար երաժշտություն է: Այս կատարմամաբ հաճելի է բեմ դուրս գալը, քանի որ այն և ազգային կոլորիտ է պարունակում, և շատ մասշտաբային է: Այստեղ և պերճանք կա, և մոնումենտալություն, ամեն ինչ խոշոր է, մեծ, իսկը իմ սրտով:Այս երաժշտությունից, անգամ եթե կատարողը լավագույնը չէ, միջակ մի երգիչ է, մարմնով սարսուռ է անցնում: «Ձոն ցնծությանն» այնքան հզոր է, որ փակում է անգամ ոչ կատարյալ կատարումը:

Ճակատագրական Կարմենը

Իմ ճակատագիրը Կարմենն է, քանի որ ես շատ եմ երգել, երգում ու հավանաբար դեռ երկար կերգեմ այս արիաները: Առաջին հերթին, վիճակագրության համաձայն, սա աշխարհում ամենահաճախ խաղացվող օպերան է: Սիրում եմ նաև Դալիլայի պարտիաները («Սամսոն և Դալիլա» օպերայից): Մի խոսքով, ինձ դուր է գալիս վամպ-կանաց մարմնավորելը, քանի որ այստեղ կա ինչ երգել, ինչ խաղալ: Ընդհանուր առմամբ իմ ձայնը՝ մեցցո-սոպրանո, հիմնականում նախատեսված է հենց այս կարգի դերերի համար, տարիքի հետ արդեն կլինեն մայրիկների, ընկերուհիների դերեր, իսկ հիմա դեռ կարելի է այպիսի ճակատագրական կանանց մարմնավորել: Թեև պետք է խոստովանեմ, որ բնույթով բոլորովին այլ եմ: Լավ է, որ հնարավորություն ունեմ բեմի վրա դուրս հանել իմ բոլոր «երևակայական խաղերը», իսկ հետո հանգիստ ու խաղաղ վերադառնալ ընտանիքիս գիրկը:

Դիրիժորի մասնագիտությունը

Շատ է օգնում, հատկապես լավ խմբավարների հետ գործակցության ժամանակ: Իսկ վատերի հետ, թեև հազվադեպ է այդպես լինում, նույնքան խանգարում է. անընդհատ ուզում եմ նրանց տեղը գրավել ու մշտապես պայքարում եմ դրա դեմ: Հավելյալ գիտելիք է, որը երբեմն օգնում է, երբեմն էլ գուցե ինչ-որ տեղ խանգարում ու ինքս ինձ մտածում եմ՝ ավելի լավ կլիներ չիմանայի, չհասկանայի: Բայց ամեն դեպքում դերը սովորելու, նվագախմբի հետ աշխատելու, հարմոնիկ լսողության, ամբողջությամբ գործն ընկալելու առումով, իհարկե, օգնում է:

Փառատոնը

Ցնծությամբ ընդունեցի կոմպոզիտորի հայրենիքում անցկացվող փառատոնին մասնակցելու հրավերը: Սա ինձ համար, իհարկե, հիանալի հնարավորություն է: Այստեղ կատարումն էլ բոլորովին այլ է, նոր, ավելի խաչատրյանական:

Երևանը

Վոկալիստները շատ վախկոտ են, վախենում են դուրս գալ համերգներից առաջ, մրսելուց, ձայնը վնասելու հավանականությունն անգամ սարսափեցնում է: Դա խիստ թունավորում է Երևանի գեղեցկությամբ հիանալու պահերը, քաղաքը լավ ուսումնասիրել չի ստացվում: Նախընտրում եմ ճամփորդել համերգներից ազատ ժամանակ: Իսկ այն քիչ ժամանակը, որ հաջողացրեցի անցկացնել ձեր քաղաքի փողոցներում, մտքումս անընդհատ Արամ Խաչատրյանի գործերն էին: Այստեղ ամենուր այնքան շատ Խաչատրյան կա:

Այնքանով, որքանով հասցրեցի տեսնել, քաղաքը շատ ոճային է, և դա ինձ դուր է գալիս: Հիանում եմ, որ քաղաքային իշխանությունները պահում են քաղաքի դեմքը: Անգամ նոր շենքներ կառուցելիս նույն ոճով են առաջնորդվում: Աշխարհում հին քաղաքները հիմա շատ են այլանդակում, այդ դառը փորձը կա, իսկ այստեղ այսպես չէ:

Երազանքի արիան

Ես չեմ երազում: Հավատում եմ, որ ինչ մերն է, Աստված կտա մեզ: Գիշերները չքնել, կամ մի դերի համար ինքս ինձ տանջել, թե չի ստացվում, չկա այդպիսի բան, ինչ որ պետք է,Աստված կտա: Իսկ ես պարզապես իմ գործն եմ անում՝ երգում եմ:

Ջութակահար Մայու Կիշիման ծնվել է 1986-ին Ճապոնիայում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 3 տարեկանում: Կրթություն է ստացել Ճապոնիայում, պարապել Շվեյցարիայի Սեյջի Օզավայի ակադեմիայում, ներկայումս կատարելագործվում է Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցում:

Ջութակը ձեռքին

Մայրս դաշնակահար է: Երբ ես երեք տարեկան էի, ծնողներս ինձ միաժամանակ մի քանի խմբակի գրանցեցին՝ բալետի, նկարչության, ջութակի, գիմնաստիկայի: Բայց միակն բանը, որն ինձ իրոք հոգեհարազատ էր ու ինձ մոտ ստացվում էր, ջութակն էր: Կարելի է ասել՝ նվագել սկսել եմ խոսելու հետ զուգահեռ: Այնպես որ երաժշտությունն ինձ համար շատ բնական բան է, լեզվի, ինքնաարտահայտման միջոց, խոսելու չափ սովորական մի բան: Եվ հիմա վստահորեն կարող եմ ասել, որ երաժշտության միջոցով շատ ավելի լավ եմ մտքերս, ցանկություններս արտահայտում, քան բառերի:

Երևանը

Ընդամենը 2 օրով եմ Հայաստանում, և դուրս գալու հնարավորություն ընդհանրապես չեմ ունեցել: Միայն մի փոքր հասցրեցի զբոսնել քաղաքում, և ամբողջ ընթացքում մտքում նվագում էի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Այն նախկինում էլ բավական հաճախ եմ նվագել: Խաչատրյանն իմ սիրելի կոմպոզիտորներից մեկն է, բայց մինչև հիմա երբևէ հնարավորություն չեմ ունեցել հենց նրա հայրենիքում նվագելու: Փորձում եմ վերցնել հնարավոր ամեն ինչ մարդկանցից, քաղաքից, միջավայրից, մշակույթից: Կարծում եմ՝ այս անգամ շատ ավելի լավ կհնչի ջութակս, և երաժշտություն էլ էլ ավելի կոլորիտային կլինի:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Հրանտ Խաչատրյան / PAN Photo
---