Քրաուդֆանդինգը զարգացող ուղղություն է, մասնավորապես՝ Հայաստանի համար

Գարեգին Գևորգյան.

Քրաուդֆանդինգը զարգացող ուղղություն է, մասնավորապես՝ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ-ի տնօրեն Գարեգին Գևորգյանը պատմել է Fundr.am հարթակի մասին, ինչպես նաև մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում քրաուդֆանդինգն ու ինչպես են պատրաստվում զարգացնել այն Հայաստանում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Fundr.am հարթակը, ինչպե՞ս որոշեցիք նախաձեռնել այն։
Արդեն մոտ 8 տարի է միջազգային համացանցում ստեղծվում են հարթակներ, որոնց նպատակն է տարատեսակ նախագծերի համար միջոցներ հայթայթել։

Նախագծերի տիրույթը սփռված է արվեստին և կինոյին վերաբերող ծրագրերից մինչև տարատեսակ սարքերի արտադրություն, միկրոֆինանսական վարկեր։ Այս գործարար մոդելը ստացել է քրաուդֆանդինգի (crowdfunding) անվանումը։

2010-ի մայիսից գործակցում ենք այդպիսի մի հարթակի՝ kiva.org-ի հետ։ Մենք վարկավորում ենք հաճախորդներին, նրանց համաձայնությամբ այդ հարթակում վարկի մասին տեղեկություններ տեղադրում, ինչի արդյունքում տարբեր մարդիկ միջոցներ են հատկացնում այդ վարկը ֆինանսավորելու համար, ընդ որում՝ միջին հատկացումը կազմում է մոտ 50 դոլար։

Իսկ որքա՞ն միջոցներ եք ներգրավել նման աննշան հատկացումների միջոցով։
Այս գործակցության սկզբում հուսով էինք հասնել 300.000 դոլարի սահմանին 3 տարվա ընթացքում։ Իրականությունը գերազանցեց մեր սպասումները՝ 3 տարում ներգրավեցինք 3 միլիոն դոլար, իսկ այս պահի դրությամբ արդեն ներգրավել ենք 6 միլիոն դոլարը գերազանցող գումար։ Ուստի, 4 տարի անց որոշեցինք այդպիսի հարթակ ստեղծել Հայաստանում։

Կառուցում ենք մի համայնք, որի երկարակեցությունը կապահովվի դրա առանցքային օղակի՝ Fundr.am հարթակի ֆինանսական կայունությամբ։ Այսինքն՝ կառուցում ենք սոցիալական ձեռնարկություն, որն առաջին հերթին հետապնդում է սոցիալական նպատակ, բայց ունի ֆինանսական ինքնաապահովման խնդիր։ Ուստի, ծառայությունների մի մասը կտրամադրվի անվճար, իսկ մյուս ծառայություններից ստացված հասույթը կուղղվի հարթակի զարգացմանը։

Քրաուդֆանդինգը Հայաստանում համեմատաբար նոր ուղղություն է, ինչպե՞ս եք պլանավորում զարգացնել այն:
Նախագծի ներսում ստեղծել ենք հայերեն անվանում՝ հանրադրամ։ Կարծում եմ, սա զարգացող ուղղություն է, մասնավորապես՝ Հայաստանի համար, քանի որ սփյուռքի առկայությունը մեծ հնարավորություն է ընձեռում՝ պայմանով, որ բոլոր հոսքերը կլինեն տեսանելի, հաշվետու վերահսկելի, ինչը նաև վստահության հարմարավետ միջավայր կստեղծի։

Նախագիծը կներկայացնենք հանրության գնահատականին դեկտեմբերի 18-ին, իսկ մինչ այդ հասանելի է հարթակի արդեն գործող փորձնական տարբերակը:

Հղումներ թեմայով.
---