«Պատմական Հայաստան, 100 տարի անց»՝ պաշտպանելով իմ ժառանգությունը

Մեթյու Քարանյան.

«Պատմական Հայաստան, 100 տարի անց»՝ պաշտպանելով իմ ժառանգությունը

PanARMENIAN.Net - Ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ Մեթյու Քարանյանը հրատարակության է պատրաստում իր «Պատմական Հայաստան, 100 տարի անց» գիրքը: Ուղեցույց Անի, Վան և Արևմտյան Հայաստանի վեց նահանգ այցելողների համար՝ լուսանկարներով, քարտեզներով, այլ տեղեկություններով , թե ինչպես և ուր հասնել՝ հեղինակի ճամփորդական փորձով: Քարանյանը PanARMENIAN.Net-ին պատմեց առաջին այցելության դժվարությունների, գիրքը գրելու մոտիվացիայի, թուրքական վանդալիզմի և պատմական ժառանգությանը տեր կանգնելու անհրաժեշտության մասին: Գիրքը լույս կտեսնի փետրվարի 15-ին:

90-ականների սկզբին ես նույնիսկ չէի պատկերացնում, որ կլինեմ Վանում, Անիում, առավել ևս, թե գիրք կգրեմ: Ինձ համար հոգեբանական մեծ խոչընդոտ կար. հայերի մեծ մասը, որոնց ճանաչում էի, ասում էին՝ երբեք ոտք չեն դնի Արևմտյան Հայաստան, քանի դեռ մեր հողերն ազատ չեն: Ես նույնն էի զգում: Բայց 1997-ին մի ամերիկահայ ընկերս որոշեց ամուսնանալ ամերիկահայ ընկերուհուս հետ: Կիլիկիայում՝ հայկական վանքի ավերակներում: Ստիպված էի մի կողմ թողնել անձնական զգացմունքներս և ուղղակի գնալ: Այդ ժամանակ Երևանում էի աշխատում, և մենք բոլորս չարթերային թռիչքով հասանք Ստամբուլ, ապա՝ Կիլիկիա:

Հարսանիքից հետո առաջարկեցի նաև Վան գնալ: Թուրքիայի արևելյան նահանգներ այցելելն այն ժամանակ վտանգավոր էր, այնտեղ ռազմական գոտի էր: Ընկերներիցս ոչ մեկը չհամաձայնեց: Որոշեցի նույնիսկ մենակ գնալ: Դա ինձ համար ջրբաժան ճանապարհորդություն էր: Նույնիսկ չէի պատկերացնի, որ լրջորեն կմտածեմ գիրք գրել և օգնել ուրիշներին հասնել այդ նույն վայրերը: Պայմաններն այն ժամանակ իսկապես վտանգավոր էին ուխտավորների և պարզապես այցելուների համար: Ինքս ինձ հետ վիճում էի՝ ուրիշ հայերի նման այցելությունը խրախուսելու համար:

Ես հայ եմ և հիմա մտածում եմ՝ ինչու չայցելել իմ ժողովրդի անտիկ մայրաքաղաքները: Կարծում եմ՝ այս դեպքում պետք է հեռու մնալ քաղաքական ենթատեքստից, որովհետև դրա արժեքն աննշան է իմ հայրենիքում իմ ժառանգությունը տեսնելու համեմատ: Արևմտյան Հայաստանում արդեն մի քանի անգամ եմ եղել: Տեսել եմ հայկական հուշարձաների, հատկապես եկեղեցիների դեմ վանդալիզմի հետքերը. տարեցտարի վիճակը վատթարանում է: Հասկացել եմ՝ հեռու մնալով մեր հայրենիքից վնասում ենք ինքներս մեզ: Ստացվում է, որ անտարբեր ենք մեր ժառանգության նկատմամբ: Կարծես ասում ենք՝ կարող եք ավերել մեր եկեղեցիները, հայը չի գա ու չի տեսնի՝ ինչ եք արել:

Հույս ունեմ` գիրքս հնարավորություն կտա հայերիս պահպանել պատմությունը, որը մենք թողել ենք այնտեղ՝ Արևմտյան Հայաստանում: Այնքան շատ բան կա, որ ինքներս չգիտենք մեր հայրենիքի մասին, թե ինչպիսին էր կյանքն այնտեղ 1915-ից առաջ, և այն եկեղեցիների և հուշարձանների մասին, որ դեռ կանգուն են: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ դրանք շարունակեն կանգուն մնալ: Սա է իմ գրքի գերխնդիրը:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
---