«Սովորական Ցեղասպանություն». Ադրբեջանը մինչ օրս պատասխան չի տվել հայերի ջարդերի համար

Մարինա Գրիգորյան.

«Սովորական Ցեղասպանություն». Ադրբեջանը մինչ օրս պատասխան չի տվել հայերի ջարդերի համար

PanARMENIAN.Net - Հունվարի կեսին տեղի ունեցավ «Ցեղասպանության մեկ դար. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված Բաքվում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին: Ֆիլմը հիմնված է այժմ ԱՄՆ-ում բնակվող բաքվեցի հայ փախստականների վկայությունների վրա: Ընդհանուր առմամբ 2 շաբաթում շուրջ 50 հարցազրույց է ձայնագրվել, որոնց մի մասն ընդգրկվել է ֆիլմում: Ամբողջ ծավալով այդ վկայությունները կընդգրկվեն ժողովածուում, որը լույս կտեսնի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ֆիլմը նկարահանվել է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակում, որի հեղինակ, «Գոլոս Արմենիի» գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը պատմել է PanARMENIAN.Net-ին նախագծի, ֆիլմի վրա աշխատանքի և թեմայի առանձնահատկությունների մասին:
Ինչի՞ց սկսվեց «Սովորական Ցեղասպանություն» նախագիծը:
Դա 2009-ի հոկտեմբերի վերջում էր: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանն առաջարկեց ինձ զբաղվել նախագծով, որի նպատակն էր Ադրբեջանի ղեկավարության ազգային քաղաքականության և 1988-1992 թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի ստեղծումը: Ճիշտ է, ժամանակի հետ մենք ընդլայնեցինք մեր գործունեությունը և սկսեցինք նաև որոնել և հավաքել արխիվային նյութեր, գրքեր, բրոշյուրներ հրատարակել, կայքէջ ստեղծեցինք: Նոյեմբերի 1-ին մենք ձեռնամուխ եղանք աշխատանքին և եկու ամիս անց ներկայացրեցինք մեր առաջին ֆիլմը՝ նվիրված Բաքվում հայերի ցեղասպանության 20-րդ տարելիցին: Անմիջապես ստեղծագործական խումբ ձևավորվեց, առանց որի ինձ մոտ, անշուշտ, ոչինչ չէր ստացվի:

Խոստովանեմ՝ շատ բարդ էր: Ես լրագրող եմ և երբեք չեմ զբաղվել կինովավերագրությամբ: Սակայն նույնիսկ դա չէր ամենամեծ դժվարությունը՝ հիմնական բարդությունն այն էր, որ մենք շատ քիչ նյութեր ունեինք, հատկապես Բաքվի ջարդերի մասով: Դրանք հավաքել էր պետք, իսկ մենք, կրկնում եմ, երկու ամիս ունեինք:

Ինչպե՞ս տրվեց նման բարդ և պատասխանտու նախագծում աշխատելու որոշումը: Արդյո՞ք այն ծանր չէր:
Իրականում այսպիսի նախագծում աշխատելու հնարավորությունը շատ սպասված էր: Ես զբաղվում եմ ղարաբաղյան թեմայով 1991-ից, ուստի առաջարկն ընդունել-չընդունելու հարց չի եղել: Մոտ 20 տարի է մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ կառավարությունը չի զբաղվում այդ հարցով: 20 տարի այդ ուղղությամբ ոչ մի քաղաքականություն չի տարվել. ամեն ինչ արվել է առանձին անհատների էնտուզիազմով: Եվ երբ պետական կազմակերպության ղեկավարը, այն էլ՝ նախագահի աշխատակազմի կառույցի, դիմեց մեզ նման առաջարկով, դա նման էր վաղեմի երազանքի իրականացմանը: Առաջինն, ինչ արեցի՝ խոսեցի Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ, որի հետ միասին մենք արդեն 24 տարի է «եփվում ենք» այս թեմայում: Նա ցրեց իմ վերջին տատանումները՝ անշուշտ, պետք է գործի անցնել: Այնուամենայնիվ որոշ կասկածներ դեռ կային՝ կստացվի թե ոչ, քանի որ մենք շատ շուտ հասկացանք, որ մենք տեսանյութ գրեթե չունենք: Չէ որ ֆիլմը թերթի հոդված չէ, և բազում փաստաթղթերի առկայությունը չէր կարող որակյալ տեսանյութ ապահովել:

Ճիշտ է, մենք հենց սկզբից ճշտեցինք ինքներս մեզ համար, որ մեր նախագիծը չի կարելի դիտարկել, որպես արվեստին առնչվող գործ: Դա բացառապես տեղեկատվական և քաղաքական ձևաչափ է, որոշ աստիճանով՝ հետազոտական: Բայց ոչ ավելին: Մեր ֆիլմերը կարող են առնչություն ունենալ միայն վավերագրական կինոհրապարակախոսությանը և նպատակ ունեն բացառապես փաստերի հիման վրա ներկայացնել պատմական իրողությունը և դրա քաղաքական համատեքստը: Ինչպես ասվում է մեր ֆիլմերի հեղինակային տեքստի սկզբում, դրանք ֆիլմ-մեղադրանք են Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ գործած սարսափելի ոճրագործությունների համար:

Ճիշտն ասած չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է մեզ հաջողվում արդեն 5 տարուց ավելի զբաղվել այս թեմայով՝ բավականին սեղմ ժամկետում, առանց կիքսերի, առանց խափանումների, առանց կաթվածների ու ուշաթափությունների…Ես խորապես համոզված եմ, որ այդ ամենը ստացվում է Աստծո կամոք: Որովհետև այս ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն կարևոր ու պահանջված արտադրանք տալ, այլ նաև անգին նյութեր գտնել, որոնք անհետացման եզրին էին:

Իսկ ինչպե՞ս էիք գտնում այն մարդկանց, ականատեսներին, ում հետ պետք է խոսեիք:
«Ընդդեմ իրավական կամայականության» մեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է այս հարցերով 1989-ից ի վեր, պատերազմի տարիներին նրա հիմնական խնդիրն է եղել օգնել Ադրբեջանից և Արցախի գրավյալ տարածքներից փախած գաղթականներին, ազատել և օգնություն ցուցաբերել պատանդներին ու ռազմագերիներին: Թե որքան մարդ, այդ թվում նաև երեխաներ կարողացավ փրկել կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, առանձին խոսակցության թեմա է: Այնպես որ մենք վաղուց ենք այդ թեմայով զբաղվում, շատ մարդկանց էինք ճանաչում և դա խնդիր չի եղել: Գլխավոր խնդիրը նախագծի հայեցակարգի մշակումն էր ու տեսա- և ֆոտոնյութերի ու փաստաթղթերի որոնումը:

Ձեր ֆիլմերում դուք ասում եք, որ Ադրբեջանում հայերի ջարդերի համար ոչ ոք պատասխան չտվեց: Միևնույն ժամանակ ձեր նախագծի կայքում ՝ www.karabakhrecords.info-ում, ներկայացված է իրապես եզակի ապացուցչական բազա: Կարելի՞ է արդյոք օգտագործել այդ ռեսուրսը տարբեր ձևաչափի միջազգային հարթակներում, այդ թվում՝ իրավական դաշտում:
Մեր հավաքած նյութերը պատկառելի պատմական և փաստագրական արխիվ են: Գործի իրավական կողմը բարդ հարց է, որի հստակ պատասխանը մինչ օրս չկա, քանի որ մեր միջազգայնագետ իրավաբանները դեռ դրանով չեն զբաղվել: Կարծում եմ, որ վաղուց արդեն հասունացել է պետական մակարդակով պատմաբանների, միջազգայնագետ իրավաբանների ու ղարաբաղյան հարցի փորձագետների աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը՝ նյութերի մասնագիտական հետազոտման և ձեր հարցին հստակ պատասխան տալու համար:

Մյուս կողմից գույքային բնույթի դատական հայցերով կարող են դիմել իրենք փախստականները: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին այդպիսի հայցերով են դիմում արևմտահայերի ժառանգները: Կարծում եմ, փախստականները չպետք է 100 տարի սպասեն դա անելու համար: Ի դեպ, եվրադատարանում արդեն քննվել է նման գործ: Սակայն, կրկնում եմ, ես իրավունքի մասնագետ չեմ, այդ հարցով պետք է զբաղվել պրոֆեսիոնալ իրավաբանական մակարդակով:

Իսկ իրենք փախստականները պատրա՞ստ են դատավարություններին, այնուամենայնիվ, դա բարդ հոգեբանական գործընթաց է, հատկապես այն ամենից հետո, ինչի միջով նրանք անցել են…
Պատկերացրեք, շատերն արդեն պատրաստ են, և ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ նրանք ասացին այդ մասին և խորհուրդ էին հարցնում: 25-27 տարի առաջ այդ մարդիկ կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ամբողջ գույքն ու ունեցվածքը, սարսափելի վիճակում են եղել: Ըստ էության, հիմա նրանք նոր-նոր ուշքի են գալիս: Հավանաբար, Ամերիկա մեկնածների բախտն ավելի է բերել: Նրանք վաղուց ոտքի են կանգնել, նյութական իմաստով ճնշող մեծամասնության գործերը լավ են, կարևոր է նաև , որ նրանք իրենց ապահով են զգում: Ուստի կարող են թույլ տալ իրենց մտածել դատավարությունների մասին:

Ի դեպ, մեր կազմակերպությունը նման փորձ ունի. 1997-ին մենք նյութեր պատրաստեցինք Մարաղայի կոտորածի վերաբերյալ և ուղարկեցինք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե: Մարաղան Մարտակերտի շրջանում գտնվող հայկական գյուղ է, որը 1992 թ. ապրիլի 10-ին հարձակման ենթարկվեց ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումների կողմից: Մի քանի ժամում նրանք գազանաբար մոտ 50 մարդ սպանեցին, մնացած 60 բնակիչներին պատանդ վերցրեցին, հիմնականում նրանք տարեցներ, կանայք ու երեխաներ էին՝ 9 երեխա: Բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մարաղայում եղավ սպանդից 3 օր անց, ողբերգությունն անվանեց «մերօրյա Գողգոթա»:

5 տարի անց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հավաքեց ականատեսների փաստաթղթերն ու վկայությունները, այդ թվում նրանց, ում հաջողվել էր ազատել գերությունից: Մարաղայի թղթապանակն ուղարկեցինք ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտե, որը դատական ատյան չէ, բայց մեծ հեղինակություն ունի: Մի քանի ամսից եկավ պատասխանը. «Լրացուցիչ նույթեր ուղարկեք, մեզ դա հետաքրքրում է»: Ցավոք, գործընթացը շարունակելու համար ՀԿ ռեսուրսներն անբավարար էին. պետք էր բոլոր նյութերը թարգմանել անգլերեն, իրավաբաններ վարձել՝ պրոֆեսիոնալ կերպով ամեն ինչ ձևակերպելու ու խորհրդատվության համար և այլն, և այլն…Դա բավականին մեծ միջոցներ էր պահանջում, որոնք կազմակերպությունը, բնականաբար, չուներ: Նման ծավալի գործընթացով պետք է պետությունը զբաղվի:

Մեկ բան կարող եմ հավելել՝ եթե մենք դեռ չենք հասունացել իրավական ձևաչափում աշխատելու համար, ապա հանրային-քաղաքական և հատկապես դիվանագիտական դաշտում այս հարցերը պետք է անընդհատ բարձրացնել, կանոնավոր կերպով և ամենատարբեր ձևաչափերով: Ցավոք, դեռևս մեր դիվանագիտությունը, մեղմ ասած, ակտիվ չէ այս ուղղությամբ:

Այս օրերին մենք հիշում ենք նաև «սումգայիթի» զոհերին…
Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում 20-րդ դարի վերջում հայ ժողովրդի դեմ իրականացված ամենափաստագրված հանցագործությունն է: Մենք տեսանյութերի, փաստաթղթերի, լուսանկարների, վկայությունների մեծ ծավալ ունենք: Իսկ գլխավորն՝ ունենք քրեական հետապնդման ու դատավարությունների նյութերը: Այն, որ այդ ամենն աստիճանաբար ի չիք եղավ, քանի որ Բաքուն ու Կրեմլը ձգտում էին թաքցնել ողբերգության իրական մասշտաբները, փաստ է: Սակայն նույնիսկ այդ պայմաններում հավաքվել է հսկայական փաստագրական նյութ, որի մի մասը մենք ունենք: Ես ավելի քան վստահ եմ, որ և Ադրբեջանի, և որպես ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հատուկ ծառայությունների արխիվներում շատ նյութեր են պահվում, այդ թվում տեսակադրեր, լուսանկարներ, հետաքննության նյութեր: Այդ էին ակնարկում ՊԱԿ նախկին աշխատակիցները, որոնց հետ մենք զրուցել ենք նախագծի շրջանակում:

Ցավոք, Ադրբեջանի արխիվների գաղտնազերծմանը սպասելը ծայրահեղ պարզամտություն կլիներ, նրանք ամեն կերպ ջանում են թաքցնել ճշմարտությունն ու հանցագործության մասշտաբները՝ փորձելով նենգափոխել ու կեղծել փաստերը: Սա կոպիտ ու անհեռանկարային զբաղմունք է, քանի որ մեր ունեցած նյութն արդեն իսկ միանգամայն բավարար է Սումգայիթի ոճրագործության շատ ծանրակշիռ ու համոզիչ թղթապանակ կազմելու համար: Սակայն դրա համար կրկին պահանջվում է պատմաիրավաբանական մակարդակի պրոֆեսիոնալ աշխատանք: Որովհետև նույնիսկ մեր տեղեկատվական-քարոզչական աշխատանքը ցնցող արդյունքներ է տալիս՝ մերկացնելով ու բացահայտելով այնպիսի փաստեր, որոնց մասին մենք մի քանի տարի առաջ նույնիսկ պատկերացում չունեինք…

Աննա Թավաքալյան / PanARMENIAN.Net
Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

---