Եթե աստվածացնենք Կոմիտասի աշխատանքն ու նորը չստեղծենք, այդ երաժշտությունն ուղղակի կմեռնի

Տիգրան Համասյան.

Եթե աստվածացնենք Կոմիտասի աշխատանքն ու նորը չստեղծենք, այդ երաժշտությունն ուղղակի կմեռնի

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին երևանյան պրեմիերայով կմեկնարկի Տիգրան Համասյանի նոր՝ «Լոյս ի Լուսոյ» նախագիծը՝ 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունը նախատեսված դաշնամուրի և երգչախմբի համար։ Երգչախմբի հատվածը կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Դրանից հետո Տիգրանը կմեկնի համաշխարհային շրջագայության՝ 100 եկեղեցում հնչեցնելու հայկական հոգևոր երաժշտության իր նոր մշակումները։ PanARMENIAN.Net-ը զրուցել է դաշնակահարի հետ՝ պարզելու ձայնասկավառակի մասին մանրամասները։

Մանկությունից հիշված հոգևոր երաժշտությունը

Հոգևոր երաժշտություն ձայնագրելու ցանկությունը միշտ է եղել: Դեռ մանկուց մեր տանը միշտ էլ հնչել է այդ երաժշտությունը։ Չկա շաբաթ, որ չլսեմ այն։ Երկու տարի առաջ էր, որ սկսեցի խորացած ուսումնասիրել, առաջին մշակումներն արեցի: Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում՝ վերջում ինչ կստացվի: Մտածում էի մշակել միայն Մաշտոցի շարականները, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այլ շարականներ էլ կան, որոնք կուզեի մշակել՝ Նարեկացու, Շնորհալու, Այրիվանեցու, Կոմիտասի...

Ամբողջ աշխարհում երևի մի քանի մարդ կա, որոնք պահպանել են Շնորհալու ժամանակաշրջանից եկած հայկական կիլիկյան հոգևոր երգեցողությունը: Նրանցից մեկն Արամ Քերոբյանն է՝ Ստամբուլի հայ, որն ապրում է Փարիզում: Մոտ 10 օր նրա մոտ սովորեցի, երգեցողություն էինք պարապում․ ինձ սովորեցրեց կարդալ խազերի Լիմոնճյանի նոր համակարգը, որին շատ լավ է տիրապետում: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ պետք է էլ ավելի խորացված ուսումնասիրեմ հայկական հոգևոր երաժշտության 8 ձայնյա համակարգը, որ հասկանամ, թե այդ մեղեդիների մշակաման ինչ նոր լուծումներ կարող եմ տալ: Յուրաքանչյուր մշակում իր իմաստն ունի, ու եթե քո կողմից ինչ-որ նոր բան ես ավելացնում, պետք է դա հասկանալով անես: Շատ հետաքրքիր և արդյունավետ օրեր անցկացրինք Փարիզում․․․

Մշակումների «ժամկետը»

Մշակումներս տարբեր են․ կան, որոնք գրել եմ երկու ժամվա ընթացքում: Օրինակ, «Հայրապետական մաղթերգի» մշակումը գնացքի մեջ եմ արել՝ Բեռլինից Չեխիա էի գնում: Պահլավունու «Ով, զարմանալի»-ի մշակումն ավելի երկար տևեց: Այն սկսել էի մշակել դեռ նախորդ դեկտեմբերին (2013-ին,- խմբ.): Տիգրան Մանսուրյանը Լոս Անջելեսում էր․ հանդիպեցինք, լսեց, քննարկեցինք․․․ Երկար պրոցես էր, բայց շատ հետաքրքիր:

Պատկերացրածս հենց հնչելու ժամանակ փոխվում էր: Հատվածներ կային, որ թվում էր, թե այդքան էլ լավ չեն հնչի, բայց հակառակն էր լինում, և կային, որոնք մտածում էի պետք է լավ հնչեն, ու արդյունքում այդպես չէր ստացվում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ ամենը, կարծում եմ՝ Թոփիկյանի և երգչախմբի համար նույնպես: Երբ հետո նրա հետ զրուցում էինք, ասում էր՝ չէր էլ պատկերացնում, որ դաշնամուրն ու երգչախումբը կարող են այդպես «գործակցել»:

Թոփիկյանի երգչախումբը

Մի քանի մշակում անելուց հետո հասկացա, որ կուզեի դրանք երգչախմբի հետ ձայնագրել, ու սկսեցի մտածել՝ ինչ երգչախումբ է պետք: Հանդիպեցի Արթուր Շահնազարյանին․ ուզում էի խորհուրդ հարցնել: Ինձ պետք էր դասական երգչախումբ, որը ոչ միայն ռուսական և իտալական օպերային ձայնի դրվածք ուներ, այլև պահպանել էր հայկական հոգևոր երաժշտությանը բնորոշ ձայնի հնչեղությունը: Այնպես ստացվեց, որ այդ ժամանակ Արթուրը Թոփիկյանի երգչախմբի հետ Քանաքեռի ստուդիայում շարականներ էր ձայնագրում: Լսեցի կամերային երգչախմբի կատարումը, շատ հավանեցի թե ձայները, թե երգելաոճը: Պայմանավորվեցինք, արդեն մշակածված ստեղծագործություններով մի երկու փորձ արեցինք՝ հասկանալու, թե ինչպես է հնչում: Ու այդպես էլ սկսեցինք Հարություն Թոփիկյանի ու նրա ղեկավարությամբ երգչախմբի հետ համատեղ աշխատանքը:

Գերմանացի պրոդյուսերը Քանաքեռի ստուդիայում

Մյունխենում էի, արդեն պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում արդյունքում ստանալ: Հանդիպեցի Մանֆրեդ Էյխերին, որը հայտնի պրոդյուսեր է, ժամանակակից բազմաթիվ դասականների ալբոմներ է ձայնագրել: Մտածում էի՝ լավ կլիներ, եթե ECM ընկերության հետ գործակցություն ծավալեինք: Նրան շատ հետաքրքրեց գաղափարը, ու առանց մի նոտա լսելու եկան Հայաստան: «Լոյս ի Լուսոյ»-ը, երևի, նման մասշտաբի առաջին նախագիծն է, որի շրջանակում Էյխերի մակարդակի պրոդյուսերը գալիս ու Հայաստանում ձայնագրություն է անում:

«Լոյս ի Լուսոյ»

Նոր ձայնասկավառակում 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության 14 նոր մշակում է լինելու՝ Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Պահլավունու, Ներսես Շնորհալու, Այրիվանեցու, Եկմալյանի ու Կոմիտասի օրհներգները, շարականները, տաղերը և գանձերն են: Ընտրությունը երկար տևեց՝ ստեղծագործությունները շատ-շատ էին… Ընթացքում ռեպերտուարը մեծանում էր, բայց ինչ-որ պահի, իհարկե, ցանկը «մաղվեց»՝ ավելորդները դուրս մնացին: Այդպես էլ ձևավորվեց վերջնականը: Կային ստեղծագործություններ, որ ուզում էի մշակել, բայց այդպես էլ չմշակեցի, ու հակառակը՝ կային, որ չէի պատկերացնում, թե կմշակեմ, բայց երկու օրվա ընթացքում հասկացա՝ պիտի անեմ:

100 համերգով շրջագայությունը

Համերգները լինելու են այն քաղաքներում ու վայրերում, որտեղ Ցեղասպանությունից հետո սփռվել են հայերը: Նախագիծը երախտագիտություն է հայտնում հայկական հոգևոր երաժշտության հիմնադիրներին՝ հնչեցնելով նրանց աշխատանքները հին եկեղեցիներում ու վանքերում, որտեղից այն սկիզբ է առել: Ապրիլ-մայիսին Եվրոպայում մոտ 20 համերգ է սպասվում: Կսկսվի շարքը երևանյան պրեմիերայով և կշարունակվի Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում ու համերգասրահում:

Հայաստանում, Վրաստանում ու Թուրքիայում համերգներ կլինեն հայկական եկեղեցիներում, բայց Ֆրանսիայում, օրինակ, կաթոլիկ եկեղեցում է լինելու, քանի որ այնտեղ ոչ միայն հայ հանդիսատես կգա հիշատակելու Ցեղասպանության զոհերին, այլև օտարերկրացի: Ամեն դեպքում, չեմ ուզում գոռալ, որ այս շրջագայությունը հենց Հայոց ցեղասպանությանն է նվիրված, քանի որ չեմ ուզում քաղաքականացնել այն, բայց, միևնույն է, ենթատեքստը դա է, քանի որ Թուրքիայում էլ են համերգներ սպասվում:

Նախագծի ոչ վերջին ձայնասկավառակը

Աշխատանքիս քննադատությունից չեմ վախենում, հակառակը՝ լուրջ քննադատություն սիրում եմ, այն միայն օգնում է հետագայում: Սա իմ առաջին ծրագիրն է, առաջին քայլերը, ու համոզված եմ, որ վերջինը չի լինելու, որովհետև այնքան շարականներ կան, որ պետք է մշակվեն: Նույնիսկ կուզեի ամեն 4-5 տարին մեկ այս նախագծի շրջանակում նոր ձայնասկավառակ թողարկել: Երբ մշակում ես անում, նախ պետք է հասկանաս, թե ինչ ես մշակում: Կոմիտասի պատարագից բացի հենց ավանդական Շարակնոցն եմ ուսումնասիրել, հասկացել, թե ինչպես այն կարող էր հնչել ի սկզբանե: Մշակումը հասկանալուց բացի պետք է նաև մեծ երաժշտական գիտելիք ունենալ ու հասկանալ, թե ինչպես օգտագործել այն:

Ամեն մշակում գալիս է մեղեդուց: Երբ մեղեդի եմ լսում, որը շատ է դուրս գալիս, արդեն պատկերացնում եմ, թե դրա հետ ինչ հարմոնիաներ կհնչեին, իսկ հարմոնիաները միանշանակ պետք է ծնվեն հենց մեղեդուց ու դրան պատկանող ձայնեղանակից:

Կոմիտասի մշակումները մշակելիս

Կոմիտասին, ինչպես և մյուսներին, չի կարելի քարացնել, սարքել թանգարանային նմուշ: Ինքն այդ ամենն արել է, որ հայկական երաժշտությունը շարունակվի: Օրինակ, կոնսերվատորիաներում առանց հասկանալու օպերային ձայնով Կոմիտաս են երգում, ասում, թե հենց այդպես պետք է հնչի, բայց պատկերացում էլ չունեն, թե նա այդ ամենն ումից է գրառել, ինչ զգացմունքներ է ունեցել, ինչի համար է արել դա, դաշնամուրային ֆակտուրաներն ինչպես է գտել․․․ Առանց մտածելու դոգմա են սարքում ու ասում, որ Կոմիտասը միշտ պետք է հնչի այսպես: Չեմ ընդունում նման մոտեցումը:

Կոմիտասն իր ժամանակաշրջանի համար ֆենոմենալ գործ է արել: Օրինակ, նրա դաշնամուրային մշակումներն անժամանակ են և միշտ կմնան ժամանակակից, որովհետև նա հայկական մեղեդին չի խառնել արդեն գոյություն ունեցող և իր ժամանակաշրջանին բնորոշ հարմոնիաներին և ռիթմիկ պատկերներին: Նա ստեղծել է նոր ֆակտուրաներ, հիմնվելով հենց մեր մեղեդու ու դրա ռիթմիկ պատկերի վրա: Օրինակելով Կոմիտասի աշխատանքը, պետք է շարունակենք ստեղծել նորը, որովհետև եթե վերցնենք, աստվածացնենք այն ու նորը չստեղծենք, այդ երաժշտությունն ուղղակի կմեռնի, այն ուղղակի այլևս շարունակություն չի ունենա: Կարծում եմ՝ ինքը, Կոմիտասը, չէր ուզի, որ իրեն թանգարանային նմուշ դարձնեին...

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
---