ԼՂՀ-ում «Արցախ. Ապագայի կերպարները» գրական մրցույթ կկայանա` նվիրված Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին

Դենիս Դվորնիկով.

ԼՂՀ-ում «Արցախ. Ապագայի կերպարները» գրական մրցույթ կկայանա` նվիրված Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգոստոս-սեպտեմբերին երիտասարդների համար կկազմակերպվի «Արցախ. Ապագայի կերպարները» գրական մրցույթը: Այն նվիրվում է PanARMENIAN.Net-ի մեկնաբան Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին, որը կյանքից հեռացավ մեկ տարի առաջ: Մրցույթի նախաձեռնող Ռուս-հայկական գործակցության փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը պատմել է այս նախագծի մանրամասների, խնդիրների ու նպատակների մասին:
Պատմեք մրցույթի մտահղացման մասին, ովքե՞ր են մասնակիցները, որո՞նք են խնդիրները:
Մրցույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդ բնակիչների համար է` բարձր դասարանների աշակերտներից մինչև բուհերի շրջանավարտներ, ասպիրանտներ, մինչև 30 տարեկան աշխատող երիտասարդներ: Կարելի է ասել` բոլոր նրանց համար, ով մարմնավորում է «Արցախի երիտասարդություն» հասկացությունը: Մասնակից դառնալու և հաղթելու համար հարկավոր է գրել վառ հետաքրքիր աշխատանք ղարաբաղցիների ապագայի մասին լավ ռուսերենով: Շատ գրել պետք չէ, մոտ 2000 բառ: Սա էսսեի ձևաչափ է:

Ո՞ր ժանրով պետք է գրված լինի ներկայացվող աշխատանքը` շարադրության, թե ինչպես դուք եք ասում, էսսեի:
Ցանկացած: Դա կարող է զվարճալի ֆելյետոն լինել կամ սոցիալական հարցերի շուրջ հետաքրքիր մտորումներ, ռոմանտիկ պատմություն` երկխոսություններով, հրապարակախոսական հոդված: Գլխավորը`որ նրանք, ովքեր կարողանում են և սիրում են գրել ռուսերեն, գրեն, և անեն դա հաճույքով: Գուցե ինչ-որ տեղ Հադրութում ռոմանտիկ մի աղջնակ է ապրում, որը կարող է հիանալի բացահայտել իր քնարական հերոսների կերպարները, իսկ Շուշիում` պոտենցիալ հրապարակախոս, որն ասելիք ունի, կարևորը` որ լավ առիթ լինի: Գլխավոր չափանիշը բովանդակային ու հետաքրքիր աշխատանք ներկայացնելն է: Ապագայի մասին պետք է այնպես գրել, որ գրավիչ լինի: Եվ միայն դրական:

Այսինքն խնդրո՞ւմ եք, որ բացասական սցենարներ չուղարկեն:
Ոչ, սա լավատեսների մրցույթ է: Ցանկացած հանրություն պետք է գծագրի իր ապագայի ուրավգիծը, որը պետք է ապրելու, աշխատելու, երեխաներ ծնելու խթան լինի: Ցավոք, Ռուսաստանում հիմա նման բան չկա: Բայց մենք անխուսափելիորեն կգանք դրան: Հուսով եմ, որ Արցախում կհաջողվի ապագային միտված կայուն ստեղծագործական մթնոլորտ ստեղծել:

Բայց վերջին իրադարձությունները շփման գծում, Ադրբեջանի մշտական սադրանքները, տնտեսական շրջափակումը` այս ամենն այնքան էլ լավ ֆոն չէ պայծառ տրամադրության համար:
Հայ ժողովուրդն ուժեղ է իր հումորի զգացումով և լավատեսությամբ: Եվ ամենածանր տարիներին հենց ապագային հավատն է փրկել մարդկանց, օգնել է դուրս գալ ամենափակուղային իրավիճակներից: Այո, սահմանին կրակոցներ են հնչում, կան նաև տնտեսական դժվարություններ, մինչդեռ, հասարակությունն այստեղ ավելի առողջ է, քան բարեկեցիկ Մոսկվայում, օրինակ: Կամ Կիևում: Քաղաքներն ավելի մաքուր են, իսկ մարդկանց հոգիներն` ավելի լուսավոր: Նրանց դեմքին չես տեսնի անիմաստ «շոփինգից» տանջված մայրաքաղաքի բնակիչն բնորոշ դժգոհ արտահայտությունը: Ուստի ես և ընկերներս, գործընկերներս, անհամբեր սպասում ենք առաջին մրցութային աշխատանքներին: Ես վստահ եմ, որ այնտեղ կլինեն և զգացմունքներ, և նուրբ դատողություններ, և անկրկնելի հայկական հումորը:

Իսկ ի՞նչ եք հասկանում ապագայի կերպար ասելով: Ինչպե՞ս դա պարզ բացատրել, առավել ևս երիտասարդ մասնակիցներին:
Ապագայի ցանկացած տեսլական սկսվում է մարդուց: Եկեք պատկերացնենք ղարաբաղցի գյուղացուն 30 տարի անց: Ինչպե՞ս է հագնված, ինչի՞ մասին է երազում, ի՞նչ երաժշտություն է լսում, ինչպե՞ս է հանգստանում: Ի՞նչն է նրան մտահոգում, ի՞նչն ուրախացնում: Ինչպե՞ս է նա սիրում: Եվ անշուշտ, ինչպե՞ս է աշխատում, ինչո՞ւմ է տեսնում իմաստը: Ահա այս հարցերին պատասխանելով` մենք աստիճանաբար կերպար ենք ստեղծում: Հետո կարող են վերլուծել նրա գործունեությունն ու ստանալ սոցիալ-տնտեսական էսսե: Իսկ կարո՞ղ ենք ծանոթացնել գյուղաբնակ աղջկա հետ, որն իր երազանքները, մտահոգություններն ու ուրախություններն ունի: Սա արդեն ռոմանտիկ պատմություն է: Նրանք կարող են «հայվեյով» Երևան մեկնել: Շուրջը նույնպես մարդիկ են, նույն տեսանելի ապագայի դարաշրջանի մարդիկ: Ինչպե՞ս են գործակցում: Ինչի՞ մասին են վիճում, ինչի՞ համար են թթի օղով լի բաժակ բարձրացնում: Չէ որ հետաքրքիր է: Կամ վերցնենք մեր գյուղացուն ու հանդիպացնենք նրան Մեսրոբ Մաշտոցի համալսարանի պրոֆեսորի հետ, որն, օրինակ, արդեն ընդգրկվել է Եվրոպայի 100 լավագույն համալսարանների ցանկում: Նրանց երկխոսությունը շատ բան կարող է բացահայտել: Կարելի է շեղվել գրական հնարքներից ու գրել ղարաբաղյան հասարակության զարգացման հայեցակարգ: Այդպիսի աշխատանքը ևս կարող է շատ գրավիչ ու հետաքրքիր լինել:

Ապագա ասելով ո՞ր շեմը նկատի ունեք:
30-50 տարվա հորիզոնը: Սա արդեն այլ սերունդ է, այլ կյանք, բայց ոչ այնքան տարբեր, որ գրելու լինենք թռչող ապսեներով ինչ-որ ֆանտաստիկ բան: Ֆանտաստիկան, իհարկե, հետաքրքիր ժանր է, բայց այն կթողնենք մեկ այլ մրցույթի համար:

Ավանդական հարց. իսկ դատավորներն ովքե՞ր են:
Ինչպես ասում էր Մկրտչյանի հերոսը «Միմինո» ֆիլմում, «այս հյուրանոցի տնօրենը ես եմ», իսկ ժյուրիից շատ բան է կախված: Ուստի ես հրավիրել եմ երիտասարդ լրագրողների, հրապարակախոսների, սոցցանցերում հասարակական կարծիքի առաջնորդների: Նրանք ներկայացնում են բավականին հայտնի պարբերականներ: Անշուշտ, կներգրավենք նաև պրոֆեսիոնալ գրականագետների փորձագետների կարգավիճակով: Կարծում եմ, ժյուրիի ամբողջ կազմը աստիճանաբար կբացահայտնեք: Մինչ մրցույթի մեկնարկը ժյուրին արդեն ամբողջությամբ ձևավորված կլինի: Ընդամենը կլինի 10-12 մարդ, որոնք անտարբեր չեն ու միանգամայն անկեղծ են: Ինչպես ասվում է` հետևեք մեր հրապարակումներին:

Էլ ինչո՞վ է հետաքրքիր նախագիծը:
Կարծում եմ, որ հետաքրքիր է ինտերակտիվ բնույթը: Մեր ժյուրին կույր, անտարբեր ժյուրի չէ: Հակառակը, մենք ցանկանում ենք, որ գրող երիտասարդները զարգանան և անպայման խորհրդատվություն կտանք, կօգնենք, նույնիսկ հետագա ուսումի վերաբերյալ խորհուրդներ կտանք: Լավագույն աշխատանքները կհրապարակվեն PanARMENIAN.Net ում, ինչպես նաև այլուր: Սա արդեն իսկ վատ սկիզբ չէ երիտասարդ հեղինակի համար: Օգնություն կլինի նաև նախապատրաստական փուլում: Ասենք, մասնակիցը կասկածում է. ինչ գրել և ինչպես: Նա կարող է իր գաղափարը, մտորումներն ու կասկածները ներկայացնել մեզ և ստանա պրոֆեսիոնալի պատասխան: Կարծում եմ, որ երբ աշխատում ես երիտասարդների հետ, նման հուշումները պետք են: Բնականաբար, մենք չենք հորինելու հեղինակի փոխարեն, սակայն հուշել, ուղղորդել, դրդել կարող ենք` թեկուզ միայն նման խորհրդատվության համար արդեն արժէ կազմակերպել մրցույթը:

Աշխատանքներն ընդունվո՞ւմ են միայն ռուսերեն լեզվով:
Այո, միայն ռուսերենով: Շատ կարևոր է, որ Արցախում հիշեն, սիրեն ու գործածեն Պուշկինի, Գոգոլի, Բունինի, Շուկշինի, Դովլատովի լեզուն…Դա կարևոր է նաև մեր շփումների համար, Արցախի միջազգային ինտեգրման և ուղղակի երիտասարդների ներդաշնակ մշակութային զարգացման համար: Որքան լեզու գիտես, այնքան շատ հնարավորություն ունես քեզ դրսևորելու:

Ինչպե՞ս է կազմակերպված մրցույթը, կա արդյո՞ք պետական աջակցություն:
Սա մասնավոր նախաձեռնություն է: Այն իրականացվում է ԼՂՀ ռուս համայնքի և նրա ղեկավար Գալինա Սոմովայի հետ: Նա մեծ կազմակերպչական աշխատանք է տանում; Գաղափարը ծնվել է 2 տարի առաջ, սակայն իրագործմանը մենք մոտեցանք միայն այսօր: Արդեն պատրաստ է մրցույթի սեղմ տեղեկատվական էջը` www.artsakh2000.com, շուտով կներկայացնենք լոգոտիպը: Ամեն ինչ ինքներս ենք անում, առանց շնորհանդեսների, հովանավորների, պետական աջակցության: Թեև ուրախ կլինենք բաերխիղճ գործընկերներին, որոնք կօգնենք մրցույթը դարձնել ամենամյա:

Մրցույթը կրում է Կարինե Տեր-Սահակյանի անունը:
Այո, Կարինեի, որին բոլորս սիրում էինք և որին կարոտում ենք: Նա հիանալի լրագրող էր, հիանալի տեքստեր էր գրում, վառ ու գունեղ, տարբեր լեզուներով: Լավ էր տիրապետում ռուսաց լեզվին: Ի՞նչ կարող ենք անել հեռացած ընկերների համար: Միայն վառ պահել նրանց հիշատակը: Երիտասարդները պետք է իմանան մեր Կարինեի պես մարդկանց մասին:

Ե՞րբ է մեկնարկը:
Մրցութային աշխատանքները կընդունվեն օգոստոսի 1-ից մինիչև սեպտեմբերի վերջին օրը: Մրցանակները կհանձնվեն հոկտեմբերին` ստեղծագործական ահա այսպիսի աշնանային բերքահավաք կստացվի: Սակայն կարծում եմ, որ մասնակիցները չպետք է ժամանակ կորցնեն: Այժմ շատերի մոտ ամառային արձակուրդներ են և նրանք կարող են պատրաստվել: Կարդալ, թե ինչպես են գրվում փոքր ստեղծագործությունները, որոշել ժանրը, կատարելագործել ռուսերենի իմացությունը: Անձամբ ես պատրաստ եմ օգնել խորհրդով: Իմ տվյալները կան խմբագրությունում և սոցցանցերում:

---