Թումոյի գլխավոր ձեռքբերումը կենտրոնում հիմնադրվող ստարտափերն ու դրանք ստեղծողներն են

Մարի Լու Փափազյան.

Թումոյի գլխավոր ձեռքբերումը կենտրոնում հիմնադրվող ստարտափերն ու դրանք ստեղծողներն են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Արցախում կբացվի 4-րդ Թումո կենտրոնը, որը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողի համար: Նրանցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական 2 օր և կսովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտի՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները: Ի դեպ, դեռ մայիսի վերջին Գյումրիում բացված 3-րդ կենտրոնում արդեն 1000-ից ավելի գրանցված ուսանող կա, չնայած ակնկալվող թիվը 500-600 էր: Թե Գյումրիի, թե Ստեփանակերտի կենտրոնները բացվել են Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության գործակցությամբ: 4-րդ Թումոյի պաշտոնական բացմանն ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ, ով պատմել է ծրագրերի, նորությունների ու շրջանավարտների հաջողությունների մասին:

Արցախում Թումո կենտրոն հիմնելու մասին

Ստեփանակերտում Թումո հիմնելու գաղափարը ԼՂՀ կառավարությանն էր, որը 2014-ին հանդիպում նախաձեռնեց Թումոյի ղեկավարության և հիմնադիր Սեմ Սիմոնյանի հետ: Այնուհետև կենտրոնը դիմեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, որի ղեկավարությունն էլ համաձայնվեց գործակցել ոչ միայն Ստեփանակերտում, այլև Գյումրիում կենտրոններ բացելով: Նշեմ, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի այս գործակցությունը չեզրափակվի նշված երկու քաղաքով, այլև տարածվի այլ քաղաքներում՝ թե Հայաստանում և ԼՂՀ-ում, թե դրանցից դուրս: Ինչպես և այլ կենտրոնները բացելու դեպքում, սա ժամանակ, ջանք ու եռանդ պահանջող գործընթաց էր՝ պայմանավորվածությունների ձեռքբերման, կազմակերպչական մանրամասն աշխատանքի և մարդկային ռեսուրսների ներդրման իր փուլերով: Նախագիծն իրականացվեց բոլոր ներգրավված կողմերի նվիրված աշխատանքի շնորհիվ և ԼՂՀ կառավարության աջակցությամբ: Գլխավոր դժվարությունը, իհարկե, հեռավորությունն է, սակայն դա էլ հաղթահարելի է, հատկապես բոլոր կողմերից ստացվող աջակցության պարագայում:

Թումոյում դասավանդողների մասին

Թե Գյումրիում, թե Ստեփանակերտում առայժմ դասավանդելու են նույն մասնագետները, ովքեր աշխատում են պատանիների հետ Երևանի և Դիլիջանի կենտրոններում: Դասընթացավարների շրջանառության ճկուն համակարգ ենք մշակել, որը թույլ կտա հավասար բաշխել ուժերը չորս կենտրոնում: Անշուշտ, նաև Գյումրիում և Ստեփանակերտում ենք մասնագետներ փնտրելու, ովքեր թիմին միանալով նույն շրջանառության սկզբունքով աշխատելու են կենտրոններում: Ուսուցանող մարզիչներին, ովքեր կոորդինացնում են ուսանողներին և աջակցում նրանց հատկապես ինքնուսուցման ընթացքում, փնտրում ենք տեղում: Օրինակ, Գյումրիում նրանք արդեն ընտրված են և աշխատանքային թրեյնինգ կստանան Երևանի կենտրոնի մասնագետների օգնությամբ: Արդյունքում կունենանք պատրաստված թիմ, որը կշրջի բոլոր կենտրոններով: Մեր հյուր մասնագետների հետ նույնպես պայմանավորվածություններ են ձեռք բերվում Դիլիջանում, Գյումրիում և արդեն Ստեփանակերտում էլ դասընթացներ անցկացնելու համար: Ավելին, Ստեփանակերտում անցկացվելիք առաջին՝ լուսանկարչական դասընթացը, որը կվարի իտալացի Պյեր Պաոլո Չիտոն, արդեն պլանավորված է և հաստատված:

Թումոյի հյուրերի մասին

Ամբողջ աշխարհով փորձում ենք գտնել ոլորտի առաջատար մասնագետներին, նրանց, ովքեր հետաքրքիր նախագծեր են հեղինակում և իրականացնում, որոնք համապատասխանում են մեր ուսումնական ծրագրին և ուսումնասիրության ոլորտներին՝ որպես կայուն հիմք ունենալով կենտրոնի հիմնական դասընթացների արդյունքում ստեղծվող կրթական բազան: Իհարկե, կարևոր նախապայման է նաև մասնագետի պատրաստակամությունը և ցանկությունը պատանիների հետ իր փորձով կիսվելու՝ կամավորության սկզբունքով: Մոտակա ամիսներին սպասում ենք հյուր մասնագետների Իտալիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, որոնք կդասավանդեն լուսանկարչություն, անիմացիա և ծրագրավորում: Հյուրերի ցանկում իրենց տեղն են զբաղեցնում նաև տեղացի մասնագետները, ովքեր նույնպես պատրաստակամ են պատանիներին դասավանդելու: Օրինակ, կենտրոնում ընթանում է Ռուբեն Մեսչյանի դասընթացը, որը համատեղում է ծրագրավորումն ու ռազմական արվեստը, սեպտեմբերին էլ կմեկնարկի The Beautified Project-ի Անդրե Սիմոնյանի երաժշտական գովազդի դասընթացը:

Ուսումնական ծրագրում նորությունների մասին

Թումոյի կրթական համակարգն անընդհատ զարգացման մեջ է, առնվազն այն պատճառով, որ վերաբերվում է արագ զարգացող ոլորտների, որոնք անընդմեջ բովանդակային փոփոխություններ են ունենում: Նորամուծությունները հիմնականում նվիրված են մեր համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն և այն էլ ավելի ինդիվիդուալ դարձնելուն յուրաքանչյուր ուսանողի համար: Ինդիվիդուալությունը, որը համատեղվում է մեծ թվով ուսանողների համակարգելու հնարավորության հետ, Թումոյի կրթական ծրագրի ամենակարևոր կետերից է, որի արդյունավետության և զարգացման վրա մեր մասնագետներն անընդմեջ աշխատում են:

Թումոների ծրագրային տարբերությունների մասին

Չորս կենտրոնում ծրագրերը չեն տարբերվում, Թումոյի ինդիվիդուալացված ուսումնական ծրագիրն ընդհանուր է բոլորի համար: Թե Երևանում, թե Դիլիջանում և թե նորաբաց Գյումրիում և Ստեփանակերտում ուսման հիմնական ոլորտները կլինեն անիմացիան, վեբ ծրագրավորումը, խաղերի ստեղծումը և ֆիլմերի ստեղծումը, ինչպես նաև 3D մոդելավորումը, գրաֆիկ դիզայնը, լուսանկարչությունը, երաժշտությունը, ռոբոտիքսը և այլ հմտությունները, որոնք կդասավանդեն Թումոյի հիմնական և հյուր դասընթացավարները:

Հասարակության համար սպասվող նորությունների մասին

Նոր նախագծեր են լինելու խաղերի և անիմացիայի ոլորտում, ինչպես նաև ծրագրային հավելվածներ, երաժշտական հոլովակներ, որոնք, ի դեպ, կտեսնեք արդեն շատ շուտով: Հետաքրքիր և արդիական դասընթացներ են սպասվում, օրինակ, պատրաստվում ենք Google Cardboard-ի կիրառմամբ վիրտուալ իրականություն ստեղծելուն: Ուսանողների աշխատանքները կտեղադրվեն մեր կայքէջում, ինչպես նաև կենտրոնում կազմակերպվող դասընթացների արդյունքների պրեզենտացիաների ժամանակ:

Շրջանավարտների հետ կապի մասին

Միշտ փորձում ենք հետևել մեր շրջանավարտներին, տեսնում ենք նրանց հաջողությունները, և այդ ուղղությամբ անում հիմնային քայլեր, օրինակ, այժմ աշխատում ենք մոնիտորինգի ծրագրի ներդրման վրա, որը թույլ կտա համակարգված կերպով հետևել Թումոյից դուրս եկող կադրերի հետագա մասնագիտական աճին: Չնայած մեր շրջանավարտների երիտասարդ տարիքին, արդեն իսկ նրանց թվում շատերը աշխատանքի են անցել առաջատար կազմակերպություններում, ինչը չի կարող չուրախացնել: Նաև շատ ոգեշնչող է, որ հենց Թումոյի թիմում ունենք աշխատակիցներ, ովքեր կենտրոնի նախկին սաներն են:

Եվս մեկ Թումո բացելու մասին

Բազմաթիվ առաջարկներ ենք ստանում, թե Հայաստանում, թե երկրից դուրս Թումո կենտրոնների թիվն ավելացնելու որոշակի պլաններ ունենք: Դրանք այժմ աշխատանքային փուլում են, բայց արդեն վստահ կարող ենք ասել, որ այս չորսով չենք եզրափակվելու:

Թումոյի ամենամեծ հաջողությունը

Մեր չորսամյա գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից են կենտրոնում հիմնադրվող ստարտափերը՝ այժմ ունենք արդեն երեք սկսնակ ընկերություն, որոնց ամբողջությամբ կազմված են Թումոյի ուսանողներից: Կենտրոնը նրանց աջակցում է՝ տրամադրելով անվճար գրասենյակային տարածք, փորձելով օգնել պատվերներ գտնելու գործում: Ձեռքբերում է նաև հյուրերի կողմից վարվող դասընթացների արագ աճող թիվը: Մյուս ձեռքբերումը մեր ուսանողներն են, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին, կարևոր տեղ են զբաղեցնում ոլորտում, աշխատանք գտնելով լավագույն կազմակերպություններում:

Մանե Եփրեմյան/ PanARMENIAN.Net
---