«Արցախ. Ապագայի կերպարները» թեմայով մրցույթը վերածվեց ստեղծագործական զրույցի Ղարաբաղի ապագայի մասին

Դենիս Դվորնիկով.

«Արցախ. Ապագայի կերպարները» թեմայով մրցույթը վերածվեց ստեղծագործական զրույցի Ղարաբաղի ապագայի մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավարտվել է «Արցախ. Ապագայի կերպարները» թեմայով երիտասարդական գրական մրցույթը, որի նախաձեռնողներն են ռուս հրապարակախոս, Ռուս-հայկական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը և «ԼՂՀ ռուսական համայնքը»: Փոքր ծավալի գրավոր աշխատանքները (հրապարակախոսական հոդված, ակնարկ, նոթեր և այլն) Արցախի ապագայի թեմայով անցկացվել է ԼՂՀ մինչև 30 տարեկան բնակիչների շրջանում և նվիրված էր հայտնի լրագրող, PanARMENIAN.Net-ի թղթակից Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին, որը մեկ տարի առաջ հեռացավ կյանքից: Մրցույթի նախաձեռնող, հրապարակախոս, Ռուս-հայկական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը պատմել է մրցույթի ընթացքի մասին, նրա մասնակիցների, ներկայացված աշխատանքներից ստացած իր տպավորությունների և առաջիկա ծրագրերի մասին:
Ինչպե՞ս անցավ մրցույթը:
Գլխավորն այն է, որ մրցույթը կայացավ: Մենք եզակի փորձ ձեռք բերեցինք, որն ուղղակի պարտավոր ենք կիրառել ապագայում: «Մենք» ասելով, ես նկատի ունեմ ժյուրիի մեր խայտաբղետ թիմը, մեր բարեկամներին ԼՂՀ ռուսական համայնքից, Ռուս-հայկական համագործակցությունից: Մենք կարողացանք ներառել արցախցի երեխաներին լուրջ ստեղծագործական և մտավոր գործընթացի մեջ և ակտիվ արձագանք ստացանք: Մեծ աշխատանք կատարեց ռուսական համայնքը ղեկավար Գալինա Սոմովայի գլխավորությամբ: Մրցույթը նվիրված է ձեր գործընկեր` Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին: Նրա որդին` Միքայել Տեր-Սահակյանը ևս շատ լուրջ ավանդ ունեցավ` և նյութական, և կազմակերպչական: Գաղափարը գրավիչ եղավ բազմաթիվ մարդկանց, լրագրողների, բլոգերների, քաղաքագետների համար և արդյունքում հիանալի աշխատանքներ ստացանք: Արցախի ապագայի մասին խոսակցություն ծավալվեց:

Ինչպես եք գնահատում մասնակիցների ակտիվությունը, ընդհանուր մակարդակը:
Մրցույթը մասնավոր նախաձեռնության արդյունք է: Կարելի է ասել, որ սա կամերային, այսպես ասած, «հեղինակային» մրցույթ է: Եվ առաջին անգամվա համար ակտիվությունը շատ մեծ էր: Պետք է հաշվի առնել խնդրի բարդությունը, տեքստի պատկառելի ծավալը, ուսումնական տարվա սկիզբը և այլ գործոններ: Մենք 15 աշխատանք ստացանք: Սա օպտիմալ քանակ է: Ավելին մեր բազմազբաղ կոլեկտիվը, այն էլ ցրված ամբողջ նախկին ԽՍՀՄ տարածքով, չէր «հաղթահարի»: Յուրաքանչյուր աշխատանք յուրովի հետաքրքիր էր և եզակի: Բոլոր մասնակիցները մեծ ցանկություն հայտնեցին գրել ռուսերեն: Ակնհայտ է, որ մասնակիցները ոչ միայն սիրում են այդ լեզուն, այլ նաև բավականին լավ են տիրապետում ռուսերենին: Կարող են նույնիսկ մի փոքր «պարծենալ» այլաբանություններով և մակդիրներով: Եվ դա հիանալի է: Մրցույթները հենց դրա համար էլ գոյություն ունեն:

Իսկ ի՞նչ մրցանակներ ստացան հաղթողները
Օգտվելով առիթից`կոչ եմ անում հաղթողներին «շատ չգոռոզանալ», իսկ նրանց, ով իր անունը հայտնաբերեց աղյուսակի ստորին մասում, չհուսահատվել: Հուսով եմ, որ երեխաները հասկանում են, որ այս մրցույթում պարտվածներ չկան: Ամփոփիչ աղյուսակը զուտ թվաբանություն է, միավորների միջինացված ցուցանիշ: Գրականությունը սուբյեկտիվ բան է: Հիմնական վեցյակում չընդգրկվածներից շատերը ժյուրրի առանձին անդամների մոտ բարձր տեղեր էին գրավել: Անձամբ ինձ բոլորից շատ դուր եկավ Շահվերդյան Նինայի աշխատանքը: Նա հիանալի պատմվածք է գրել կենդանի երկխոսություններով, չտարվելով չափից շատ նկարագրություններով: Սակայն փորձագետներից յուրաքանչյուրն իր մոտեցումն ու տեսակետն ունի, իր ճաշակը: Ամենուր է այդպես` և գյուղական դպրոցի շարադրությունների մրցությում, և գրականության Նոբելյան մրցանակի համար մրցույթում:

Մրցանակները դրամական են: Համեմատաբար համեստ, սակայն երիտասարդների համար դա հիանալի հավելում է գրպանի ծախսերի համար: Գրողը, նույնիսկ շատ երիտասարդ, պետք է փոքրիկ ուրախություններ ունենա: Մրցանակներ են նախատեսված բոլոր մասնակիցների համար:

Եվ մի քանի խոսք արդյունքների և ապագայում նման մրցույթների անցկացման մասին:
Վերջնական արդյունքները մենք կամփոփենք արդեն մրցանակների հանձնումից հետո`դա կլինի նոյեմբերին: Առաջիկայում կընտրենք օրը: Անշուշտ, աշխատելու տեղ շատ կա: Մասնակիցները շատ երիտասարդ են: Շատերը դեռ 20 տարեկան էլ չկան: Իսկ մասնակիցներից մեկը` Վալերի Կարապետյանն ընդամենը 16 տարեկան է:

Մենք նրանց չենք լքի, կշփվենք, կսովորեցնենք, թե ինչպես է պետք գրել, խուսափել շտամպերից և զարգացնել գրավոր խոսքը: Գալիք տարվա համար երիտասարդների հետ մի փոքր պիես գրելու մտահղացում կա: Կամ սցենար կարճամետրաժ ֆիլմի համար: Հիմա նորաձև են ինտերնետ-սերիալները և անկախ ցանցային նախագծերը: Իսկ Արցախը նորաձև վայր է: Շատ եմ ցանկանում, որ Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին նվիրված մրցույթն ամենամյա դառնա, հեղինակություն ձեռք բերի: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

---