// IP Marketing video - START// IP Marketing video - END
7  22.02.16 - Բերնար Խուրի - ճարտարապետ
Նոր շինությունները փորձում են փոխանցել հների ճարտարապետական ոգին, բայց ինքնություն չկա

Բերնար Խուրի.

Նոր շինությունները փորձում են փոխանցել հների ճարտարապետական ոգին, բայց ինքնություն չկա

PanARMENIAN.Net - Լիբանանցի հայտնի ճարտարապետ Բերնար Խուրին Երևանում էր: Նա հայտնի է իր մոդեռն ճարտարապետական լուծումներով, նորարական և ոչ ստանդարտ մոտեցումով, որոնց համար բազմիցս արժանացել է «ճարտարապետության ապստամբ» (the bad boy of architecture) բնութագրին: Բերնարի աշխատանքներին կարելի է հանդիպել ամբողջ աշխարհում՝ Դուբայում, Իտալիայում, Բեյրութում, Մեխիկոյում, Քուվեյթում, Վենետիկում, Նյու Յորքում և այլուր: Հայաստանն ունի Խուրիի վարպետության իր սեփական օրինակը՝ ճարտարապետը Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներքին դիզայնի և հրապարակի՝ Թումո պլազայի հեղինակն է:

Վերջին 10 տարվա ընթացքում Բերնարը Երևան հաճախ է այցելել, և ինչպես ինքն է ասում՝ բավականաչափ ծանոթ է քաղաքին: Ըստ նրա, Երևանը բարդության «բարձր մակարդակ» ունի, ու, չնայած արդեն 2797 տարեկան է, շատ երիտասարդ է թվում: Ի դեպ, շուտով Խուրին նույնքան մոտիկից կծանոթանա նաև Գյումրիին. ճարտարապետն իր հատուկ ոճով կձևավորի քաղաքի ամենահին և գեղեցիկ շինություններից մեկը՝ առաջին թատրոնի շենքը, ուր վերանորոգումից հետո կտեղափոխվի Գյումրիի Թումոն: PanARMENIAN.Net ը զրուցել է ճարտարապետի հետ մեր մայրաքաղաքի տեսքի ու դիմագծի, պակասող ու ավելորդ մասնիկների, ինչպես նաև Գյումրիի թատրոնի «վերածննդի» նախագծի մասին, իսկ PAN Photo-ն լուսանկարել է նրան ոչնչացող Երևանի հետ:

Թե ինչն է պակասում Երևանին

Շատ կարևոր է, որ քաղաքին ինչ-որ բան պակասի, որովհետև իդեալական քաղաքները հոգնեցնում են: Ով է ուզում ապրել մի քաղաքում, որին ոչինչ չի պակասում: Այն պետք է ստեղծագործելու, արարելու հնարավորություն տա:

Երևանին էլ որոշ բաներ պակասում են: Հին շենքերը, օրինակ, վերանում են, փոխարինվում ավելի ժամանակակիցներով, որոնք, սակայն, չեն փոխանցում քաղաքի ոգին ու միաժամանակ չեն համապատասխանում ժամանակակից բարձր ստանդարտներին: Նոր շինությունները փորձում են փոխանցել հների ճարտարապետական ոգին, բայց այդ ամենը շատ մակերեսային է, ինքնություն չկա: Այն մոտեցումը, երբ ազգային մշակույթի մասնիկները մակերեսային են փոխանցվում, գլոբալ երևույթ է, ինչը դիտվում է ամենուրեք: Ամենացավալին այն է, որ դրանք չեն փոխանցում հին շինությունների պատմությունը: Այսինքն, հինը նորով փոխարինելիս ճարտարապետությունը ոչ ազնիվ է փոխանցվում, ինչի արդյունքում էլ մշակութային կարևոր բաղկացուցիչ է կորում: Չէ՞ որ հին շենքերը մշակույթի կարևոր մասն են, դրանք պատմություն են պատմում... Պետք է, որ շենքը մումիա չդառնա ու, միաժամանակ, ակտուալ լինի ներկայում, քանի որ հենց ներկայի միջոցով ենք նայում դեպի ապագա:

Կան շենքեր, որոնք ճանաչելի են ամենուրեք, քանի որ կոնկրետ ճարտարապետի ձեռագիր է երևում: Այսինքն, եթե գնալ որևէ երիտասարդ քաղաք, ապա հիմնականում տեղի շենքերը կարելի է ճանաչել ըստ կոնկրետ ճարտարապետի, բայց ես դեմ եմ նման մոտեցումներին: Ինձ ավելի դուր է գալիս այն մոտեցումը, ըստ որի կարելի է «արարել» շենքը՝ հաշվի առնելով կոնկրետ տվյալ տարածքը, այսինքն, հարմարեցնել այն տարածքին, այլ ոչ թե ցույց տալ կոնկրետ մեկի ձեռագիրը: Կարծում եմ՝ ամենալավ ստեղծագործությունները նրանք են, որոնք ստեղծվում են րոպեի ազդեցության տակ, որոնց գաղափարի վրա երկար չեն մտածում, ու այն, ինչ ինքնաբուխ է, հաճախակի ավելի ազնիվ է ստացվում, քան այն, ինչի վրա մեծ ջանքեր են գործադրվում, ու ինչն «ածանցյալ» արտադրանք է դառնում:

Հյուսիսայինի ջեներիկները

Հյուսիսային պողոտան ամբողջովին կազմված է ջեներիկներից՝ ընդհանրական շենքերից: Դեռ կանգուն մնացած հին շենքերն էլ, որոնք ևս քանդման վտանգի տակ են, ֆենոմեն են, որ հանդիպում է բազմաթիվ քաղաքներում. այդ շինություններն իրենցից մշակութային որևէ արժեք չեն ներկայացնում, որ կուզեիր հիշել: Այդ քարե շենքերը հիշեցնում են համեմատաբար ոչ շատ հեռու անցյալը: Դրանք զարդարված չեն, կոպիտ ասած՝ «թարմ դիակներ» են, որոնք քանդում են, ոչնչացնում երկրի երեսից, գրաքննության ենթարկում... Դա վտանգավոր երևույթ է, քանի որ այդպիսով հրաժարվում ես քո քաղաքի պատմության որոշ հատվածից, ասելով, որ այն չի եղել: Ու սա այն պատճառներից մեկն է, որ նմանատիպ շենքերը ոչնչացվում է: Մյուս պատճառն այն է, որ քաղաքի բնակչության թիվն աճում է: Այսինքն, եթե շենքը 3 հարկ ունի ու այնպիսի տեղում է կառուցված, որտեղ կարող է 7-8 հարկանին տեղակայվել, ապա ֆինանսականը գերակշռում է և իհարկե ընտրության դեպքում սեփականատերը կնախընտրի քանդել 3-հարկանի շենքն ու փոխարենը 8-հարկանին կառուցել:

Այս առումով սեփականատերերին մեղադրելն անարդար է, ու այստեղ, հավանաբար, քաղաքային իշխանությունը պետք է զբաղվի այդ խնդրով, եթե, իհարկե, ուզում են պահպանել շենքը, այդ ոչ այնքան հեռու անցյալը: Շատ երկրներում որոշ շինություններ պահպանելու, քաղաքը չքանդելու համար քաղաքային իշխանությունը փոխհատուցում է սեփականատիրոջը: Այսինքն, նրանց թույլատրվում է այն հարկերը, որոնք պետք է կառուցվեին տվյալ շենքը քանդելուց հետո, կառուցել մեկ այլ վայրում, որտեղ դա ոչնչի չի խանգարի ու որը կառուցապատման կարիք ունի: Նման օրենքներ կան ու գործում են:

Թումոյի մասին

Թումոյի հետ գործակցությունը սկսվեց 10 տարի առաջ, և այդ ժամանակ չէինք էլ պատկերացնում, թե ինչքան հեռուն է այս ամենը հասնելու: Ես Թումոյի ծնունդի ականատեսն էի, ինչը ֆանտաստիկ երևույթ էր: Կենտրոնն աննախադեպ մոդել է ինչպես կրթության ասպարեզում, այնպես էլ մշակութային, և շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր այդտեղ ամեն ինչ հայտնագործվում: Աշխատանքը թիմային էր, ու կարող էր համեմատվել Ֆորմուլա 1-ի վրա աշխատանքի հետ, որտեղ աշխատում են մեխանիկներ, ինժեներներ, դիզայներներ... Թումոյի ամեն մի բաղկացուցիչ հստակ նպատակ ունի: Լինելով շատ հայկական երևույթ, կենտրոնը պարունակում է այն ամենը, ինչ կարող է առաջարկել ժամանակակից ճարտարապետությունը:

Գյումրիի Թումոյի ու թատրոնի հին շենքը պահպանելու գաղափարի մասին

Գյումրիում շատ հետաքրքիր միջամտություն է լինելու մի շենքի, որն արդեն իր սեփական պատմությունն ունի, հիշողությունները: Չենք պլանավորում, իհարկե, թատրոնը «կենդանի դիակ» դարձնել, բայց չենք էլ պատրաստվում այն վերականգնել՝ այն դարձնելով «անցյալի տրանսվիստիտ»: Մենք կպահպանենք հին թատրոնի շենքի ամուր ու ծանր պատերը: Մեր միջամտությամբ արդեն գոյություն ունեցող կառուցվածքի մեջ ճանաչելի շերտեր կավելանան, և այդ շերտերը սպեցիֆիկ ուղղվածություն կունենան: Ավելացված ամեն շերտը կներկայացվի որպես ավելացված, արդեն գոյություն ունեցողի կրկնություն կամ իմիտացիա չի լինի: Հիշեք՝ մենք ֆեյքեր չենք արտադրում: Բոլոր այդ շերտերը որպես «պրոթեզ» են ծառայելու, այսինքն ոչ թե փոխարինելու են, այլ լրացնելու: Բազմաֆունկցիոնալ պրոթեզը հարգանքի ամենամեծ տուրքն է, որ կարելի է տալ պատմությանը:

Վերջին նորակառույցներից մեկի՝ նախարարությունների նոր շենքի մասին (որի փոխարեն նախկինում եղել է 1930-ականներին Նիկողայոս Բունիաթյանի կառուցած «Սևան» հյուրանոցը

Ծանոթ եմ «Սևան» հյուրանոցի քանդման ու փոխարենն այս շենքի կառուցման պատմությանը: Առաջ շինությունները կառուցվում էին դարերով ծառայելու համար, հիմա դրանց հիմքում ամորտիզացիայի գաղափարն է: Եթե, օրինակ, շենքը պատկանում է մասնավոր հատվածին, ապա սեփականատերը նախ մտածում է, թե ինչ շահույթ կարող է ստանալ, այսինքն` առաջնային նշանակությունն ամորտիզացիան է, ու ամեն ինչ կախված է նրանից, թե ով է սեփականատերը:

Կարևոր է հիշել, որ քաղաքներից շատերում հիմա շենքերի մեծամասնությունը գտնվում է մասնավոր հատվածի ձեռքում, այլ ոչ պետական, ու այդ պատճառով էլ որոշ չափով դրանց «պիտանելիությունը» կանխատեսելի է: Այս ֆեյք շենքերը մի քանի տասնամյակից ավելի չեն ապրի, դրանք այնքան կարևոր չեն, որ մարդիկ հետագայում պահնապելու ցանկություն ունենան: Ես օպտիմիստ եմ, և ուզում եմ հավատալ, որ պատմությունը «կմաղի» այն շենքերը, որոնք պատմական տեսանկյունից կարևոր չեն:

Քաղաքի կառուցվածքին այդ միջամտությունը, որը կոնկրետ նպատակ չունի, ժամանակի ընթացքում «մաղվում» է, ոչնչանում, ինչը բնական է: Ու միայն ամենաուժեղներն են գոյատևում, փրկվում: Հուսանք, որ ամենակոնստրուկտիվն ու կարևորը կպահպանվի: Ուզում եմ հավատալ, որ «խելացի» շինությունները կպահպանվեն, իսկ «անիմաստները»՝ կոչնչանան:

Մանե Եփրեմյան, Դիանա Ջանինյան/ PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան/ PAN Photo