Գյումրին էլ Թալիշում 6 տանկ է խփել, 3-ը՝ ես, 3-ն էլ մի քանի «պոստ» էն կողմ՝ ընկերս

Շուլի Հակոբյան.

Գյումրին էլ Թալիշում 6 տանկ է խփել, 3-ը՝ ես, 3-ն էլ մի քանի «պոստ» էն կողմ՝ ընկերս

PanARMENIAN.Net - Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս հակառակորդի 3 տանկ խոցած ու օրեր առաջ ՀՀ նախագահի կողմից Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Շուլի Հակոբյանն արդեն մարտական հենակետ է վերադարձել: Այդտեղ էլ PanARMENIAN.Net-ը հանդիպել և զրուցել է նրա հետ: Մարտկոցի ավագ՝ սերժանտ Հակոբյանը 1996-ին է ծնվել, Գյումրիում, ԵՊՀ-ում տնտեսագիտություն է սովորում:

Ապրիլի երկուսին բարձրացել ենք դիրքեր, 3-ի գիշերը տեղեկություն հասավ, որ մեր մարտական դիրքի դիմաց՝ Թափ-Կարակոյունլու գյուղի ուղղությամբ տանկեր են առաջանում, համապատասխան խնդիր ենք ստացել ու լույսը չբացված այնտեղ էինք: Դիտարկում ենք կատարել, հետո սկսել աշխատել:

Խնդիրը կատարել եմ հակատանկային 9K111 ֆագոտ համալիրով: Իրենց տանկի անձնակազմին տեսնում էի, պահել եմ իրենց ուղղությամբ ու մտածել՝ «սպասեք, մինչև ձեր հասնելը, ես ավելի շուտ կհասնեմ ձեզ»: Առաջինը չստացվեց, բայց դժվարը հենց առաջինն էր, հետո արդեն մտնում ես մարտի ռիթմի մեջ, պատերազմի ձայներին ես սովորում: Երկրորդ անգամ բարձրացա կրակելու ու մտածածս արեցի:

Մեկ օրում՝ կես ժամվա ընթացքում, երեք հատ T72 եմ խոցել: Մյուսներն արագ փախան, շատ արագ: Ինչի՞ փախան, կրակում էինք էլի [ծիծաղում է]: Կարճ ժամանակ հետո արդեն տանկի հետք չկար, որ խփեինք: Սպասում էինք՝ չկային ու չկային:

Առաջին տանկը որ խփեցի, տղերքի ուրախությանը չափ չկար, գոռում էին «խփել ես, խփել ես», փաթաթվել ենք իրար: Հետո արդեն հավեսի ընկանք, մեկը մեկի հետևից խփում էինք, աչքները սովորեց, էլ տենց չէին ուրախանում [ծիծաղում է]:

Գյումրին Թալիշում 6 տանկ է խփել. երեք տանկ էլ հենց էս կողմի վրա՝ մի քանի «պոստ» էն կողմ, ընկերս՝ Ռաֆայել Հովհաննիսյանն է խփել: Ինձ պես պարգևատրվել է: Երկուսս էլ գյումրեցի ենք: Տղերքը կատակում են, թե ստացվում է Գյումրին Ստեփանակերտից հետ չի մնում (հարավում ադրբեջանական հինգ տանկ խոցած Մարատ Պետրոսյանը Ստեփանակերտից էր,- խմբ.):

Ադրբեջանցիներն իրենց շարժը հիմնականում տանկերով էին կատարում, փորձում էին վախեցնել մեզ, բայց դրանց ցույց տվեցինք, որ 19-20 տարեկան հայ զինվորը կարող է ոչնչացնել իրենց տանկերի հատուկ պատրաստված անձնակազմին, մի քանի տոննայանոց զրահատեխնիկա:

Բան չմնաց, ամռանը զորացրվում եմ, գնալու եմ ուսումս շարունակեմ, շատ պլաններ ունեմ՝ աշխատանք, ընտանիք, տուն-տեղ:

Մեզնից հետո ծառայության եկող զինվորներին առաջին հերթին խաղաղություն, բայց լավ հասկանալով մեր դիմաց ինչ... ով է կանգնած, թող սովորեն, իրենց զենքին կատարյալ տիրապետեն, ականջի հետև չգցեն: Բանակ գալը նոր մասնագիտություն սովորել է, ռազմական մասնագիտություն, որ միաժանակ կարողանում ես ծառայեցնել պետությանդ, սահմանդ պահելուն: Ինչպես մենք կատարեցինք մեր խնդիրը, հաստատ իրենք էլ են կարողանալու, թող պատրաստ լինեն հենց սկզբից ու իմանան՝ կարևորը հավաքված լինելն է, չխառնվելը, որովհետև թուրքա, էլի, մի քիչ «դուխով» ես լինում, թողնում փախչում է:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
---