Եթե ստեղծագործությունը գոնե կիսով չափ ծնվել է ենթագիտակցությունից, ապա այն ամբողջությամբ քոնն է

Արաքս Սարգսյան.

Եթե ստեղծագործությունը գոնե կիսով չափ ծնվել է ենթագիտակցությունից, ապա այն ամբողջությամբ քոնն է

PanARMENIAN.Net - Սյուրռեալիզմի մեծագույն վարպետները երբեք առիթը բաց չէին թողնում` սեփական անգիտակցականը, որպես իրենց ստեղծագործությունների աղբյուր մատնանշելու համար: Իրական, գիտակցված փորձը` ոգեշնչված որևիցե աղբյուրից, միշտ պարունակում է ուրիշի ստեղծագործությունները պատճենելու վտանգ, ու միայն ենթագիտակցական ընկալումն է ի զորու աշխատանքը բացառիկ դարձնել: Գույներ, երանգներ, գծեր, որոնց ձգողական ուժը զգացվում է անգամ բնազդների մակարդակով. նկարիչ Արաքս Սարգսյանը հրաշալի տիրապետում է մարդկային ենթագիտակցական ապրումների ողջ սպեկտրը վեր հանելու արվեստին: Նրա աշխատանքները ճկուն են, հյութեղ ու ծավալուն, անգամ այն պարագայում, երբ, որպես հիմնական գործիք ու ասելիք, հեղինակն օգտագործում է գրաֆիկան:

Մանուկ տարիքում ընթերցված հեքիաթների, դրանք ենթագիտակցության խիտ ֆիլտրով անցկացնելու ու սեփականը ստանալու մասին Արաքս Սարգսյանը պատմեց PanARMENIAN.Net ի հետ հարցազրույցում:

Քո ստեղծագործություններից անհնար է հեռացնել հայացքը: Ինչ-որ մոգական, կախարդական ուժ կա դրանցում: Թերևս, նման էներգետիկա կտավին հաղորդելու համար ստեղծագործական խիստ յուրօրինակ ճանապարհ է պետք անցնել:

Ճանապարհը սկսել եմ 11 տարեկանում, երբ ընդունվեցի Գեղագիտության ազգային կենտրոն` Վահագն Բաղդասարյանի խումբ: Նա խնդրեց ինձ նկարել ցանկացած մի բան, ես էլ վիշապ նկարեցի: Նա համաձայնեց իմ նախասիրությունների հետ, ու սովորելու ամբողջ ընթացքում ոչ մի սահմանափակում չեղավ: Ավելին` նկատելով ներուժ հենց այս ուղղությամբ, խրախուսեցին ու նյութեր առաջարկեցին: Դա սկիզբն էր բուն նկարչական գործունեության:

Սակայն, եթե ավելի հեռուն նայենք, ճանապարհը սկսվել էր հեռավոր մանկության տարիներին, երբ երեք տարեկան հասակում ընթերցում էի Գրիմ եղբայրների հեքիաթները, ֆրանսիական ու սկանդինավյան առասպելները` բնագիր տարբերակով:

Իրականում, ի հակառակ ձևավորված կարծրատիպերի, դրանք այնքան էլ բարի չէին, բավականին մռայլ էին ու ունեին իրենց մութ կողմերը: Դա, թերևս, իմ աշխարհայացքի ակունքն էր: Հետագայում, դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղությամբ բակալավրիատն ավարտելուց հետո, վերջնականապես ձևավորվեց աշխատանքներիս հիմնական ուղղությունը:

Իսկ ավելի մանրամա՞սն:

Զուտ ֆորմալ` թեմատիկան կարելի է բաժանել երկու հիմնական ուղղության. ֆենթեզի և սարսափ ժանրերի, սակայն դրանք հաճախ միախառնվում են: Հիմնականում աշխատում եմ գրաֆիկայի ժանրում, որովհետև դա, ի տարբերություն յուղաներկի, կամ թվային նկարչության, առավել ծավալուն ու ազդեցիկ է:

Իհարկե, ոգեշնչման աղբյուրները բազմաթիվ են. սկսած գրականությունից, ֆիլմերից, մինչև առանձին մարդիկ: Բայց ինչ-որ կոնկրետ ստեղծագործությունից ազդվելը միայն սկիզբն է: Հետո ինքդ քեզ համար պետք է հասկանաս, թե տվյալ աշխատանքի ո՞ր հատկանիշներն են քեզ ցնցել: Ու միայն բացահայտելուց հետո դրանք կարող ես դարձնել քոնը: Հաճախ դա տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում:

Ինչպե՞ս է գիտակցված ոգեշնչման առարկան, որը կարող է տվյալ պահին ոգևորություն ու հիացմունք առաջացնել, հետագայում դառնում հիմք սեփական ստեղծագործության համար:

Ոգեշնչվել կարելի է բացարձակապես ամեն ինչից: Կարևոր չէ, գի՞րք է դա, ֆի՞լմ, թե՞ կտավ: Առաջին քայլը գիտակցված է. դու ցանկանում ես, որոշ առումով, մրցակցել քո ոգեշնչման առարկայի հեղինակի հետ: Բայց դա չպետք է լինի պատճենելու տեսքով: Կարող ես այդ պահին մատիտը մի կողմ դնել, իսկ որոշ ժամանակ անց, արդեն չգիտակցված, թղթի վրա կամայական «խզբզելու» ընթացքում կհայտնվի մի պատահական գիծ, մի շտրիխ, որը հետագայում կզարգանա, որպես առանձին ստեղծագործություն: Իսկ աշխատանքն ավարտելուց հետո հասկանում ես, որ դա քո նախկին ոգեշնչման արդյունքն է` «մարսված», ենթագիտակցության պրիզմայով անցած: Եթե ստեղծագործությունը գոնե կիսով չափ ծնվել է ենթագիտակցությունից, ապա այն ամբողջությամբ քոնն է:

Յուրաքանչյուր առանձին ստեղծագործություն կարող է բխել ինչ որ կոնկրետ ապրումից: Բայց հեղինակի ընդհանուր ստեղծագործական ուղին ունի սեփական ամենա-ամենաաղբյուրը, որից էլ ամեն ինչ բխում է:
Դժվար է հիմա առանձնացնել, բայց, թերևս, Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» դասական ստեղծագործությունն է ինձ համար դարձել նման արժեք: Դա ոչ միայն առանձին շարք ստեղծելու առիթ դարձավ: Այն «սեղանի գիրք» է, որի պարբերաբար ընթերցումը կարող է ամեն անգամ տարբեր կերպ ընկալվել: Քերոլի ստեղծած «գրական սիմետրիան» հաճախ է իմ աշխատանքներում արտացոլվում, այս, կամ այն կերպ, առկայությունը մշտական է:

Գիտեմ, որ ցուցահանդեսներով ես ներկայացել տարբեր ժամանակներում, ինչպես նաև համագործակցում ես լեգենդար Laika Entertainment կինոընկերության հետ: (Խմբ. - Laika Entertainment-ը հռչակավոր ամերիկյան անիմացիոն ստուդիա է, որտեղ ստեղծվել են Coraline, Moongirl , ParaNorman, The Boxtrolls, Corpse Bride ֆիլմերը):
2011-2012թթ-ին ստեղծված շարքով մասնակցել եմ ՀՀ նախագահի մրցանակին: 2014թ-ին Leika Entertainment-ից որոշ հրաշալի մարդկանց հետ համագործակցության շրջանակներում կայացավ մեր առաջին համատեղ ցուցահանդեսը, ապա` երկրորդը Պորտլենդում: Ցուցահանդեսները կազմակերպվել էին Բեն Ադամսի հետ համագործակցությամբ ու աջակցությամբ, նկարչի, ով աշխատում է Leika անիմացիոն ընկերությունում ու մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանն, ինչպիսիք են Coraline, Para Norman, Boxtrolls անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև Kubo-ն, որն էկրաններին կհայտնվի այս տարվա ամռանը:

Նախատեսում ենք համագործակցության ևս մեկ տարբերակ` գրաֆիկական վեպի, կամ գրքի պատկերապատման տեսքով, սակայն թեմատիկան դեռ հայտնի չէ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
---