Ինչպես 15 ամիս անցկացրի աֆրիկյան «Սև ծովափ» բանտում

Հայ օդաչու Սամվել Մաճկալյան.

Ինչպես 15 ամիս անցկացրի աֆրիկյան «Սև ծովափ» բանտում

PanARMENIAN.Net - 2004 թ․ մարտի 8-ին Աֆրիկայի փոքր, բայց նավթով հարուստ իսպանախոս Հասարակածային Գվինեա պետությունում ձերբակալվեցին 6 հայ օդաչուներ։ Այդ երկրում աշխատելու մեկնած Ան-12 բեռնատար օդանավի անձնակազմի անդամները մեղադրվում էին երկրի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասագոյի դեմ ծրագրվող պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու համար։

Նույն տարվա նոյեմբերին անձնակազմի անդամները՝ հրամանատար Աշոտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սամվել Դարբինյանը, ղեկապետ Սամվել Մաճկալյանը, մեխանիկ Ռազմիկ Խաչատրյանը և տեխնիկներ՝ Սուրեն Մուրադյանն ու Աշոտ Սիմոնյանը, չհաստատված մեղադրանքերով դատապարտվեցին 14-ից 24 տարի ազատազրկման: Շուրջ 15 ամիս՝ մինչև 2005 թ․ հունիսը, նրանք անցկացրին աշխարհի ամենասարսափելի բանտերից մեկը համարվող «Սև ծովափ» (Black Beach) բանտում՝ սպասելով արդարության հաղթանակին։ Հետագայում պարզվեց, որ հայ օդաչուների գլխին պարզապես սև խաղ են խաղացել․ նրանց պարզապես օգտագործել են հայերի օդանավը վարձած հարավաֆրիկյան ընկերության ներկայացուցիչներն իրենց ծրագրած, սակայն չհաջողված հեղաշրջման համար։ Ի դեպ, հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ մեղադրվում էր նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի որդին՝ Մարկ Թետչերը։

PanARMENIAN.Net ը զրուցել է Աֆրիկայում «գերի ընկած» օդաչուներից մեկի՝ Սամվել Մաճկալյանի հետ, ով իր ծանր, բայց հետաքրքիր հուշերն է պատմել այդ դեպքերի վերաբերյալ։

Գրեթե 30 տարի ավիացիայում եմ․ սկսել եմ Ան-24-ով Դաղստանում, մոտ 4 տարի, Երևանում՝ 9 տարի ՏՈւ-154, վերջին 15 տարին էլ՝ Իլ-86, շտուրման եմ՝ ղեկապետ։ 2004 թվականին, երբ Հայկական ավիաուղիները սնանկացան, գործազուրկ դարձանք, դրանից հետո վերապատրաստվեցի Ան-12-ի վրա և այլ ելք չգտնելով, տեղափոխվեցինք Աֆրիկա՝ աշխատելու։ Այդ ինքնաթիռներն էլ շատ հին են՝ 40 տարուց մեծ, և չնայած մեր Ան-12-ը Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքում վերանորոգվել էր, բայց պիտանի բան չէր․ հետո իմացանք։

2004 թ․ հունվարին թռանք Եգիպտոսի Լուքսոր քաղաք, որտեղ վերալիցքավորելուց հետո հասել ենք Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո։ Նավթով հարուստ բռնապետություն է, մեզ հետ այն ժամանակ նույնիսկ նախարար կար բանտարկված։ Մի քանի ամիսը մեկ ասում էին, թե պետական հեղաշրջման փորձ է կատարվել, և նախագահն իր բոլոր հակառակորդներին բանտ էր նետում։ Այդ պաշտոնյաների մի մասը խորհրդային ժամանակներում ռուսական կրթություն էր ստացել, և կարողանում էինք շփվել իրենց հետ։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական «Տիգա-Էյր» ավիաընկերությունը, որը միայն այդ Ան-12 բեռնատար ինքնաթիռն ուներ, պայմանագիր էր կնքել գերմանական CAL (Central Asian Logistics) ավիաընկերության հետ, վարձակալել այդ օդանավը՝ Հասարակածային Գվինեայում թռիչքներ կատարելու համար: Այդ ընկերությունն էլ իր հերթին մեր ինքնաթիռը վերավարձակալության էր հանձնել Հարավային Աֆրիկայի մի մասնավոր ընկերության։ Մենք այդ մանրամասներին տեղյակ չէինք, պայմանագիր էինք կնքել և միայն գիտեինք, որ գնում ենք Աֆրիկայում աշխատելու։ Մեզ ասել էին, թե բեռներ պիտի տեղափոխենք Հասարակածային Գվինեայից այլ երկրներ ու հակառակը, նաև օվկիանոսի վրա հետախուզական թռիչքներ պետք է կատարենք ձկների վտառներ գտնելու համար։ Հարավաֆրիկյան այդ ընկերությունը նաև ձկնորսական փոքր նավ ուներ և իբր ձկնորսական բիզնեսով էր զբաղվում նաև։ Հետո միայն հասկացանք, որ իրենք կարծես այլ մտադրություններ ունեին, չնայած չգիտեինք, թե որքանով էր դա իրականությանը համապատասխանում։

ԱՆ-12 օդանավը

Հասանք Մալաբո և սպասում էինք թռիչքների, բայց մեկ ամիս անցավ, ու դեռ թռիչք չէինք կատարել։ Անընդհատ ասում էին, որ սպասենք։ Ի դեպ, պարզվեց, որ Մալաբոյում հարավաֆրիկյան այդ ընկերությունը նաև ուկրաինական ինքնաթիռ է վարձակալել իր անձնակազմով։ Իսկ ուկրաինացիները մի ամիս սպասելուց հետո թողեցին-վերադարձան, հավանաբար հասկացել էին, որ այդ երկրում իրենց աշխատանքը չի ստացվելու, արկածախնդրություն է մնալը։ Ես էլ մեր հրամանատարին փորձում էի համոզել, որ մենք էլ վերադառնանք, մնալն իմաստ չունի, բայց մեր անձնակազմի անդամները, որ «Էրեբունի» օդանավակայանից էին, բոլորն էլ Հայաստանում գործ չէին գտել և ընտանիքը պահելու խնդիր ունեին, մտադիր էին մնալ։ Մեր աշխատավարձը երաշխավորված էր՝ ամսական 60 թռիչքային ժամի հաշվով (մոտ 1000 դոլար), և մերոնք նախընտրեցին թեկուզ չաշխատելով, բայց մնալ ու ստանալ երաշխավորված աշխատավարձը։ Իսկ մեզ միայն առաջին ամիսը վարձատրեցին։

Երկրորդ ամսվա վերջին մեր առաջին թռիչքը կատարեցինք դեպի Զամբիա, մեզ ասել էին, որ այդտեղից բեռներ պետք է բերենք Մալաբո։ Թռիչքից րոպեներ առաջ պատգարակով ծանր հիվանդ բերեցին ու խնդրեցին, որ հավելյալ վճարի դիմաց հիվանդին հասցնենք Կամերունի Դուալա քաղաք։ Մեզ հետ էր գերմանական ընկերության ներկայացուցիչը՝ Գերհարդը, որը մեր թռիչքային ղեկավարն էր, ինքն էլ զբաղվեց այդ հարցով։ Դուալայում վայրէջք կատարելիս ինքնաթիռը վթարվեց․ շասսիի ամրակներից մեկն էր կոտրվել։ Մի կերպ նորոգելուց հետո թռանք, բայց այս անգամ էլ վատ եղանակի պատճառով նախ ստիպված վայրէջք կատարեցինք Կոնգոյում, հետո նոր հասանք Զամբիա։ Այդտեղ բավական լավ մի հյուրանոցում մեզ տեղավորեցին, ավելի լավ պայմաններ էին այլ երկրների հետ համեմատած։ Հետաքրքիր է, որ աֆրիկյան այն երկրներում, որոնք ժամանակին բրիտանական գաղութներ են եղել, կարգուկանոն և հանգիստ էր տիրում։

Զամբիայում մի օր սպասելուց հետո հասկացանք, որ ոչ մի բեռ էլ չկա․ դիմեցինք Գերհարդին, նա էլ փոքր-ինչ վրդովված պատասխանեց, թե՝ ձեզ համար ի´նչ տարբերություն, մեկ է, ձեր փողն ստանալու եք։ Մենք հետո միայն՝ դատավարության ժամանակ իմացանք, որ Գերհարդը և մեր ինքնաթիռը վարձակալած հարավաֆրիկացիները կապված էին Մարգարեթ Թետչերի որդու՝ Մարկ Թետչերի հետ ու ինչ-որ առնչություն ունեին Հասարակածային Գվինեայի նախագահի դեմ նախատեսվող հեղաշրջմանը։ Ավելի ուշ՝ դատարանում, մեզ մեղադրեցին, թե գնացել ենք Զամբիա՝ այդտեղից մարդկանց մեծ խումբ բերելու և մասնակից ենք ծրագրվող հեղաշրջմանը։

Դատարանում: Աջից երկրորդը Սամվել Մաճկալյանն է

Զամբիայում մեր մնալու ժամկետը լրացել էր, և պետք է թռիչքային պլանը (թռիչքից առաջ օդային հաղորդակցության համապատասխան մարմնին ներկայացվող փաստաթուղթ - PAN) լրացնեինք, մի օր էլ սպասեցինք, մինչև դա հաստատեն ու թռիչքը թույլատրեն, ու լրիվ դատարկ՝ առանց ուղևորի կամ բեռի, վերադարձանք Մալաբո։ Վայրէջքից անմիջապես հետո ոստիկանները շրջապատեցին օդանավն ու սկսեցին ստուգել, բայց քանի որ ոչինչ չկար, ստուգումից հետո գնացինք մեր հյուրանոց։ Երկու շաբաթ ևս մնացինք հյուրանոցում, որն իրականում անհարմար ու վատ պայմաններով մի տուն էր։ Նույնիսկ նորմալ էլեկտրական հոսանք չկար, մի դիզելային գեներատոր էր աշխատում՝ տհաճ աղմուկ առաջացնելով։ Այնինչ, պայմանագրով մեզ երեքաստղանի հյուրանոցում պետք է տեղավորեին։ Ինչևէ, երկու շաբաթ էլ այդպես անգործ անցկացրինք։ Մարտի 8-ն էր․ տղաներով պատրաստվում էինք տոնական սեղանի շուրջ նշել, և հենց այդ պահին զինված ոստիկանները մտան տուն, բոլորիս, այդ թվում նաև՝ Գերհարդին ու հարավաֆրիկացիների խմբին, ձերբակալեցին ու տեղափոխեցին բանտ։ Բոլորովին անտեղյակ՝ մտածեցինք, թե թյուրիմացություն է, և շուտով բաց կթողնեն մեզ։

Բանտում հենց սկզբից դաժան ու անմարդկային վերաբերվեցին մեզ հետ։ Հիշում եմ ուժեղ սեղմված ձեռնաշղթաների առաջացրած անտանելի ցավը։ Երկրորդ օրը մեզ հանեցին բանտի հրապարակ, որտեղ լրագրողների և օպերատորների էին հրավիրել, որոնք նկարում էին մեզ՝ առանց հարցեր տալու։ Կոստյումով ու փողկապով մեկին մի կերպ անգլերեն հասկացրի, որ ձեռնաշղթաները շատ են ցավեցնում, և խնդրեցի մի փոքր թուլացնել։ Իսկ նա մոտեցավ ու հակառակը՝ ուժեղ սեղմեց ձեռնաշղթաները․ հետո պարզվեց, որ մեր բանտապետն է (Այդ դրվագը հիշելիս ծիծաղում է - PAN)։ Իսկ բոլորիս ձեռքերը հետևից էին կապել, որն է´լ ավելի անտանելի էր դարձնում ուսերի և ձեռքերի ցավը․ չէինք կարող պառկել, նստել, օրեր շարունակ կիսաքուն վիճակում էինք։

Ձերբակալությունից հետո ամեն օր առանց շղթաները հանելու տանում էին հարցաքննության, ճնշում, իսկ հարավաֆրիկացիներին նաև դաժանորեն ծեծում էին։ Մեկի ձեռքերը հետևից կապել էին հերիք չէ՝ ոտքերի տակ էլ կրակ էին վառել։ Ծանր օրեր էին, այնպես որ Գերհարդը հենց ութերորդ օրը կաթված ստացավ ու մեր աչքի առջև մահացավ։ Գերհարդի մահից հետո կարծես թե նրանց աչքը մի փոքր վախեցավ, ու տասներորդ օրն արդեն առջևից էին մեր ձեռքերը շղթայում․ կարծես դրախտում լինեինք այդ նվվացող ու տանջող ցավերից հետո։ Բայց արդեն «նվեր» բերեցին նաև ոտքի շղթաները․․․Խոնավ ու տաք կլիմա էր, և այդ շղթաներից վերքեր էին առաջացել մեր ոտքերին ու ձեռքերին։ Չգիտեմ, թե ինչպես դիմացանք։ Հիշում եմ, որ երկրորդ օրը «Հայր մեր»-ն էի աղոթում, ու մյուսները, աղոթքը չիմանալով, կրկնում էին ինձնից հետո․ փրկության ինչ-որ ուժ էր տալիս այդ աղոթքը։

Մեզ շարունակ տանում էին հարցաքննության ու մեղադրում էին, թե ուզել ենք պետական հեղաշրջում անել։ Բացատրում էինք, որ մենք ոչ մի կապ չունենք ու չենք կարող ունենալ, մեր փաստերն էինք ներկայացնում, բայց անօգուտ էր։ Բոլորս էլ մինչև այդ դեպքը Աֆրիկայում աշխատելու փորձ ունեինք, բայց ոչ մի տեղ խնդիրներ չէին առաջացել (Նախքան «Հայկական ավիաուղիների» կազմալուծումը աֆրիկյան տարբեր երկրներից վարձակալում էին մեր ինքնաթիռը Հաջի ժամանակ մուսուլմաններին Սաուդյան Արաբիա տեղափոխելու համար): Չէինք սպասում նման բան։

«Սև ծովափ» բանտը

«Սև ծովափ» անունով բանտը մի մեծ զորանոց էր հիշեցնում։ Երկհարկանի երկաթյա մահճակալներ էին, սինթետիկ նյութից ներքնակներ, իսկ սավաններ ոչ բոլորն ունեին։ Ջուր չէին տալիս, առաջին տասը օրը ծարավից մեռնում էինք։ Ձեռքերն էլ հետևը կապված՝ ջուր գտնելու դեպքում խնդրում էինք մեզ հետ բանտում եղած տեղացիներին ջուր տալ մեզ, նրանց ձեռքերը չէին կապում։ Բայց առավոտից մինչև երեկո մենք միայնակ էինք բանտում, քանի որ աֆրիկացի կալանավորներին տանում էին ձրի աշխատեցնելու։ Սնունդը․․․ «շատ լավ» էին կերակրում՝ առավոտյան ընդամենը 100-գրամանոց մի հացի կտոր, իսկ երեկոյան մի աման խաշած բրինձ, ու վերջ։ Սնվելիս էլ ձեռնաշղթաներից միայն մեկն էին արձակում, բայց կապում էին մահճակալից․ միայն կես ժամ ունեինք մեկ ձեռքով բրինձը ուտելու համար։ Նույնիսկ լողանալիս չէին ազատում շղթաներից, նիգերիացի մի տղա կար, նա էր լողացնում ինձ՝ սպասք լվանալու հեղուկով և ընդամենը մեկ դույլ սառը ջրով։

26-րդ օրը Կարմիր խաչից եկան մեզ այցելության։ Կարմիր խաչի ներկայացուցիչները մեզ հաշվառեցին և անհատական քարտեր տվեցին։ Իրենցից գիրք խնդրեցի, իրենք էլ միայն Աստվածաշունչ կարող էին բերել, ու մի անգլերեն Ավետարան բերեցին։

Հայ օդաչուների ձերբակալումից հետո Հայաստանի իշխանությունները հնարավոր տարբեր քայլեր են ձեռնարկել նրանց անհրաժեշտ իրավական և այլ օգնությամբ ապահովելու նպատակով: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել այդ հանձնաժողովի նիստերին մասնակցող Հասարակածային Գվինեայի պատվիրակության անդամների հետ` հայտարարելով, որ այդ երկրի իշխանություները պարտավոր են Հայաստանի քաղաքացիների հետ վերաբերվելիս առաջնորդվել մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների պահանջների համաձայն: Այս առնչությամբ Երևանը դիմել է նաև «Միջազգային ներում» կազմակերպություն և Միջազգային Կարմիր խաչի կոմիտե: Վերջինիս ներկայացուցիչները մեկնել են այդ երկրի մայրաքաղաք Մալաբո՝ հայ բանտարկյալների կեցության պայմանները ուսումնասիրելու և ուժերի ներածին չափով նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Իր հերթին «Միջազգային ներում» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել Հասարակածային Գվինեայի իշխանություններին զերծ մնալ բանտարկյալների նկատմամբ բռնություն կիրառելուց և հոգալ նրանց կարիքները:

Բանտային անտանելի պայմանների հետևանքով տասնմեկ անգամ մալարիայով հիվանդացել եմ, մեկ անգամ էլ՝ որովայնային տիֆով։ Եվ ամեն անգամ տեղափոխվել եմ բանտի հոսպիտալ դեղորայքային բուժում ստանալու համար․ հակառակ դեպքում, եթե հիվանդը երկու օրվա ընթացքում համապատասխան դեղը չստանա, կմահանա։ Հոսպիտալի մոտ կաթոլիկ եկեղեցի կար, և մի անգամ, երբ նորից ձեռնաշղթաներով կապված պառկած էի, մի տեղացի քահանա եկավ տեսավ ինձ, երևի խղճաց ու աղոթեց ինձ համար։ Ես էլ իմ անգլերենով գիրք խնդրեցի իրենից ու ասացի, որ իսպաներեն չեմ հասկանում։ Քահանան ինձ իսպաներեն-անգլերեն երկլեզվյան Նոր կտակարան նվեր բերեց, որն էլ կարդում էի անգլերեն Ավետարանը կարդալուց հետո։

Մեզ հետ բանտում կալանավորված էր նաև երկրի ավիացիայի նախկին նախարարը, որը նախագահ Թեոդորո Օբիանգի զարմիկն էր՝ Անտոնիո Նգուեմա Մբասոգոն։ Նա մեջքի ուժեղ ցավեր ուներ, ոչ մի կերպ չէր կարողանում բուժել։ Իրեն ասացի, որ կարող եմ ցավն անցկացնել։ Չհավատաց, պարզվեց՝ Լենինգրադում ուսանելու տարիներին (կինն էլ ռուս էր) բուժական մերսման սեանսներ է անցել, որոնք ոչ մի օգուտ չեն տվել։ 10-12 սեանսի ընթացքում Անտոնիոյի մեջքը լրիվ բուժեցի։ Երբ հարցրեց, թե ինչ կարող է անել ինձ համար, ասացի, որ իսպաներենի ինքնուսույց է հարկավոր։ Իր կնոջ միջոցով երկու օր հետո ռուսերենով իսպաներենի ինքնուսույց բերեց։ Կարմիր խաչն էլ, բացի Ավետարանից, հետագայում նաև իսպաներեն-անգլերեն բառարան նվիրեց, և հենց այդ գրքերի շնորհիվ ես բանտում մնացած հաջորդ ամիսներին իսպաներեն սովորեցի, վերջում արդեն ազատ կարդում ու հասկանում էի իսպաներեն Աստվածաշունչը։

Իսպաներեն աստվածաշունչն ու ինքնուսույցը

Բացի այդ, նաև տեղացիներից էի խնդրում իսպաներեն գրքեր բերել՝ ինչ որ պատահի։ Մի անգամ պատմության դասագիրք բերեցին, որտեղ նշված էր, որ հին Օլիմպիական խաղերի վերջին բռնցքամարտի չեմպիոնը Հայաստանի Վարազդատ Արշակունի թագավորն է (394 թ․)։ Իրենք էլ, երբ իմացան, որ Վարազդատի հայրենակիցն եմ, շատ ուրախացան։

Ազատ ժամանակ, բացի ընթերցանությունից, նաև այլ հետաքրքիր զբաղմունք էի գտել։ Հենց կացարանի տարածքում տեղական սևափայտից (էբենոսափայտ - PAN) պատրաստված աթոռներից ու սեղաններից որևէ մետաղյա սուր գործիքով կտորներ էինք պոկում ու դրանցից խաչեր պատրաստում, ընդ որում՝ նորից շղթայված ձեռքերով։ Բոլորը խնդրում էին, որ իրենց համար էլ սարքենք, նույնիսկ բանտապետն էր խնդրել ու շատ ուրախացավ մեր նվերից։

66-րդ օրը մեզ նորից ասացին, թե տանում են հարցաքննության։ Ներս մտնելով՝ եվրոպական դեմքեր տեսանք․ գրեթե անմիջապես հասկացանք, որ հայեր էին։ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանն էր և էլի մի հոգի (Ս․ Մանասարյանին ուղեկցել է ՀՀ պետարարողակարգի ծառայության ղեկավարի տեղակալ Գևորգ Պետրոսյանը - PAN): Մեզ պատմեցին, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը (Աֆրիկայում ՀՀ միակ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունը - PAN) հարցում էր կատարել Հասարակածային Գվինեայի իշխանություններին, թե արդյոք այդ բանտում էինք, բացասական պատասխան էին տվել։ Մինչև Կարմիր խաչի միջոցով փորձել են մեր գտնվելու վայրը ճշտել ու հանդիպում կազմակերպել, 66 օր էր անցել։ Շատ ուրախացանք և ոգևորվեցինք մեր պաշտոնյաների այցից, հասկացանք, որ մեր հարցով զբաղվող կա․ մինչև այդ նույնիսկ չգիտեինք, թե արդյոք գիտեն ինչ է պատահել մեզ հետ։

Մեզ ասացին, որ կապի մեջ են Իսպանիայի դեսպանատան հետ, և որ հունիսին կլինի մեր դատավարությունը, կարդարացվենք ու կազատվենք։ Բավական հուսադրվեցինք։ Հունիսին այն փաստաբանը, որը դատի ժամանակ մեր դատապաշտպանն էր լինելու, հանկարծակի մահացավ․ իմացանք, որ սպանել են։ Դատը հետաձգեցին մինչև նոյեմբեր։ Նոյեմբերին մեր դատավարությունը սկսեցին։ Բոլորիս հերթով նույն հարցերն ու մեղադրանքներն էին տալիս։ Դատախազը մեղադրում էր, թե իբր իրենց երկիր ենք գնացել նախագահին սպանելու, հեղաշրջում կատարելու և իրենց ժողովրդի նկատմամբ կոտորած սարքելու համար, և դրա համար պետք է ստանայինք 3000 դոլար։ Ասացի՝ չե՞ք ամաչում, երեք հազար դոլար ես իմ ազնիվ աշխատանքով կարող եմ վաստակել, գոնե 3 միլիոն «գրեիք»։ Այնքան անհեթեթ էր, որ նիստին ներկա և արտասահմանից ժամանած լրագրողներն ու իրավապաշտպանները նստած քմծիծաղ էին տալիս մեզ տրվող հարցերի վրա։ Նույնիսկ այն փաստը, որ Զամբիայից դատարկ ենք վերադարձել, ու ոչինչ չկար մեր ինքնաթիռում, դատավորը բավարար հիմք չհամարեց։ Արդյունքում, երբ դատավճիռը հրապարակվեց (նոյեմբերի 26-ին), մեր անձնակազմի անդամները դատապարտվեցին 14, իսկ հրամանատարը՝ 24 տարվա ազատազրկման։

Դատավարությանը հետևող միջազգային կազմակերպությունների դիտորդների, լրատվամիջոցների և օտարերկրյա դիվանագետների գնահատմամբ հայ օդաչուների նկատմամբ, որոնց մեղքը որեւէ կերպ չի հիմնավորվել, կայացվել է չափազանց խիստ դատավճիռ: Եգիպտոսում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանն այդ ժամանակ նշեց, որ դատավարությունը և բուն դատավճիռը զուտ քաղաքական էին և որևէ կերպ չեն տեղավորվում իրավական գործընթացի շրջանակում: Դիվանագետի կարծիքով, պատճառը թերևս գերմանացի Գերհարդ Նիլսի մահն էր, քանզի, եթե ինքնաթիռի անձնակազմը անմեղ ճանաչվեր, կստացվեր, որ Գ. Նիլսը նույնպես մեղավոր չէր: Ասել է թե` անմեղ մարդը ձերբակալվել է՝ հերիք չէ, դեռ մի բան էլ տանջամահ է արվել: Մյուս պատճառն ըստ նրա՝ «շատ տրիվիալ է. ինքնաթիռը, ինչպես և հարավաֆրիկացների ձկնորսական նավը, պետականացվել է»:

Գործով անցնող գլխավոր ամբաստանյալ, նախկինում Հարավաֆրիկյան Հանրապետության անվտանգության ուժերի սպա Նիկ դյու Տուան դատապարտվել է 63 տարվա, երեք այլ հարավաֆրիկացիներ՝ 50-60-ական տարվա բանտարկության, մյուս երեք հարավաֆրիկացիներն ազատ են արձակվել (Նիկ դյու Տուան և մյուսները նույնպես նախագահ Օբիանգի կողմից ներում են ստացել 2009 թվականին): Տեղացիների համար դատարանը բավարարվել է մեկական տարվա պատժաչափերով: Նիկ դյու Տուան դատարանում հայտարարել էր, որ հայերը և 12 այլ ամբաստանյալներ ոչինչ չգիտեին պատրաստվող հեղաշրջման մասին:

Նիկ Դյու Տուան ու Սայմոն Մաննը՝ բանտում. Լուսանկարը՝ AFP/Getty

Դատավճիռը հրապարակելուց հետո նորից տարան նույն բանտը։ Շատ ընկճված էինք, մտածում էինք՝ մի՞թե աշխարհում արդարություն չկա։ Սկսեցի ինքնակրթությամբ զբաղվել, խորացնել անգլերենի ու իսպաներենի իմացությունս (իսպաներեն արտասանում է Աստվածաշնչից մի հատված՝ «Հիսուսն ասում է, որ ով ծարավ է արդարության, կբավարարվի» և ավելացնում՝ դա կարծես հենց մեզ էր վերաբերում - PAN)։ Մոտ 1200 անգլերեն նոր բառ սովորեցի։ Պետք էր ինչ-որ բանով զբաղվել, այլապես կխելագարվեինք։ Շարունակում էինք սևափայտից խաչեր ու մեդալյոններ պատրաստել։

Մերոնք կապ էին հաստատել Հասարակածային Գվինեայում Իսպանիայի դեսպանատան հետ և նրանց միջոցով գաղտնի փող էին ուղարկում մեզ, որով կարողանում էինք բանտից ելումուտ անողների, աշխատելու գնացող տեղացի բանտարկյալների միջոցով անհրաժեշտ դեղեր և սնունդ գնել։ Վերջին ամիսներին էր նաև, որ մեզ այցելեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի պատվիրակությունը, հավաստիացրեց, որ ամեն ինչ անում են մեզ օգնելու համար։ Մեզ նաև Արա Աբրահամյանն էր (Ռուսաստանի հայերի միության նախագահը - PAN) փող ուղարկել, որի մի մասն էր միայն մեզ հասել, մնացածը գրպանել էին։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2004 թ․ փետրվարին պաշտոնական այցով մեկնել էր Հասարակածային Գվինեա՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու, սակայն իրականում հայ օդաչուների հարցը քննարկելու նպատակով։ Հանդիպումներ են եղել այդ երկրի վարչապետի ու գլխավոր դատախազի հետ։ Վ․ Օսկանյանն իր հուշերում գրում է, որ հանդիպումները ցույց տվեցին, որ օդաչուների ազատ արձակումը կախված էր միայն այդ երկրի բռնապետ նախագահի կամքից։ Հետևաբար դիվանագիտական և գործարար տարբեր խողովակներով հետագայում ջանքեր են գործադրվել Օբիանգի հետ այդ հարցով համաձայնության հասնելու համար։

Սամվել Մաճկալյանի բանտային գրքերը

Բանտում տեղական ռադիոյի ամենօրյա նորություններից իմացանք մեզ ներում շնորհելու մասին։ Ես արդեն մի քիչ հասկանում էի իսպաներեն, լսեցի, որ մեր անուններն են տալիս, տեղացիներին հարցրի, թե ինչ են ասում, ուրախացած պատասխանեցին, թե մեզ ազատում են։ Բայց այդ հայտարարությունից նույնիսկ երեք օր հետո մեզ չէին ազատում շղթաներից։ Վերջին օրը տարան հարցաքննությունների սենյակ, որտեղ Սերգեյ Մանասարյանն էր և ուրիշներ, և այդտեղ նոր արձակեցին մեր շղթաները։ Ազատվելուց հետո շվեյցարական ավիաընկերության թռիչքով գնացինք Շվեյցարիա, այնտեղից էլ Ռուսաստան։ Մեզ տարան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գրասենյակ, որտեղ իրենց դեսպանի և Արա Աբրահամյանի ներկայությամբ մամուլի ասուլիս տվեցինք։ Հիմնականում խոսեցին Հասարակածային Գվինեայի և Ռուսաստանի բարեկամության մասին։

Հասարակածային Գվինեայի պաշտոնական մեկնաբանմամբ՝ ներումը շնորհվել է որպես մարդասիական քայլ՝ նախագահ Նգուեմայի 63-ամյակի կապացությամբ, որն այդ երկրում նշվում է որպես ազգային տոն: Հայ օդաչուների վրայից հանվեցին բոլոր մեղադրանքերը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայ օդաչուներին ներում շնորհելու կապակցությամբ գոհունակություն է հայտնել և այդ առիթով իր երախտագիտությունը հայտնել Հասարակածային Գվինեայի իշխանություններին:

Մեր ազատման համար շատերն էին միջնորդել, օրինակ, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը (նա նամակով դիմեց երկրի նախագահին), ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը և ուրիշներ։ Հայաստան գալուց հետո այստեղ ընդունելություն կամ ասուլիս չեղավ։ Բայց այստեղ կառավարության կողմից բուժզննում անցանք։ Վերադառնալուց հետո այլևս աշխատանք չգտանք։

Դժվարին ամիսներ էին աֆրիկյան բանտում, հատկապես շատ ծանր էր մեր ընտանիքներից հեռու լինելը, և այն հանգամանքը, որ իրենք մեզնից լուր չունեին, ծանր ապրումների մեջ էին․․․Բայց այդ ժամանակ նաև սովորեցի կյանքին փիլիսոփայորեն վերաբերվել, մտածել արդարության, ճշմարտության և նմանատիպ այլ բաների մասին, գնահատել կյանքն ու ազատությունը։

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
---