«Հայու գեն». Գիտական փա՞ստ, թե՝ առասպել

Հովակիմ Զաքարյան.

«Հայու գեն». Գիտական փա՞ստ, թե՝ առասպել

PanARMENIAN.Net - Ամանորյա տոներից հետո համացանցի հայաստանյան հատվածը «ցնցվեց» լուսանկարչական ստուդիաներից մեկի տարածած ընտանեկան լուսանկարից, որում պատկերված էին հայ կինը, նրա սևամորթ ամուսինն ու իրենց մանկիկը։ Աղմուկի հիմնական թեման նման ամուսնությունների անթույլատրելիությունն էր․ քննադատողները հղում էին անում «հայ գենի» պահպանման անհրաժեշտությանը՝ ընդհանուր առմամբ դեմ հանդես գալով խառնամուսնություններին։

Քանի որ քննարկման հիմնական առանցքն արդյունքում ծավալվեց հենց առասպելական «հայի գենի» շուրջ, իսկ գենետիկան գիտական ուղղություն է, PanARMENIAN.Net ը դիմեց մասնագետի, փոքրիկ պարզաբանում ստանալու համար։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը հնարավորինս հասանելի ձևով ներկայացնում է գիտական փաստերը։

«Հայի գեն», «իտալացու գեն», «վրացու գեն»․ կա՞ն նման հասկացություններ։ Արդյո՞ք ազգային ու մշակութային առանձնահատկությունները կապված են գենետիկայի հետ։
Մարդկային գենոմը՝ ԴՆԹ-ն, նման է գրքի, որտեղ մեր մասին ինֆորմացիան «գրված» է նուկլեոտիդային «տառերով»: Յուրաքանչյուր մարդու գենոմը կազմված է այդպիսի 3 միլիարդ «տառերից»: Եթե համեմատեք տարբեր մարդկանց գենոմները, ապա կտեսնեք, որ դրանք գրեթե միանման են, սակայն կգտնեք նաև շուրջ 3 միլիոն «տառի» անհամապատասխանություն: Այսինքն, մարդիկ միմյանցից տարբերվում են ընդամենը 3 միլիոն նուկլեոտիդներով, և կարևոր չէ, հային համեմատում եք մեկ այլ հայի, իտալացու, ռուսի, թե ֆրանսիացու հետ: Այդպիսի տարբերությունները կոչվում են մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմներ: Չնայած կան տարբերություններ «տառերի» մեջ, սակայն չկան էական տարբերություններ գեների մեջ:

Մենք չունենք գեներ, որոնք հանդիպում են միայն հայերի, կամ որևէ այլ ազգության մոտ: Որպես կանոն, յուրաքանչյուր գեն ունի մի քանի տարբերակ՝ ալելներ, որոնք իրարից տարբերվում են մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմներով: Որոշ ազգերի մոտ կարող է տարածված լինի մեկ տեսակի ալելը, մյուսների մոտ՝ այլ: Սակայն դրանք բոլորը միևնույն գենի տարբերակներն են: Փակ պոպուլյացիաներում, որտեղ խառնամուսնություններ չկան, գենետիկական բազմազանությունը փոքր է, որն էվոլյուցիոն տեսանկյունից առավելություն չէ: Երբ գենետիկական բազմազանությունը մեծ է, երբ պոպուլյացիայում միևնույն գենի բազմաթիվ ալելներ կան, ապա նման պոպուլյացիան դառնում է կենսունակ:

Այսինքն, չկա «հայի գեն», կամ ցանկացած այլ ազգի գեն կոչվածը։
Չկա գեն, որը բնորոշ է միայն մի ազգի ու չկա այլ ազգերի մոտ․ կարճ ասած, միայն գեներին նայելով երբեք հնարավոր չէ ասել, որ այս մարդը հայ է, իսկ մյուսը՝ պարսիկ։ Իհարկե, գենետիկ մակարդակում կան որոշ «հատկանիշներ», որոնցով տարբեր ազգություններ, էթնոսներ տարբերվում են: Դրանք արտացոլվում են մեծ թվով մարկերների մեջ, իսկ այդ մարկերները հենց կլաստերիզացված մեկ գենային պոլիմորֆիզմներն (SNP) են: Օրինակ, հայերի մոտ առավել հաճախ հանդիպում է SNP-ի մի կլաստերը, մի այլ ազգի մոտ՝ մեկ այլ կլաստեր: Բայց նույնիսկ այդ դեպքում օգտագործում են մեկից ավել կլաստերներ, որպեսզի ճշգրտությունը մեծ լինի: Եթե «հայի գեն» արտահայտության մեջ խոսքը գնում է գենի, որպես ժառանգության միավորի մասին, ապա դա հակագիտական հասկացություն է։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
---