// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ձեռնարկս նրա մասին է, որ դպրոցում չպետք է սովորեցնել միայն ողբալ, ատել ու լացել

Ռուբինա Փիրումյան.

Ձեռնարկս նրա մասին է, որ դպրոցում չպետք է սովորեցնել միայն ողբալ, ատել ու լացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը մշակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ մարտի 1-ին քննարկվել է ԿԳ նախարարությունում: Նախաձեռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում ու բազմաթիվ մեկնաբանությունների ու տարակարծության առիթ դարձավ: PAN-ը զրուցել է ձեռնարկի հեղինակի հետ՝ նախաձեռնության նպատակների ու բնույթի մասին:
Ձեր կողմից մշակված ձեռնարկն ընկալվել է որպես դպրոցում երեխաներին պատմության ծանր էջերը հերթական անգամ ներկայացնելու միջոց, ինչը կարող է երեխաների մեջ փոքր ժամանակից հուսահատության, անկումային տրամադրություններ ամրապնդել: Թյուրիմացություններից խուսափելու համար, խնդրում եմ պարզաբանել ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռնարկը և ի՞նչ նպատակով է ստեղծվել:
Այդ ուղեցույցը նախատեսված է հենց ուսուցիչների համար, և սովորեցնում է նրանց, թե առաջին դասարանից մինչև 9-րդ դասարանի երեխաների հետ ինչպես և ինչքան խոսել Ցեղասպանության մասին: Այժմ շատ է քննարկվում՝ խոսել կամ չխոսել: Իմ կարծիքով՝ երեխան միևնույն է որևիցե ձևով առնչվում է այդ թեմային, ապրիլի 24-ին տանում են նրանց Ծիծեռնակաբերդ, բնականաբար հարցեր են տալիս, որոշ ծնողներ, ուսուցիչներ, օրինակ, կարծում են, որ պետք է բոլորովին չպատասխանեն այդ հարցերին՝ մտածելով, որ երեխան դեռ փոքր է:

Իհարկե երեխային չի կարելի իրականությունն արյունալի տեսարաններով բացատրել, այդ ամենը հոգեբանական ճնշման է ենթարկում: Այս ձեռնակը ցույց է տալիս, թե ինչպես ըստ տարիքի երեխայի մտավոր կարողություններին, հոգեբանական և ֆիզիոլոգիական զարգացմանը համապատասխան խոսել ցեղասպանության մասին, ինչ բառերով, պատկերացումներով: Ձեռնարկում երեխային ներկայացնելու, քննարկելու զանազան թեմաներ կան, օրինակ, արդարություն, ազատության արժեքը, մարդկային իրավունքը, փոխադարձ հարգանքը, ընկերասիրությունը, ինչպես նաև՝ կորստի իրականությունը, կորստի հասկացողությունը: Այս թեմաները ներկայացված են համապատասխան հարմար նյութերով:

Հեքիաթներ, բանաստեղություններ, պատմվածքներ, այսինքն նյութերը գրականության վրա են հիմնված: Ձեռնարկում կա նաև ուղեցույց, թե ինչպես տրամադրել, հետաքրքրություն առաջացնել երեխայի մոտ, որպեսզի նա ուզենա ընկալել, ներկայացված է, թե ինչպես դասարանում ստեղծել այդ մթնոլորտը:

Ի՞նչպես եք նախատեսել ձեռնարկի միջոցով հակազդել ուսուցիչների կողմից երեխաներին զոհի հոգեբանություն հարկադրելու, թուլություն և ատելություն սերմանելու դրսևորումներին:
Անշուշտ այս ամենին աշակերտները ենթարկվում են դպրոցներում: Ձեռնարկը հենց այդ նպատակով է, որ զոհի տրամաբանությունը, ընկճված հոգեվիճակը չհաղորդվի երեխաներին: Ուղեցույցը կազմված է պահանջատիրության հիմունքների վրա, բայց երեխաներին չպետք է հաղորդվի, որ մեզ կոտորեցին ոչխարի պես: Եկեք խոսենք զոհերի մասին նորմալ, չպիտի լացենք, ողբանք, դա այլևս տեղին չէ, տեղին է սովորել, թե ինչպիսի դիմադրություն եղավ այդ ժամանակ, այդպիսի սոսկալի պայմաններում ինչպես դիմադրեցինք, ինչպիսի դասեր ենք քաղել լավ պագա ունենալու համար:

Ձեռնարկում ուսուցիչներին ուղորդվում է ներկայացնել երեխաներին այն էջերն, որտեղ ոչ թե թույլ ենք, զոհ ենք, այլ հաղթահարել ենք, վերապրել ենք, ինչ-որ բաներին հասել՝ նրանց սովորեցնելով, որ պետք է հաղթահարել դժվարությունները, ձգտել լավատեսության:

Ես միշտ ասել եմ, երեխաներին չի կարելի ներշնչել ատելություն ամբողջ մի ժողովրդի հանդեպ, թուրքերի, քրդերի հանդեպ: Այժմ այդ ատելության սերմանման երևույթները կան դպրոցում. երեխաները ատում են: Ատելությունը ճիշտ ռազմավարություն չէ, պետք է ճանաչել, ձգտել երկխոսության:

Ձեռնարկում հստակ ներկայացված է, որ ազգի հանդեպ ատելություն, թշնամանք չպիտի լինի:

Ինքս իմ օրինակով կարող եմ ասել, որ իմ մեջ ատելությունը մտել է, երբ աշակերտ էի: Ատելությունն այնքան մեծ արմատներ ուներ իմ հոգու մեջ, որ հետագայում ցեղասպանագետ լինելով և առաջին անգամ հանդիպելով ցեղասպանությունն ընդունող թուրք գիտնականի հետ՝ չէի կարողանում նորմալ հաղորդակցել նրա հետ: Հազիվ եմ կարողացել ինձ դաստիարակել:

Մի անգամ մի ուսուցիչ պարծենում էր, թե երբ դասարանում ասում է «այդ սրիկաները, ոճրագործները», երեխաները միանգամից հասկանում են, թե ում մասի է խոսքը:

Քանի որ խոսքը գնում է երեխաների հոգեբանանության և դրա վրա ճիշտ ներգործելու կարողության մասին, ձեռնարկը մշակելիս աշխատե՞լ եք հոգեբանների հետ:
Ինքս ուսուցիչ եղել եմ ամբողջ կյանքում, համալսարանի դասախոս եմ եղել, բայց ցածր դասարանների մասնագետ չեմ համարում ինձ: Երբ սկսեցի նախաձեռնությունը՝ հայ և օտարերկրյա մանկավարժների, հոգեբանների հետ էի աշխատում, ամերիկայի հոգեբաններից խորհուրդներ էի ստանում, օգտագործում էի նաև հրեաների փորձը, թե ինչպես են նրանք հատուկ ձևով ներկայացնում աշակերտներին Հոլոքոստի դեպքերը: Նրանք չեն ներկայացնում ողբերգական տեսարաններ երեխաներին, սակայն խոսում են պատահածի մասին, անարդարության, ռասիզմի մասին, այսինքն այն մասին, ինչը կարելի է համադրել Հոլոքոստի հետ: Միջազգային փորձն ուսումնասիրել եմ՝ ստեղծել ձեռնարկը:

Պլանավորու՞մ եք վերածել ուղեցույցը հենց դասագրքի:
Ուղեցույցը հետագայում կարող է մշակվել որպես գիրք նույնպես, այժմ դասատուների համար է: Սփյուռքում տարածվել է 2010-ից: Չգիտեմ, ինչքանով կարող է դասագիրք լինել, բայց լավ կլինի, եթե ուսուցիչներից գան համապատասխան ուղերձները:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ուշադրության կենտրոնում
«Մասոնները, միասեռականները, տուտուզիկներն ու հայ սուրբ օջախը». Ընտանեկան բռնության մասին միֆերն ու իրականությունը

«Մասոնները, միասեռականները, տուտուզիկներն ու հայ սուրբ օջախը». Ընտանեկան բռնության մասին միֆերն ու իրականությունը Շատ հայ ընտանիքների համար կնոջը բռնության ենթարկելը սովորական բան է, նորաթուխ հարսին կարող է ճնշել ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը, նրանց ծնողները