// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ստորջրյա թանգարանի, մարզերում անվճար գրքերի և մրցունակ կինոյի մասին

Արմեն Ամիրյան.

Ստորջրյա թանգարանի, մարզերում անվճար գրքերի և մրցունակ կինոյի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, տարբեր տարիներին հասցրել է նաև որպես լրագրող, խմբագիր և հեռուստահաղորդավար աշխատել: Ստանձնելով մշակույթի նախարարի պաշտոնը՝ Ամիրյանը որոշել է արդիականացնել թանգարանները, նպաստել մրցունակ կինոյի ստեղծմանն ու նպաստել ընթերցանության տարածմանը: Այն բոլոր նորամուծությունների մասին, որոնք կհայտնվեն Հայաստանի մշակութային կյանքում, նախարարը պատմել է PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:

Համահայկական նվագախմբի անհրաժեշտության մասին

Մշակույթը շատ ոլորտներ ունի, որոնք ցանկալի է ընդգրկել՝ մշակութային ժառանգությունից մինչև ժամանակակից թանգարաններ, ժամանակակից արվեստ, թատրոն, կինո, օպերա: Այս ամենը գերջանքեր է պահանջում. հարկավոր է հաջողել բոլոր ուղղություններում, ամենուր լուծումներ գտնել և փորձել դա անել հնարավորինս արագ, որպեսզի լրացվեն այն բացթողումները, որ եղել են մինչ օրս:

Կարծում եմ, որ մշակույթի միջոցով է հնարավոր առավելագույնս միավորել մեր ժողովրդին, որը սփռվել է աշխարհով մեկ Ցեղասպանությունից հետո: Այդպես ծնվեց Համահայկական նվագախմբի գաղափարը և արդեն 2017-ի ապրիլի 24-ին տեղի կունենա նվագախմբի առաջին համերգը, որտեղ կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ վերջում կկատարվի Տիգրան Մանսուրյանի նոր սիմֆոնիան՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

Ես ծանոթ եմ նվագախմբի բոլոր մասնակիցներին, ընդգրկված են տարբեր տարիքի երաժիշտներ: Կան մենակատարներ, որոնք 15 տարեկան են, օրինակ, ջութակահարուհի Դիանան, կան 50-60 տարեկան մարդիկ: Նվագախմբի ընդգրկման աշխարհագրությունը շատ մեծ է՝ մասնակցում են երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Եվրոպայի երկրներից, Ասիայից: Հայ ժողովրդի միասնությունը ցույց տալու մտադրությամբ էլ նվագախմբի ղեկավարներ են նշանակվել Կարեն Դուրգարյանը, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանն ու Կոնստանտին Օրբելյանը:

Արևմտահայ մշակույթը՝ աշխարհին

Մենք մտադիր ենք թատերական ներկայացումներ բեմադրել արևմտահայերենով: Արդեն 2017-ին Սունդուկյանի անվան և Պարոնյանի անվան երաժշտական թատրոններում երկու ներկայացում կբեմադրվի: Իսկ 2018-ին մենք առնվազն արևմտահայ 2 հեղինակի գործեր կթարգմանենք ռուսերեն և անգլերեն: Դա անհրաժեշտ է աշխարհին ներկայացնելու համար մեր հարուստ արևմտահայ մշակույթը:

Սունդուկյանի և Պարոնյանի թատրոնների ընտրության դեպքում հաշվի են առնվել միայն տեխնիկական հնարավորությունները: Նպատակն էր ամեն ինչ հնարավորինս արագ կազմակերպել, իսկ հետագայում կաշխատենք նաև այլ թատրոնների հետ:

Որպեսզի Հայաստանում համամարդկային կինո նկարահանվի

Այժմ մենք մի մեխանիզմ ենք մշակում կինոյի ոլորտում, որը թույլ կտա մրցունակ ֆիլմեր նկարահանել Հայաստանում և բարձրացնել հայ կինոդիտողի ճաշակը:

Արդեն կառավարությանն է ներկայացվել «Կինոյի մասին օրենքը», որի համաձայն արտերկրից բերված ներդրումների 20 տոկոսը հաջորդ տարի կվերադարձվի: Այսինքն, եթե դուք արտերկրից փող եք բերել Հայաստան ֆիլմի արտադրության համար, դուք հետ կստանաք ձեր բերած գումարի 20 տոկոսը՝ դա աշխարհում ընդունված մեխանիզմ է: Կարծում եմ, այդպես ավելի հեշտ կլինի ներդրումներ ներգրավել արտերկրից: Հայաստանն իրոք կարող է գրավիչ երկիր դառնալ ֆիլմարտադրության համար, եթե ճիշտ ներկայացվի և գրագետ աշխատանք տարվի:

Մշակույթի նախարարությունը տարեկան 3 մլն դրամ է հատկացնում կինոյի արտադրության համար: Այսօրվա դրությամբ մենք 2 տիպի ֆիլմեր ենք նկարահանում՝ ներքին սպառման և փառատոներին մասնակցելու համար:

Կարծում եմ, որ այդ երկու կետը ժամանակի ընթացքում պետք է միահյուսվեն՝ մենք անում ենք ամեն հնարավորը դրա համար: Օրինակ, մենք հայրենասիրական ֆիլմ ենք նկարահանում Արցախի մասին ներքին սպառման համար, եթե մենք համամարդկային արժեքներ դնենք ֆիլմի մեջ, այն պահանջված կլինի նաև աշխարհում: Մեր վերջնական նպատակն է, որպեսզի Հայաստանում համաշխարհային մակարդակի կինո նկարահանվի:

Հենց այդ նպատակով մենք հրավիրել ենք ԱՄՆ-ից մեր հայրենակից, պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանին, որն արդեն Երևանում է և աշխատում է կինոարտադրության մեխանիզմների մշակման վրա: Մոտավորապես 2017-ի մայիս-հունիսին մենք հիմնավորված համակարգ կունենանք և «Կինոյի մասին օրենքի» ընդունումից հետո կկարողանանք արդյունավետ օգտագործել պետության ընձեռած հնարավորությունները:

Եթե ծանոթանաք Արսեն Բաղդասարյանի կենսագրությանը, հարցեր չեն առաջանա, թե ինչու հատկապես նա է հրավիրվել: Արսենը բավականին լուրջ կինոպրոդյուսեր է, Հոլիվուդում նա տարեկան 1-2 ֆիլմ է արտադրել, աշխատել է նաև Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի երկրներում: Բաղդասարյանը շատ հարմար տարբերակ է մեզ համար: Գլխավորն այն է, որ նա սիրով համաձայնեց առնվազն մեկ տարի ծառայել Հայաստանին: Դա շատ կարևոր է, քանի որ մենք նման մակարդակի մասնագետների աշխատանքը վարձատրելու միջոցներ չունենք: Նա եկել է մեզ օգնելու:

Հայաստանում չեն նկարահանվում մրցունակ ֆիլմեր, քանի որ չկան համապատասխան մեխանիզմներ: Հուսով եմ, որ կյանքի կոչելով այս ամենը, կինոարտադրությունը մրցունակ կդարձնենք ոչ միայն Հայաստանում և ԱՊՀ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Գիրքը հարկավոր է մոտեցնել մարդկանց

Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից իմ ուշադրության կենտրոնում են եղել գրահրատարակչությունն ու գիրքն առհասարակ: Ես բազում գրախանութներ ու գրադարաններ եմ այցելել, հասկանալու համար թե ինչ մեթոդով են նրանք աշխատում: Ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք հայաստանցիներին ավելի ընթերցասեր դարձնել:

Շատերն արդեն լսել են «ԳրաԲուսի» մասին՝ դա շարժական խանութ է անիվների վրա, որտեղ գրքերը հնարավոր կլինի գնել 30 տոկոս զեղչով: Առայժմ այն գործում է միայն Երևանում, սակայն առաջիկայում կշրջի նաև մարզերով: Մարտի 2-ին Չինաստանի դեսպանատան հետ կնքված համաձայնագիրը թույլ կտա գրքերը մարզեր հասցնել:

Դեսպանատունը կտրամադրի անհրաժեշտ մեքենաները: Մեզ 4 շարժական բացօթյա կինոթատրոն կհատկացվի, որոնք կշրջեն մարզերի քաղաքներով և գյուղերով: Մենք մոտ 200 կինոցուցադրություն կունենանք: Մեքենայում, որը ֆիլմեր կտեղափոխի, նաև գրքեր կլինեն: Գրքերն անվճար կտրամադրվեն բնակիչներին այն պայմանով, որ հաջորդ ամիս դրանք տրամադրվելու են մեկ այլ գյուղի:

Շարժական կինոթատրոնն ու գրադարանն այն է, ինչ կարելի է անել մարզերի համար: Մշակույթի նախարարությունը 9 մարզային գրադարան ունի: Կան նաև տեղական ենթակայության գրադարաններ, որոնց հետ ավելի դժվար է աշխատել, ուստի մենք ելքը տեսանք շարժական գրադարանների մեջ:

Հայաստանում ժամանակակից գրախանութների պակաս կա, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն գիրք գնել, այլ նաև ժամանակ անցկացնել: 2017-ին Աբովյան փողոցում այդպիսի մի գրախանութ կբացվի մեծ ընթերցասրահով: Գրախանութում քաղցրավենիք կմատուցվի, ամսագրեր կլինեն, սակայն կենտրոնում կլինի գիրքը: Աբովյան փողոցում գրախանութի բացումը հնարավոր է դարձել «Զանգակ» հրատարակչության 100 մլն դրամի ներդրումով:

Անհնար է ընթերցասեր երկիր դառնալ առանց գրքի պահանջարկը մեծացնելու, ուստի մենք որոշել ենք Երևանի տարբեր փողոցներում 10 անվանական ինստալյացիա տեղադրել գրքի տեսքով (3,5մ բարձրությամբ և 2,5մ լայնությամբ ), որտեղ գրքեր կվաճառվեն, ինչպես նաև թատրոնների և համերգների տոմսեր: Առաջին այդպիսի կառույցը կհայտնվի արդեն մարտին: Հավանաբար, սկսենք Տերյանի փողոցից:

Մենք փոխել ենք մեր մոտեցումը գրքերի ընտրության հարցում: Նախկինում հատուկ խորհուրդն էր որոշում, թե որ գրքի հրատարակման համար միջոցներ կհատկացվեն: Այժմ հրատարակելու վրա գումար ծախսելու փոխարեն, մենք կգնենք արդեն հրատարակված պահանջարկ ունեցող գրքերը և կզբաղվենք դրանց տարածմամբ և վերահրատարակմամբ: Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ մենք չէ, որ պետք է որոշենք, թե ով է ավելի լավ գրել, ես դա սխալ եմ համարում:

Երիտասարդ գրողները հեռուստատեսությունում

Գիրքն առավել ճանաչելի դարձնելու համար, 2017-ի մարտին եթեր կհեռարձակվի փորձնական հեռուստահաղորդում, որտեղ 4 հրատարակիչ ներկայացված 20 հեղինակի ստեղծագործություններից մի քանի հաղորդումների ընթացքում կընտրեն 5 ստեղծագործություն, որոնք կհրատարակեն: Գրողը հնարավորություն կունենան ներկայացնելու իր գիրքը, որը, դեռ լույս չտեսած, արդեն հայտնի կդառնա պոտնեցիալ ընթերցողին:

Կան բազում լավ հայ ժամանակակից գրողներ: Անուններ չեմ նշի, ոչ ոքի չնեղացնելու համար, սակայն մենք կաշխատենք նրանց ավելի ճանաչելի դարձնել: Երիտասարդ գրողների համար տարբեր հարթակներ կստեղծվեն՝ մենք նրանց կհրավիրենք հեռուստատեսություն, հանդիպումներ կկազմակերպենք, կհրապարակենք նրանց գործերը տարբեր ամսագրերում:

Ինչ վերաբերում է ամսագրերի հրատարակությանը, ապա Հայաստանում, դրանք իրոք քիչ են կարդացվում, քանի որ մեր մոտ վատ է դրված դրանց գովազդը: Հարկավոր է ճիշտ կազմակերպել փիարը: Մենք մտադիր ենք գրաքննադատներից ու բանասերներից կազմված հատուկ խումբ ստեղծել, որոնք մշտապես կանդրադառնան այս կամ այն ստեղծագործությանը, դա չի լինի պատվեր: Խումբը կզբաղվի բոլոր մշակութային իրադարձությունների լուսաբանմամբ, իր մասնագիտական գնահատականը կտա: Շատ շուտով մենք կհայտարարենք խմբի հավաքագրման մասին:

Եթե այն ամենն, ինչ նախանշված է, ստացվի, վստահ եմ, ապրելու ենք այն երկրում, որի մասին երազում ենք: Մենք բոլորս միասին ամեն ինչ պետք է անենք դրա համար:

Թանգարանները պետք է ժամանակին համընթաց քայլեն

Լուսանկարչության թանգարանի հիմքում, որը նոր է բացվելու, կլինեն հայտնի Արա Գյուլերի աշխատանքները, որոնք նա նվիրել է Հայաստանին: Այս դեպքում մենք չենք աշխատում կոնկրետ որևէ ընկերության հետ, որպեսզի չեզոք մնանք և ներկայացված լինեն բոլոր կազմակերպությունները: Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ վերջերս տեղի ունեցած խոսակցությունից հետո, եկանք այն եզրակացության, որ Հայաստանում պետք է լուսանկարչության թանգարան բացել, իսկ թե ինչպիսին այն կլինի թող դեռևս գաղտնիք մնա:

Մենք ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն ունենք՝ Սևանում 3 մ խորության վրա արդեն 2017-ին կսկսի գործել սոցռեալիզմի ստորջրյա թանգարան, որտեղ կցուցադրվեն խորհրդային դարաշրջանի հուշարձաններ: Դրանք հիմա պահվում են տաբեր թանգարանների պահոցներում: Աշխարհում մի քանի այդպիսի թանգարան կա, Հայաստանում այն առաջինը կլինի: Հենց այդ տարածքում էլ նախատեսում ենք ամռանը ռոք փառատոն անցկացնել: Հուսով ենք, որ կընդլայնենք բոլոր փառատոներում և մշակութային միջոցառումներում մարդկանց ներգրավվածությունը: Ճիշտ փիարի դեպքում մարդկանց մոտ աստիճանաբար ավելի մեծ հետաքրքրություն, մշակույթի որևէ օջախում ժամանակ անցկացնելու մեծ պահանջ կառաջանա:

2017-ի մարտին մենք նաև կներկայացնենք Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարանների այցելուների համար նախատեսված աուդիովիզուալ հավելվածը 10 լեզվով: Սա նոր մոտեցում է, այն ներառում է ոչ միայն աուդիոգիդ, որին կարելի է լսել, այլ նաև հնարավորություն կա ամեն ինչի մասին կարդալ և դիտել: Հավելվածը թույլ կտա պարզել, թե ինչն է պահանջված:

Եթե ուզում ենք բարձրացնել թանգարանների հաճախելիությունը, պետք է արդիական միջոցներ օգտագործենք: Թանգարանները պետք է ժամանակին համընթաց զարգանան: Օրինակ, եթե այցելուները սիրում են սելֆի անել, հատուկ տարածք պետք է լինի դրա համար նախատեսված և այլն:

Պատմական վայրերում կոմերցիոն միջոցառումների մասին

Ես չեմ վարանում ասել, որ դեմ չեմ, որ տարբեր տոնական հանդիսություններ կազմակերպվեն պատմական վայրերում և հուշարձանների մոտ, սակայն դա պետք է արվի շատ բարձր մակարդակով, որպեսզի մարդկանց մոտ հակազդեցություն չառաջանա:

Մշակութային ժառանգության շինությունների օգտագործումն ընդունված մոտեցում է ամբողջ աշխահում՝ պետք է ճիշտ կազմակերպել այդ ամենը: Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչպես է դա արվել նախկինում, սակայն, մտադիր եմ անել ամեն ինչ, որպեսզի ապագայում այդպիսի միջոցառումները միայն ավելի ճանաչելի դարձնեն մեր հուշարձանները, հնավայրերը, շինությունները, իսկ մարդկանց մոտ, հակառակը, պետք է միջոցառման մասնակիցը դառնալու ցանկություն առաջանա:

Օրինակ, Զվարթնոցի տաճարի տարածքը մտադիր ենք օգտագործել համերգային ծրագրերի համար, այնտեղ հնարավոր կլինի նաև թեթև նախաճաշել ու հաճելի ժամանակ անցկացնել: Չէ որ Զվարթնոց քիչ են այցելում, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը Էջմիածին է ուղևորվում, իսկ վերադառնալիս նրանք արդեն քաղցած և հոգնած են լինում, ձգտում են ավելի շուտ վերադառնալ: Մենք պետք է հաշվի առնենք այդ ամենն ու կազմակերպենք նրանց հանգիստը: Այժմ նախագիծը մշակման փուլում է, ներգրավված են երիտասարդ ճարտարապետներ և դիզայներներ:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ուշադրության կենտրոնում
Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի Փառքի ճեմուղում

Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի Փառքի ճեմուղում Բացի Ազնավուրից, 2018-ին Հոլիվուդի Փառքի ճեմուղում աստղի կարժանանան նաև կինդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, դերասաններ Քիրսթեն Դանսթը և Ջեֆ Գոլդբլյումը