ՀՀ բոդիբիլդինգի փոխչեմպիոն Լևոն Հովհաննիսյան.Պրոֆեսիոնալ սպորտը կապ չունի առողջ ապրելակերպի հետ26 մայիսի 2017 PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հերթական անգամ անցկացրեց բոդիբիլդինգի, դասական և լողափային բոդիբիլդինգի, ինչպես նաև ֆիթնես բիկինիի հայաստանյան փակ առաջնությունը: Առաջնությունում առաջին և երկրորդ տեղերը գրաված մարզիկները հնարավորություն ստացան ներկայացնելու Հայաստանը մայիսի 27-ին Վրաստանում անցկացվող Black Sea Cup 2017 միջազգային մրցաշարին: PanARMENIAN.Net -ը ներկա է գտնվել մրցումներին, զրուցել է կին-մասնակիցների, ինչպես նաև հայտնի բոդիբիլդեր և ֆիթնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանի հետ, ով այս տարի դարձավ Հայաստանում բոդիբիլդինգի փոխչեմպիոն: Լևոնի հետ PAN-ը խոսել է թե՛ մրցումների ընթացքում, թե՛ դրանցից հետո՝ պարզելով հետաքրքիր մանրամասներ բոդիբիլդինգի, Հայաստանում դրա մակարդակի, ֆինանսական կողմի և երիտասարդ սպորտսմենի մարզչական գործունեության մասին: Դահլիճում միայն քո անունն էր հնչում, անկախ նրանից, թե ով էր բարձրանում բեմ, բոլորը կանչում էին «Լևոն»: Քանի՞ տարի ես զբաղվում սպորտով և բոդիբիլդինգով, մասնավորապես: Արդեն 10 տարի զբաղվում եմ ֆիթնեսով, մասնավորապես՝ բոդիբիլդինգով, չնայած չափսերով այդքան էլ մեծ չեմ: Իսկ բոդիբիլդինգի առաջնությանը քանի՞ անգամ ես մասնակցել: 2007-ից մասնակցում եմ, ընթացքում 2 տարի բաց եմ թողել զինվորական ծառայության մեջ գտնվելու պատճառով: Վերադառնալուց հետո ամեն տարի պատրաստվել և մասնակցել եմ: Միջազգային մրցումներում՝ Black Sea Cup 2016-ին, նվաճել եմ բրոնզե մեդալ, Հայաստանում լողափային բոդիբիլդինգի մրցաշարին նախորդ տարի նույնպես բրոնզ եմ նվաճել:
Որքա՞ն ժամանակ ես պատրաստվել հենց այս մրցումներին: 5 ամիս, որից 3-ն աշխատել եմ քաշիս ավելացման ուղղությամբ, իսկ 2 ամիս՝ չորացման, երբ մաշկի տակից հանում են ջուրը՝ հնարավորինս պահպանելով չափսերը, որպեսզի մկաններն ավելի ցայտուն երևան, որակյալ լինեն, մեկը մյուսից առանձին: Մարդիկ տեսնում են բոդիբիլդերների արտաքինը, բայց չգիտեն՝ ինչ կա դրա հետևում: Պատմիր՝ ի՞նչ ռեսուրսներ են ծախսվել այս ամենին հասնելու համար, մասնավորապես՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը: 5 ամսում թե՛ սպորտ սննդի, թե՛ այլ հավելումների վրա, որոնք բոդիբիլդերներն օգտագործում են, ծախսել եմ մոտ $6000, եթե ոչ ավելի: Անցած տարի գրեթե նույնքան էի ծախսել: Ընդհանրապես մեր բոլոր մասնակից բոդիբիլդերները միջինում $4-5000 են ծախսել: Իսկ ինչ-որ մրցանակային ֆոնդ կա՞, այդ գումարի գոնե որոշ չափը կվերադառն՞ա մրցույթից: Մրցանակային ֆոնդ Հայաստանում չկա: Այս ամենը ես անում եմ ինքս ինձ համար, բոլորին ցույց տալու համար, որ իմ մասնագիտական գիտելիքները գտնվում են համապատասխան մակարդակի վրա: Մրցումներից այդ գումարը, բնականաբար, չի վերադառնում: Սա թանկ հաճույք է, պետք է բավականաչափ գումար տրամադրել մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Ես վաստակում եմ՝ զբաղվելով անհատական մարզչական գործունեությամբ, ինչպես նաև պայմանագիր ունեմ խոշոր ընկերության հետ, որը նույնպես իր հերթին նպաստում է իմ ֆինանսական առաջխաղացմանը: Գումարը չի վերադառնում ուղղակի կերպով, իսկ արդյո՞ք մասնակցությունն այս առաջնությանը բացում է քո առջև որևէ դուռ, միգուցե դա կնպաստի՞ գովազդային առաջարկ ստանալուն: Առաջարկ կարող է լինել կամ չլինել, հստակ ասել ոչինչ չեմ կարող: Ուղղակի փորձում եմ հաճույք ստանալ ընթացքից, ակնկալիքներ չունեմ:
Իսկ Հայաստանից դուրս ի՞նչ կարող էր տալ քեզ այսպիսի մրցույթը: Դրսում մրցակցությունը շատ ավելի բարձր է, բայց դրան համապատասխան նաև արդյունքները շատ ավելի մեծ են՝ սկսած սպորտային սնունդ արտադրող ընկերությունների կողմից գովազդային առաջարկներից մինչև տարբեր ամսագրերի շապիկներին հայտնվելու և հարցազրույցներ տալու, նկարահանումներին մասնակցելու հնարավորություն: Հայաստանում դեռ այս ամենի մասին խոսել վաղ է, բայց պատրաստ եմ այս հարցում պիոներ դառնալ և առաջին հարվածն ինձ վրա վերցնել: Շա՞տ բաներից ես զրկել քեզ այս ընթացքում: Գրեթե ամեն ինչից, պետք է ամբողջությամբ նվիրվել այս մարզաձևին: Իսկ ֆիզիկական ի՞նչ ռեսուրսներ են ծախսվել, առողջությանը հասցված վնասը մե՞ծ է: Հայաստանում մարդիկ քիչ են տեղեկացված բոդիբիլդինգի մասին, ու շատ քչերը գիտեն՝ ինչի միջով ենք անցնում բեմական այս վիճակին հասնելու համար: Օրգանիզմի հետ մի շարք մանիպուլյացիաներ են կատարվում, կան սեփական օրգանիզմը խաբելու տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս մաշկի տակից հանել հեղուկը՝ փորձելով միաժամանակ պահպանել մկանների որակն ու չափսերը: Այդ ամենը, իհարկե, շատ մեծ հետք է թողնում առողջության վրա: Մինչև մրցումներն ինքս ինձ թույլ չէի տա ասել, բայց այժմ արդեն կարող եմ խոստովանել, որ լյարդս ցավում է, զգում եմ, որ երիկամներս լավ չեն աշխատում: Միշտ ասել եմ և չեմ դադարի կրկնել՝ պրոֆեսիոնալ մակարդակի սպորտը բնավ կապ չունի առողջ ապրելակերպի հետ, չնայած, որ ինքս լավ տիրապետում եմ առողջ ապրելակերպի բոլոր նորմերին: Ես քաջ գիտակցում եմ ընտրությանս հետևանքները: Թեև ասեմ, որ ունենալով գիտելիքներ և ժամանակին ճիշտ պրոֆիլակտիկ ստուգումներ անցելով՝ վնասը կարելի է հասցնել նվազագույնի, իսկ հետո վերականգնել առողջությունը:
Ի՞նչ տվեց քեզ մասնակցությունն այս մրցումներին: Հոգեկան բավարարվածություն, ասում եմ սա առանց հեգնանքի: Եթե չմասնակցեի, ինքս ինձ կմեղադրեի դրա համար: Եթե մեջդ կա մարզիկի, մարտիկի արյուն, բնությանը դեմ չես գնա, անկախ նրանից, որ հարազատներդ կարող են դրան դեմ լինել, և շատերը շրջապատում կարող են քեզ չհասկանալ: Եթե դու դրանից հաճույք ես ստանում, ուրեմն դա քոնն է, և ոչ ոք չի կարող քեզ դրանից զրկել: Եթե պայքարում ես, անում ես դա նախ և առաջ ինքդ քեզ գերազանցելու համար: Երբ ինքնագնահատականդ պահում ես անհրաժեշտ մակարդակի վրա, նպաստում ես առաջընթացիդ, աճիդ: Դու ծախսել ես մեծ գումար, զրկել ես քեզ հաճույքներից, վնասել առոջությանդ, փոխարենը չկար մրցանակային ֆոնդ, հաղթող ատլետները, այդ թվում և դու, ստացան մեդալներ, պատվոգրեր և սիմվոլիկ նվերներ սպորտային շեյքերի ու մեկական տուփ հավելումների տեսքով: Այժմ եթե դնենք նժարների վրա քո ծախսած ռեսուրսները և դրա դիմաց ստացածը, արդյոք արժե՞ր մասնակցել: Բոլոր սառը և սթափ դատող մարդիկ կասեն, որ բնականաբար չարժե: Բայց ինձ համար սա նախ և առաջ ապրելակերպ է: Ես այս սպորտով ապրում և գումար եմ վաստակում: Եվ եթե ես սեփական օրինակի վրա ցույց չտամ կոնկրետ արդյունք, այս դեպքում՝ վիզուալ, որպեսզի մարդիկ նայեն և տպավորվեն, ես ուղղակի չեմ լինի այն, ինչ կամ: Սա նաև կնպաստի հետագայում իմ ավելի լավ վաստակելուն, պահանջված լինելուն: Ընդհանրապես բոդիբիլդինգը շատ քննադատվող մարզաձև է: Իսկ ինչպիսի՞ արձագանքներ ես ստանում դու: Դա գալիս է քիչ տեղեկացված լինելուց: Չնայած դա մի կողմից նաև վատ չէ, քանի որ բոդիբիլդինգի աշխարհը շատ կոռումպացված է, փակ, բացի ապրելակերպ լինելուց, այլև առանձին գիտություն է, որին լավ չտիրապետելու դեպքում կարելի է զգալի վնաս պատճառել առողջությանը: Սակավ ինֆորմացիան հեռու է պահում դրանից: Մարդիկ կան, որոնք լինելով պարզապես «բազմոցային փորձագետներ», տանը նստած և կյանքում երբևէ բեմը մոտիկից չտեսած՝ քննադատում են մեզ, բավականաչափ տեղեկություններ չունենալով: Ես դրան լուրջ չեմ վերաբերվում: Փոխարենը կասեմ, որ բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ խոսքեր եմ լսում մրցումներից հետո, թեև ինքս գոհ չեմ արդյունքից՝ 2-րդ տեղն այն չէ, ինչ ուզում էի: Բայց ես համաձայն եմ արդյունքի հետ, այն օբյեկտիվ է, առաջին հորիզոնականը գրաված Մայիս Թորոսյանն իսկապես լավ բոդիբիլդեր է՝ չափսերով, որակով, նա արժանի հաղթանակ է տարել: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած, Արցախը ներկայացնող Հայկը ևս շատ գեղեցիկ բեմական կեցվածքով ու խարիզմատիկ ատլետ է, անգամ համաձայն կլինեի, որ իմ փոխարեն երկրորդ տեղը գրաված լիներ:
Դու գրավել ես 2-րդ տեղ, իսկ դա նշանակում է, որ կարող ես մեկնել Վրաստան՝ Black Sea Cup միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու: Մեկնելո՞ւ ես: Ես ունեմ համապատասխան որակավորում, պաշտոնական հրավեր, մասնակցության իրավունք, բայց կա իմ չմեկնելու պարզ ու հիմնական պատճառ՝ ֆինանսական վիճակը: Երկիրը դա չի ֆինանսավորում: Ճիշտ է, գտնվեցին բարի մարդիկ՝ սկսած մեր մարզասրահների ցանցի տնօրինությունից մինչև իմ հարազատներ և ընկերներ, որոնք առաջարկեցին ֆինանսական աջակցություն, բայց այս պահին ես հոգեպես պատրաստ չեմ մրցումներին մասնակցելուն: Ինչի՞ց է բխում հիասթափությունդ, և մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը: Ոչ շատ մեծ՝ մոտ 200 դոլարի մասին: Ծախսերս շատ էին, դրա մասին արդեն ասացի: Եվ այս պահին, անգամ եթե ֆինանսները թույլ տային, ես կգերադասեի կարգավորել առողջությունս, ոչ թե մեկ անգամ ևս բեմ բարձրանալ:
Մարզչական գործունեությանդ մասին էլ պատմի՛ր: Քանի՞ տարի ես աշխատում որպես մարզիչ, ի՞նչ փոփոխություններ ես նկատել՝ արդյոք շատացե՞լ են մարզասրահ այցելողները: Ի՞նչ պրոֆեսիոնալ խորհուրդ կտաս ընթերցողներին: Արդեն 4 տարի անհատական մարզիչ եմ աշխատում: Վստահ կարող եմ ասել, որ ամիս առ ամիս այցելուների քանակն աճում է: Ես միշտ խորհուրդ եմ տալիս սնվել առնվազն 2.5-3 ժամը մեկ: Բոլորս էլ ունենք աշխատանք, միշտ չէ, որ հարմար է, մանավանդ գրասենյակային համակարգում աշխատողների համար, բայց կան տարբերակներ այդ ամենը գեղեցիկ անելու: Աշխարհի զարգացած երկրներում, անգամ հարևան Ռուսաստանում արդեն նորմալ է համարվում, երբ մարդն իր հետ ունենում է սեփական առողջ սննդով կոնտեյներ և սնվում է դրսում առանց քաշվելու՝ պահելով ճիշտ ռեժիմը: Այդ ամենը կարելի ա շատ քաղաքակիրթ և կոկիկ անել: Դա շատ ավելի լավ է, քան այդ տարբերակից ամաչելով՝ մտնել մոտակա արագ սննդի կետն ու անառողջ սննդով վնաս հասցնել օրգանիզմին, ուղեղի գործունեությանը: Ռեժիմով սնվելը բարձրացնում է աշխատունակությունը: Եվ կուզեի նաև ավելացնել, որ քաշ կորցնելու համար չվստահեն այն մասնագետներին, որոնք զուտ մարքեթինգային քայլ անելով՝ հասցնում են մեկ ամսում մինչև 20 կգ քաշի կորստի, դա շատ վնասակար է առողջության համար, և վստահ կարող եմ ասել, որ այդ քաշը կվերադառնա: Շատ ավելի ճիշտ է կորցնել քաշը դանդաղ հաստատուն քայլերով՝ ամսական 3-5 կգ, դա կբերի ավելի կայուն և երկարակյաց արդյունքի: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |