// IP Marketing video - START// IP Marketing video - END
10  14.06.17 - Իվան Դորն - ուկրաինացի երգիչ, դիջեյ
Հայկական երաժշտությունը տրանսի մեջ է գցում

Իվան Դորն.

Հայկական երաժշտությունը տրանսի մեջ է գցում

PanARMENIAN.Net - Իվան Դորնը հայտնի ուկրաինացի երգիչ է, դիջեյ և հեռուստահաղորդավար, «Նորմալների զույգը» («Пара нормальных») խմբի նախկին անդամ: 2010-ին Դորնը մենակատարի կարիերա սկսեց՝ սեփական երգերը թողարկելով, այդ թվում «Ստիցամենը», «Բիգուդին», «Հյուսիսափայլը», «Առավել ևս» և այլ: ԱՄՆ-ում 3 ամիս աշխատելուց հետո, 2017-ի ապրիլին Դորնը թողարկեց իր առաջին անգլալեզու OTD (Open the Dorn) ալբոմը:

Դորնը ծնվել է Չելյաբինսկում, իսկ 2 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ուկրաինա: Հիշելով Իվանի ծագման մասին, ընկերները հաճախ են նրան Իվան Դուլին անվանում՝ հումորային «Մեր Russia»-ի հերոսի անունով:

28-ամյա ուկրաինացի երգիչը հունիսի 3-ին #Randorn խորագրով համերգ տվեց Երևանում, որի կազմակերպիչն էր Mezzo Production-ը: PanARMENIAN.Net ը հանդիպել էր Դորնին և զրուցել նրա հետ տարբեր թեմաներով՝ մանկությունից մինչև ապագայի ծրագրեր ու հայկական երաժշտություն, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրան:

Հայաստանի և հայերի մասին

Գիտեմ, որ հայերը հզոր սփյուռք ունեն: Հայաստանը կարծես աշխարհով մեկ հայերին տարածող գրասենյակ լինի: Գիտեմ, որ հայերը շատ ջերմ, անկեղծ մարդիկ են, շատ համեղ են պատրաստում: Հայերը դուդուկ ունեն, Տիգրան Համասյան, Համայակ Հակոբյան, Արամ Խաչատրյան, Սերժ Սարգսյան, այստեղ է առաջին անգամ պետականորեն ընդունվել քրիստոնեությունը, Երևանը 2800 տարեկան է:

Հայկական երաժշտության մասին

Ընդամենը մի քանի հայկական ժողովրդական երգ եմ լսել: Գիտեմ «Դլե յամանը», ևս մի քանի ժողովրդական երգ եմ լսել Դիանա Դիկովսկու կատարմամբ, որն իմ թիմից էր «Ուկրաինայի ձայնը» նախագծում: Ինձ դուր է գալիս հայկական երաժշտությունը, ինձ թվում է, այն նպաստում է, որ մարդ թուլանա, տրանսի մեջ է գցում, միանգամից տարբեր մտքեր են սկսում պտտվել գլխումդ: Դուք հայերդ բոլորդ ջազի սիրահարներ եք, ես էլ եմ ջազ սիրում, այստեղ մեր ճաշակները համընկնում են: Ես ընդհանրապես կարծում եմ, որ վատ երաժշտություն չկա:

Մանկության սիրած երաժշտության մասին

Մանկության տարիներին հաստատ հայկական երաժշտություն չեմ լսել, լսել եմ ջազ, Ֆրենկ Սինատրա, Lighthouse Family, Քրեյգ Դևիդ, նույնիսկ Մերայա Քերի և Ութնի Հյուսթոն: Երբ փոքր էի, փողոցում մի կասետ գտա, նվագարկիչ ունեի մոտս, լսեցի ու ապշեցի՝ այդ երաժշտությունը ցնցեց ինձ, և քանի որ ուրիշ բան չունեի լսելու, աստիճանաբար ընտելացա այդ երաժշտությանն ու սիրեցի այն: Եվ հետո միայն 6 տարի անց իմացա, որ Fatboy Slim եմ լսել: Ռուսներից Շուրային եմ լսել, «Կար-Մեն», «Նա-Նա» խմբերի երաժշտությունը, Օլեգ Գազմանով: Ես մի փայտի կտոր էի վերցնում, պատկերացնում էի, որ դա կիթառ է և ելույթ էի ունենում ծնողներիս համար: Իսկ ստեղծագործել սկսել եմ Շուրայից, առաջին երգը, որի համար պրոֆեսիոնալ գործիքավորում եմ արել, «Արցունքներին չհավատաս» երգն էր: Մայրս ինձ նեղ տաբատ էր հագցնում, երկարաճիտ կոշիկներ՝ սարսափելի կերպարներ, բայց դրանից հետո էլ ամաչելու բան չունեմ, ես մանկուց եմ կոփված:

Մանկական երազանքների մասին

Մանուկ հասակում ինձ ավելի շատ մյուսների երազանքներն էին դուր գալիս: Հիշում եմ, մանկապարտեզում երեխաներից մեկը երազում էր մեծ ավտոբուսի վարորդ դառնալ, ես այն ժամանակ մտածեցի, որ ես էլ կուզեի: Հետո կարծում էի, որ դիվանագետ եմ դառնալու: Մի անգամ մանկապարտեզում հանդես էին կազմակերպել. եկել էր Մերի Պոպինսը, նա հանում էր ծառից կապված գրություններն ու կարդում: Երբ իմ հերթը եկավ, նա կարդաց. «Երբ մեխանաս, լավ դիվանագետ ես լինելու»: Եվ չգիտես ինչու ես սկսեցի մտածել, որ անպայման դիվանագետ եմ դառնալու, բայց ոչ մի բան չէի ձեռնարկում դրա համար, կարծում էի, ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի, բայց արդյունքում արտիստ դարձա: Ես երևի երաժշտական մակարդակի դիվանագետ եմ:

Չելյաբինցի «մուժիկ» լինելու մասին

Ես իմ ամբողջ բնույթով հերքում եմ Չելյաբինսկի հետ կապվող այդ խոժոռությունը:

Նոր կերպարի մասին

Այն միայն արտաքինից է խոժոռ, ավելի շուտ՝ կտրուկ է, հակասական: Կարծում եմ, ես դեռ կվերադառնամ այդ կերպարին:

Ստեղծագործական ծրագրերի մասին

Հաջորդ ալբոմում մտադիր եմ ռուսալեզու հիփ-հոփով ներկայանալ: Կարծում եմ, հիմա պետք է ինչ-որ ռուսալեզու թրեկ ձայնագրել:

Նոր կայքի մասին

Հիմա մենք աշխատում ենք ծրագրի վրա, ես զբաղվում եմ Արվեստանոցով, տղաներով, հետևում եմ նոր երաժշտությանը: Մենք նոր կայք ունենք. ivandorn.com: Այնտեղ հիմնականում OTD (Дорна Open The Dorn ալբոմի մասին է, որը թողարկվել է 2017-ի ապրիլի 14-ին) մասին նյութեր են, հիմա դրա վրա ենք կենտրոնացած: Կայքում կա Sampler՝ դա ինտերակտիվ բաժին է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն հնչյունային ռեժիսոր զգալ: Արևմուտքը նվաճելու մասին

Մենք դեռ չենք սկսել առաջխաղացումն արևմտյան շուկայում, քանի որ ալբոմների վաճառքը դեռ չի սկսվել: Նրանք դեռ ոչինչ չեն լսել: Հունիսի 8-ին կթողարկվի Such a Bad Surprise սինգլը: Մենք ուղղակի ընկերություն էինք փնտրում, որի հետ դա կարելի էր անել, և մշակում էինք ռազմավարությունը: Մեզ ասացին, որ իմաստ չկա թողարկել անհայտ արտիստի ալբոմ: Ուստի որոշեցինք դա անել փուլ առ փուլ՝ սինգլներով: Մինչ այդ արևմուտքում թողարկվեց Collaba սինգլը, որոշ պարբերականներ գրեցին այդ մասին: Բայց միևնույն է ավելի շատ նյութ է պետք, ուստի հիմա աստիճանաբար կսկսենք տարածել ԱՄՆ-ում, ինչպես նաև առանձին դուրս կգանք բրիտանական շուկա: Աշխարհի տարբեր մասերում տարբեր թրեկեր են դուր գալիս. Ամերիկայում մարդկանց դուր են գալիս Beverly-ն, Hardbeat-ը, իսկ Բրիտանիայում՝ Collaba-ն, YWFM-ը, Preach-ը:

Ֆարել Վիլյամսի մասին

Նա իմ վաղեմի կուռքն է: Բայց նրա հետ հանդիպում որոնելու համար նյութ է պետք: Իսկ ես դեռ չունեմ: Ի՞նչ եմ նրան ցույց տալու: Կարծում եմ, այդ ուղղությամբ կաշխատենք, երբ սկսվի ձայնասկավառակների վաճառքը: Կուղարկեմ նյութը: Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ սպասում դրանից: Երևի կցանկանայի, որ նա ուղղակի ուշադրություն դարձներ, ոչ թե որպես պրոդյուսեր հանդես գար, թեև գուցե՝ դա էլ: Շատ լավ կլիներ: Բայց, ըստ իս, սկզբից պետք է ինչ-որ մակարդակի հասնել նրան հետաքրքիր լինելու համար:

ԱՊՀ արտիստների մասին

Ինձ թվում է, Արևմուտքում ԱՊՀ-ից եկածներին ընկալում են որպես հաստ դրամապանակներով չերգող արտիստների, որովհետև ԱՊՀ-ից շատ օլիգարխներ փորձել են իրենց կանանց ու դուստրերին երգչուհիներ դարձնել ԱՄՆ-ում, մեծ գումարներ են ներդրել այդ նպատակով, այստեղ էլ տարածվեց այդ կարծիքը: Չէի ցանկանա, որ ինձ Արևմուտքում այդպես դիտարկեին, ցանկանում եմ առաջին հերթին երաժիշտ լինել:

Կարճ սեփական երաժշտության մասին

Անհետևողական: Առավելագույնս անմիջական: Ուրախ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ուշադրության կենտրոնում
«Գահերի խաղի» հեղինակները միանգամից մի քանի վերջաբան կարող են նկարահանել

«Գահերի խաղի» հեղինակները միանգամից մի քանի վերջաբան կարող են նկարահանել Էմիլիա Քլարկն ասել է, որ նույնիսկ դերասանները միշտ չէ, որ հասկանում են, թե կոնկրետ այդ պահին որ հատվածն է նկարահանվում