Ամենահզոր քարոզչական ֆիլմը «Միմինոն» է

Բորիս Խլեբնիկով.

Ամենահզոր քարոզչական ֆիլմը «Միմինոն» է

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս ռեժիսոր և սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայաստան է բերել իր «Առիթմիա» ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրանի» շրջանակում: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Բորիս Խլեբնիկովը պատմել է կինոյի հանդեպ իր վերաբերմունքի մասին, մտորել է, թե ինչու այն այլևս չի ազդում հանրության տրամադրությունների վրա և որոնք են երևանյան կինոփառատոնի առավելությունները մոսկովյանի համեմատ:

Առաջին անգամ Հայաստանում

Այս տարի ամեն ինչ ստացվեց և ես առաջին անգամ Հայաստանում եմ: Ծանոթ չեմ հայ հանդիսատեսին, ուստի ինձ համար հետաքրքիր է, թե ինչպես այստեղ կընդունվի «Առիթմիան»:

«Ոսկե ծիրանի» հանդիսատեսը լավագույն ֆիլմերն է տեսնում

Տեսել եմ «Ոսկե ծիրանի» մասնակից ֆիլմերի թրեյլերները, շատ արժանավոր, հետաքրքիր ծրագիր է: Ինձ թվում է՝ շատ ճիշտ է, երբ փառատոնն այնպիսի կարգավիճակ ունի, որ այստեղ տարվա լավագույն ֆիլմերն են ցուցադրվում: Օրինակ, Մոսկովյան կինոփառատոնի խնդիրն այն է, որ այնտեղ կարող են ներկայացվել միայն այն ֆիլմերը, որոնց պրեմիերան դեռ չի եղել: Մինչ այդ ֆիլմերը ոչ մի տեղ չպետք է ցուցադրված լինեն: Դա հիմարություն է, քանի որ ըստ էության ստացվում է, որ այդպիսի փառատոնը կարգավիճակ չունի, այստեղ են հայտնվում այն ֆիլմերը, որոնց չի հաջողվել ոչ մի այլ փառատոնի մասնակցել, դրանք ուղղակի ոչ մի տեղ չեն վերցրել:

«Ոսկե ծիրանում» այդ կանոնը չի գործում: Դա շատ ազատական մոտեցում է և հայկական կինոփառատոնի հանդիսատեսը հնարավորություն ունի տեսնելու համաշխարհային կինոյի լավագույն նմուշները:

Նկարահանման վայրն առաջնային չպետք է լինի

Միայն խիստ անհրաժեշտությունը կարող է ստիպել ինձ այս կամ այն վայրում նկարահանումներ անել: Հայաստանում իրոք ցնցող ֆակտուրա կա, բնությունը, քաղաքը, բայց այստեղ նկարահանելու համար պետք է ինչ-որ պատմություն ձևավորվի: Նկարահանումների վայրն առաջնային չպետք է լինի, որովհետև այդ դեպքում սովորաբար արդյունքն այնքան էլ լավը չի լինում:

Գրաքննությունը Ռուսաստանում բոլորին հոգնեցրել է

Ռուսաստանում 2 հիմնական խնդիր կա՝ չկա կինովարձույթում ազգային կինոյի աջակցության հստակ համակարգ, և կա գրաքննություն, որից բոլորն արդեն հոգնել են, բայց այն արդեն կյանքի մաս է դարձել: Հիմա Ռուսաստանում շատ տարօրինակ, բավականին նողկալի ժամանակներ են, բայց ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, դա ինձ սարսափեցնում է: Սարսափեցնում է գրաքննության, ակտիվ ազգայնականության, արտաքին թշնամիների որոնման առումով, սակայն, ամենուր է այդպես, այս կամ այն չափով: Այս պայմաններում աշխատելը հետաքրքիր է, բայց նաև վախեցնող:

Մշակույթի նախարարը չպետք է հարկատուների փողերը բաժանելով զբաղվի

Ճիշտ չէ, երբ պետությունը, մասնավորապես մշակույթի նախարարությունը, կանոնակարգում է և միջոցներ է հատկացնում ֆիլմերի ստեղծման համար: Մշակույթի նախարարությունն ու ինքը նախարարը այդ դեպքում հանդես են գալիս գանձապահի դերում, որոնք բաժանում են հարկատուների փողերը, այդ ոլորտը կանոնակարգելն իրենց գործը չէ:

«Միմինոն» ամենահզոր քարոզչական ֆիլմն է

Ամենահզոր քարոզչական ֆիլմը հայ-վրացական «Միմինոն» է: Դա մեծ ֆիլմ է, որը լցրել է մեր մանկությունն ու այն զգացողությունը հաղորդել, որ հայերն ու վրացիները Խորհրդային Միության հմայքն են:

«Երկար ու երջանիկ կյանքը», «Լեվիաֆան», «Հիմարը»՝ հանրության շրջանում հասունացած ընդհանուր էմոցիա են

«Երկար ու երջանիկ կյանքը» (ռեժ.՝ Խլեբնիկով, խմբ..), «Լեվիաֆան» (ռեժ.՝ Զվյագինցև, խմբ.) և «Հիմարը» (ռեժ.՝ Բիկով, խմբ) ֆիլմերը կինովարձույթում հայտնվեցին կես տարվա տարբերությամբ: Հավանաբար, դա մի ընդհանուր զգացողություն էր, որ հասունացել էր հասարակության շրջանում , և որը մենք արտահայտեցինք:

Դերասանին ընտրում եմ հերոսին նմանությամբ

Որքան ճշգրիտ ես ընտրում դերասաններին, այնքան հստակ են նրանք կատարում դերը: Ես նրանց ընտրում եմ բացառապես ըստ հերոսներին նմանության աստիճանի՝ կյանքով, բնավորությամբ, ամեն ինչով: Օրինակ, Ալեքսանդր Յացենկոն («Առիթմիայի» գլխավոր դերակատարը) շատ նման է իր հերոսին՝ Օլեգին:

Աշխատանքը ՏՆՏ-ում չի տարբերվում աշխատանքից կինոյում

Աշխատանքը ՏՆՏ հեռուստաալիքում ոչ մի բանով չի տարբերվում աշխատանքից կինոյում: Սեմյոն Սլեպակովի հետ «Մտահոգվածները» սերիալի նկարահանումները ինձ համար երջանիկ ժամանակներ էին, երբ մենք էքսպերիմենտներ էինք անում, գրում էինք, ստեղծագործում: Դա շատ ստեղծագործ աշխատանք էր:

Կինոքննադատների կարծիքը կարևորելու մասին

Ցանկացած մարդ, որը կասի թե իրեն չի հետաքրքրում, թե իր ֆիլմի մասին ինչ կասեն կինոքննադատները, կստի: Դու երկար ժամանակ ինչ-որ բան ես անում ու ինչ-որ անմիջական արձագանք ես ստանում՝ դա կարող է ուրախացնել, նյարդայնացնել, բայց միևնույն է դա արձագանք է և հետաքրքիր է, թե ինչ կասեն կինոքննադատները:

Ոչ թե ֆիլմն է հանդիսատեսին ընտրում, այլ հանդիսատեսն է ընտրում ֆիլմը

Մենք չենք ընտրում հանդիսատեսին, հանդիսատեսն է մեզ ընտրում: Ուստի կարող ենք անել միայն այն, ինչ ինքներս ենք զգում, ինքներս գիտենք: Որսացել ենք ժամանակը, թե չենք որսացել: Երբ սեղանի շուրջ 15 մարդ է նստած և փորձում է երիտասարդության, կամ ընտանիքի համար ֆիլմ հորինել, դա միշտ ողբերգական ավարտ է ունենում, քանի որ մեռյալ մի բան է ստացվում: Իսկ հոլիվուդյան ամենահաջողակ ֆիլմերը բոլորն էլ անհավանական հեղինակային ֆիլմեր են՝ «Ծնոտները», «Պինդ ընկույզը» և մյուսները:

Պարգևները ֆիլմի զգեստն են

Պարգևները ոչինչ չեն տալիս ուրախությունից բացի: Երբ ես հանդիսատեսի համակրանքի մրցանակ ստացա «Կինոտավրում» «Առիթմիայի» համար, շատ հաճելի էր: Իմ ֆիլմը մեծ չէ, իմաստ չունի գովազդի մեջ ներդրում անել: Բոլոր այդ պարգևները զգեստ են ֆիլմի համար՝ այն, որ մարդիկ կարդում են այդ նորությունը, աղմուկը ֆիլմի շուրջ ուղղակի նպաստում են կինովարձույթին:

Կինոն այլևս ազդեցություն չունի հասարակության տրամադրությունների վրա

Հիմա կինոն չի ազդում հասարակության տրամադրությունների վրա: Կինոն այլևս արագահաս ու շիտակ չէ: Դա նորմալ ու գործնական վիճակ է՝ կինոն այլևս քարոզչության միջոց չէ: Պայմանական ասած, միջին դարերում քարոզչությունն արվում էր եկեղեցու միջոցով, կարելի էր պետության գացափարները պարտադրել բնակչությանը, հետո հայտնվեցին ռադիոն, կինոն, որոնք քարոզչության գործիքներ էին: Իսկ հիմա համացանցն է այդ դերը ստանձնել՝ հզոր ուժ, միանգամայն նոր ու այլ հարթակ: Կինոն փոխակերպվում է:

Կինոյում հիմա ամենահետաքրքիրը կաբելային TV-ով հեռարձակվող սերիալներն են

Ինձ թվում է, որ հիմա ամենահետաքրքիր երևույթները կատարվում են կաբելային հեռուստատեսությունում՝ սերիալները, որ հեռարձակվում են Ամերիկայում և Անգլիայում, Իսրայելում, Շվեդիայում: Դա հսկայական լսարան է, զրոյական գրաքննություն և շատ հզոր ազդեցություն:

Կինոյին վերաբերվում եմ որպես զվարճանքի

Կինոյին պետք է որպես զվարճանքի վերաբերվել: Իրականում այդպես կարելի է ասել ցանկացած մասնագիտության մասին՝ մասնագիտական առումով երջանիկ մարդն իր աշխատանքին որպես զվարճանքի է վերաբերվում: Այլ կերպ հնարավոր չէ, պետք է դուր գա:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
---