// IP Marketing video - START// IP Marketing video - END
Կյանքում ամենահետաքրքիրը հարցերն են, ոչ թե պատասխանները

Յաննիս Սիմոնիդեսը՝ Հայաստանում.

Կյանքում ամենահետաքրքիրը հարցերն են, ոչ թե պատասխանները

PanARMENIAN.Net - «Էմմիի» մրցանակակիր, հայտնի հույն դերասան և ռեժիսոր Յաննիս Սիմոնիդեսը վերջերս Երևան էր ժամանել՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին «Սոկրատեսն այսօր» մոնոներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար։ «Սոկրատեսն այսօրը» անտիկ հույն փիլիսոփա Պլատոնի «Սոկրատեսի պաշտպանականը» պիեսի թատերականացումն է, որտեղ Սիմոնիդեսը բոկոտն շրջում է բեմում և դահլիճում, հաղորդակցվում հանդիսատեսի հետ, խոսում սոկրատյան արժեհամակարգի, արդարության, սիրո և մահկանացու լինելու մասին։

Արտիստի առաջին ելույթից հետո PanARMENIAN.Net -ը հասցրեց Յաննիս Սիմոնիդեսի հետ զրուցել Սոկրատեսի «քարոզած» համամարդկային ճշմարտության, աշխարհն ուսումնասիրելու և հայ ունկնդրի մասին։

«Ինձ դուր են գալիս հայերը»,- ասաց Սիմոնիդեսը։ «Մենք շատ նման ենք միմյանց, նման ենք նույնիսկ արտաքինից, երկու ժողովուրդներն էլ շատ են տառապել։ Ես Ստամբուլում եմ մեծացել, և հայկական սնունդն ու ավանդույթները շատ մոտ էին իմ սրտին։ Այս լի դահլիճը տեսնելը և մեծ անակնկալ էր, և շատ հուզիչ պահ։ Գիտեք, որոշ ներկայացումներ սկսում են, և զգում ես, որ երտասարդներն այնքան էլ չեն ուզում մնալ, որովհետև պատկերացում անգամ չունեն, թե ինչի մասին է այս ամենը։ Երբեմն նրանց ուսուցիչներն են ստիպում գալ, և նրանք հեռախոսով են զբաղվում, համբուրվում են կամ դուրս գալիս զուգարան։ Երբեմն նրանց ուշադրությունը գրավելու համար ժամանակ է պահանջվում, բայց դեռ ոչ մի ներկայացում չի եղել, որի ավարտից հետո ես ինձ գնահատված, լսված ու հանգիստ չզգամ»։

Սոկրատեսն ասում էր՝ «չքննված կյանքը չարժե ապրել»։ Սա և համամարդկային ճշմարտություն է, և հայտնություն, ու Սիմոնիդեսը կարծում է, որ սա չի սահմանափակվում որոշակի ժամանակահատվածի կամ միայն այսօրվա իրականության մեջ․ այն դիաքրոնիկ է, հավերժական։

«Դժբախտաբար, մենք այնքան քիչ ուշադրություն ենք դարձնում մեր լավագույն ընկերոջը՝ մեր ներքին «եսին»։ Օրական հարյուրավոր անգամ մեր ներքին ձայնը հուշում է՝ ինչ անել։ Բայց միայն ձայնը չէ, որ յուրահատուկ հնչողություն ունի, այլև լռությունը, որովհետև նկարիչները, երաժիշտներն ու պարողները բառերով չեն մտածում։ Նրանք մտածում ենք պատկերներով ու շարժումներով, իսկ լռությունը շատ ձայներ ու արձագանքներ ունի»,- ասաց դերասանը։

«Կյանքը ձանձրալի է։ Առերևույթ մենք հանդիպում ենք, սիրահարվում, մտածում, կառավարում, ինչ-որ հաճելի պահեր ենք ապրում, բայց արդյունքում հիմնականում դժբախտ ենք։ Երբեմն երջանկության պահեր ենք ունենում, երբ կյանքն ապրում ենք լիարժեք, երբ ինքնաքննությամբ ենք զբաղվում, հետաքրքրություն ենք ունենում այլ մարդկանց մեջ։ Իսկ երբեմն էլ նախատրամադրված ենք․ «Ես արվեստից գլուխ չեմ հանում, չեմ կարողանում երգել, չեմ կարող այս կամ այն բանն անել»։ Իսկ փորձե՞լ ես։ Ինչպես Բեքեթն (Սեմյուել Բեքեթ, իռլանդացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ - խմբ․) էր ասում՝ «Փորձում ես ու ձախողվում, ոչինչ։ Նորից փորձիր, նորից ձախողվիր, ավելի լավ ձախողվիր»։

«Էմմիի» մրցանակակիրը ինքնաքննադատության մասին հետաքրքիր ընկալում ունի․ ասում է՝ դա ինքդ քեզ գնահատելու ձև է։

«Քննադատությունն արձագանք է, պարտադիր չէ այն որպես պատիժ ընդունել։ Եթե այն կոնստրուկտիվ է, ուրեմն արժե ինքդ քեզ գնահատական տալ, իսկ ինքնազննումը մեծ պարգևներ ունի»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք ներկայացումը փոխել է նրան իր համար անսպասելի ձևով, Սիմոնիդեսը դրական պատասխան տվեց․

«Ես այնքան շատ բան եմ արել, բայց այս պիեսն իսկապես փոխել է իմ կյանքը։ Որոշ ժամանակ առաջ տղաս, որն այն ժամանակ դեռահաս էր, Շարժայի ամերիկյան համալսարանում 700 մահմեդականների մեջ նստած դիտում էր ներկայացումը։ Երբ ձեռքը բարձրացրեց հարց տալու, ասացի. «Օ ոչ, տղաս է, տիկնայք և պարոնայք, և ամենայն հավանականությամբ շատ վտանգավոր հարց ունի»։ Իսկ նա ասաց․ «Ես գիտեմ պատասխանը, բայց այնուհանդերձ․ պիեսը քեզ դաձրե՞լ է ավելի լավ մարդ և ավելի լավ հայր»։ Ես չգիտեմ՝ այն ինձ որևէ կերպ ավելի լավը դարձրել է, թե ոչ, բայց այն ինձ հաստատ կյանքի ավելի լավ ուսանող է դարձրել։

Կարծում եմ՝ այն հանդիատեսին էլ է փոխում, որովհետև մարդիկ ինձ գրում են պիեսը նայելուց տարիներ անց, հիշեցնում ու ասում, որ մյուս անգամ ընտանիքի հետ են գալու ներկայացմանը։ Ես ընդամենը կյանք եմ տալիս դրան, որպեսզի այն արձագանքի, իսկ մարդիկ այն տանում են իրենց հետ, հարցեր տալիս․ կյանքում ամենահետաքրքիրը հարցերն են, ոչ թե պատասխանները»։

Որպեսզի աշխարհն ավելի լավը դառնա, մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն վերցնի ինքն իր համար, նա ավելացրեց․

«Պետք է մեզնից սկսենք: Թիթեռի էֆեկտի մասին տեսություն կա, համաձայն որի թիթեռնիկը կարող է թևերն իրար զարկել և աշխարհի մյուս ծայրում փոթորկի պատճառ դառնալ։ Եվ դա այդպես է․ մենք մոռանում ենք մեկի ուժը, ինքներս մեր ուժը։ Աշխարհն ավելի լավը կդառնա, եթե մենք պատասխանատվություն ստանձնենք ինքներս մեր առջև»։

Սիմոնիդեսն«Էմմի» մրցանակի է արժանացել Ստամբուլի հույների մասին պատմող «Դեռևս մի պայծառ լույս» (A Light Still Bright) վավերագրական կինոնկարի համար։ Հիմա արվեստագետը փորձում է ավելի շատ ժամանակ տրամադրել գրելուն։

«Իրականում ես պատրաստվում եմ բեմադրել Եվրիպիդեսի «Բաքուսուհիները»՝ Նոր Զելանդիայի մաորիների հետ՝ իրենց իսկ լեզվով։ Եթե ճանապարհիս ուրիշ հետաքրքիր առաջարկ էլ հանդիպի, կարող է մտածեմ»,- ասաց նա։

Դերասանը պատմեց, որ շատ ուրախ էր, երբ մորից իմացավ, որ հորական կողմից իր միջով հայկական արյուն է հոսում, նույնիսկ կատակեց․ «Դա է պատճառը, որ տոլմա շատ եմ սիրում»։

Միջոցառմանն աջակցում և հովանավորում էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Հունաստանի տուրիզմի ազգային կազմակերպությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Էգեյան ավիաուղիներն ու «Չարենցի 28» ռեստորանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը միջոցառումը հովանավորում էր ի հիշատակ «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության գլխավոր տնօրեն, լուսահոգի Դիմիտրիս Լոիսի:

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
 Ուշադրության կենտրոնում
Calvert Journal. Սևանի գրողների հանգստայն տունը՝ մոդեռնիստական ճարատարապետության գլուխգործոց

Calvert Journal. Սևանի գրողների հանգստայն տունը՝ մոդեռնիստական ճարատարապետության գլուխգործոց Վերջին տարիներին հանգստյան տունը շատ է լուսանկարվում որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ