Բացել ենք երաժշտական դպրոց 5-95 տարեկան երեխաների համար

Կիթառահար Խորեն Միքայելյան.

Բացել ենք երաժշտական դպրոց 5-95 տարեկան երեխաների համար

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ռոքը Հայաստանում, կարծես, առաջընթաց է ապրում: Սակայն զարգացման ուղին այդքան էլ դյուրին չէ. թե՛ ռոք երաժիշտները, թե՛ նրանց լսարանը ստիպված են մի շարք դժվարություններ հաղթահարել՝ ռեսուրսների սղությունից մինչև աշխարհայացք:

PanARMENIAN.Net –ը ռոքի դժվար ուղու, ճանաչման, ռեսուրսների բացակայության, սիրելի գործով գումար վաստակելու և առաջիկա համերգի մասին զրուցել է «Նաիրի» ռոք խմբի համահիմնադիր, «Միք Այելյան» նոր նախագծի հիմնադիր, Մոսկվայի «Մնոգոլիկայա գիտառա» միջազգային մրցույթ-փառատոնում 2-րդ տեղը գրաված կիթառահար Խորեն Միքայելյանի հետ:

Mik Aelian խմբի գործունեության և առաջիկա համերգի մասին

2007-ին ստեղծված «Նաիրի» ռոք խումբը չի դադարեցրել իր գործունեությունը, մենք շարունակելու ենք ելույթ ունենալ, ուղղակի հիմա մեր ստեղնաշարային գործիքների վրա նվագողը ծառայում է բանակում: Ինչևէ, դեկտեմբերին նախատեսում ենք համերգ տալ: Իսկ մոտ մեկ տարի առաջ ստեղծվեց «Միք Այելյան» խումբը, որի կազմում ևս «Նաիրիի» երաժիշտներն են: Նոր նախագծի տարբերությունը «Նաիրիից» 2 կիթառի մեջ է և վոկալի բացակայության. վոկալ մի քիչ կա, բայց այն որպես երաժշտական գործիք է ծառայում, այս նախագիծը գործիքային է: Մեզ մոտ, կարծես, չկա այդպիսի խումբ, որը կկատարի գործիքային ռոք՝ նվագելով սեփական գործեր, ոչ թե այլ երաժիշտների կատարումների քավեր տարբերակներ:

Իհարկե, միայն գործիքային կատարումները մի քիչ խորթ կարող են հնչել ականջի համար, այդ իսկ պատճառով նոյեմբերի 14-ին մեր նախագծի առաջին համերգի ընթացքում կկատարենք նաև վոկալ պարունակող մի քանի կատարում: Համերգին 250-300 հոգի ենք ակնկալում, կարծում եմ, կլցնենք Տիկնիկային թատրոնի դահլիճը: Սկզբում չէինք մտածում՝ կա արդյոք գործիքային խմբի պահանջարկ, բայց վերջին մի ամսվա ընթացքում մի քանի համերգ ենք տվել ու հասկացել ենք, որ մարդիկ կարողանում են այդ տեսակ երաժշտությունը «մարսել»: Սկզբից վախենում էի, որ կարող է չստացվել, բայց քիչ-քիչ ավելի վստահ եմ դառնում, որ ստացվում է, մնում է՝ ճիշտ համադրությունը գտնենք, որ թե՛ հոգնեցնող չլինի, թե՛ մեզ և ունկնդրին՝ հետաքրքիր:

Ունկնդիրների և ռոքի մեջ հայկականության մասին

Մեզ լսողները տարբեր են. թե՛ ռոքը նոր բացահայտած ջահելներ, թե՛ նվագել սիրողներ, թե՛ տարբեր տարիքի ռոքի սիրահարներ: Այժմ փորձում ենք ոսկե միջինը գտնել՝ երաժշտությունը ավելի հասուն մարդկանց համար հասանելի դարձնելու, բայց երիտասարդների համար անհետաքրքիր չդարձնելու միջոցով: Հաշվի առնելով, որ «Նաիրին» հայկական հևի մետալ էր ներկայացնում, այս նոր նախագիծն էլ է կրում հայկականության տարրեր: Դե բոլորս հայ ենք, ոնց էլ նվագենք, հայկական հնչյուններ կլսվեն: Իմ նվագի մեջ դրանք արդեն իրենց տեղը գրավել են:

Շատ հայտնի չլինելու մասին

Հիմա ռոքը լավ զարգացել է, բայց սկզբում մեր բռնած ճանապարհը ավելի «անդերգրաունդի» մեջ էր: Քիչ ճանաչված լինելը նաև կարծրատիպերից է գալիս: Մեր երիտասարդ սերունդը շատ ավելի բաց է նոր ինֆորմացիայի և գաղափարների համար, այդ պատճառով նոր խմբերի համար ավելի հեշտ է. նրանք ստանում են այդ երիտասարդների աջակցությունը: Երբ մենք էինք սկսում, այդ ամենն ավելի սահմանափակ էր, ռեսուրսներ չկային, Facebook չկար, YouTube-ում շատ քիչ էին հոլովակները:

Ինչու՞ մարդիկ չեն շտապում ծախսվել ռոք համերգների վրա

Կարծում եմ, խնդիրը նաև երաժիշտներից է գալիս: Նրանք չեն կարևորում դա, ավելի շատ ընդառաջվում են «մենք մերոնցով հավաքվենք՝ տժժանք» սկզբունքով, այդ ամենը ինքնագործունեության է նմանվում: Ես վստահ եմ, որ մարդիկ պատրաստ են վճարել լավ խմբի որակյալ գործեր լսելու համար: Լավ պրոդուկտը միշտ էլ վաճառվում է: Թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոպայում աշխատում են նաև մատուցման ձևի վրա, շոուի վրա, մեր ռոք ոլորտում դա դեռ երկրորդական են համարում: Միայն դուրս գալ բեմ, երգելն ու նվագելը բավարար չէ, մարդիկ ուզում են ինչ-որ հետաքրքիր բան տեսնել, բայց մենք դեռ թերանում ենք այդ հարցում: Դա նաև ռեսուրսների հետ է կապված: Մեզ մոտ էլ կան որակյալ պրոդուկտ մատուցող խմբեր, բայց մենք ունենք շփման խնդիր, մեզ մոտ բոլորը մեկուսացված են, երաժիշտների առօրյան ավելի պասիվ է անցնում:

Հայկական ռոքն այդքան էլ մրցունակ չէ

Եթե անկեղծ լինեմ, դրսի հետ համեմատած՝ հայկական ռոքն այդքան էլ մրցունակ չէ: Դա գալիս է նաև երաժշտական կրթության որակից: Հիմա արդեն մի քանի ակորդ իմանալը բավարար չէ երաժիշտ համարվելու համար: Դրսի ռոք երաժիշտները դասականներից պակաս կիրթ չեն, օրինակ: Մյուս կողմից՝ մեզ մոտ գրեթե չկան ձայնագրման ստուդիաներ, որոնք որակյալ ռոք կարող են ձայնագրել, դա էլ ստեղծում է ձայնի խնդիրներ. ռոքը մի քիչ այլ մատուցում է պահանջում: Մենք ունենք շատ լավ կիթառահարներ, սակայն, իմ կարծիքով, ֆինանսական խնդիրների պատճառով նրանք ավելի շատ նվագում են այն, ինչի պահանջարկ կա, քան այն, ինչ կուզեին նվագել:

5-ից 95 տարեկան երեխաների համար երաժշտական կենտրոնի մասին

Ես և քույրս փետրվարին «Նեքսուս» անունով երաժշտական կենտրոն ենք բացել՝ 5-95 տարեկան երեխաների համար: Դա երաժշտական դպրոց է, բայց լիովին այլ մատուցմամբ: Օրինակ, եթե ուզում եք երաժիշտ դառնալ, սովորել պրոֆեսիոնալ նվագել, կգնաք երաժշտական դպրոց, իսկ մեզ մոտ գալիս են ուղղակի իրենց համար նվագել սովորել ցանկացողները: ՀՀ-ում նման մարդիկ տեղ չունեն սովորելու: «Նեքսուս» կարող են գալ, սովորել իրենց սիրած երգերը նվագել իրենց համար, ընդհանուր զարգացման համար: «Նեքսուս» եկող երեխաները սովորում են այն, ինչ իրենք են ուզում, ծրագիրը կազմում են ինքնուրույն: Մենք կարևորում ենք թիմային գործունեությունը, սովորեցնում ենք խմբեր ստեղծել, այժմ ունենք 5 տարեկան երեխաների խմբեր, որոնք լավ նվագում են, երգում: Հիմնականում հենց ռոք երաժշտության համար նախատեսված գործիքների վրա ենք սովորեցնում նվագել:

«Մեջը փող կա»

Առաջիկա համերգի ծախսերի 70 տոկոսը խումբն իր գործունեությամբ է վաստակել՝ նախորդ համերգներից: Նոյեմբերի 14-ի համերգը մեր առաջին մեծ համերգն է, ուստի բացի տոմսերը վաճառելուց, նաև հրավիրում ենք մարդկանց: Ես համարում եմ, որ ՀՀ-ում կարելի է երաժշտությամբ զբաղվելով նորմալ վաստակել: Ես զբաղվում եմ ռոքով, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, և չեմ բողոքում վաստակելուց, իսկապես գոհ եմ: Բացի համերգներից, նաև կիթառ եմ դասավանդում «Նեքսուս» կենտրոնում և Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում: Շուտով նաև կրկին պետք է սկսեմ դասավանդել UWC Dilijan Сollege միջազգային դպրոցում: Միակ խնդիրը Հայաստանի մեկուսացված լինելն է, այստեղ երաժշտի համար պակասում է շփումը, նոր տպավորությունները: Այդ իսկ պատճառով հիմնականում վաստակածս ծախսում եմ ճանապարհորդելու, աշխարհ տեսնելու վրա: Երաժշտի համար կարևոր է ճանապարհորդելը՝ թեկուզ 1 շաբաթով, դա մեծ փորձ է, առանց որի անհնար է լավ երաժիշտ լինել:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
---