// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հայաստանը հասունացել է էլիտային շոտլանդական վիսկիի համար

The Balvenie-ի բրենդ-ամբասադոր.

Հայաստանը հասունացել է էլիտային շոտլանդական վիսկիի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի խանութներում և բարերում նոր շոտլանդական վիսկի կհայտնվի ՝ The Balvenie-ն: The Balvenie-ի հավաքածուն ներառում է միայն ածիկից պատրաստված բարձրորակ շոտլանդական վիսկիի հազվագյուտ տեսակներ:

PanARMENIAN.Net ը հանդիպել է շոտլանդական վիսկիի մի քանի առաջատար համաշխարհային ապրանքատեսակների, այդ թվում միայն ածիկից պատրաստվող The Balvenie-ի արտադրությամբ զբաղվող William Grant & Sons ընկերության բրենդ-ամբասադորի հետ: ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Չերկաշինը ներկայացրել է վիսկիի առանձնահատկությունները, պատմել է այն Հայաստան բերելու որոշման մասին, ինչպես նաև խորհուրդ է տվել, թե ինչպես է պետք ճիշտ խմել այն, ինչի հետ ուտել, ինչ է պետք իմանալ վիսկիի մասին և այլն:

Միայն ածիկից պատրաստված ամենաձեռակերտ վիսկին

The Balvenie-ն իրավամբ համարում են ամենաձեռակերտ վիսկին: Դաֆթաուն քաղաքից ոչ հեռու՝ Սփեյսադ շրջանի սրտում գտնվող ծխեցման եղանակով վիսկիի թորման արտադրամասը կառուցվել է դեռևս 1893-ին: The Balvenie-ն ձեռակերտ է համարվում, քանի որ մինչ օրս պատրաստվում է ավանդական տեխնոլոգիայով: Եթե հարցնելու լինեք ձեռնարկության աշխատողներին, որոնցից յուրաքանչյուրը միջինը արդեն մոտ 25 տարի զբաղվում է իր գործով, նրանք կասեն, որ դա վիսկի պատրաստելու միակ ճիշտ եղանակն է: The Balvenie-ն միակ արտադրամասն է Շոտլանդիայում, որը սեփական գարին է աճեցնում, պահպանվել են ածիկավորման համար նախատեսված ավանդական տիպի տարաները, կա տակառների պատրաստման սեփական արտադրամաս, որտեղ տակառագործներ են աշխատում, իսկ պղնձագործ Դենիս ՄակԲեյնը, որն աշխատում է այդտեղ 1958-ից, այդ «մեռնող» մասնագիտության միակ ներկայացուցիչն է:

Մենք նաև մի վարպետ ունենք, որը պատասխանատու է ամենամեղրածոր միայն ածիկից պատրաստված վիսկիի համար՝ Դևիդ Ստյուարտը: Նա աշխատում է արդեն ավելի քան 55 տարի, իսկ 2016-ին պարգևատրվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից Բրիտանական կայսրության շքանշանով՝ շոտլանդական վիսկիի ինդուստրիայում ունեցած ավանդի համար: Հենց այս ծավալով ձեռքի աշխատանք օգտագործելու համար է մեր վիսկին կոչվում ամենաձեռակերտը: Հենց այդ տեխնոլոգիաները, իսկ գլխավորը՝ հենց այդ մարդիկ են The Balvenie-ն դարձնում առանձնահատուկ: Վիսկին առանձնանում է նաև իր մեղրահամով: Մայքլ Ջեքսոնը, ոչ թե երգիչը, այլ վիսկիի աշխարհում ճանաչված փորձագետը, The Balvenie-ն անվանել է «միայն ածիկից պատրաստված ամենամեղրահամ վիսկին»: Այդ վիսկիի անկրկնելի համը հեշտությամբ կարելի է տարբերել նույնիսկ կույր համտեսի ժամանակ: The Balvenie-ն մշտապես ընդգրկվում է սկոտչի իսկական գնահատողների նախասիրած վիսկիների տասնյակում:

Մարդը՝ առաջընթացի շարժիչ ուժ

The Balvenie-ի անկրկնելի համը պահպանվում է արտադրությունում աշխատող և հսկայական փորձ ունեցող մարդկանց եզակի հմտությունների շնորհիվ: 80-ականներին Ստյուարտը նոր տեխնոլոգիա ներմուծեց, որը հետո տարածում ստացավ ամբողջ աշխարհում: Դա վիսկիի «լրացուցիչ թնդեցման» մեթոդն է, երբ վիսկին, որը հասունացել է ամերիկյան կաղնուց պատրաստված տակառում, հետո որոշ ժամանակով լցվում է խերեսի համար նախատեսված տակառի մեջ՝ բոլորովին այլ բույր ու համ ստանալով: Այո, սարքավորումները կարող են ամեն ինչ լավ անել, ճիշտ և որակով, սակայն միայն մարդը կարող է նոր համ ստանալ, հասկանալ, թե ինչպես կարելի է բարելավել բույրը: Հենց մարդն է առաջընթացի շարժիչ ուժը:

Հայաստանը հասունացել է The Balvenie-ի համար

The Balvenie-ն ներկայացված է ԱՊՀ երկրների մեծ մասում, վիսկին կա նաև տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում: Մենք ուղղակի որոշեցինք, որ եկել է պահը, որպեսզի The Balvenie-ն հայտնվի նաև Հայաստանում, Հայաստանն արդեն հասունացել է դրա համար՝ հաշվի առնելով, որ երկրում կա միայն ածիկից պատրաստված վիսկիի պահանջարկ: Ես ինքս առաջին անգամ եմ Երևանում և հաճելիորեն զարմացած եմ: Ես ակնկալում էի ավելի հին քաղաք տեսնել, բայց տեսա ժամանակակից կենտրոն, գեղեցիկ պողոտաներ:

Ինչպես ճիշտ խմել վիսկին

Միայն ածիկից պատրաստված վիսկիի մատուցման դասական ձևն է՝ սենյակային ջերմաստիճանի, Գլենկեյռն փակ գավաթով, որը հարկավոր է խմիչքի բույրը պահելու համար, քանի որ վիսկին վայելելու հաճույքը 70%-ով բույրից է կախված: Եթե ձեզ դուր չի գալիս որևէ խմիչքի բույրը, լինի դա վիսկի, կոնյակ թե գինի, հարկավոր է ավելի լայն գավաթ վերցնել և սառեցնել խմիչքը: Վիսկիի դեպքում կարելի է սառույցով սառեցնել: Լավ վիսկիին կամ կոնյակին կարելի է մի քիչ ջուր ավելացնել՝ սովորական չգազավորված սենյակային ջերմաստիճանի ջուր: Ջրի քանակը կարող է լինել 1 կաթիլից մինչև վիսկիի ծավալի 1,5-ը: Այդպես խմիչքը կփոխի իր համն ու բույրը, կբացվի: Ջուր կարելի է ավելացնել չհնեցված թունդ վիսկիին, 20 և ավելի տարվա հնեցման և ոչ այնքան թունդ վիսկիին (50 աստիճանից պակաս), ես ջուր չէի ավելացնի: Իսկ կոկտեյլների համար նախընտրելի կլինի ավելի մատչելի վիսկին:

Ինչ մատուցել վիսկիի հետ

Թունդ ալկոհոլի օգտագործման 2 եղանակ կա՝ արևմտյան և ասիական: Ըստ արևմտյան մոդելի՝ թունդ խմիչքները հիմնականում ծառայում են որպես ապերիտիվ կամ դիժեստիվ, այսինքն՝ մատուցվում են կամ ուտելուց առաջ կամ հետո, իսկ ուտելիս սովորաբար գինի են խմում: Ասիական մոդելը, որն ավելի ընդունելի է հայերի, ռուսների համար, ենթադրում է, որ թունդ խմիչքն օգտագործվում է ճաշի ժամանակ: Քանի որ վիսկին մեզ համար համեմատաբար նոր խմիչք է, ձևավորված նորմեր դեռ չկան: Քաղցր վիսկիի դեպքում, ինչպիսին է The Balvenie-ն, ես կարող եմ խորհուրդ տալ և քաղցրավենիք օգտագործել, և մսեղեն, նույնիսկ ապխտած: Բայց եթե դուք ծխային վիսկի եք խմում, լավ կլինի համտեսել այն չծխեցված որևէ ուտեստով: Ցանկալի է վիսկիի հետ թեթև յուրացվող ինչ-որ բան ուտել, ոչ այնքան յուղոտ՝ ձուկ, անյուղ շոգեխաշած միս, թարմ աղցաններ:

Ինչպես ընտրել լավ վիսկի

Խանութում վիսկիի գները շատ տարբեր են՝ 10 դոլարից մինչև հարյուր հազարներ: Եվ եթե մենք երբևէ չենք համտեսել վիսկի, չգիտենք, ինչ սպասել դրանից, սովորաբար ընտրում ենք ոչ այնքան թանկ ըմպելիքը, ավելի պարզ ինչ-որ բան: Սովորաբար վիսկիի վրա գրված է լինում Blended Scotch Whisky՝ խառնած շոտլանդական վիսկի: Դա նշանակում է, որ տվյալ շշում խառնած է վիսկիի 2 տեսակ: Շոտլանդիայում ավելի քան 120 գործարան կա, որոնք մեծամասամբ վիսկիի 2 հիմնական տեսակ են արտադրում: Առաջինը՝ ածիկային վիսկին է, որը պատրաստվում է ամենաթանկ հումքից՝ ածիկացված գարուց, իսկ սպիրտը ստացվում է թորման եղանակով: Դա աշխատատար, դանդաղ և բավականին ծախսատար գործընթաց է, որը թույլ է տալիս ստանալ շատ թանկ բուրումնավետ սպիրտեր: Վիսկիի երկրորդ տեսակըհացահատիկայինն է, որը պատրաստվում է սովորական ցորենից, իսկ սպիրտը ստացվում է ռեկտիֆիկացիայի միջոցով, ինչպես օղու սպիրտը:

Եվ երբ գալիս եք խանութ և վերցնում եք 10-դոլորանոց շիշը, դրա պարունակության առյուծի բաժինը 3-ամյա հացահատիկային վիսկին է կազմում, որին ավելացված է մի քիչ 3-ամյա ածիկային վիսկի՝ համի և բույրի համար: Ընդհանրապես, վիսկիի մասին պատկերացում կազմելու համար, պետք է բազում գրքեր կարդալ, բայց այդ ակադեմիական եղանակը ոչ բոլորին է հարմար: Ամենապարզ միջոցը հետևյալն է. պատվիրել և փորձել վիսկիի տարբեր տեսակներ: Ժամանակակից պայմաններում, եթե պատվիրել եք որևէ վիսկիի չափաբաժին, ապա կարելի է մտնել համացանց, ներմուծել ձեր պատվերի անվանումը և տառացիորեն մի քանի րոպե ծախսել այդ վիսկիի մասին տեղեկություններ ստանալու համար: Այդպես անելու դեպքում որոշ ժամանակ անց հնարավոր կլինի բավականին շատ բան իմանալ ալկոհոլի մասին և զարմացնել ընկերներին սեփական գիտելիքներով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net