Հայերենի նկատմամբ սերը խոսքերով չի բացատրվում

Բենեդետտա Կոնտին, իտալուհի հայագետ.

Հայերենի նկատմամբ սերը խոսքերով չի բացատրվում

PanARMENIAN.Net - Որպես հայոց լեզվի կրող՝ դժվար է պատկերացնել, որ օտարազգին կկարողանա այնպես տիրապետել հայերենին, որ ազատ խոսի, գրի ու մտքերն արտահայտի քո լեզվով: Իտալացի լեզվաբան-հայագետ Բենեդետտա Կոնտինը, օրինակ, գրաբար է դասավանդում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում, որտեղ անգլիացի բանաստեղծ Լորդ Ջորջ Գորդոն Բայրոնը ժամանակին հիացել է հայերենով ու փորձել սովորել, ինչպես ինքն էր ասում, «Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն»:

PanARMENIAN.Net - ը ներակայացնում է Բենեդետտայի հետ զրույցը՝ առանց խմբագրման:

Հայերեն սովորելու առանձնահատկությունները

Հայերէն սովորելու մեծ փափաքս կամաց կամաց բողբոջուեց մէջս, մանաւանդ Հայաստան տեսնելուց յետոյ, եւ ինձ համար մարտահրաւէր դարձաւ այդ աստիճանով, որ ուզեցի ինչ որ այս քաղցր եւ միաժամանակ դառն լեզուին վերաբերւում էր իւրացնել եւ ընկալել՝ գրաբարից մինչեւ աշխարհաբարի երկու տարբերակները, մեսրոպեան ուղղագրութիւնից մինչեւ սովետականը։ Հայաստանեայց լեզուն Հայաստանի հողի պէս է՝ նրա առոգանութեան, հնչիւնաբանութեան եւ լեզուային ներդաշնակութեան մէջ Սիւնիքի, Վայոց ձորի, Տավուշի պտղաբեր եւ զմայլիչ բնութեան խորհրդաւոր երփնաւորումներն են արտացոլւում։ Մի խօսքով, ինչպէ՞ս սիրողը կարող է բացատրել, թէ ինչ է նրա սիրահարութեան առարկան․ սա խօսքերով չի բացատրւում։

Ինչպես ընտրությունը կանգնեց հայոց լեզվի վրա

Եւրոպայի հնագոյն համալսարանում, որն ալ իմ ծննդավայրս է՝ Պադովայում, սկսեցի յունարէնի, լատիներէնի եւ սանսկրիտերէնի դասերին հետեւել, բայց այդքան խանդաւար չէի․ այնտեղից հասկացայ, որ ինձ համար աւելի հետաքրքրական էր արեւելեան լեզուններով եւ մշակոյթներով զբաղուել, քան թէ յունական աշխարհով, որ ինձ բաւական ծանօթ էր լիկէոն հաճախելիս պատճառով։ Էսպէս որոշեցի Վենետիկի համալսարան տեղափոխուել եւ արեւելեան լեզուների ֆակուլտետում գրանցուեցի։ Վենետիկ ինձ համար մի իսկական յայտնաբերութիւն եղաւ․ սա եղած էր Մխիթար Աբբահօր համար երեք դար առաջ։ Եւ մեծ բախտ ունեցայ Մխիթարեան վարդապետի եւ հայագետի՝ Սրբ․ Հ․ Լեւոն Վրդ․ Զէքիեանի հետ սովորելու․ հայ մշակոյթի, քաղաքակրթութեան եւ աշխարհայացքի վրայ նոր հորիզոն բացուեց եւ ոչ միայն, քանի որ հայ աշխարհայացքն ընկալելով՝ աւելի լաւ ըմբռնեցի իմ Վենետիկեան ժառանգութիւնն ու ինքնութիւնը։

Գիտեմ որ առոգանութիւնս շատ շեշտուած է, վենետիկեան հայերէն եմ խօսում, բայց ասով ալ հպարտ եմ։

Հայերենն առօրյա կյանքում

Ամուսինը հայ է, եւ մեր երեք փոքրիկների հետ իտալերէն եւ հայերէն ենք խօսում․ նրանց համար շատ կարեւոր է ոչ միայն հայերէն լեզուն իմանալ, այլ նաեւ գիտակցութիւն ունենալ որ երկու սքանչելի մշակոյթի են պատկանում, որոնք մարդկութեան հոյակապ ստեղծագործութիւններ ու անսահման գեղեցկութիւն ընծայեցին։ Հպարտ պէտք է լինեն եւ այս պատմական ժառանգութեամբ առաջ պիտի նայեն։

Բենեդետտայի մասին

Ներկայիս Բոլոնիայում աշխատում եմ Յովհաննէս ԻԳ․ Պապի անունով Կրօնաւոր Գիտութիւնների ՀԻմնարկութեան համար (Fondazione per le Scienze Religiose Giovanni XXIII)․ այնտեղ ինձանից ուզեցին, որ Հայաստանեայց եկեղեցւոյ ժողովների մասին հատորը պատրաստեմ Բրեպոլս հանրածանօթ եւ միջազգային հարատարակչատան համար։ Միւս կողմից, գրաբարի դաս եմ տալիս Ս․ Ղազարու Մխիթարեան Մայրավանքի նորընծաներին։ Միաժամանակ, Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան փոխնախագահն եմ եւ Վենետիկի Խտացեալ Ամառնային Հայերէն Լեզուի եւ Մշակոյթի Դասընթացքի փոխվարիչը։ Իմ ուսման գլխաւոր ճիւղն է հայ մտքի եւ փիլիսոփայութեան պատմութիւնն ու համապատկերային տեսութիւնը։ Դոկտորական աւարտաճառս նոր հրատարակուեց ֆրանսերէն լեզուվ Վատիկանեան Արեւելեան Ինստիտուտի հովանաւորութեամբ (Benedetta Contin, David l'Arménien et l'Ecole d'Alexandrie. Recherches sur la formation du vocabulaire épistémologique des oeuvres grecques et arméniennes, Orientalia Christiana Analecta, Roma 2017).

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
---