// IP Marketing video - START// IP Marketing video - END
ՀՀ-ում արդեն 16 տարի է՝ բանկային դեֆոլտներ չկան

Ամերիաբանկի Ակտիվների կառավարման վարչության ղեկավար.

ՀՀ-ում արդեն 16 տարի է՝ բանկային դեֆոլտներ չկան

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը պատմել է այն մասին, թե ինչով է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից, որ տեխնոլոգիաներն են հանդիսանում ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և թե շուկայի կոնսոլիդացման հետ կապված ինչ ծրագրեր ունի Ամերիաբանկը:
Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից:
Առաջին տարբերությունն այն է, որ ՀՀ բանկային համակարգում չկան պետական բանկեր, այն ամբողջությամբ մասնավոր է: Այդ պատճառովառկա է թեժ մրցակցություն: Շուկայում կան միջազգային բանկեր («Էյչ-Էս-Բի-Սի», «ՎՏԲ», «Կրեդիտ Ագրիկոլ» և այլն), որոնց հետ տեղականբանկերն արդյունավետ կերպով մրցակցում են: Դրանց թվում է Ամերիաբանկը, որը մասնավոր բանկ է և արդեն մի քանի տարի շարունակ առաջատար դիրքեր է գրավում շուկայում:

Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանում շատ ավելի խիստ է կարգավորումը, ինչի շնորհիվ վերջին 16 տարվա ընթացքում բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել: 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը կարելի է բնորոշել որպես «մաքրման» շրջան, ինչի արդյունքումկարգավորումն էլ ավելի խստացվեց: Մեր շուկան ռուսականից ավելի լիբերալ է, օրինակ` չկա արժույթի հսկողություն:

Բանկերի կողմից խոշոր կառավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման բացակայությունը կարելի է դիտարկել թե´ որպես դրական, և թե´ որպես բացասական կողմ: Այսինքն այս առումով, բանկերն ավելի պաշտպանված են ռիսկերից: Տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռուսական բանկային համակարգի առաջատարներն ավելի զարգացած են: Այս առումով մենք նրանցից շատ սովորելու բան ունենք: Սա թերևս բացատրվում է զանազան նորարարությունների նկատմամբ երկրի ղեկավարության, ինչպես նաև, առանձին դեպքերում, տարբեր բանկերի ղեկավարների առավել պահպանողական մոտեցմամբ:

Ձևավորվե՞լ են արդյոք հատուկ հարաբերություններ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերի միջև:
Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ բանկերի մեր գործընկերների հետ: Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրների տնտեսությունները փոխինտեգրված են, ես չէի ասի, որ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերը սերտ փոխազդեցության մեջ են: ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան շուկայում փոքր է, այն հիմնականում ներառում է մանրածախ հատվածը: Տվյալների կառավարման կենտրոնը նախագծելիս` մենք խնդրել ենք նախատեսել պահուստային տարածք ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:

Հաջորդ հարցը վերաբերում է տեխնոլոգիաներին: Այս տարի Softline ընկերությունը Ամերիաբանկի համար կառուցեց տվյալների մշակման կենտրոն: Ինչպիսի՞ բանկային ծառայությունների համար է այն նախատեսված:
Այսօր բանկային համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվում: Արդեն իսկ պարզ է, որ բանկերը չեն սահմանափակվելու զուտ ֆինանսական ծառայությունների վաճառքով: Օրինակ` ռուսական Սբերբանկն արդեն իսկ ներկայացել է շուկայում որպես մի հարթակ, որի միջոցով հաճախորդը մեկ պատուհանի սկզբունքով կարող է օգտվել հսկայական թվով ծառայություններից: Բանկի խնդիրն է հաճախորդին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք վերջինս ամենայն հավանականությամբ կգնի: Այս նպատակով կիրառվում են բիզնես-վերլուծություններ, արհեստական ինտելեկտ և ուրիշ հարակից տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Բանկերի մոտ հսկայածավալ տվյալներ են կուտակվել: Մենք տեսնում և հասկանում ենք այդ տվյալների արագ և բարդ կերպով մշակման անհրաժեշտությունը, քանի որ գիտակցում ենք, թե ապագայում ինչ է լինելու: Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է մանրածախ պրոդուկտներին, առցանց վարկավորմանը, մոբայլ բանկինգի և այլ հեռահար ուղիների ոլորտում առավել առաջադեմ լուծումներին: Այս պահին կարևոր է կարողանալ աշխատել առկա տվյալների հետ և հարստացնել դրանք` օգտագործելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այս ամենն իր հերթին տվյալների հետ աշխատանքի նոր պահանջներ է ստեղծում, դրանց մշակման համար նախատեսված հավելվածների, ինչպես նաև հաշվողական և ցանցային սարքավորումների արտադրողականության համար:

Տվյալների մեծ ծավալը կարելի է օգտագործել նաև մարքեթինգային որոշումների, և վարկային սահմանաչափերի սահմանման համար: Այս tեխնոլոգիաների միջոցով կարելի է կատարելագործել նաև սքորինգային քարտերը: Տվյալների մշակման նոր կենտրոնի բացման արդյունքում ձևավորված ենթակառուցվածքը թույլ կտա իրականացնել այս ամենը: Այս նախագիծը պատվիրելիս` մենք խորհրդատուին խնդրել էինք տեղադրվող սարքավորումների, կենտրոնի ինժեներական ապահովման, ինչպես նաև ցանցի թողունակության համար նախատեսել պահուստային տարածք և հնարավորություններ ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:

Հիմա վարկի վերաբերյալ որոշումների կայացումն արդեն ավտոմատացվա՞ծ է:
Մասնակիորեն: Որոշ պրոդուկտների գծով որոշումների կայացման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Մենք ցանկանում ենք թվով ավելի շատ որոշումներ կայացնել ավտոմատացված եղանակով և այդ եղանակը կիրառել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ ՓՄՁ-ների նկատմամբ: Մեր գործընկերների (այդ թվում ռուս գործընկերների) փորձը ցույց է տալիս, որ սքորինգի կատարյալ ալգորիթմերը ոչ միայն բացառում են մարդկային գործոնը (ավտոմատացման գործընթացի շրջանակներում դա ակնհայտ է), այլև նվազեցնում են բանկի ռիսկերը:

Կարելի՞ է արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները համարել մրցակցության կարևոր գործոն:
Մրցակցության կարևորագույն տարր մեր շուկայում դրանք դեռևս չեն համարվում: Այս ամենի հետ մեկտեղ, հաճախորդները, ելնելով իրենց պահանջներից և առօրյա սովորություններից, իրենք են թելադրում մեզ իրենց պայմանները: Եթե նախկինում անհրաժեշտ էր ջանքեր գործադրել,որպեսզի նրանք սկսեին օգտվել որոշակի տեխնոլոգիաներից, այսօր արդեն նրանք են պահանջում նորարարություններ, քանի որ հաճախորդների բազան առավել երիտասարդ և տեխնոլոգիական առումով առավել գրագետ է: Հաճախորդների` հատկապես աճող սերնդի համար այս բոլոր բջջային հավելվածները, առցանց բանկային ծառայությունները, անձնական փոխանցումները բանկային ծառայությունների պարտադիր մաս են կազմում: Ընդ որում, հայկական բանկերը դեռևս հիմնականում աշխատում են սպասարկման հին մեխանիզմներով:

Որոշ բանկեր չեն էլ շտապում նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա վերաբերում է հատկապես փոքր բանկերին, որոնց համար նման որոշում կայացնելը շատ բարդ է, թանկ: Միշտ, չէ, որ նման ծախսերն իրենց արդարացնում են: Սակայն ապագան ամեն դեպքում նոր տեխնոլոգիաներինն է, և մի գեղեցիկ օր, երբ դրանք այլևս անփոխարինելի կդառնան, հետ մնացող բանկերին չի հաջողվի մեկ օրում ձեռք բերել և ներդնել նորագույն տեխնոլոգիաների ողջ տեսականին:

Բանկային ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է անընդհատ կատարելագործել և հաճախորդների հետ միասինհասնել այնպիսի մակարդակի, որն ըստ կանխատեսումների կարող է գրանցվել 10 տարի հետո: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան:

Ամերիաբանկի կապիտալում բաժնեմասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Որևէ կերպ զգացվո՞ւմ է արդյոք ՎԶԵԲ-ի ազդեցությունը:
ՎԶԵԲ-ից բացի մեր Բանկի կապիտալում 2018թ-ի փետրվարից բաժնեմասնակցություն ունի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Այս կազմակերպությունները հսկայական նշանակություն ունեն տեղական (օրինակ` հայկական) ֆինանսական շուկաների համար, քանի որ սահմանում են գործունեության բարձր չափանիշներ, որոնց անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն վարկավորվելու, այլ լավագույն դեպքերում կանոնադրական Կապիտալում բաժնեմասնակցություն ունենալու համար: Սահմանված բարձր չափանիշները վերաբերում են ռիսկերի կառավարմանը, ղեկավարության և ֆինանսական հաշվետվություններին, կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությանը: Նույնիսկ եթե նրանք ուղղակիորեն մեզ չեն սովորեցնում, թե ինչպես համապատասխանել այդ չափանիշներին, դրանց համապատասխանելու համար մենք ինքներս պարզապես անընդհատ կատարելագործվում ենք` հաշվի առնելով վերջիններիս պահանջները:

Քանի որ մեր Բանկը նախատեսում է մոտ ապագայում առաջնային հրապարակային տեղաբաշխում կատարել և դուրս գալ միջազգային հարթակներ, սա թափանցիկության և կանոնակարգվածության հենց այն ստիճանն է, որով մենք սովոր ենք աշխատել նշված կազմակերպությունների հետ: Երբեմն նրանք կազմակերպում են տեղեկատվության փոխանակում այլ անկերի (ՎԶԵԲ-ի գործընկերների) հետ: Մենք հաճախ հյուրեր ենք ունենում ռուսական, միջինասիական և այլ բանկերից, իսկ մեր մասնագետներն իրենց հերթինՊատասխան այցեր են կատարում նշված ֆինանսական կազմակերպություններ: Մեզ ամեն ինչ հետաքրքիր է, մենք անընդհատ սովորում ենք, իսկ ՎԶԵԲ-ը և ԱԶԲ-ն թույլ են տալիս փորձի փոխանակում անել:

Նախատեսո՞ւմ է արդյոք Ամերիաբանկը ներկայություն ապահովել այլ երկրներում:
Մենք երբեք չենք թաքցրել ռուսական և վրացական շուկաներ դուրս գալու մեր հավակնությունները: Եղել են իրական փորձեր, որոնք դժբախտաբար կամ բարեբախտաբար հաջողությամբ չեն պսակվել, և մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք Հայաստանում: Դա տվել է իր արդյունքը. մենք արդեն տարիներ շարունակ առաջատար դիրքեր ենք գրավում կորպորատիվ հատվածում` շուկայում մեկ երրորդ մասնաբաժնով: Այժմ մենք առաջատար դիրքեր ենք սկսում գրավել նաև ՓՄՁ և մանրածախ վարկավորման հատվածներում: Հարկ է նշել, որ Հայաստանի շուկայի հնարավորությունները բավականին սահմանափակ են: Մյուս կողմից մեր երկրի տնտեսությունը համեմատաբար կայուն է և միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով առավել կանխատեսելի: Սակայն ոչինչ չի բացառվում: Այն բանից հետո, երբ ՀՀ բանկային հատվածում կոնսոլիդացիայի գործընթացը ավարտվի, ընդ որում ավարտվի հօգուտ մեզ, կարող է տեղի ունենալ ռեսուրսների վերաբաշխում, և կսկսվի արտաքին շուկաներ դուրս գալու գործընթացը: Մենք թերևս շուտով կվերադառնանք այս հարցին:

Ռուսաստանում բանկերը հաճախ են դուրս գալիս այլ շուկաներ, այդ թվում ոչ բանկային: Ամերիաբանկն այս ուղղությամբ որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ է:
Մենք ֆինանսական կառույց ենք, մեր կարողություններն ու ուժեղ կողմերը կենտրոնացած են ֆինանսական ոլորտում: Այս պահին մենք այլ ոլորտներում մեզ փորձելու որևէ մտադրությունն չունենք: Սակայն տեսականորեն ես չեմ բացառում որևէ այլ ոչ բանկային շուկա մուտք գործելու փորձերը: Սակայն ամեն դեպքում մենք չենք ուղղելու մեր ռեսուրսները մի ոլորտի, որից գլուխ չենք հանում: Գոյություն ունեն ֆինանսական և որոշ ոչ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության տեսակներ, որոնք դիտարկվում են որպես սիներգիաներ (օրինակ` հեռահաղորդակցման ոլորտում): Այս պարագայում միաձուլումը պարտադիր չէ, կարող է լինել սերտ համագործակցություն: Բայց այժմ մենք դեռևս պայքարում ենք ֆինանսական ոլորտում բացարձակ առաջատարի կոչման համար:

Որքա՞ն է ներկա պահին հեռահար ծառայությունների օգտագործման տոկոսը: Սպասարկման ո՞ր տարբերակն է գերակայում` այցելությունները բա՞նկ, թե՞ առցանց սպասարկումը:
Բանկի հաճախորդների մեկ երրորդն ակտիվորեն օգտվում է մեր բջջային հավելվածից կամ ինտերնետ բանկինգից, մի մասը` (25%) բավականին ակտիվորեն գործարքներ կատարելու նպատակով, մյուս մասը` պարզապես հաշիվներին հետևելու և տեղեկանքներ ստանալու համար: Սակայն այս ցուցանիշը շատ արագ աճում է: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան: Մեծ ընկերությունների համար այս հարցը կրիտիկական չէ, սակայն զգալի թվով փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում հեռահար ծառայությունների նկատմամբ պահանջարկ կա, և մենք պետք է կարողանանք կարճ ժամկետում բավարարել այդ պահանջարկը: