// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հաջողության հասնելու 4 մարդկային գործոն կա՝ աշխատակից, գնորդ, սպառող և համայնք

Քրիստոֆ Սփեք.

Հաջողության հասնելու 4 մարդկային գործոն կա՝ աշխատակից, գնորդ, սպառող և համայնք

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը պատմել է 23 տարվա ընթացքում ընկերության գործունեության մասին՝ անդրադառնալով ինչպես ներկայիս ծրագրերին ու դրանց կարևորությանը, այնպես էլ արդեն իրականացված ծրագրերի արդյունքներին ու տարիների ընթացքում որդեգրած քաղաքականությանը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն առաջատար է Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ոլորտում: Վերջին 23 տարվա ընթացքում ընկերության ներդրումները կազմել են ավելի քան 25 մլրդ դրամ: Ո՞րն է Ձեր կարծիքով ընկերության հաջողության և կայուն զարգացման գաղտնիքը:
Մարդիկ: Ընկերության հաջողության ոչ մի հստակ գաղտնիք չկա: Ընկերությունների միջև տարբերությունն այն է, թե որքանով են նրանք հոգ տանում իրենց աշխատակիցների, գնորդների, սպառողների և տվյալ համայնքի մասին: Ուստի մարդկային գործոնն է առանցքային: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայում» մենք կենտրոնանում ենք այս հավասարման բոլոր 4 բաղադրիչի վրա, ինչպես նաև չափում մեր առաջընթացն անկախ հետազոտությունների միջոցով՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք շարունակել կատարելագործվել:

Վերջերս ընկերության սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցության վերաբերյալ անկախ ուսումնասիրություն է լույս է տեսել: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» համար ո՞րն է նման համապարփակ ուսումնասիրության հիմնական նպատակը: Արդյո՞ք այն կօգնի ուրվագծել ընկերության առաջիկա տարվա ռազմավարությունը:
Հետազոտությունը մեզ, մեր գործընկերներին և այլ կազմակերպություններին ավելի հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ով ենք մենք և ինչ ներդրում ունենք տնտեսության և տվյալ համայքի զարգացման գործում: Ուսումնասիրությունը չի սահմանում մեր ռազմավարությունը, բայց օգնում է հասկանալ այն և լավ հիմք ծառայում ռազմավարությունը մշակելիս:

Հետազոտությունը մանրակրկիտ ուսումնասիրել է ընկերության 2015-2017 թվականների գործունեությունը՝ հաշվի առնելով տարիների ընթացքում ստեղծված ընդարձակ արժեքային շղթան: Դուք բավարարվա՞ծ եք արդյունքներով: Ո՞րն է տնտեսական ազդեցության առավել շոշափելի ցուցանիշը, որով հպարտանում եք:
Այո, նայելով զեկույցին՝ կարծում եմ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» բոլոր աշխատակիցները, մատակարարներն ու գնորդները կարող են հպարտանալ: Սա միայն մեզ չի վերաբերում, այլ մի ամբողջ էկոհամակարգի, որտեղ տարբեր կազմակերպությունների հետ միասին արժեք ենք ստեղծում: Զեկույցին նայելիս ինձ ամենաշատը տպավորում է Հայաստանի տնտեսության համար մեր գործունեության կարևորությունը. մեր ներկայությունն ու համակարգը ստեղծում են ավելի քան 2300 աշխատատեղ և կազմում համախառն ավելացված արժեքի ավելի քան 0.21%-ը, մեր ֆիսկալ ազդեցությունը կազմում է երկրում վճարված ընդհանուր հարկերի 0.47%-ը:

Բացի ընկերության զգալի տնտեսական ազդեցությունից, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» իրականացնում է մի շարք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր. 2015-2017 թվականներին ընկերության ներդրումներն այս ոլորտում կազմել են 112.4 մլն դրամ: Ո՞րն է նման կորպորատիվ գործունեության շարժառիթը:
Ինչպես նշվեց, 4 մարդկային գործոն կա հաջողության հասնելու համար՝ աշխատակիցներ, գնորդներ, սպառողներ և համայնք: Առաջին երեքն ուղղակիորեն կապված են մեր արտադրանքի և գործունեության հետ, վերջինը՝ ոչ: Բայց սա ամենևին չի նշանակում, որ համայնքը պակաս կարևոր է: Մեր շարժառիթը, որը մենք որպես պարտականություն ենք ընկալում, երկու ուղղվածություն ունի: Մի կողմից մեր բրենդը երջանկության մասին է, ուստի մենք պետք է ներդրումներ անենք և համագործակցենք այլ շահառուների հետ` աշխարհը մարդկանց համար ավելի լավը դարձնելու: Մենք կարծում ենք նաև, որ մեր փորձառությամբ և միջազգային փորձագետների ներգրավմամբ կարող ենք շարունակել աջակցել երկրի կայուն զարգացմանը՝ ստեղծելով պայմաններ երիտասարդության զարգացման համար, իրականացնելով ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված ծրագրեր, ներկայացնելով թափոնների վերամշակման ոլորտում արվող ուսումնասիրություններն ու փորձը:

Պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ են ձեռնարկվում ամբողջ աշխարհում: Ձեր ընկերությունն այս խնդրին մեծ պատասխանատվությամբ է մոտենում: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք Հայաստանում այս ոլորտում: Ինչպե՞ս եք կազմակերպում վերամշակումը մեր երկրում:
«Կոկա-Կոլա Ընկերությունը» ստանձնել է վաճառված յուրաքանչյուր շշի դիմաց մեկ շիշ հավաքելու և վերամշակելու պարտավորվածությունը, որին պետք է հասնենք ամենաուշը մինչև 2030-ը: Շատ երկրներում բավականին մեծ առաջընթաց ունենք այս հարցում: Հայաստանում, ցավոք, թափոնների վերամշակման մշակույթը դեռ նոր է զարգանում, բայց դա հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է տալիս: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» արդեն ստորագրել է փոխըմբռնման հուշագիր բնապահպանության նախարարության հետ՝ այս հարցում հուժերը միավորելու համար: Արդյունքի հասնելու համար մենք պետք է ներգրավենք ոլորտի ներկայացուցիչներին, վերավաճառողներին և հանրությանը՝ միասին աշխատելու և ճիշտ տեղեկացվածություն ու վարքագիծ ձևավորելու համար: Միևնույն ճամանակ, մենք պետք է բարելավենք թափոնների սորտավորման և վերամշակման ենթակառուցվածքները: Հաջողության հասնելու համար այս երկու նախաձեռնությունը պետք է զուգահեռ իրագործվեն: Հպարտ լինելով, որ մեր գործարանում արդեն վերամշակում ենք թափոնների 98%՝ այժմ մենք պետք է համագործակցենք այլ կազմակերպությունների և կառավարության հետ այս պրակտիկան ամբողջ երկրում տարածելու համար:

Շատերը, հատկապես երիտասարդ մասնագետները ցանկանում են աշխատել ձեր երջանկության գործարանում: Կարո՞ղ եք ներկայացնել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» որպես գործատու, և թե ի՞նչն եք գնահատում ամենաշատը Ձեր աշխատակիցների մեջ:
Մենք գնահատում ենք եռանդը, սերը և հոգատարությունը: Այս երեք բաղադրիչով կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել և մեր արտադրանքը ժպիտով ու ամենաբարձր որակով ներկայացնել գնորդին:

«Կոկա-Կոլան» թերևս աշխարհի ամենահայտնի բրենդերից է, որի արտադրանքը վաճառվում է ավելի քան 200 երկրում: Ձեր ընկերության տեսականին մշտապես համալրվում է նոր ըմպելիքներով: Ի՞նչ կարող եք ասել հայ սպառողի մասին: Մեր պահանջներն ու նախասիրությունները համընկնո՞ւմ են այլ երկրներում սպառողների ցանկությունների հետ:
Տարբեր երկրներում ապրող մարդիկ իսկապես յուրահատուկ ճաշակ, նախասիրություններ և պահանջներ ունեն: Սա հատկապես արտահայտվում է համերի կամ փաթեթավորման մեջ որոշակի նախասիրություններով: «Կոկա-Կոլան» բոլոր երկրներում ապահովում է զանազան փաթեթավորմամբ ըմպելիքների լայն ընտրանի այդ պահանջը բավարարելու համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ:

Ասում են` Հայաստանում արտադրված «Կոկա-Կոլան» ամենահամեղն է շնորհիվ մեր ջրի որակի: Համաձա՞յն եք:
Հայաստանում ջուրն իրոք շատ լավ որակի է, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք և հոգ տանենք այն պահպանելու համար: