Կոկա-Կոլա Համակարգում աշխատելը հնարավորություն է տալիս անընդհատ սովորելու, զարգանալու

Արթուր Սահակյան.

Կոկա-Կոլա Համակարգում աշխատելը հնարավորություն է տալիս անընդհատ սովորելու, զարգանալու

PanARMENIAN.Net - Ինչով է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» առանձնանում այլ գործատուներից, որքան ներդրումներ են արվել վերջին տարիներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում և ինչու է այն կարևոր ընկերության զարգացման համար: Այս հարցերի շուրջ և ոչ միայն PanARMENIAN.Net-ը զրուցել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» նորանշանակ գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի հետ:
Արդեն բավական երկար ժամանակ՝ ավելի քան 18 տարի, աշխատում եք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայում»: Ի՞նչ զգացողություններ ունեք ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Զգացողությունները հակասական են։ Իհարկե, լինել այսպիսի ընկերության տնօրեն մեծագույն պատիվ է, մյուս կողմից, սակայն՝ ահռելի մեծ պատասխանատվություն։ Ընկերությունը շատ մեծ հաջողություններ է գրանցել Հայաստանում իր գործունեության ընթացքում՝ ունի կայուն դիրք շուկայում, բարի համբավ և ընդհանրապես՝ բոլոր ասպարեզներում նշաձողերը բավականին բարձր են։ Իմ առաքելությունը, որպես ընկերության ղեկավարի, ոչ միայն մեր դիրքերը տարբեր բնագավառներում պահպանելն է, այլև՝ նշաձողն էլ ավելի բարձրացնելն ու նորանոր հաջողություններ գրանցելը։

Որո՞նք էին ընկերությանը միանալու և աշխատանքային կարիերան այստեղ զարգացնելու Ձեր դրդապատճառները և ինչո՞վ է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» առանձնանում այլ գործատուներից:
Կոկա-Կոլա Համակարգում աշխատելը հնարավորություն է տալիս անընդհատ սովորելու, զարգանալու։ Ասում են՝ տուր մարդուն ձուկ և նա այսօր սոված չի մնա, սովորեցրու նրան ձուկ որսալ և նա սոված չի լինի նաև վաղը, իսկ նա ով կսովորի սովորել, ինքնուրույն կհայթայթի ցանկացած սնունդ, ոչ միայն ձուկ։ «Կոկա-Կոլա Ընկերությունը» հենց այն ընկերույթունն է, որտեղ սովորում ես սովորել: Սա կարծում եմ ընկերության ամենակարևոր արժեքներից է:

Այս տարվա ապրիլին հրապարակվել են ընկերության սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցության վերաբերյալ անկախ ուսումնասիրության արդյունքները: Ըստ Ձեզ՝ որո՞նք են ուսումնասիրության հայտնաբերած երկու ցուցիչները, որոնք լավագույնս արտացոլում են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կարևորությունը երկրի տնտեսության համար և ինչո՞ւ:
Ուսումնասիրության կարևոր արդյունքներից մեկը, որը բավական ցայտուն ցույց է տալիս «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, համախառն ավելացված արժեքի ստեղծումն է: Ընդամենը 3 տարում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանի տնտեսությունում ստեղծել է 29.5 միլիարդ դրամի ՀԱԱ՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները: Մեր ընկերության կառուցած ծավալուն արժեքային շղթայի շնորհիվ մեր ներդրած յուրաքանչյուր դրամը բազմապատկվում է և եկամուտ է ստեղծում ամբողջ երկրով մեկ:

Աշխատատեղերի ստեղծումը, կարծում եմ, մեկ այլ կարևոր տնտեսական ցուցանիշ է: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ 2017-ին ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է լրացուցիչ 5.5 աշխատատեղ՝ անուղղակի և ածանցյալ: Արդյունքում՝ 2017-ին մեր ընկերության շնորհիվ տնտեսությունում ստեղծվել է ավելի քան 2300 լրիվ դրույքով աշխատատեղ:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» իրականացրել է բազմաթիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր: Ուսումնասիրության համաձայն՝ 2015-2017 ժամանակահատվածում ներդրումներն այս ոլորտում կազմել են 112.4 մլն դրամ: Որքա՞ն է ընկերությունը ներդրել 2018-2019 թվականներին և ինչո՞ւ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը կարևոր ընկերության զարգացման համար:
Ընկերությունն իր գործունեության արդյունքում ավելի ու ավելի է մեծացնում իր ներգրավվածությունը ԿՍՊ ծրագրերում։ 2018-2019 թվականներին այս ուղղությամբ մեր ներդրումները կազմել են 107 մլն դրամ: Խոսքն այստեղ պարզապես ներդրումների չափի մեծացման մասին չէ։ Իրականացված յուրաքանչյուր ծրագրի ընթացքն ու արդյունքները վերլուծելով՝ կարողանում ենք հաջորդներն ավելի արդյունավետ դարձնել, այսպիսով՝ յուրաքանչյուր նոր ներդրված դրամը ավելի մեծ արդյունք է ստեղծում։

Վերջին տարիներին «Կոկա-Կոլա Ընկերությունը» շարունակաբար ընդլայնում է իր ապրանքատեսականին՝ սպառողներին առաջարկելով բազմաթիվ նոր ըմպելիքներ և համեր: Դրան ականատես ենք նաև մեր շուկայում: Ո՞րն է այսպիսի դիվերսիֆիկացման պատճառը, և ի՞նչ ազդեցություն ունի այն շուկայական մրցակցության ու առհասարակ սպառողների վրա:
Ներկայիս մեզ շրջապատող աշխարհը շատ դինամիկ է ու փոփոխվում է անհավանական արագությամբ: Նախկինում որևէ փոփոխության համար անհրաժեշտ էին տարիներ՝ հիմա դա կատարվում է հաշված օրերի ընթացքում։ Փոխվում են նաև մարդկանց պահանջմունքները, սովորությունները, նախասիրությունները՝ մարդիկ դառնում են ավելի պահանջկոտ ու բծախնդիր, փնտրում են բազմազանություն, նոր զգացողություններ։ Հասարակությունում ավելի ու ավելի է ողջունվում անհատականությունը՝ մարդիկ սկսում են ընդունել և հպարտանալ իրենց առանձնահատկություններով։

Մեր ընկերությունը, իհարկե, հաշվի է առնում շուկայի այս զարգացումները և սպառողներին առաջարկում էլ ավելի մեծ ընտրություն ՝ ամեն քիմքին, նախասիրություններին, կենսակերպին համապատասխան։ Տեսականին պլանավորելիս հաշվի են առնվում նաև տարբեր օրերի և օրվա տարբեր ժամերի համար ավելի հարմար և պահանջված ըմպելիքները։

Իր գործունեության երկու տասնամյակի ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» յուրօրինակ հարթակ է դարձել որակյալ մասնագետների պատրաստման համար՝ աշխատակիցներին ներկայացնելով միջազգային աշխատանքային մշակույթի առանձնահատկություններն ու տալով մասնագիտական աճի եզակի հնարավորություններ: Ի՞նչն եք հատկապես կարևորում Ձեր աշխատակիցներում և ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր դեռ նոր են մտնում աշխատաշուկա:
Մեր մարդիկ միշտ եղել են մեր գերագույն արժեքը։ Միայն ունենալով լավագույն մասնագետներ, իրենց գործն ու ընկերությունը սիրող ներգրավված աշխատակիցներ՝ որևէ ընկերություն կարող է առաջ շարժվել և հզորանալ։ Մեզ համար կարևոր է միևնույն ժամանակ թե մարդու արժեհամակարգը, թե սովորելու և զարգանալու ունակությունն ու ցանկությունը։ Աշխատանքի ընդունելիս հաճախ դիմորդների փափուկ հմտությունները նույնիսկ ավելի ենք կարևորում իրենց մասնագիտական հմտություններից, քանի որ վերջիններս ավելի հեշտ է զարգացնել։ Հավատում ենք, որ Հելլենիկ թիմի յուրաքանչյուր անդամ տաղանդ է, ով սեփական հմտությունները զարգացնելիս և մասնագիտական ներուժը բացահայտելիս ձգտում է արժեք ստեղծել: Մեր աշխատակիցներին օգնում ենք զարգանալ, սովորել և իրականացնել նպատակները: Ընկերությունում ակտիվորեն ներգրավված աշխատակիցները խրախուսվում են որոշումներ կայացնել, խելամտորեն ռիսկի դիմել, առաջընթացը կատարյալից գերակայել և ճկուն լինել: Իսկ այն երիտասարդներին, ովքեր նոր են մուտք գործում աշխատաշուկա, խորհուրդ կտամ լինել համարձակ և երբեք չվախենալ մարտահրավերներից, քանի որ հաճախ մենք ավելի շատ սովորում ենք մեր սխալներից, և կարևորը մեր ուժերի նկատմամբ հավատն ու քրտնաջան աշխատանքն է։

Ի վերջո, ինչպես ասում է պատմության ամենաոգեշնչող մարդկանցից մեկը՝ Նելսոն Մանդելան․ «Դու երբեք չես պարտվում․դու կամ հաղթում ես կամ սովորում»։

---