Հայաստանի ապագան տեխնոլոգիան է

Յուրի Ջորկաեֆ.

Հայաստանի ապագան տեխնոլոգիան է (վիդեո)

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի լեգենդ, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆը պատմել է Հայաստան ժամանելու նպատակի, նոր պաշտոնի, ՖԻՖԱ հիմնադրամի գործունեության մասին և ոչ միայն:
Շնորհավորում ենք ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ: Կկիսվե՞ք զգացողություններով:
Այո, վերջերս դարձա ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ է խորհելու, թե ինչպես զարգացնել ֆուտբոլը այն տեղերում, որտեղ դա բարդ է անելը, կամ որտեղ ընդհանրապես չկա ֆուտբոլ: Հիմնադրամի ծրագրերը կուղղվեն այն համայնքներին, մարդկանց և երեխաներին, որոնք, ցավոք, չունեն ֆուտբոլով զբաղվելու, կրթվելու և իրենց կյանքում հաճելի պահեր ունենալու հնարավորություն: Մենք մեծամասշտաբ միջոցառումներ ենք ծրագրում ամենուր: Եվ քանի որ ՖԻՖԱ-ն հնչեղ անուն է և հզոր կազմակերպություն, հիմնադրամն էլ պետք է լինի այդ բարձունքին: Այսպիսով՝ ներկայումս իմ աշխատանքն է գնալ այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են, ինչպես նաև այնտեղ, ուր կարծում ենք, որ մեր ներգրավվածությունն ու միջամտությունն անհրաժեշտ են:

Կպատմե՞ք որն է այս անգամ Հայաստան այցի նպատակը:
Ինչպես գիտեք՝ արդեն մեկ տարի է, ինչ հայկական Softonstructընկերության դեսպանն եմ: Այն պահից, ինչ ծանոթացա այս ընկերության սեփականատիրոջ՝ Վիգենի հետ, շատ մտերմացանք և բարեկամացանք, և ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում գալ Հայաստան, առիթը բաց չեմ թողնում՝ գալու և ներկայացնելու այդ հոյակապ ձեռնարկատիրոջն ու մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ նա անում է երկրի համար: Ինձ համար դա շատ կարևոր է: Այսօր Softconstruct-ի անունից հրավիրված եմ WCIT-ին: Անհավատալի բան է: Եվ այն, որ WCIT-ն Հայաստանում է, դա ուղղակի արտակարգ է: Ես տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու հուզմունքը: Կան շատ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, սա շատ կարևոր է, քանի որ տեխնոլոգիան է, թերևս, Հայաստանի ապագան: Հունիսին, երբ Հայաստանում էի, առիթ ունեցա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ ճամփորդության գնալու: Եղանք Վանաձորում՝ մրցանակներ հանձնելու երիտասարդ ստեղծարարներին և ձեռներեցներին:

Երևանից Վանաձոր ճանապարհը մեքենայով տևեց երկուսուկես ժամ, և նախարարն ինձ բացատրեց, թե տեխնոլոգիան ինչ կարող է տալ Հայաստանին, և թե ինչքան լավ կողմնորոշում և տաղանդ ունեն հայերը այս ոլորտում:

Նա ինձ պատմեց ամենը, և ես ինքս էլ տեսնում եմ և հիանում: Կա ապագա և կան լավ նախադրյալներ և ծրագրեր երկրի համար, երիտասարդության, Softconstruct-ի նման ընկերությունների համար, որոնք աշխատում ու զարգանում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Վերադառնամ WCIT-ին. չնայած այս ոլորտից չեմ, բայց հասարակական գործիչ եմ, և կարևորում եմ իմ՝ այստեղ ներկա գտնվելն ու ՀՀ կառավարության այսպիսի նախաձեռնություններին աջակցելը:

Ունե՞ք արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կամ գուցե կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պլաններ:
Հիմա ՖԻՖԱ-ում եմ և ՖԻՖԱ-ն շատ է աջակցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Վերջերս ՖԻՖԱ-ն ՀՖՖ-ի հետ զարգացման պայմանագիր կնքեց:

Հաջորդ 5 տարվա ընթացքում ավելի քան 50 փոքր ֆուտբոլային դաշտեր կստեղծվեն և կբարեկարգվեն: Նպատակն այն է, որ բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր Երևանում չեն բնակվում, կարողանան ֆուտբոլային դաշտ ունենալ: Այս ծրագիրը շատ հավակնոտ է, այն 90%-ով ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ի կողմից: Այն ստորագրվել է նախքան իմ նշանակումը, բայց, ես այստեղ եմ, որ այն իրագործվի և հենց այն բանի համար, որ Հայաստանը զարգանա նաև սպորտով, քանի որ հավատում եմ, որ սպորտը դարձել է զարգացումն ապահովող բավականին անհավատալի գործիք, և ՀՀ-ում անհրաժեշտ է ունենալ ավելի շատ ենթակառուցվածքներ և միջոցներ՝ հայ երիտասարդներին համախմբելու սպորտի շուրջ: Այն համախմբում է, կրթում և կապում մարդուն հասարակության հետ: Ֆուտբոլը շատ կարևոր է: Դրա համար էլ ուշադիր կհետևեմ այն ամենին, ինչ տեղի է ունենալու Հայաստանում ֆուտբոլի ոլորտում՝ անկախ նրանից, ներգրավված կլինեմ, թե՝ ոչ:

Վերջերս հրատարակվել է Ձեր մասին պատմող գրքի հայերեն տարբերակը, տեղյա՞կ եք արդյոք և ի՞նչ եք մտածում այդ մասին:
Շատ պատվաբեր է և անհավատալի, երբ նայում եմ այս գրքին, որը տեսա խանութի ցուցափեղկին, որը գրված է հայերենով և ունի հայկական հոտ: Այն ինձ հիշեցրեց, տատիկիս, ով գիտեր հայկական այբուբենը և կարդում էր հայերեն: Այսօր հայերենով գրված իմ պատմությունը տեսնելն ինձ շատ է հուզում և շոյում: Այս գիրքը շատ խորհրդանշական է և հզոր, այն ինձ է ներկայացնում: Բայց գիտեմ, որ այն նաև ասոցացվում է այլ բաների հետ, որոնք կոմերցիոն են, և որոնք ինձ համար անընդունելի են և դուրս են էթիկայի նորմերից: Գրքի առաջին երկու էջերում գովազդ տեսա, որն օգտագործում է իմ կերպարը, այն ոչ թե հորդորում էր կարդալ և սովորել, այլ հորդորում էր այլ բան, ինչը ինձ բնավ դուր չեկավ:

Ես հասարակական գործիչ եմ, և գիտեմ, որ Հայաստանում բոլորն ինձ սիրում են, ես էլ սիրում եմ բոլորին, բայց երբեմն ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարն՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով:

Այսօր գիրքը վաճառվում է և դա լավ է, բայց ուզում եմ, որ այն չօգտագործվի գովազդային նպատակներով: Գիրքը մի բան է, որ երիտասարդները պետք է կարդան և ներշնչվեն: Այնպես որ պետք է շատ զգույշ լինել, քանի որ դա նախ իմ պատկերն է, բայց նաև ամբողջ Հայաստանի: Պետք է գիտակցել, որ ամեն ինչ չէ, որ կարելի է անել:

---