Ռեստորանային ցանցերի տերերը՝ «կորոնաճգնաժամի» մասին

Ոլորտը ծանր վիճակում է.

Ռեստորանային ցանցերի տերերը՝ «կորոնաճգնաժամի» մասին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում ոչ միայն մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլև հանգեցրել է տնտեսական մեծ ճգնաժամի:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ համաճարակի հետևանքով աշխարհում աշխատանքից կզրկվի լավագույն դեպքում 5 մլն մարդ, իսկ որ ավելի հավանական է՝ 25 մլն: Բոլոր երկրները փորձում են պայքարել ճգնաժամի դեմ, սակայն ոչ բոլոր երկրներն ունեն բավարար ռեսուրսներ փրկելու ոչ միայն մարդկային կյանքերը, այլև՝ բիզնեսը:

PanARMENIAN.Net ը զրուցել է հայաստանյան ռեստորանային ամենախոշոր ցանցերի սեփականատերերի հետ՝ պարզելու, թե ինչ հետևանք կունենա ոլորտի վրա «կորոնաճգնաժամը», ինչպես են նրանք լուծում ստեղծված խնդիրները, և ինչ են անելու:

Մեր զրուցակիցներն են Margaryan Business Group-ի (Vostan, Chinar, Tsirani Home, Tsirani Garden, Hans&Franz, Alaska, Louis Charden) հիմնադիր Կարեն Մարգարյանը, Karas ազգային սննդի ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը, The Club, InVino, Tapastan սրճարանների սեփականատեր Անդրանիկ Գրիգորյանը, Asador, Wine Republic, Thaiwine Republic ռեստորանների սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը, Salon-ի, Claude Monet Yerevan-ի և Charles-ի հիմնադիր Արթուր Մարգարյանը, Coffeeshop Company, Sparta և Espress IT-ի սեփականատեր Արման Գևորգյանը:

Ինչպե՞ս եք գնահատում ճգնաժամի հեռահար բացասական ազդեցությունը ոլորտի վրա։ Արդյո՞ք շատերն են փակվելու ու սնանկանալու։
Կարեն. Այս պահին HoReCa (hotel-restaurant-cafe) ոլորտը ծանր վիճակում է, և ներկա դրությամբ ավելի երկարատև ընթացքը կհանգեցնի ոլորտի անկման առնվազն այս տարվա և հաջորդ տարեսկզբի համար։ Ոլորտում, վստահաբար, կլինեն գործարարներ, որոնք ընդհանրապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, ու քանի որ ոլորտն ինքնին ռիսկային է՝ անցանկալի զարգացումների վերականգնումը կարող է տարիներ պահանջել: Ճգնաժամը կհաղթահարեն այն ռեստորանները, որոնց բիզնես մոդելներն առավել պատրաստված կլինեն հաջորդ վերելքին, ցիկլին, կունենան անհրաժեշտ գործիքներ, տեխնոլոգիաներ, ներդրումներ ու դրամական միջոցներ:

Տիգրան. Անգամ նորմալ տնտեսական պայմաններում նոր բացվող ռեստորանների 97%-ը հաջորդող 3 տարվա ընթացքում փակվում է: Այդ մասին վկայում է միջազգային վիճակագրությունը: Հաշվի առնելով միջազգային տնտեսական ճգնաժամը` միանշանակ, շատերը ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը:

Արսեն. Ճգնաժամի անսպասելի լինելը ամենամեծ իրական խնդիրն էր, որին բախվեցինք: Մենք հետևում էինք միջազգային լրահոսին, մեր օտարերկրյա գործընկերներին, բայց միևնույն է լրջության աստիճանը իրական գնահատել հնարավոր չէր մինչ այն պահը, երբ ոլորտի վրա շատ կտրուկ զգացինք ազդեցությունը, այլ կերպ ասած՝ մինչ մեր դուռը թակեց վտանգը: Մինչ փետրվարի ավարտ մարդիկ այցելում էին ռեստորաններ, շրջանառության ծավալներն էլ բնականոնի սահմաններում էին: Առաջին դեպքի պաշտոնական հայտարարումից հետո մարդկանց հոսքը կտրուկ նվազեց, որն էլ անխուսափելիորեն ռեստորանների մոտ բերեց ռեսուրսների կտրուկ դեֆիցիտի: Ռեսուրսների բացակայությունը, ճգնաժամի ժամկետների և ծավալների հստակ գնահատելու անհնարինությունը անխուսափելիորեն կործանելու են ոլորտը՝ առանց արտաքին աջակցության։

Արման.Իրականում հետևանքները լինելու են ավելի սաստիկ և երկարատև, քան շատերը պատկերացնում են: Ցավոք, որոշների սննանկացումը լինելու է անխուսափելի:

Asador ռեստորան

Ինչ եք կարծում՝ ինչքա՞ն է ոլորտի ընդհանուր «ամրության պաշարը», և ինչքան ժամանակ կարելի է դիմանալ առանց զանգվածային սնանկացման։
Տիգրան. Քանի որ ռեստորանային ոլորտը Հայաստանում արագ զարգացող և խիստ մրցակցային է, հաստատ կարող եմ ասել, որ ոլորտի ներկայացուցիչների մեծ մասն ազատ պաշարներ չի պահում՝ գործարարները նախընտրում են ներդնել ռեսուրսները նախագծերի մեջ:

Արսեն. Վերջին 4-5 տարիների ընթացքում ոլորտի գրանցած բազմաթիվ հաջողություններից հետո, ոլորտի հաջողակ գործարարները գեներացված շահույթներն անմիջապես ներդրումներ էին նոր, առավել հետաքրքիր նախագծերում, ինչի արդյունքում այսպես կոչված ազատ տնօրինման գումարներ կամ այսպես կոչված ամրության պաշարներ ոլորտում, հիմնականում, չկան: Ի վերջո, մենք չգիտենք նաև բարձիկի այն ծավալը, որն անհրաժեշտ է այս օրերին չսնանկանալու և գոյատևելու համար, քանի որ չգիտենք՝ որքան է ձգվելու ճգնաժամը: Միևնույն ժամանակ չգիտենք բիզնեսի տրանսֆորմացիաները, որոնց այսօր դիմում ենք, ինչ հասույթ կկարողանան ապահովել, որպեսզի կարողանանք պահել ծախսերի ծավալը թույլատրելի մակարդակի վրա։

Կարեն. Եկեք չոմռանանք նաև, որ մեր ոլորտն ունի իր սեզոնայնությունը: Հայաստանում ռեստորանային բիզնեսի սեզոնն այսպես ասած տևում է 7 ամիս՝ մայիսից նոյեմբեր: Սեզոնայնությունը պայմանավորող առաջին գործոնը այն է, որ օտարերկրյա քաղաքաղիների մեծ հոսք է սկսում այդ օրերին: Բացի այդ դրսում բնակվող մեր հայրենակիցների հոսք է սկսվում: Նոյեմբեր-ապրիլ ամիսներին՝ low season-ին, մենք կարողանում ենք միայն ինքնածախսածածկման մակարդակ ապահովել: Ապրիլից սկսվում է high season-ը, որի հաշվին կարողանում ենք գումար աշխատել և նաև ծախսածածկել նախորդ ամիսները:

Արթուր. Ու քանի որ ցածր սեզոնից անմիջապես հետո սկսվեց այս ամենը, մեր ոլորտը չհասցրեց շունչ քաշել, ու կարող ենք ասել, որ ոլորտի ամրության պաշարը շատ փոքր է:

Անդրանիկ. Լավագույն դեպքում՝ չգործող ձեռնարկությունների դեպքում կբավականացնի 1-2 ամիս, ոչ ավելի։

Արման. 2 ամսից ավելի դիմակայելը գրեթե անհնար կլինիշատ տնտեսավարողների համար, քանի որ ստեղծված իրավիճակը օր օրի հանգեցնում է լիկվիդայնության խիստ անկման:

Ի՞նչ տիպի օբյեկտներն են ամենառիսկային գոտում։
Արսեն. Տարածված կարծիք կա, որ փոքր ռեստորաններն ավելի մեծ ռիսկային գոտում են այսօր, քան շուկայի մեծ խաղացողները, դա իրավացի է այնքանով, որքանով որ նրանք կախված են փոքր լոկալ հաճախորդների հոսքերից, նրանք զուրկ են բազմապիսի ֆինանսական գործիքներից օգտվելու հնարավորությունից և այլն։ Բայց եթե փոքր բիզնեսում զբաղված են հիմնականում ընտանիքի անդամները, և սովորաբար սեփական ռեսուրսներն են օգտագործվում, մեծ ռեստորանների դեպքում հաստատուն ծախսերը բավականին մեծ են ու որպես կանոն՝ գործարարները ներգրավում են բարձր վարձատրվող պրոֆեսիոնալ աշխատուժ, օգտվում են մարքեթինգային կամ խորհրդատվական ծառայություններից, մեծ վարկային բեռ ունեն և այլն: Ուստի ամեն մեկն ունի իր խնդիրները, ես կարծում եմ ՝ սխալ է դիֆերենցել օբյեկտներն ըստ տեսակների, երբ խոսքը այս օրերի ռիսկի մասին է, ամբողջ դաշտը հավասարաչափ ռիսկի տակ է:

Claude Monet Yerevan ռեստորան

Տիգրան. Ամեն դեպքում՝ այսօր ավելի մեծ ռիսկի տակ են բարձրակարգ ռեստորանները, որոնք առաջարկում են բարձր խոհանոց և բարձրակարգ սպասարկում, քանի որ նրանց ծախսերն, անխոս, ավելի շատ են: Բացի այդ, մարդկանց վարքագիծը ճգնաժամից հետո միանշանակ այլ է լինելու, մարդիկ նախընտրելու են էկոնոմ դասի ռեստորանները:

Անդրանիկ. Կարծում եմ՝ առաջին հարվածը ստանալու են ներգնա տուրիզմից կախված կազմակերպությունները, այն ռեստորանները, որոնց շրջանառության մեծ մասն ապահովում են զբոսաշրջիկները:

Արթուր. Դրանք, հիմնականում, մարզերի և տուրիստական հետաքրքրություն ներկայացնող քաղաքների կոլորիտային ռեստորաններն են:

Կարեն. Հյուրանոցների ամրագրումները մինչև հուլիս չեղարկված են ամբողջությամբ, ուստի դժվար է ասել՝ ինչ կարող ենք ակնկալել այդ առումով:

Արման. Հիմնականում ոչ ցանցային, փոքր կամ քիչ հաջողություն ունեցող պրոեկտները, որոնք ոչ ճգնաժամային իրավիճակում չունեին առանձնակի մեծ եկամուտ:

Կառավարությունը հայտարարել է բիզնեսին աջակցության մասին: Ի՞նչ եք կարծում՝ բավարարելու է հայտարարված բյուջեն ռեստորաններին, թե՝ ոչ, և ի՞նչ է պետք անել։
Արման. Կառավարության կողմից ընդունված աջակցության փաթեթների նկատմամբ Ռեստորատորների հայկական միության անդամ ռեստորատորներով մենք ունենք մեր ընդհանուր դիրքորոշումը, միանշանակ է, որ այն բավարար է միայն կարճաժամկետ խնդիրների լուծման համար: Փակված և չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը և ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել, քանի որ բոլորիս խնդրահարույց տարի է սպասվում:

Արթուր. Հայտարարված բյուջեն կարող էր բավարարել, եթե այս ամենը շատ կարճ տևեր, բայց բոլորս էլ՝ հետևելով, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանում ենք, որ բարձր սեզոնը ևս կորցված է:

Անդրանիկ. Անհրաժեշտ է ընդունել իրավիճակը որպես ֆորս-մաժոր և ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումները քննարկել գործարարների հետ: Հայաստանի շուրջ 300 ռեստորան և սրճարան համախմբող ՌՀՄ-ն ներկայացրել է իր առաջարկները պատկան մարմիններին, հիմա էլ կոչ ենք անում կրկին դիտարկել դրանք:

Vostan ռեստորան

Հետևու՞մ եք արդյոք՝ ինչ է արվում այլ երկրներում ոլորտը պահելու համար, ու ո՞ր տարբերակները մեզ ավելի համար կլինեին։
Անդրանիկ. Իհարկե, հետևում ենք միջազգային պաշտոնական լրահոսին, դրանից զատ շփվում ենք այլ երկրներում գործունեություն ծավալող մեր գործարար ընկերների հետ: Հիմնականում այդ երկրների կառավարությունը հարկային արձակուրդ է տրամադրում խոցելի ոլորտներին, ինչպես նաև ուղիղ սուբսիդավորումներ են լինում:

Տիգրան. Քանի որ մենք մասնաճյուղ ունենք ԱՄՆ-ում, այդ երկրի օրինակով, թերևս, կարող եմ ասել: Կառավարությունը $2 տրլն գումար հատկացրեց, որից 385 մլն-ն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին:

Կարեն. Իսլանդիայում բնակվող գործընկերներս ասացին, որ Կառավարությունը 3 ամսով հետաձգել է հարկերը: Իտալիայում, Խորվաթիայում վարկային արձակուրդ են տրամադրել, ՌԴ-ում 3 ամսով հետաձգվել են ապահովագրավճարները և վարձավճարները: Ֆրանսիան 45 մլրդ եվրո է հատկացրել բիզնեսի աջակցությանը: Անշուշտ, հետևում ենք՝ ինչ է կատարվում այլ երկրներում ոլորտը պահելու համար, բայց յուրաքանչյուր երկիր իր կառավարման մոդելն ունի և այն, ինչ կիրառելի է և արդյունավետ այլ երկրում, միանշանակ չէ, որ կաշխատի մեր դեպքում:

Արսեն. Տարբեր երկրներում մեր ոլորտն իր յուրահատկություններն ունի՝ սեզոնայնությունը, հոսքերը, բիզնեսի զարգացման մակարդակը և այլն։ Դրսի հաջողված օրինակը առանց ադապտացիայի մեր երկրում ներդնելը ճիշտ չէ: Մի տեղ պետությունը կապիտալ ծախսերի մեծացմամբ է օգնում, մյուսում՝ սոցիալական հատկացումներ կատարելով, հարկերը հետաձգելով, վարկային արձակուրդներ տրամադրելով: Չկա հստակ մի մոտեցում, որի կիրառումը ընդունելի է համարժեքորեն տուրիզմի, ռեստորանային և հյուանոցային բիզնեսների համար:

Ես կարծում եմ, որ միայն ոլորտի ներկայացուցիչների հետ երկխոսության մեջ մտնելով է հնարավոր գտնել միկրոլորտի համար գործող արդյունավետ գործիք: Դա, ինչ խոսք, աշխատատար է, ենթադրում է որոշակի ժամանակ և ջանք գործիքի ճիշտ ձևակերպման համար: Բայց եկեք ասենք՝ ժամանակն էլ արտառոց է, ու դասական տնտեսագիտական մոդելները այսօր չեն աշխատելու. մեր ապրած ժամանակներում նման մասշտաբի գլոբալ ճգնաժամի չենք հանդիպել:

InVino գինու բար

Հնարավո՞ր է արդյոք այս պահին կանխատեսել՝ ինչպես կփոխվի ոլորտը ճգնաժամից հետո, արդյո՞ք այն արագ կգնա առողջացման։
Արսեն. Ցավոք, անկանխատեսելիությունն այսօր մեր ամենամեծ խնդիրն է: Մենք չենք կարողանում կանխատեսել՝ որքան կձգվի և ինչ ազդեցություն կունենա այս ճգնաժամը մարդկանց եկամուտների կամ, օրինակ, տնտեսության այլ ոլորտների վրա: Մի բան միանշանակ է՝ ճգնաժամն անդրադառնալու է սպառողի վարքագծի վրա ու խնդիրը նույնիսկ ոլորտ գումար ներարկելով չի լուծվելու: Հարկավոր է վերանայել մեր բիզնես մոդելը, օպտիմիզացնել այն՝ անընդհատ փոփոխվող իրականությանը համապատասխան:

Հաշվի առնելով տուրիզմի տենդենցները, սպառողի վարքագծի հնարավոր փոփոխությունը, կանխատեսումները հուսադրող չեն, ոլորտի խոշոր խաղացողները պիտի միասին աշխատեն ու ձևավորեն սպառողի նոր վարքագիծ, տրանսֆորմացնեն իրենց բիզնեսները, ներդնեն վաճառքի նոր մեթոդներ ու ամենակարևորը չվախենան դրանք իրար հետ կիսելուց, միասին փորձելուց: Մենք միասին պիտի ձևավորենք նոր առաջարկներ, միայնակ դա անել չի հաջողվի, քանի որ խոսքը սպառողական նոր վարքագծի ձևավորման մասին է: Ավանդական մոտեցմամբ արագ վերականգնել հաստատ հնարավոր չէ:

Արման. Ամեն դեպքում միանշանակ է՝ ճգնաժամը լինելու է ավելի դաժան հենց horeca ոլորտի նկատմամբ ու, ցավոք, ոլորտի այն հատվածը, որն ավելի մեծ կախվածություն ունի տուրիզմից, դեռ երկար կգնա առողջացման։

Karas

Քանի՞ հոգի է աշխատում Ձեզ մոտ: Քանի՞սն են մնացել առանց աշխատանքի և ի՞նչ եք անում այդ խնդիրը լուծելու համար:
Արթուր. Մենք շուրջ 200 աշխատակից ունենք, ոչ ոք չի ազատվել աշխատանքից, և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի ստիպված չլինենք կրճատել, իսկ առանց պետական աջակցության դա անհնար կլինի:

Անդրանիկ. Ռեստորաններն այս պահին, ինչպես գիտեք, չեն գործում և թիմն ամբողջությամբ հարկադիր պարապուրդում է:

Արման. Ունենք ավելի քան 100 աշխատակից ցանցում, և փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի պատշաճ կերպով հաղթահարենք ճգնաժամը մեր մեծ ընտանիքով և ստիպված չլինենք փոքրացնել թիմը:

Sparta ռեստորան

Արսեն. Մեր ցանցում աշխատում է 100 ավելի աշխատակից: Այս պահին ոչ մեկ աշխատանքը չի կորցրել, աշխատակիցները հարկադիր պարապուրդում են: Բիզնեսն էլ էքսպերիմենտալ փուլում է. փորձում ենք բիզնեսի նոր մոդել ստեղծել, բանակցում ենք պետության հետ՝ հասկանալու պետությունն ինչով կարող է օգնել, արդյոք կարող ենք միասին անցնել այդ ճանապարհը՝ նոր հնարավորություններ ստեղծելով և ինչու ոչ՝ ինչ-որ տեղ ուժեղացնելով ոլորտը:

Կարեն. Հանրային սննդի ոլորտն այսօր 30 հազարից ավելի միջին և բարձր վարձատրվող աշխատատեղ է ապահովում: Միայն մեր ընկերությունում մոտ 350 գրանցված աշխատակից կա: Ընդ որում, սա այն եզակի ոլորտներից է, որ հիմնական զբաղվածություն է ապահովում նաև սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչների համար: Լիահույս եմ, որ պետական աջակցությունը չի ուշանա, հակառակ դեպքում վստահաբար ոլորտում կլինեն գործարարներ, որոնք ընդհանրապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, ինչը նախ կհանգեցնի գործազրկության աճի:

Գործունեությունը դադարեցրած բիզնեսը հետո դժվար է լինելու վերականգնել, էլ ավելի դժվար է լինելու հոգալ գործազուրկ դարձած մեր համաքաղաքացիների սոցիալական խնդիրների մասին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
---