Անսամբլի եզակի կազմի, երաժշտության շուրջ միֆերի և փողի մասին

«Օտրի տրիո».

Անսամբլի եզակի կազմի, երաժշտության շուրջ միֆերի և փողի մասին

PanARMENIAN.Net - Ալտ, ջութակ, ֆլեյտա․ նման գործիքների համադրությամբ աշխարհում գործող եզակի անսամբլը՝ հայկական «Օտրի Տրիոն», արդեն 4 տարեկան է։ Ասում են՝ երաժիշտների մոտ սիրո արտահայտչամիջոցներից նրբագույնն իրար հետ նվագելու առաջարկն է։ Աղջիկները տարիներ շարունակ միասին նվագել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում։ Մի օր նրանցից մեկի առաջարկով նվագել են միասին, և այնքան են հավանել, որ տրիո են դարձել:

PanARMENIAN.Net ը ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանի, այլտահար Արևիկ Կոսյանի ու ջութակահար Անժելա Հովհաննիսյանի հետ զրուցել է հայ և օտարազգի հանդիսատեսների տարբերության, դասական երաժշտության շուրջ առկա միֆերի, կորոնավիրուսի ստեղծած դժվարությունների մասին։

Տրիոյի մասին

Գործիքների համադրությունն աշխարհում այնքան հազվադեպ է, որ դրանց համար գրված ստեղծագործություններն էլ են շատ քիչ։ Անժելան դրա համար այլ աշխատանքներից փոխադրումներ է անում և դրանք հարմարեցնում ալտին, ջութակին և ֆլեյտային։

Ձախից՝ աջ. Արևիկը, Անժելան ու Ռուզաննան

Տրիոն ուսուցողական ծրագիր ունի դպրոցականների համար․ մեթոդաբանության հիմնական նպատակը երեխաներին ցույց տալն է, որ դասական երաժշտությունը ձանձրալի չէ։ Դասավանդման հիմքում այն նրբություններն են, որոնք ժամանակին ուսանելիս իրենց դուր են եկել, կամ՝ ոչ:

Երաժշտի համար իր գործիքը սրբություն է

Մարդիկ չեն պատկերացնում, թե երաժշտական գործիքներն ինչքան թանկ կարող են լինել, և հատկապես եթե ֆինանսը թույլ է տալիս, կարելի է միշտ ավելի լավը գնել․ «Ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի համար իր գործիքը սրբություն է ու սանդղակ չկա՝ այ այս մի գործիքը գտանք, գնեցինք ու դա ամենալավն է։ Միշտ լավից լավը կա, կա գործիք, որն արժե 40,000 եվրո, կա 2 մլն դոլարանոց գործիք, և կա գործիք, որն ընդհանրապես չի վաճառվում»,- անկեղծանում է Արևիկը։

Ասում է՝ երբ փոքր էր, գործիքներից մեկը գնելու համար հայրը նույնիսկ ստիպված է եղել վաճառել մեքենան։

Երաժշտությամբ զբաղվում են մարդիկ, որոնք չեն կարող չզբաղվել

Հարց․ արդյոք կարո՞ղ է երաժիշտը վաստակել ըստ անհրաժեշտի, օգտվել «կողմնակի բարիքներից»։

Ռուզաննայի խոսքով՝ մարդ, երբ ընտրում է արվեստը/երաժշտությունը, միանշանակ գիտակցում է, որ համարյա նվիրյալի նման պետք է աշխատի, գիտի, որ հոնորարը չի կարող համենամտել այլ ավելի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտության եկամտի հետ․ «Դու այնքան ես սիրում քո աշխատանքը, որ կարողանում ես հոգալ ծախսերդ ու այդքանով բավարարվում ես»։

Արևիկը հումորով ասում է՝ միայն երաժիշտը 50,000 դոլարանոց գործիքը կդնի 5000 դոլարանոց մեքենայի մեջ և կքշի 500 կմ, որպեսզի վաստակի 50 դոլար․ «Ու, առհասարակ, գրեթե ամեն տեղ է այդպես, ուղղակի եթե զբաղվում ես քո սիրած գործով ու զգում ես, որ արդեն քոնն է, գումար վաստակելու պահը երկրորդական է դառնում»։

Անժելան էլ նկատում է՝ երաժշտությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր չեն կարող չզբաղվել․ «Երեքս էլ իսկապես նվիրված ենք երաժշտությանը․․․ իսկ գումարային առումով քեզանից էլ է կախված, տարբեր համերգներ կան, բայց բոլորը մեկ փոր ունեն, մեկ հաց են ուտում և մեկ օր են ապրում»։

Միֆերն ու դասականը

Ամենամեծ միֆերից է, որ դասական երաժշտություն լսում են միայն տարիքով մարդիկ։ Այս միֆի կրողները, Արևիկի խոսքով՝ եթե գնային համերգների, կտեսնեին՝ ինչքան շատ երիտասարդներ են ներկա: Ասում է՝ նրանք նույնիսկ իրենց սիրած համերգային ծրագրերն ունեն, լինում է՝ դեռ չորս ամիս առաջ տոմս են գնում։

Միֆ է նաև, որ դասական երաժիշտները «մի փոքր ցնորված են, ոնց որ այս աշխարհից չլինեն, անջատված, օդերով ման եկող»։ Արևիկը վստահեցնում է՝ մեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալուց մարդիկ հասկանում են, որ չէ, նորմալ էլ, մարդ ենք (ծիծաղում է-խմբ․)։

Ասում են՝ միֆ է նաև, որ դասական երաժիշտները միայն դասական երաժշտություն են լսում։ Աղջիկների փլեյլիստը խայտաբղետ է տարբեր ժանրերի երգերով ու երաժշտությամբ։

Երբ բեմում ենք՝ ստեղծագործության մեջ ենք

«Այդքան չենք կենտրոնանում դահլիճի վրա․ եթե բեմում ենք, մենք այդ ստեղծագործության մեջ ենք, ու կատարում ենք»,- նշում է Արևիկը։

Ռուզաննան ժպիտով ընդհատում է․ «Երբեմն, բացի այն, որ միշտ կենտրոնացած ես, հնարավոր է նվագելու ժամանակ շատ կենցաղային բան հիշես ու ինքդ քեզ համոզես, թե «հիմա մի հիշիր»։

Պարզվում է՝ մի անգամ տրիոյի ելույթի ժամանակ Ռուզաննան սպասել է, որ դադարից հետո ճիշտ ժամանակին «մտնի» ֆլեյտան, շեղվել է կենցաղային դրվագի վրա, հետո նկատել, որ ստեղծագործությունն արդեն վերջացել է։

Վատ կամ լավ ունկնդիր չկա

Անժելան պնդում է՝ վատ կամ լավ ունկնդիր չկա․ «Եթե կարողանում ես հետաքրքրել դիմացինին, նա քեզ լսում է, ուրիշ բան է խառնվածքը»։

Ռուզաննան ասում է՝ ունկնդիրը տարբեր է, ազգությունն էլ կապ ունի, օրինակ՝ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, գերմանացին՝ լուռ․ «Դահլիճում այնպիսի լռություն է, որ եթե այդ պահին դահլիճում մոծակը տզզա, մենք կլսենք, գիտեք՝ նույնիսկ շարժում չկա»։

Ասում են՝ ճիշտ է՝ հաճելի է, երբ բոլորը կլանված լսում են կատարումդ, բայց հայ հանդիսատեսից այնքան հարազատություն են զգում։

«Հայ հանդիսատեսն ուրիշ կատեգորիա է, որովհետև ամենախիստ դատողը, ամենաջերմը, ամենաիսկական էմոցիաներ արտահայտողը նա է։ Կարող է փոքրիկ ֆրազա լավ նվագես, նա քեզ այնքան ջերմություն, թևեր կտա, որ...»,- նկարագրում է Անժելան։

Համաճարակը՝ երաժիշտների համար փնտրտուքների և ռեալիզացման շրջան

Ռուզաննան ասում է՝ համաճարակի պատճառով շատ բարդ շրջան է նաև բոլոր երաժիշտների համար՝ փորձում են օնլայն լուծումներ գտնել։ Թեև առցանց համերգները և պարապմունքները երբեք չեն փոխարինի օֆլայնին, «հիմա փնտրտուքների և ռեալիզացման ժամանակ է»։

Zoom-ով օնլայն համերգ են ունեցել։ Երեքով մի վայրում են եղել: Բայց միաժամանակ երեքով տարբեր վայրերից ուղիղ կապով նվագել հնարավոր չէ. ձայնն ուշ է գալիս, իսկ միլիվայրկյաններն ու անգամ շունչը որոշիչ են։

«Երբ երեքով նույնիսկ մի սենյակից նվագում ենք, էլի խնդիրեր են լինում, օրինակ՝ բալանսի, հայտնի հավելվածները ադապտացված չեն համերգների համար»,- բացատրում է Անժելան։

Այնուամենայնիվ, համաճարակի ընթացքում աղջիկները, անվտանգության կանոնները պահելով, հասցրել են երկու նոր ստեղծագործություն ձայնագրել։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net