Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում

Արտակ Հանեսյան.

Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույց է տվել Global Finance պարբերականին՝ նշելով, որ աշխարհաքաղաքական լարվածության և շուկայի անկայունության բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները։
1. Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:
Ամերիաբանկը վերջին տարիներին կայուն հաջողություններ է գրանցում: Աշխարհաքաղաքական լարվածությամբ և շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները: Մեր հաջողությունը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում և ապագայի հստակ տեսլական:

ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:

2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ) պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։ Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին: Չնայած անորոշ արտաքին պայմաններին ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:

2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը: Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:

Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին: Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։

2. Բանկի հիմնական դիրքերը պաշտպանելու համար կիրառվե՞լ են արդյոք որևէ հատուկ միջոցներ կամ գործիքներ:
Ամերիաբանկը մշտապես հետևել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական և ինստիտուցիոնալ փորձին: Եվ դա կարևոր է բանկի հիմնական դիրքերը և հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով և ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաև փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին և գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաև միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ և ԱԶԲ): Ամերիաբանկը կարևորում է էթիկայի ամենաբարձր ստանդարտների և միջազգային պահանջների պահպանումը, ինչը դարձել է բանկի գործունեության բնորոշ հատկանիշը:

Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:

3.Շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը վերջին տարիներին էլ ավելի կարևոր են դարձել: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել որպեսզի կազմակերպությունը կարողանա ապահովել իր պարտականությունների կատարումը նշված ոլորտներում: Բախվել եք արդյո՞ք կոնկրետ մարտահրավերների, և եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ընդհանուր գաղափարներին մեր հանձնառությունը մշտապես եղել է երկարաժամկետ զարգացման մեր անկյունաքարերից: Էկոլոգիապես կայուն զարգացման կերտումըմեր մոլորակը և գալիք սերունդներին պաշտպանող ապագայի ապահովմանն ուղղված ներդրումները պահանջումեն, որ ֆինանսական հաստատությունները առանցքային դեր ստանձնեն այդ գործում: Ամերիայում մենք պատասխանատու գործելակերպ ենք ներդրել և ներդրումային որոշումների կայացման ժամանակ հետևողականորեն առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես կայուն զարգացմանը: Կանաչ ներդրումները, վերականգնվող էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև` հնարավորություն, որն Ամերիան մտադիր է լիարժեք օգտագործել: Դեռևս 2020թ. մենք հանդես եկանք որպես կանաչ պարտատոմսերի առաջին թողարկողը Հայաստանում և շարունակում ենք կարևորել բանկի կանաչ ակտիվների պորտֆելի հետագա ընդլայնումը։

Որպես Հայաստանի առաջատար բանկ մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։

4. Հաշվի առնելով նշված խնդիրները, ինչպես նաև արհեստական բանականության, թվային արժույթների և նմանատիպ այլ հանգամանքների ազդեցության ներքո փոփոխվող միջավայրը, ի՞նչ աշխատանք եք կատարել կազմակերպությունն ապագա մարտահրավերներից պաշտպանելու և հաճախորդներին հետագայում նույնպես բարձրորակ պրոդուկտներ առաջարկելու համար:
Բանկի բոլոր մակարդակներում մեր մտահորիզոնը և ստեղծագործական մոտեցումն ապահովել են փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն: Մենք եղել ենք տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը` ապահովելով ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման 69% գործակից և կանխիկ գործառնությունների բեռնաթափման 84% ցուցանիշ ինչը վկայում է մեր ռազմավարական զարգացման նշանակալի հաջողությունների մասին:

Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին: Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար:

---