30 հունիսի 2006 - 18:45 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կիրո Մանոյան.
Եթե Թուրքիան չեզոք դիրք գրավի Ղարաբաղի հարցում, Ադրբեջանը կպարտվի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարաությունը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ստամբուլ կատարած այցի շուրջ բարձրացած աղմուկը բազմաթիվ մեկանաբանությունների տեղիք տվեցին: G8-ի գագաթնաժողովի նախաշեմին շահագրգիռ կողմերի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայանգրի ստորագրման հնարավորությանը: Իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` արված ԵԱՀԿ Մշտական խորհրդի ժամանակ հունիսի 22-ին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հաստատեց, որ ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը պատահական չէր: Հայտարարությունը խթան հանդիսացավ Ղարաբաղյան հարցի հասարակական քննարկման համար, հատկապես Ադրբեջանում: Սակայն համոզվածություն չկա, որ այդ քննարկումները ազդակ կարող են հանդիսանալ նոր բանակցություննրի համար: Կողմերի վրա իրոք ճնշում է գործադրվում, բայց Իլհամ Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում են գործադրում, քան Ռոբերտ Քոչարյանի վրա: Ինչը, սակայն չի նշանակում, որ դա դրական ճնշում է: Տվյալ դեպքում Ալիեւին զսպող գործոն է հանդիսանում նավթը: Սակայն, սկզբունքորեն, դժվար է ենթադրել, որ նա կարող է ինչ-որ համաձայնագիր ստորագրել, քանի որ անմիջապես կկորցնի իշխանությունը: Իսկ Ադրբեջանի ապակայունացումը տարածաշրջանի եւ հակամարտության կարգավորման համար ոչ մի լավ բանի չի բերի: Ես կարծում եմ, որ G8-ի գագաթնաժողովին Իլհամ Ալիեւին պետք է հստակ հարց տան, որին նա պետք է պատասխանի: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ Ադրբեջանը չպետք է շատ հույս դնի Թուրքիայի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Եթե Թուրքիան չեզոք դիրքորոշում ընդունի այս հարցում, ապա Ադրբեջանը պարտված է: Արեւմուտքը ներկա դրությամբ պետք է համոզի Թուրքիային, որ Հայաստանի նկատամամբ իր դիրքորոշումը որեւէ դրական աչրդյունք չի տալիս եւ չի էլ տա, եթե Թուրքիան իրոք ձգտում է դառնալ տարածաշրջանային տերություն:
Ինչպե՞ս կարելի է գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Ստամբուլի դատախազության կողմից քրեական գործի հարուցումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II -ի դեմ անհնարին է քրեական գործ հարուցել, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ գոյություն չունի որեւէ համաձայնագիր, ըստ որի, նա կարող է դատին հանձնվել: Թուրքիայի որոշ քաղաքական շրջաններ գնդացիրից ճնճուղկների են կրակում, սակայն դրանից, որպես օրենք, ոչինչ չի ստացվում: Թուրքական մամուլում հայտնվել են Կոստանդնուպոլսի պատրիարքի այն հայտարարության մեկնաբանությունները, որում «նա չի կիսում Գարեգին II-ի կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»: Արքեպիսկոպոսը չէր կարող այլ կերպ վարվել: Մութաֆյանի հայտարարությունը այն մասին, որ այդ հարցը պետք է դիտարկվի պատմաբանների եւ հասարակական գործիչների կողմից, հաստատում է, որ Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը չի կիսում նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը:
Ի՞նչը կարող է կանգնեցնել Թուրքիայի` ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունները:
Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի համար հիմնական վտանգը Կիպրոսի պահանջն է`բացել Կիպրոսի նավահանգիստներն ու օդային ճանապարհները հունական նավերի եւ ինքնաթիռների համար: Երկրորդ վտանգը օրենսդրության մեջ ընթացող բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մինչեւ հիմա չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Նույնսիկ այն փոփոխությունները, որոնք մինչեւ հիմա արվել են Թուրքիայի Քրեական Օրենսգրքում, հեռու են եվրոպական պահանջներից: Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցությունը առավել շատ է շահագրգռված Թուրքիայի եվրաինտեգրման մեջ: Բայց անկախ նրանից, թե Էրդողանը կլինի նախագահ թե ոչ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման հարցը կմնա օրակարգում: Եւ եթե Թուրքիան բացի սահմանները Հայաստանի հետ, ապա Ադրբեջանը կմնա առանց աջակցության Լեռնային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: