Հայկե Ռենատե Փայչ.

Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո

PanARMENIAN.Net - Գերմանիան կարեւոր տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Երկկողմանի հարաբերությունների զարգացմանն աջակցում են բավական հաճախ եւ սերտ շփումները ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում: Գերմանիան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագորման հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ, լինելով ԵՄ նախագահ երկիր, շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:
Գերմանիան այսօր նախագահում է ԵՄ-ում: Ինչպիսի՞ն է ԵՄ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ արդյո՞ք Դուք ԵԱՀԿ Մինկսի խմբի ձեւաչափը արդյունավետ եք համարում:

ԵՄ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է. ԵԱՀԿ ՄԽ-ն հանդիսանում է բանակցությունների անցկացման միակ ձեւաչափը: Եվրամիությունը այդ հարցում հիմնվում է ԵԱՀԿ որոշումների վրա: Մենք դեմ ենք Ղարաբաղի հարցի տեղափոխմանը այլ միջազգային կազմակերպություններ: Միայն ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է աջակցել խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով: Միայն ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է ապահովել հակամարտության խաղաղ կարգավորումը:

Ըստ Ձեզ, ինչպե՞ս է իրականացվում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:

Հենց Գերմանիան է միշտ աջակցել եւ օգնել Հայաստին եվրաինտեգրման ճանապարհին: Դա վերաբերվում է ինչպես Եվրոպական հարեւանության քաղաքականությանը, այնպես էլ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (ԱԳԳԾ): Ինչպես հիշում եք, 2006 թվականի նոյեմբերին ստորագրվել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը: Մենք աջակցություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին: Գերմանիան իր հերթին միշտ հետաքրքրված է եղել Հայաստանի մեջ, որը ճիշտ ուղու վրա է գտնվում ժողովրդավարական հանրության կառուցման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Այդ սկզբունքների պահպանումը մտնում է այն պարտավորությունների մեջ, որոնք իր վրա վերցրել է Հայաստանը Եվրոպայի Խորհուրդ մտնելիս: Մենք հետեում ենք այդ պարտավորությունների կատարմանը, ինչից կախված է ձեր երկրի հետագա համագործակցությունը եվրակառույցների հետ: Խորհրդարանական ընտրութունները իրոք առաջընթաց էին եւ ընդհանուր առմամբ դրանք համապատասխանում էին ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի չափանիշներին: Սակայն նաեւ խախտումներ եղան, որոնք, ինչպես հուսով ենք մենք, չեն կրկնվի 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ազնիվ եւ արդար ընտրություններն առաջին հերթին պետք են Հայաստանին, եւ դրանց պետք է արդեն այսօր պատրաստվել: Ինչպես մեր մոտ են ասում «ընտրություններից հետո-ընտրություններից առաջ»:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը:

Վերջին տարիներին հայ-գերմանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակով են ներկայացվել: Ես ցանկանում եմ նշել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունները Գերմանիա, փետրվարին արտգործնախարար Շտեյնմայերի այցելությունը Երեւան: Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո: Մեր երկրները ակտիվորեն համագործակցում են քաղաքական եւ տնտեսական բնագավառներում. դա հանդիսանում է Գերմանիայի կառավարության քաղաքականությունը: Ես էլ չեմ խոսում մշակութային համագործակցության մասին. ցուցահանդեսներ, համերգներ, գերմանական ֆիլմերի ցուցադրություն: Ես վստահ եմ, որ հետագայում Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները կզարգանան վերընթաց:

Դուք ավարտում եք դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպիսի՞ զգացմունքներով եք մեկնում Հայաստանից:

Ես անցկացրել եմ 3 հագեցած եւ հետաքրքիր տարի: Հայ ժողովուրդն իրոք արժանի է եվրոպական արժեքները կիսող, զարգացած ժողովրդավարական հասարակությունում ապրել:

Իսկ ի՞նչն եք ամենից շատ հավանել Հայաստանում:

Մարդկանց:
---