Խաչիկ Տեր-Ղուկասյան.

Եթե Թուրքիան իրագործի այն, ինչ մտադրվել է, Հայաստանը լիովին կմեկուսացվի աշխարհից

PanARMENIAN.Net - Իրադարձությունները Մեծ Մերձավոր Արեւելքում կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ ազդել Հայաստանի հետագա հարաբերությունների վրա Թուրքիայի եւ Իրանի հետ: Տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերում ԱՄՆ-ն է, որը շահագրգռված է, որ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը կայուն լինեն: Քիչ դեր չի կատարում նաեւ ԱՄՆ-ի ցանկությունը լիովին դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից: Տարածաշրջանում զարգացումների եւ Հայաստանի համար հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Համաշխարհային հանրությունը մեծապես կարեւորում է Մերձավոր Արեւելքում, ավելի ճիշտ Մեծ Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունները: Ինչպե՞ս եք գնահատում այժմյան իրավիճակը:

Մեծ Մերձավոր Արեւելքը մեծապես հետաքրքրում է Վաշինգտոնին: Հատկապես դա վերաբերվում է կովկասյան տարածաշրջանին: ԱՄՆ-ում հիանալի հասկանում են, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում այդ առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի անկայունությունը կուժգնանա, իսկ Վաշինգտոնին «կայունության աղեղ է» պետք Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով: Առաջին հերթին, դա վերաբերում է նավթի դերակատարմանը կայունության ապահովման գործում: ԱՄՆ-ն հանդես է գալիս համագործակցության օգտին, սակայն իրավիճակը Մերձավոր Արեւելքում շատ լարված է, եթե չասենք պայթյունավտանգ: Ճիշտ է, Վաշինգտոնում մտադիր են բարելավել հարաբերություններն Իրանի հետ:

Սակայն որոշակի դժվարություններ կարող են առաջացնել ներքին զարգացումները Կովկասում եւ, մասնավորապես, տարածաշրջանի երկրների սեփական քաղաքականությունը: Միանգամայն հնարավոր է, որ Մերձավոր Արեւելքի քարտեզը կարող է փոխվել, ամեն դեպքում, դրա նախադրյալները կան: ԱՄՆ-ն մտադիր է «մեղմորեն» մասնատել Իրաքը, անկախ Քրդստան ստեղծել: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ ԱՄՆ-ի ներկայությունն Իրաքում չի թուլացնում լարվածությունը: Սակայն, ցավոք, ներկայումս արաբական աշխարհում չկա ոչ քաղաքական, ոչ մտավոր այն ուժը, որը կարող է փոխել իրավիճակը:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ԱՄՆ-ի համար ներկայումս գնալով առավել արդիական է դառնում: Կկարողանա՞ արդյոք Վաշինգտոնը հասնել դրան:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ներկայումս միտված է Հյուսիսային Իրաք, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանն, ինչը ներառում է հաղորդակցությունների զարգացում եւ ռազմական-ռազմավարական համագործակցություն: Եթե Թուրքիայի պլանները իրականություն դառնան, Հայաստանն ամբողջովին կմեկուսացվի աշխարհից: Որքան էլ տարօրինակ հնչի, դա ձեռնատու չէ ԱՄՆ-ին, որը պնդում է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Սակայն հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների վտանգավոր միտում է: Թուրքիան չի բացում սահմանը քաղաքական պատճառներով` ղարաբաղյան հակամարտություն, Հայոց ցեղասպանություն եւ մինչ այժմ Հայաստանի հետ հստակ սահմանի բացակայություն: Սահմանների սահմանազատման համար միակ իրավական հիմք կարող է ծառայել Սեւրի պայմանագիրը: Սեւրից հետո ստորագրված ոչ մի պայմանագիր` ոչ Կարսի պայմանագիրը, ոչ Մոսկվայինը իրավական ուժ չունեն, քանի որ այդ փաստաթղթերը ստորագրած երկրները դադարել են լինել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ինչպես հիշում եք, Սեւրի պայմանագիրը ստորագրված է 1920 թվականի օգոստոսի 10-ին: Ըստ պայմանագրի, անկախ Հայաստանի հետ սահմանները պետք է հաստատվեն չեզոք միջնորդի, այսինքն ԱՄՆ-ի կողմից:

Միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ Թուրքիան եղել է եւ մնում է ամենամեծ վտանգը հայ ժողովրդի համար: Այդ տեսակետը պետք է ընդունի ողջ ազգը` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ սփյուռքում: Մյուս կողմից, սահմանի բացումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Դրա օրինակն է Վրաստանը, որտեղ էժան թուրքական ապրանքի հոսքի արդյունքում տեղական արդյունաբերությունն ուղղակի ոչնչացավ: Բնական է, հայկական էկոնոմիկան չի կարող մրցել թուրքականի հետ, սակայն, գոնե, ելք կունենանք դեպի աշխարհ: Ճիշտ է, մենք դեռեւս պատրաստ չենք կյանքի կոչել այն սցենարը, որը մեզ կառաջարկեն:

Իրանի հետ Հայաստանի կապերը վաղեմի են եւ բարեկամական»: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս վիճակը:

Եթե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջանա Հյուսիսային Իրաքի պատճառով, եւ հանկարծ ջերմանան հարաբերություններն Իրանի հետ, Հայաստանի համար դա լավագույն սցենարը կլինի: Փաստորեն, իրադարձությունների նման շրջադարձի դեպքում Ռուսաստանի ներկայությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր պարտադիր չի լինի: Մենք պետք է խորացնենք հարաբերություններն Իրանի հետ:

Իրանը փոքրամասնություն է կազմում իսլամական աշխարհում, քանի որ իրանցիները շիա մահմեդականներ են: Հենց Իրանն է պոտենցիալ տարածաշրջանային տերությունը: Կհայտնվի՞ արդյոք Վաշինգտոնում այն քաղաքական ուժը, որը կկարողանա Իրանի հետ երկխոսություն վարել որպես հավասարի հետ: Սա է մերձավորարեւելյան խնդրի մեխը: Ինչպես կպահպանվի բալանսը սունիների (Ալ-Քաիդա) եւ շիաների միջեւ, ինչպես կլուծվի Լիբանանի խնդիրը` այս հարցրեն են, որ հստակ պատասխան են պահանջում: Սակայն բոլոր պայմաններում, Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ պետք է զերծ մնան տարածաշրջանում հնարավոր բոլոր ցնցումներից:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւին աջակցում են արդեն 220 կոնգրեսականներ: Ի՞նչ եք կարծում, բանաձեւը կդրվի քվեարկության:

ԱՄՆ-ի կառավարությունը կօգտագործի 106-րդ բանաձեւն որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: Պայքարը հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ եւ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են արագացնել որոշման կայացումը, կարող են նաեւ հետաձգել այն: Եթե Վաշինգտոնն իրոք շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում, նա ճնշում կգործադրի Անկարայի վրա հենց այդ բանաձեւի միջոցով: Ինչ վերաբերում է այն արտահայտություններին թե 106-րդ բանաձեւի ընդունումը հարկավոր է ԱՄՆ-ի հայկական համայնքին, ես համոզված եմ, որ Հայաստանի եւ սփյուռքի տարանջատումը Հայոց ցեղասպանությոն հարցում վտանգավոր է եւ անբարոյական:

Արգենտինան պատկանում է այն երկրների թվին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Որքանո՞վ է ազդեցիկ Արգենտինայի հայ համայնքի աշխատանքը:

Արգենտինան աշխարհում երկրորդ երկիրն է Ֆրանսիայից հետո, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է օրենսդրական մակարդակով: Բուենոս Այրեսի պետական դպրոցներում Ցեղասպանության պատմությունը պարտադիր առարկա է: «Հայ Դատի» արգենտինյան բաժանմունքը դասագիրք է նախապատրաստել, սեմինարներ է անցկացնում դպրոցների ուսուցիչների համար: Ես պետք է նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է նաեւ Վենեսուելայում, որն ընդհանուր առմամբ հեռու է Հարավային Ամերիկայի մյուս երկրներից: Անցյալ դարի 80-ական թվականներին Արգենտինայի եւ հարավամերիկյան այլ երկրների հայերը դուրս եկան այսպես կոչված «գետտոյից» եւ սկսեցին ինտեգրվել հանրությանը: Մենք դարձանք այն երկրների մասը, որոնք ապաստան էին տվել մեզ: Հենց այդ ճանապարհով է պետք գնալ, եւ լավագույն օրինակ է մեզ ծառայում Ֆրանսիայի հայ համայնքը:

Նշեմ, որ հուլիսի 21-ին կկայանա Եվրախորհրդարանի նմանությամբ ստեղծված Հարավամերիկյան խորհրդարանի առաջին նիստը: Երեք պետություններ` Արգենտինան, Բրազիլիան եւ Ուրուգվայը պայմանավորվել են ստեղծել այդ կառույցը մայրաքաղաք ընտրելով Մոնտեվիդեոն: Մեր աշխատանքը համակարգված կդառնա, եւ այժմ մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ:
---