Շահան Քանդահարյան.Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը արժանի է ընդօրինակման10 դեկտեմբերի 2007 PanARMENIAN.Net - Լիբանանյան իրադարձությունները միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց Լիբանանում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայ համայնքը: Լիբանանի հայերը, որոնք ապաստանել են այդ երկրում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել են այդ երկրի լիիրավ քաղաքացիները եւ կիսում են նրա հետ բոլոր դժվարություններն ու արհավիրքները: Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ինչպիսի՞ն է Լիբանանի ներքաղաքական իրավիճակն այսօրվա դրությամբ: Հարցը կապված է նախագահի թափուր պաշտոնի հետ, ինչը կարող է սրել իրավիճակը: Այնուամենայնիվ, ճգնաժամը շատ ավելի խորն է եւ պայմանավորված է արտաքին ուժերի ազդեցությամբ: Լիբանանի ներքաղաքական խճանկարն ինքնին բավականին բարդ է, առավել եւս, եթե հաշվի առնենք քաղաքական համակարգի դյուրաբեկությունը, որը կառուցված է միջհամայնքային փոխըմբռնման վրա: Լիբանանի պետական ամեն մի հաստատություն, հիմնարկ եւ կառավարելի օղակ հիմնված է համայնքային իրավունքների հասկացողությունից բխած չափաբաժինները հարգելու սկզբունքի վրա: Ուրեմն պետք է պատկերացնել թե որքան միջհամայնքային փոխըմբռնման զգացումների վրա կարող է հենված լինել ամբողջ պետական-քաղաքական համակարգը: Այս ամենը քաղաքական շարժումներ է ստեղծում, մանավանդ, երբ ակտիվ է արտաքին միջամտության գործոնը: Այսօր լիբանանյան խնդիրը առավել միջազգայնացված է: Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի արտգործնախարարները կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները լիբանանյան կողմի հրավերներին չեն սպասում, Բեյրութ այցելելու համար, որտեղ տիրում է աննախադեպ միջդիվանագիտական եռուզեռ: Լիբանանը միջազգային քաղաքական բաց տարածք լինելու տպավորություն է թողնում: Բարեբախտաբար, համընդհանուր է բախումնային իրավիճակները կանխելու մտադրությունը: Այս մասին են վկայում լիբանանյան հակադիր կողմերի հայտարարությունները: Ի՞նչ եք կարծում, երկրի նախագահը կընտրվի մոտ ապագայում: Միջնորդական դիվանագիտական առաքելությունների հետ միասին վերջին օրերին աշխուժացան նաեւ բանակցությունները ներլիբանանյան կողմերի միջեւ: Նախագահի ընտրության համար նախատեսված նիստը հետաձգվում է արդեն 7-րդ անգամ: Պատճառը պարզ է. երբ չկա բազմակողմանի համաձայնություն նախագահի անձի շուրջ, նիստը չի կարող օրինական սկիզբ ունենալ: Առավել եւս, որ իշխանամետ խումբը հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ Միշել Սուլեյմանին որպես միասնական թեկնածուի սատարելու մասին: Ըստ Սահմանադրության, պատգամավորների երկու երրորդի ներկայությունն անհրաժեշտ է հատուկ խորհրդարանական նիստը բացելու համար: Բացի իրավական հարցերից կան նաեւ քաղաքական խնդիրներ: Գործող կառավարությունը օրինական ճանաչում չուներ նախագահի կողմից: Կա ընդդիմադիր որոշակի հատված, որը նույնպես խնդրահարույց է դարձնում գործող կառավարության օրինականությունը: Կազմալուծված է սահմանադրական խորհուրդը. հետեւաբար չի գործում երկրի պետական այս կամ այն հաստատությունը օրինական կամ սահմանադրական ճանաչող մեխանիզմը: Մեկնաբանություններն այս առումով զուտ քաղաքականացված են: Խորհրդարանը նախկան բանակի հրամանատարին երկրի նախագահ ընտրելը պետք է սահմանադրական բաերփոխում կատարի: Սահմանադրական բարեփոխման նախագիծն, ըստ իշխանամետ ուժերի, պետք է հաստատվի գործող կառավարության կողմից, իսկ ըստ խորհրդարանի նախագահի, պետք է դրվի ուղղակի խորհրդարանի նիստին: Այս պարագայի համար եւս չկա սահմանադրական մեխանիզմ: Ինչ վերաբերում է քաղաքական համաձայնությանը, որը ճանապարհ է հարթում հարցերի օրինական լուծման համար, ընդդիմադիր շրջանակները արծարծում են փաթեթային համաձայնության անհրաժեշտությունը: Պարզ է, որ նորընտիր նախագահը, խորհրդարանականների հետ պետք է խորհրդակցություն նշանակի վարչապետի եւ նրան աջակցող կառավարության հետ: Ինչպիսի՞ն է Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը: Անդրադառնալով լիբանանահայերի դիրքորոշմանը, պետք է ի նկատի ունենալ, որ այստեղ գործում են երեք քաղաքական կուսակցություններ` ՀՅԴ-ն, Ռամկավար-ազատական եւ Հնչակյան կուսակցությունները: Կուսակցությունները տարբեր ուղեգծեր եւ մոտեցումներ ունեն: Սակայն ամեն անգամ, երբ Լիբանանի քաղաքական մակարդակով միջհամայնքային երկխոսության եւ քննարկման միջավայրում հայության անունից ներկայանալու անհրաժեշտություն է առաջանում, երեք կուսակցությունները ազգային-քաղաքական խոհեմություն են ցուցաբերում եւ ներկայանում են միացյալ պատվիրակությամբ, այդպիսով կանխելով հայության քաղաքական շրջանակներում պառակտման երեւույթների շահարկման փորձերը: Լիբանանահայության քաղաքական կեցվածքը ողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում օրինակելի է եղել այն առումով, որ մերժվել է ներքաշումը ներլիբանանյան բախումներում եւ միշտ կամուրջի դեր է կատարել ներլիբանանյան կողմերի միջեւ երկխոսության հող պատրաստելու եւ խաղաղ բանակցային գործընթաց կազմակերպելու առումով: Չնայած որ այսօր բախումնային ապահով վիճակում չենք գտնվում, այսուհանդերձ Լիբանանի քաղաքական դաշտը անմիաբան է, բավական լարված եւ ըստ էության նույնիսկ փակուղային: Այս բեւեռացած մթնոլորտի մեջ լիբանանահայության մասին լիբանանյան տարբեր կողմեր ասում են, թե անկախ որոշակի տարակարծություններից հայ քաղաքական կուսակցությունները գիտեն գերադասել լիբանանյան հայրենիքի շահերը: Էլ չեմ խոսում համահայկական կարեւորություն ունեցող խնդիրներում լիբանանահայերի միասնության մասին, որոնք բազմիցս են դրսեւորվել` ցեղասպանության, ղարաբաղյան հիմնախնդրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների, թուրքական գործոնին հակազդելու հարցերում եւ այլն: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական գործոնի դերը Լիբանանում: Մերձավոր Արեւելքում նկատվում է թուրքական գործոնի ակտիվացում: Վերջերս Լիբանան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Չմոռանանք, որ Թուրքիան իրեն առաջադրել էր մաս կազմելու համար ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ զորամիավորումներին, որոնք նախանցյալ ամառ Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմից անմիջապես հետո տեղակայվեցին հարավային Լիբանանում: Գործող կառավարությունը վերջերս դիմել էր Թուրքիային, որպեսզի միջնորդական առաքելություն իրականացնի ներլիբանանյան կողմերի միջեւ` երկիրը փակուղուց դուրս բերելու համար: Թուրք արտգործնախարար Ալի Բաբաջանն անձամբ մասնակցել է լիբանանյան դպրոցի բացմանը եւ հանդիպումներ է ունեցել լիաբանանյան քաղաքական տարբեր անձերի հետ: Այս երեւույթը պետք է դիտարկել միջին արեւելյան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության գոտին ընդլայնելու ձգտումների տեսակետից: Թե ինչպե՞ս կիրականանան դրանք, ի՞նչ մակարդակով հաջողություններ կգրանցեն, դեռեւս հարցական է: | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |