Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:
Ի՞նչն է ավելի մեծ տեղ զբաղեցնում տարածաշրջանային նախագծերում` քաղաքականությու՞նը թե տնտեսությունը, օրինակ, Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում:

Տնտեսությունն ու քաղաքականությունը շատ համահարաբերական են, չի կարող լինել մեկն առանց մյուսի: Այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի տարածքով Կարս-Բաքու ճանապարհի կառուցման ակնհայտ շահավետությանը, Թուրքիան որոշել է այն անցկացնել Վրաստանի տարածքով, վկայում է այն մասին, որ այս նախագիծը նաեւ քաղաքական շահեր էր հետապնդում, իր տարածաշրջանային հակառակորդին չթողնելով տնտեսական աճն արագացնելու հնարավորություն: Նույնն է կատարվում եւ մյուս տարածաշրջանային նախագծերի հետ, անգամ եթե Հայաստանի մասնակցությունը ավելի շահավետ է, քան ասենք Վրաստանինը: Մեր թշնամիները կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան դա` հետապնդելով ապագա տնտեսական եւ քաղաքական շահեր:

Վերջերս հաճախակի է խոսվում Nabucco նախագծի մասին: Ի՞նչ կարող է այն բերել Հայաստանին տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից:

Եթե ամեն դեպքում Nabucco նախագիծը հնարավոր դառնա կյանքի կոչել, ապա միայն իրանական գազի հաշվին: Բանակցություններն այս հարցով արդեն գնում են եւ, ամենայն հավանականությամբ, հաջող ավարտ կունենան: Իրանը երբեմն ձգտում էր իր գազն արտահանել Հայաստանի տարածքով, սակայն չհաջողվեց դա անել: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցով թույլ չտվեց Հայաստանին տարանցիկ երկիր դառնալ, իսկ այժմ այդ դերն է ցանկանում ստանձնել Թուրքիան: Եթե այն ժամանակ Ռուսաստանը վախենում էր կորցնել Արեւելքից Արեւմուտք գազի արտահանման վերահսկումը, ապա այժմ նա արդեն կորցնելու ոչինչ չունի. գազատարն անցնելու է իր համար ոչ այնքան բարեկամ երկրի տարածքով: Հետեւաբար, Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում կարող է փոխվել, եւ կարող են նորից խոսել հայ-իրանական գազատարի մասին` որպես Nabucco-ի այլընտրանք: Իսկ եթե Nabucco-ն շահագործման հանձնվի, ապա մեզ ոչինչ չի մնում. երկու գազատար մեկ աղբյուրի համար անիրական եւ անշահավետ է: Տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից, Nabucco-ն վերացնում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցելու Հայաստանի վերջին շանսը: Այդպիսով, Հայաստանի դերը տարածաշրջանային քաղաքական նախագծերում շատ կընկնի:

Ո՞րն է Եվրոպայի շահը, եթե գազատարն անցնի Թուրքիայի տարածքով, այլ ոչ թե Հայաստանի:

Եվրամիության համար նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից, քանի որ առաջինն ավելի քիչ ամբիցիաներ ունի: Մի անգամ Թուրքիան արդեն դեմ է հանդես եկել Nabucco նախագծում ֆրանսիական հսկա Gaz de France-ի մասնակցությանը (չնայած, որ մյուս մասնակիցները համաձայնել էին), մեկնաբանելով դա Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով եւ նախագահ Սարկոզիի կտրուկ դիրքորոշմամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Արդյունքում, Gaz de France-ը անդամակցելու է նախագծին որպես ասոցիատիվ անդամ: Այդպիսով, Եվրամիությունը, ցանկանալով հեռանալ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, Թուրքիայից նման կախվածության մեջ հայտնվելու վտանգի առաջ է կանգնում, եթե նաեւ հաշվի առնենք, որ Nabucco-ի հիմնական հակառակորդը` «Երկնագույն հոսքը» եւս անցնում է Թուրքիայի տարածքով: Բացի այդ, եթե Nabucco-ի այլընտրանք գազատարն անցնի Հայաստանի տարածքով, ապա Հայաստանը եւս կներգրավվի տարածաշրջանային տրանսպորտային-հեռահաղորդակցային նախագծերում, որոնց անհրաժեշտության մասին հաճախ են խոսում Արեւմուտքում: Շինարարությունը ծրագրվում է սկսել 2009 թվականին, այնպես որ դեռեւս կարելի է ինչ-որ բան փոխել:

Չնայած, որ ԵՄ-ն դեմ է Կարս-Բաքու ճանապարհին, այնուամենայնիվ, այն կարծես կառուցվելու է: Արդյոք իրական տնտեսական շահեր կա՞ն այս նախագծից:

Տնտեսական շահեր իհարկե կան, երկաթուղին կավելացնի Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի եւ Հեռավոր Արեւելքի հետ: Սակայն շահն իրականում ռազմա-քաղաքական է: Անհրաժեշտության դեպքում, Թուրքիան կկարողանա արագ պատասխան տալ հնարավոր հակամարտություններին տարածաշրջանում` ապահովելով իր զորքերի մոբիլացումը, ընդ որում, որ Վրաստանը շատ չի բողոքի, ինչպես ասենք Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական սպառազինության տեղափոխման դեպքում: Բացի այդ, տվյալ այլընտրանքային ճանապարհի կառուցման հետ մեկ տեղ, եթե ասենք հետագայում բացվի հայ-թուրքական սահմանը, ապա առանց երկաթուղու, Հայաստանը կդառնա էժանագին թուրքական արտադրանքի սպառման շուկա: Հայաստանի համար այդ տեսանկյունից շահ չկա:

Որքանո՞վ է իրական «Հյուսիս-Հարավ» նախագիծը եւ ի՞նչ կարող է այն դառնալ Հայաստանի համար:

«Հյուսիս-Հարավ» նախագիծը իրական եւ շատ արդիական է: Հին Հռոմը, գրավելով նոր տարածքներ, առաջին հերթին ճանապարհներ էր կառուցում, ապա միայն` ամրոցներ: Իսկ մեր դարում, հեռահաղորդակցությունն էլ ավելի մեծ նշանակություն ունի զարգացման հարցում: Ամբողջ խնդիրը նրանում է` ով կլինի միջնորդը շահագրգիռ կողմերի միջեւ: Եթե Հայաստանը դանդաղի, ապա նախագիծը կարող է անցնել Ադրբեջանի տարածքով, արդեն կատարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էներգահամակարգերի սինխրոնացումը, այնպես որ այստեղ եւս մեզ համար շահավետ նախագծի այլընտրանք կա:
Հայաստանին այս նախագիծը մեծ առավելություններ է տալիս. առաջին հերթին, նա տարանցիկ երկիր է դառնում Ռուսաստանի (Եվրոպա) եւ արագ զարգացող ասիական շուկայի միջեւ: Իրանը` շատ հարուստ երկիր, շահագործելով իր բնական պաշարները, ստացված արդյունքը տնտեսության այլ բնագավառներում է ներդնում եւ, որպես կանոն, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մեծ պահանջարկ է առաջանում, որոնք նա կարող է միայն Եվրոպայից ներկրել, եւ այդ դեպքում միայն Հայաստանի տարածքով: Բացի այդ ճանապարհ է բացվում հայկական ապրանքների համար եւ դեպի Եվրոպա, եւ դեպի հարուստ Ասիա, այնպես որ այդ նախագծի շահերը մեզ համար շատ մեծ են: Հնարավոր է անգամ, որ Հայաստանի եւ Իրանի երկաթուղային ճանապարհն անցնի Ղարաբաղի տարածքով, այդպես ավելի էժան է: Այդ դեպքում Հայաստանը շատ ուժեղ խաղաթուղթ կունենա Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ նախագծի մասնակիցները արդեն շահագրգռված կլինեն, որ Հայաստանը պահի այն տարածքները, որոնցով անցնելու է այդ երթուղին:
---