Լեւոն Մելիք-Շահնազարյան.

ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կարելի էր կասեցնել

PanARMENIAN.Net - Հայաստանը կրկին գրավեց համաշխարհային հանրության ուշադրությունը: Մարտի 1-ի անկարգությունները, որ հրահրվել էին արմատական ընդդիմության կողմից, եւ արտակարգ դրության հայտարարումը էապես վնասեցին երկրի միջազգային հեղինակությանը: Իսկ տարածաշրջանում ընթացող գործընթացները, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով վերաբերում են Հայաստանին կամ նրա հարեւաններին` Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ համակարգի հնարավոր տեղակայումը, ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեւի ընդունումը: Ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
ԱՄՆ-ն մտադիր է ՀՀՊ համակարգեր տեղակայել Թուրքիայում: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը 1 մլրդ դոլար է խոստացել Թուրքիային: Կարո՞ղ է արդյոք այդ փաստը ինչ-որ կերպ անդրադառնալ Հայաստանի վրա:

ԱՄՆ ՀՀՊ-ի տարրերի տեղակայումը Թուրքիայի տարածքում, առաջին հերթին, պետք է հուզի Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին...Ներկայիս փուլում դիմակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կրում է գերազանցապես գաղափարական բնույթ: Այլ բան է, որ այդ համակարգը տեղակայվելու են Հայաստանի սահմանի մոտ: Կասկած չկա, որ ԱՄՆ ՀՀՊ-ի ցանկացած տեղադրում Ռուսաստանի ռազմա-ռազմավարական շահերի շառավիղում անհապաղ կհայտնվի ռուսական հրթիռների նշանառության տակ: Դա ոչ թե ուղղակի բնական է, այլ Ռուսաստանի համար կենսականորեն անհրաժեշտ պատասխան միջոց կլինի: Այ դա արդեն տհաճ է: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիմակայության աշխարհագրության հնարավոր փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության վրա:

Իրանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթեցին պահպանողականները: Ի՞նչ եք կարծում, կարող էին փոխվել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե հաղթեին բարեփոխիչները:

Իրանը զարգացած քաղաքական ավանդույթներով երկրր է: Նման երկրներում քաղաքական ուղղվածությունը մեծապես կախված է ոչ թե առանձին քաղաքական գործիչների համակրանքից, նույնիսկ ամենաբարձրաստիճան, այլ ազգային մտածելակերպից եւ բնակչության մոտ այս կամ այն արտաքին քաղաքական գործընկերոջ հանդեպ բացասական կամ դրական վերաբերմունքի առկայությունից: Ելնելով դրանից, մենք կարող ենք համոզված լինել` անկախ նրանից, թե որ կուսակցությունը կամ գաղափարախոսությունը կհաղթի Իրանում, Թեհրանի հարաբերությունները հայկական պետությունների հետ լրջորեն չեն փոխվի: Մեր բարիդրացիական հարաբերությունները ոչ միայն դարերի պատմություն ունեն, այլ նաեւ գոյատեւել են, ի տարբերություն բազում պետությունների, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են մեր տարածաշրջանում վերաբնակեցումների ալիքների վրա:

Կարո՞ղ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն իրոք ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Միանշանակ այս հարցին չես պատասխանի: Շատ բան կախված է նրանից, թե որքան արագ Հայաստանի իշխանությունները կկարողանան չեզոքացնել նախընտրական կրքերի հետեւանքները: Անկասկած, եթե երկրում չկա քաղաքացիական համերաշխություն, եթե զանգվածային անկարգությունների արդյունքում արյուն է հեղվում, ապա չի կարելի խոսել նման պետության միջազգային հեղինակության մասին: Մյուս կողմից, իրավիճակի կայունացմանն ուղղված կառավարության օպերատիվ եւ վճռական գործողությունները կարող են ոչ միայն ցույց տալ աշխարհին պետության կենսունակությունը, այլ նաեւ նպաստել Հայաստանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետեւանքների արագ չեզոքացմանը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ-ի ԳՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումը:

ՄԱԿ-ի բանաձեւն, անկասկած, Հայաստանի դիվանագիտական կորպուսի ոչ ակտիվբ աշխատանքի հետեւանք է: Անշուշտ, քննադատելը միշտ հեշտ է, սակայն աշխատանքն էլ պետք է պատշաճ մակարդակով կատարվի: Ինչպես երեւում է, հատկապես հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարծիքները համընկան, դա կարելի էր կանխել: Եվ թեեւ բանաձեւն ունի զուտ խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, այն նաեւ բարոյական կշիռ ունի: Հայկական դիվանագիտությունը պարտավոր էր դա հաշվի առնել: Այսուհետ կասկածելի հաջողությամբ ոգեւորված Ադրբեջանը ամեն անգամ նմանատիպ բանաձեւեր է առաջ քաշելու ՄԱԿ-ի հաջորդ նստաշրջաններում: Թույլ տված թերությունները շտկելու ժամանակ կա, ուղղակի այն պետք է ճիշտ օգտագործել:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---