Էդվարդ Սանդոյան.

Հայաստանի տնտեսությունը դեռ չի անցել շուկայական ռելսերի

PanARMENIAN.Net - Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում տուժում է ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումից: Միեւնույն ժամանակ, բանկային համակարգը կարողացավ դիմակայել արտաքին հարվածներին` այդ ոլորտում կանոնակարգման ու հսկողության կայացած ինստիտուտի շնորհիվ: Երկրի տնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը: Որքանո՞վ է արդյունավետ մեր երկրի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը:

Մեր երկիրն այսօր հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Ես կարծում եմ, այն ամենն, ինչ կտարավում է, համեմատելի է այլ երկրների իրավիճակի հետ: Հիմնական խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը կանոնակարգված չէ, պարզ ասած, այն դեռ չի անցել շուկայական ռելսերի վրա, ուստի չի կարող դիմակայել այնպիսի արտաքին շոկերին, ինչպիսին էր ճգնաժամը: Այս տեսակետից, եթե խոսենք հակաճգնաժամային քաղաքականության կարճաժամկետ միջոցների մասին, ապա դրանք կարող են որոշակի հաջողություն գրանցել, սակայն թե որքանով այն կայուն կլինի, դժվար է ասել: Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք շատ ենք ուշացել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում: Իսկ եթե գլոբալ, ապա, 1991 թ. ի վեր մինչ օրս մենք շատ սխալներ ենք գործել, եւ այդ սխալներն այսօր տնտեսությունը մեզ է վերադարձնում, այդպիսով պատժելով մեզ:

Բայց չէ՞ որ մենք երկնիշ տնտեսական աճ ունեինք:

Շատերն են շահարկում այն երկնիշ տնտեսական աճը, որ կար Հայաստանում մինչ ճգնաժամը, խառնելով զգացմունքները իրական տնտեսական գործընթացների հետ: Իրոք, երկնիշ տնտեսական աճ գրանցվել է, եւ մենք միջինը անկախության ողջ շրջանում ապահովել ենք 9 տոկոս տնտեսական աճ` երկրորդ տեղում լինելով Ադրբեջանից հետո: Ուստի, ասել, թե տնտեսական աճ չի եղել, սխալ է, սակայն, մյուս կողմից, պետք է ուշադրություն դարձնել աճի որակի վրա: Քանակային ցուցանիշներն առկա էին, սակայն եթե մենք վերլուծում ենք կլաստերներով եւ ՀՆԱ-ի կառուցվածքով, ապա տեսնում ենք, որ, ըստ էության, դեռեւս չի եղել եւ չկա նոր տնտեսություն, եւ աճն ապահովվել է տարբեր շրջաններում տարբեր հատվածների հաշվին: Մասնավորապես, վերջին տարիներին աճն ապահովվել է շինարարության հաշվին, ավելի ճիշտ, քաղաքացիական կամ բնակարանային շինարարության հաշվին: Իսկ բնակարանային շինարարությունը չի կարող երկարաժամկետ ռազմավարական աճ ապահովել եւ վաղ թե ուշ, այդ աճը պետք է դադարեր, առավել եւս, որ այդ բնակֆոնդի պահանջարկը ձեւավորվում էր ոչ թե տնտեսության ներսում, այլ դրանից դուրս: Այսինքն, ստացվում էր, որ ներկայացվում էր արտաքին, մասնավորապես, սփյուռքի պահանջարկը, իսկ բավարավում էր նաեւ արտաքին աղբյուրների հաշվին` դրանք ոչ թե ներքին տնտեսական աղբյուրներ են, ոչ թե բնակչության ներքին խնայողությունների փոխակերպում էր, այլ արտաքին մասնավոր դրամական փոխանցումներ եւ ուղղակի ներդրումներ բնակարանային հատվածում: Ուստի ակնկալել, որ ինչ-որ հրաշք տեղի կունենա, կառավարական ներարկումները կփրկեն տնտեսությունը եւ նա կրկին երկնիշ ցուցանիշներ կունենա, չի կարելի, որովհետեւ, առաջինը, աշխարհում բոլորը հասկացել են, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, քանի որ գլոբալ շուկայի համակարգն ու որակը ցույց տվեցին, որ այստեղ մենք գործ ունենք կանոնակարգման համակարգի հայեցակարգի խորը եւ լուրջ ճգնաժամի հետ: G-20-ի համագումարում Գերմանիան ու Ֆրանսիան լուրջ պահանջներ ներկայացրեցին ֆինանսական շուկայի գլոբալ կարգավորման համակարգին: Այդ տեսակետից, մենք շատ ավելի վատ իրավիճակում ենք, քանի որ մեքն ոչ միայն կանոնակարգման համակարգի արդիականացման խնդիր ունենք, այլ նաեւ սեփական ինստիտուտների ձեւավերման խնդիր` «երկար փողերի» ինստիտուտի, ներքին խնայողությունները ֆինանսական ապրանքի վերածող ինստիտուտի, ֆինանսական շուկայի կարգավորման ինստիտուտի, արդյունավետ ֆիսկալ ոստիկանության ինստիտուտի, հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն կարգավորման ինստիտուտի եւ այլն: Ահա այս յուարահոտւկ փունջն է, որ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել: Եվ այստեղ միայն կառավարության ներարկումների միջոցով խնդիրը չես լուծի, ավելին, մտավախություններ կան, որ այդ ներարկումները կարող են նոր խնդիրներ առաջացնել T+1-ի միջոցով, որոշ ժամանակ անց, երբ գա վարկերը մարելու ժամանակը (3-5 տարի): Խոսքը նույնիսկ պետական պարտքի սպասարկման մասին չէ, ես խոսում եմ ակտիվների վերադարձման մասին: Ուստի մենք պետք է լրջորեն մտածենք այս հարցերի շուրջ: Մեկ բան կարող եմ ասել` զգացվում է, որ կառավարությունը լրջորեն մտահոգված է եւ հասկանում է խնդրի էությունը եւ կարծես ճիշտ հայտարարություներ է անում, սակայն որքանով այդ հայտարարությունները կիրականան տնտեսական կանոնակարգման համակարգի արդիականացման առումով, ժամանակը ցույց կտա...

Ի՞նչ տնտեսական անկում կարող ենք ակնկալել մինչեւ տարեվերջ:

Եթե այդ թիվը չմեղմացնենք, ես մտավախություն ունեմ, որ կլինենք ԱՊՀ երկրների միջեւ առաջին տեղում այդ ցուցանիշով: Եթե այսօր կառավարության ներարկումների եւ որոշ հատվածների վերականգնման շնորհիվ աճի հնարավոր մակարդակը, ես կարծում եմ, որ կստանանք -15 %, թեեւ շատերը կանխատեսում են - 10 %: Տարին բարդ է լինելու, ավելին, կան մտավախություններ, որ հաջորդ տարին եւս բարդ է լինելու, քանի որ Ռուսաստանում չի նկատվում տնտեսական ակտիվացում, որին մենք սպասում էինք, եւ շատ բան կախված է մասնավոր տրանֆերտներից` մեր հիմնական աղբյուրից:

Համաձա՞յն եք տնտեսական աճի այն ցուցանիշի հետ, որ նախատեսված է 2010թ. բյուջեով` 1,3 տոկոսի չափով:

Ինձ դուր են գալիս բարի մտադրությունները, սակայն ես չեմ կարող ասել, համաձայն եմ թե ոչ, քանի որ անորոշությունները շատ են` անորոշ է ՌԴ տնտեսության վիճակը, անորոշություն է ռեսուրսների կայունության առումով, անորոշ են մեր տնտեսության ֆինանսավորման աղբյուրները: Միակը, ինչ այսօր կարելի է ասել, այն է, որ Հայաստանի բանկային համակարգն իր դիմադրողականությամբ եւ կանոնակարգման որակով առավել հուսալի է, քան անցումային տնտեսությամբ այլ երկրներում: Դա վկայում է ակտիվների բարձր որակի մասին, ինչը կայացած բանկային հսկողության համակարգի արդյունք է: Մասնավորապես, այն, ինչ մենք սկսեցինք 15 տարի առաջ, բարեփոխելով բանկային համակարգի կանոնակարգման ու հսկողության համակարգը, այժմ մենք ստանում ենք այդ ամենի պտուղները: Այն ոլորտներում, որտեղ մենք դա չենք արել կամ ուշացրել ենք, այնտեղ դրական շարժ չունենք` սրանում է խնդիրը:

Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել ճգնաժամի երկրորդ ալիքը, որին ես չեմ սպասում, սակայն որը հնարավոր է, քանի որ Ռուսաստանում, օրինասկ, բոլորը սարսափով դրան են սպասում: Այդ ակնկալիքները կապված են նրա հետ, որ որոշ գնահատականներով, ռուսական բանկերի ակտիվների 25-30 տոկոսը կասկածելի որակ ունի: Մենք հստակ թվեր չունենք, սակայն ըստ փորձագիտական գնահատականների, մեզ մոտ այդ ցուցանիշը 5 տոկոս է, դա շատ ավելի լավ է, քան Ռուսաստանում, սակայն դա եւս լուրջ է: Եթե մեզ մոտ ակտիվների վատթարացում տեղի ունենա, ավելանա վարկերի չվերադարձման մակարդակը, դա կհանգեցնի նրան, որ բանկերը ստիպված կլինեն դուրս գալ անշարժ գույքի շուկա` գրավ դրած գույքի իրացման նպատակով, իսկ մենք գիտենք, որ մեր անշարժ գույքի շուկայում այժմ ամեն ինչ լավ է, իսկ այդ դեպքում լիկվիդայնության լուրջ ճգնաժամ կլինի անշարժ գույքի շուկայում: Ուստի, ես հուսով եմ, որ Կենտրոնական բանկի ու ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը կկարողանան պաշտպանել բանկային համակարգը:

Ինչպե՞ս ազդեց ազգային արժույթի արժեզրկումը երկրի տնտեսության վրա:

Վերջին խնդիրն, որ այսօր վտանգ է ներկայացնում, դա անկատար դրամավարկային համակարգի քաղաքականությունն է: Այն, ինչ մենք տեսնում ենք դրամի շուկայում, դա անկանխատեսելիությունն է, դրամի շուկայում կայուն հավասարակշռության պահպանմանն ուղղված քաղաքականության անարդյունավետությունը, որը բերում է փոխարժեքի տատանումների: Դա շատ բացասաբար է անդրադառնում եւ դեռ կանդրադառնա երկրկի տնտեսության վրա, թեեւ ազգային արժույթի արժեզրկման գործընթացն ինքնին ինձ դուր է գալիս: Չէր կարելի պահել դրամի կուրսը եւ դրա վրա այդքան արտաքին ռեսուրսներ վատնել, որովհետեւ դրամը շատ կայուն հաստատվեց, զգալիորեն շատ ավելի կայուն, քան կարող էր իրականում դիրքեր ունենալ դրամական միջոցների շուկայում: Անկայունությունը դրամի շուկայում հարվածում է տնտեսության արտահանման ներուժին եւ վնասում է Հայաստանի ներդրումային գրավչությանը: Այնպես որ, եթե դրամն իր տեղը գտնի եւ արժեզրկման զգալի փուլ անցնի, մեզ համար դա շատ շահավետ կլինի, սակայն պետք էր դա այնպես անել, որպեսզի դա որոշեր շուկան, ոչ թե ֆինանսական իշխանությունները: Ես լողացող փոխարեժքի կողմնակից եմ եւ սղաճի այն քաղաքականության, որի դեպքում ամեն անգամ, երբ գնաճը գերազանցում է նախանշված մակարդակը, տոկոսադրույքները պետք է բարձրացվեն, ինչը մենք երբեք չենք ունեցել եւ չունենք:
---