Երկարաժամկետ հեռանկարում զարգացած ենթակառուցվածքները կարող են Հայաստանի համեմատական առավելությունը դառնալ

Ներսես Երիցյան.

Երկարաժամկետ հեռանկարում զարգացած ենթակառուցվածքները կարող են Հայաստանի համեմատական առավելությունը դառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը զբաղեցրեց երկրի գլխավոր տնտեսագետի իր պաշտոնը շատ բարդ եւ Հայաստանի համար բեկումնային ժամանակաշրջանում, երբ միաժամանակ անհրաժեշտ է պայքարել երկրի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության դեմ եւ բարեփոխումներ կատարել` ապահովելու համար Հայաստանի տնտեսության զարգացումը հետճգնաժամային շրջանում եւ երկարաժամկետ հեռանկարում: Այն մասին, թե որ նպատակներին նրան հաջողվեց հասնել այս ժամանակահատվածում, որին` ոչ, նախարարության ղեկավարը պատմել է PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:
Ի՞նչ ուժեր պետք է մոբիլիզացնի Հայաստանը` ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հիմնականում դրսեւորվեց ներդրումային հոսքերի կրճատման, մասնավոր դրամական փոխանցումների նվազման եւ որոշակի հանքահումքային ապրամքատեսակների գծով համաշխարհային գների կտրուկ անկմամբ պայմանավորված արտահանման ծավալների կրճատման ձեւով: Սրանք այն ուղղություններն են, որոնք ունեն արտահայտված սոցիալական ենթատեքստ: Այսինքն, տնտեսական ակտիվության պահպանմանը զուգահեռ մենք լուրջ անելիքներ ունենք զբաղվածության մակարդակի պահպանման եւ դրանով սոցիալական վիճակի սրումը կանխելու ուղղությամբ: Այս երկու անկյունաքարերի (գործարար ակտիվություն, զբաղվածության մակարդակ) վրա էլ կառուցվել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, որի իրականացման ուղղությամբ կենտրոնացրել ենք ներքին եւ արտաքին ռեսուրսներն ու ջանքերը:

Արդյո՞ք մտավախություն չկա, որ, հաշվի առնելով արտաքին միջոցների ներգրավումը, երկրի տնտեսության կառուցվածքն անփոփոխ կմնա: Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, դիվերսիֆիկացնելու համար տնտեսության կառուցվածքը եւ ապագայում խուսափելու համար նման հարվածներից:

Ակնհայտորեն, ճգնաժամը մեկ անգամ եւս ապացուցեց տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Տնտեսության այն ճյուղերը, որոնց հաշվին երկրում ապահովվում էր կայուն եւ բարձր աճ, բավականին խոցելի էին` պայմանավորված արտաքին գործոններից բարձր կախվածությամբ: Գործընկեր երկրներում տնտեսական անկումն ուղղակիորեն հարվածեց այս ճյուղերին, ինչի արդյունքում երկրում գրանցվեց ՀՆԱ էական անկում: Դեռեւս ճգնաժամից առաջ կառավարությունը որդեգրել էր արտահանելի ոլորտների հաշվին տնտեսական աճի ապահովման քաղաքականությունը, ինչը ենթադրում է բավականին համարձակ բարեփոխումների իրականացում հատկապես գործարար եւ մրցակցային միջավայրի բարելավման, բարձրարժեք ծառայությունների ոլորտների (տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, կրթական, ֆինանսական, առողջապահական) զարգացման ուղղություններով: Նոր զարգացումները ցույց տվեցին, որ մենք առավել ճկուն, առավել համարձակ եւ առավել արագ պետք է գործենք այս ուղղություններով` չկորցնելով տնտեսության մեջ որոշակի վերափոխումներ իրականացնելու ընձեռված հնարավորությունը: Արտաքին ռեսուրսների ներգրավման գործընթացում շեշտադրումն արվում է հենց այս ոլորտների համար պատշաճ ենթակառուցվածքներ ձեւավորելու վրա:

Քանի որ Հայաստանը փոքր երկիր է փոքր տնտեսությամբ, փոքր ռեսուրսներով եւ կուտակային պահուստային հիմնադրամների բացակայությամբ, բազմիցս են կարծիքներ հնչել, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսության գիտատար ճյուղերը:

Հայաստանի արտաքին կոմունիկացիոն պայմանները, համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, ինչպես նաեւ մեր համեմատական առավելությունների, ներուժի եւ ռեսուրսների վերլուծությունը կարծես միանշանակ հանգում են մի եզրակետի. զարգացման այլ ճանապարհ, քան տնտեսությունը գիտելիքահենք ուղու վրա տեղափոխելն է, Հայաստանը չունի: Վառլիքաէներգետիկ ռեսուրսներին հակակշիռ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսներ, որոնց զարգացումն է մեր հեռանկարային առաջընթացի միակ գրավականը: Այս գերնպատակն ամրագրված է կառավարության միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությամբ, որի իրագործմանն են միտված մեր բոլոր մարտավարությունները:

Հաշվի առնելով երկրի տնտեսության առանձնահատկությունները, ո՞ր ոլորտներն ու ուղղությունները կարող են լոկոմոտիվի դեր խաղալ մեր տնտեսության վերականգնման համար:

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանի համար զարգացման լուրջ հեռանկարներ ձեւավորելու խնդիրը պայմանավորված է բացառապես տնտեսությունը գիտելիքահենք զարգացման ուղի փոխադրելու հետ: Ինչ է սա ենթադրում: Դա նշանակում է, որ մենք շեշտադրում պետք է անենք մարդկային կապիտալի զարգացման եւ շարունակաբար արդիականացման ընդունակ ճյուղերի զարգացման վրա: Այս գերնպատակին հասնելու համար մեզ համար առաջնահերթ խնդիր է համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորումը: Մասնավորապես` մարդկային կապիտալի մեջ ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է բարձրացնել խնայողությունների մակարդակը եւ ապահովել դրանց ինստիտուցիոնալացումը: Սրա լավագույն երաշխիքներից մեկը ժամանակակից կենսաթոշակային եւ ապահովագրական համակարգերի ձեւավորումն է: Միաժամանակ, միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձեւավորմամբ, բնակչության էլեկտրոնային գրագիտության բարձրացմամբ, գերարագ համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության աստիճանի բարձրացման միջոցով պետք է կարողանանք ձեւավորել տեղեկատվական հասարակություն: Զուգահեռաբար նպաստավոր պայմաններ ձեւավորելով տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար պետք է հասնենք տնտեսության մեջ այդ տեխնոլոգիաների համատարած կիրառմանը, ինչը արտադրողականության բարձրացման առաջնահերթ գրավականն է: Բարձրարժեք մրցունակ ծառայություններ մատուցելու մյուս ուղղությունները կապվում են առողջապահական եւ ֆինանսական ոլորտների հետ: Ընդհանուր առմամբ, այն ուղղությունները, որոնց հետ կապվում են Հայաստանի մրցունակության բարձրացման նպատակադրումները, հռչակվեցին որպես համազգային նախագծեր: Դրանք են. Հայաստանը գործարարությամբ զբաղվելու «գերազանցության կենտրոն», կրթական կենտրոն, առողջապահական կենտրոն, կազմակերպված հանգստի կենտրոն, ֆինանսական կենտրոն:

Ո՞ր երկրների փորձը Հայաստանը կարող է կիրառել եւ ո՞ր երկրների համար օրինակ ծառայել` համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման հարցում:

Ներկայումս համաշխարհային տնտեսությունը, ինչպես նաեւ առանձին ազգային տնտեսությունները դեռ այն իրավիճակում չեն, որ կարելի լիներ խոսել ճգնաժամը հաղթահարված լինելու մասին: Անշուշտ, որոշ երկրներում անկման դադարի միտումներ են նկատվում, մյուսներում նույնիսկ որոշակի տնտեսական աճ է նկատվում, մեկ այլ շարք երկրներում դեռ անկումը խորանում է: Իրավիճակն այս առումով տարբեր է: Սակայն դա դեռ հիմք չի տալիս ենթադրելու, որ որեւէ երկիր արդեն հաղթահարել է ճգնաժամը եւ կարելի է օգտվել նրա փորձից: Ավելին, ժամանակակից աշխարհը կարծես արդեն գիտակցում է գլոբալ խնդիրները միասնական ջանքերով լուծելու անխուսափելիությունը: Ինտեգրացիայի եւ գլոբալիզացիայի ներկա մակարդակում մեկի խնդիրը խնդիրներ է առաջացնում նաեւ մյուսի համար: Սա իհարկե չի նվազեցնում առանձին երկրների ներքին տնտեսական քաղաքականության դերակատարումը: Խնդիրը նրանում է, թե որ երկիրը հեռանկարային առումով ինչ հավակնություններ ունի եւ որքան հետեւողական է դրանց իրականացման գործում:

Ձեր կանխատեսումները տարեվերջի համար եւ լավատեսական հայացքը դեպի ապագան...

Վերջին ամիսների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսական անկումն իր կրիտիկական կետին (անկման ամենացածր կետ) հասավ դեռեւս հուլիս ամսին: Մեր գնահատումներով տնտեսական անկումը կանգ կառնի 2009 թվականին եւ արդեն 2010 թվականը մենք կամփոփենք ՀՆԱ առնվազն 1 տոկոս աճով: Այս ակնկալիքը կիսում են նաեւ միջազգային կառույցները. Արժութի Միջազգային Հիմնադրամը, Համաշխարհային Բանկը եւ այլն:

Մի քանի տարի շարունակ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր գրանցում` զգալիորեն բարձրացնելով իր հեղինակությունը միջազգային ասպարեզում, եւ նույնիսկ արաժանացավ «կովկասյան վագր» տիտղոսին: Չի՞ անդրադառնա արդյոք տնտեսության անկումը Հայաստանի իմիջի վրա` հաշվի առնելով, որ Futch-ն արդեն նվազեցրել է երկրի վարկանիշը:

Համոզված եմ, ճգնաժամային փուլում ձեւավորված որեւէ վարկանիշ շատ արագ կարող է փոխվել կախված այն հանգամանքից, թե մենք ինչ ելքային քաղաքականություն եւ ինչպիսի արդյունավետությամբ կիրականացնենք: Այս ընթացքը կարծես մեկնարկային պայմանների համահարթեցման փուլ էր, երբ նախկինում տարբեր զարգացման մակարդակների երկրներ բախվեցին նույն հիմնախնդրին: Դժվար էր պատկերացնել մեկ այլ իրավիճակ, երբ ժամանակակից աշխարհում որեւէ երկիր կարողանար էական թռիչք կատարել զարգացման մրցավազքում: Մինչդեռ ստեղծված իրավիճակը ինչ որ տեղ «զրոյացրեց» ձեռքբերած միավորները: Եվ սա առավել լայն մտածող հասարակություններին հնարավորություն է տալիս հայտնվել որակապես այլ մակարդակում:

Որքանո՞վ են արդյունավետ ծախսվում Հայաստանին տրամադրված միջազգային վարկերը:

Ինչ վերաբերում է ՀՀ ներգրավված արտաքին վարկային ռեսուրսներին, ապա հեշտ է նկատել, որ դրանք հիմնականում ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք երկարաժամկետ էֆֆեկտիվություն ունեն եւ գործարար ակտիվությունը խթանող հատկություն: Խնդիրը նրանում է, որ վարկային ռեսուրսները հնարավորինս ներդրումային բնույթի պետք է լինեն, այսինքն ուղղվեն նպատակային ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը:

Արտաքին վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետության վերաբերյալ իհարկե դեռ վաղ է վերջնական եզրակացություն անելը: Սակայն այսօր մենք կարող ենք արձանագրել որոշակի ձեռքբերումներ կարճաժամկետ հատվածի համար եւ հիմնավորված սպասելիքներ միջնաժամկետ հատվածի համար: Կարճաժամկետում մենք կարողացանք դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին, կանխել սոցիալական պայթյունը, շարունակել հրատապ բարեփոխումները: Միջնաժամկետ հատվածում ակնկալում ենք ձեռնարկված ենթակառուցվածքային ծրագրերի իրագործում: Այդ փուլի արդյունավետ իրագործումն արդեն կպայմանավորի երկարաժամկետում մեր սպասումների իրատեսականությունը: Կկարողանանք ձեւավորել զարգացած ենթակառուցվածք, կունենանք շահավետ բիզնես ծավալելու հնարավորություն եւ դիվերսիֆիկացված տնտեսություն: Այդ ժամանակ կարող ենք խոսել վարկային ռեսուրսների օգտագործման բարձր արդյունավետության մասին:

Պահպանե՞լ է արդյոք Հայաստանն իր գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար, արդյոք չկա՞ն օտարերկրյա ներդրումների կրճատման միտումներ ճգնաժամի պատճառով:

Անշուշտ ներդրումային հոսքերի կրճատում արձանագրվեց: Եվ դա Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության դրսեւորումներից մեկն էր: Սակայն դա չի բացատրվում Հայաստանի ներդրումային գրավչության անկմամբ: Միջազգային համապատասխան վարկանիշային գնահատականները եւս չեն վկայում մեր ներդրումային միջավայրի վատացման մասին: Խնդիրը ներդրողների մոտ գլոբալ ռիսկերի գնահատման եւ սպասումների որակի մեջ է:

Ի՞նչ վիճակում է Համահայկական բանկի ստեղծումը, ո՞ր փուլում է այն գտնվում:

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Համահայկական Բանկի մասին օրենքը, որը սահմանում է բանկի գործունեության իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերը: Համահայկական բանկը լինելու է այն ռազմավարական կառույցներից մեկը, որի միջոցով համազգային ծրագրերի իրականացման նպատակով համախմբվելու են աշխարհասփյուռ հայերի ջանքերն ու կարողությունները: Համահայկական բանկն արդեն իսկ գրանցված է, եւ շուտով կամփոփվի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու նպատակով հայտարարված մրցույթը: Գործունեության սկիզբը նախատեսվում է 2010 թվականին:

Ի՞նչ կշահի Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների ակնկալվող հաստատումից եւ միջպետական սահմանի բացումից: Ո՞րն է լինելու Հայաստանի տնտեսական շահը:

Նախեւառաջ սկսենք այնտեղից, որ «փակ սահմաններ» երեւույթը չի կարող նորմալ համարվել որեւէ պարագայում եւ հարիր չէ ժամանակակից աշխարհի զարգացման ու առաջընթացի ոգուն: Հատկապես այն պարագայում, երբ երկիրը զարգացման եւ աշխարհում իր ուրույն տեղն ունենալու լուրջ հավակնություններ է ներկայացնում, հարեւանների հետ եւ տարածաշրջանում բնականոն տնտեսական հարաբերություններ հաստատելու անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը չի կարող շրջանցել:

Ինչ վերաբերում է Հայաստանի համար տնտեսական օգուտներին: Խնդիրն, իհարկե, բազմաշերտ է եւ չի կարելի միանշանակ որակել: Անշուշտ, մի կողմից սահմանի բացումը նոր մարտահրավերներ կառաջացնի: Մենք համեմատական առավելություններ պետք է կարողանանք ձեւավորել գործարար միջավայրի եւ ենթակառուցվածքների ուղղություններով: Թուրքիան բավականաչափ մեծ շուկա է, ինչը գայթակղիչ է օտարերկրյա հսկայածավալ ուղղակի ներդրումների համար: Մենք կարող ենք որոշակիորեն հավակնել այդ ներդրումների մի մասին` խորացնելով տնտեսության դիֆերսիֆիկացման մակարդակը եւ ներդրումներ կլանելու հատվածները: Բնականաբար, ամենամեծ մարտահրավերը տարանցիկ երկիր դառնալու նոր հնարավորություններն են, որոնք բավական իրատեսական են պատշաճ ենթակառուցվածքներ ունենալու պարագայում: Հայաստանը կարող է բացառիկ դերակատարում ունենալ Եվրոպա-Ասիա ցամաքային միջանցք ձեւավորելու առումով: Սահմանի գործարկման պարագայում մեծ ներուժ կա նաեւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների փոխադրման տարածաշրջանային ծրագրերում ընդգրկվելու առումով: Մեկ այլ շահավետ ուղղություն է բարձրարժեք ծառայությունների նկատմամբ պահանջարկի ընդլայնման հավանականությունը: Հայաստանը կարող է տարածաշրջանային առումով մրցունակ ծառայություններ մատուցել առողջապահական, կրթական, գիտական բնագավառներում: Այս բոլոր հնարավորությունները կիրացվեն, եթե մենք հաջողենք մեկնարկած կառավարման, գործարար միջավայրի, կրթական բարեփոխումներում: Ի վերջո պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ մենք սահմանակցում ենք ԵՄ մաքսային գոտում գտնվող եւ անդամ դառնալու լրջագույն հավակնություն ունեցող երկրի հետ:

Ըստ Ձեզ, ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը նախարարի պաշտոնում է եւ ի՞նչը դեռեւս չի հաջողվել անել:

Ինչն էր ամենակարեւորը, որ Դուք կարողացել է իրականացնել նախարար լինելու ընթացքում, եւ ինչը դեռ չի հաջողվել իրագործել:

Ամենակարեւորն այն է, որ այս ընթացքում կարողացել ենք ենթակառուցվածքներին առնչվող կարեւոր, մեծ ծրագրերի մասին խոսել, ինչը մտածողության փոփոխություն է: Լուրջ տեղաշարժ կա նաեւ գիտելիքի ենթակառուցվածքների մասով, ասենք, թե ինչպես պետք է դրանք նախագծվեն, կառուցվեն:

Իսկ ինչը չի հաջողվել, որ կուզենայի հաջողվեր, այստեղ խոսքն ավելի շատ արագության մասին է: Թվում էր, թե բիզնես միջավայրը, որակի համակարգը կարելի էր արագ փոխել, սակայն առաջ եկավ նախապատրաստական փուլի եւ ռեսուրսների մոբիլիզացման կարիք, որն էլ երկարաձգում է այդ նպատակների իրականացումը:
---