ԵՄ-ն համապարփակ առեւտրային համաձայնագիր է պատրաստում Հայաստանի հետ

Ռաուլ դը Լուցենբերգեր.

ԵՄ-ն համապարփակ առեւտրային համաձայնագիր է պատրաստում Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություննները, որ հոկտեմբերի 10-ին Ժնեւում ստորագրեցին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները, հավանության են արժանացել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից: Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը հուսով է, որ Արձանագրություններն արագ կվավերացվեն եւ լիարժեք հարաբերություններ կհաստատվեն երկու հարեւան պետությունների` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Իր տեսակետը այդ հարցի շուրջ PanARMENIAN.Net-ին է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:

Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության մակարդակը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ

Եթե կարճ, ապա` գերազանց: Համագործակցությունն ու երկխոսությունը Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների հիմքն է: ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին դառնալ առավել հզոր տնտեսական գործընկեր: ԵՄ խորհրդատվական խմբի ժամանումը, որի նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին բարեփոխումների ընթացքում, մեր համագործակցության լավագույն օրինակն է:

Մյուս կողմից, բարեփոխումները չեն կարող իրականացվել մեկ րոպեում: Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի, օրինակ, պետք է ձեւավորի կառավարման լավ համակարգ, պայքարի կոռուպցիայի դեմ, դատական համակարգի անկախության համար: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներգրավվածության մակարդակը բարեփոխումների իրականացման գործում, որոնք անհրաժեշտ են երկրին, որպեսզի նա կարողանա օգտվել ԵՄ-ի հետ առավել մերձավոր հարաբերությունների առավելությունից:

Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության մակարդակը Հայաստանի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի միջեւ:

«Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացումը նոր կանալներ եւ հնարավորություններ է բացում, խորացնելու համար մեր համագործակցությունը, հատկապես Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի ոլորտում` երկրում ժողովրդավարական կառույցների ամրապնդման եւ տնտեսական ոլորոտւմ բարեփոխումների իրականացման նպատակով:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը բազմակողմ նախագիծ է, որն արդեն մեկնարկել է: Թեմատիկ պլատֆորմի երկրորդ փուլը իրականացվել է մինչեւ 2009թ. ավարտը: Թեմատիկ պլատֆորմները կազմակերպվել են ժողովրդավարության ոլորտում, գրագետ կառավարման եւ կայունության, տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքական գծին համապատասխանեցվելու նպատակով, բարեփոխումներ են ենթադրվում նաեւ էներգետիկայի ոլորտում եւ առավել սերտ շփումներ հաստատելու համար:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին` ես կցանկանայի առանձնացնել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ասոցիատիվ համաձայնագրի մշակման հեռանկարները (ինչպես նաեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը), որն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ կլինի ստանձնել համաձայնագրում ամրագրված պարտավորությունները: Մեր կողմից մենք կսատարենք Հայաստանի ջանքերին` կազմակերպելով սոցիալական ինստիտուտների զարգացման ծրագիր, վարչական կադրերի ուսուցման համար, որպեսզի ապագայում երկիրը պատրաստ լինի կատարել համաձայնագրերը:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ողջունեցին Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները: Ըստ Ձեզ, կնպաստե՞ն արդյոք Արձանագրությունները լիարժեք հարաբերությունների հաստատմանը երկու երկրների միջեւ:

Եվրամիությունն ինքը ստեղծվել է երկրների միջեւ երկխոսության հիման վրա, ինչը հանգեցրեց հակամարտությունների նվազմանն ոչ միայն ԵՄ-ում, այլ նաեւ ողջ աշխարհում: Սա է մեր փորձը: Այդպիսով, մենք ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան որոշել են կարգավորել հարաբերությունները: Մենք հուսով ենք, որ Արձանագրություններն արագ կվավերացվեն եւ հարաբերությունների կարգավորումը երկրների միջեւ կայունություն կառաջացնի ողջ տարածաշրջանում:

Արձանագրությունների վավերացման դեպքում ակնկալվում է Եվրոպայի վերջին «փակ սահմանի» բացումը: Ինչպե՞ս դա կմերձեցնի Հայաստանին Եվրամիության հետ:

Ես գտնում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: ԵՄ առեւտրային հարաբերությունների տեսակետից, Եվրամիության սահմանը գտնվում է Երեւանից 18 կմ հեռավորության վրա: Այն հնարավորությունները, որոնք բացվում են երկրի համար ԵՄ-ի շուկային հասանելի լինելուն հետ, չափազանց կարեւոր են, ուստի մենք աշխատում ենք Հայաստանի հետ` ապահովելու համար այդ շուկայի հասանելիությունը: Մենք արդեն համապարփակ առեւտրային համաձայնագիր ենք պատրաստում Հայաստանի հետ, իսկ դա նշանակում է, որ նա կարող է ընտրովի օգտվել ԵՄ օրենսդրական նորմերից` արտադրանքի որակի բարձրացման եւ անվտանգության վերահսկողության համար: Դա նշանակում է, որ Հայաստանում արտադրվող արտադրանքը կարող է արտահանվել նաեւ ԵՄ շուկաներ:

Ի՞նչ կտա Հայաստանին հարեւանությունը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի հետ: Կնպաստի՞ արդյոք Արաձանագրությունների վավերացումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արագացմանը:

Բարիդրացիական հարաբերությունների հաստատումը դրական կազդի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի վրա: Դրական մթնոլորտը երկու երկրների միջեւ նույնպես դրական ազդեցություն կունենա Թուրքիայի հայ փոքրամասնության վրա, եւ անշուշտ, ԵՄ-ն դա կգնահատի:

Չնայած նրան, որ Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրված են, երկրները դեռեւս երկար ճանապարհ պետք է անցնեն բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար: Պատրա՞ստ է արդյոք Եվրամիությունը դառնալ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երաշխավորը:

ԵՄ-ն միշտ հորդորում է երկրներին երկխոսության, քանի որ միայն այդպես է հնարավոր լուծել երկրների միջեւ առկա խնդիրները: Եվ եթե պահանջվի, ԵՄ-ն պատրաստ է աջակցել ոչ միայն դրան, այլ նաեւ լավ տրանսպորտային, ինչպես նաեւ էներգետիկ ցանցի ստեղծմանը: Մենք գտնում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է շարունակեն երկխոսությունը:

Զրույցը վարել է Մարիամ Մատնիշյանը

Մարիամ Մատնիշյան
 Ուշադրության կենտրոնում
Գիտնականներն ահազանգում են՝ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի

Գիտնականներն ահազանգում են՝ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին