Փիրուզ Սարգսյան.

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ձգտում է առաջատար դառնալ ԱՊՀ երկրներում

PanARMENIAN.Net - Լրանում է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մեկ տարին: Այն մասին, թե ինչ դժվարություններ են եղել նոր ինստիտուտի կայացման ճանապարհին, այս սեղմ ժամկետում նրա գրանցած հաջողությունների, ինչպես նաեւ ապագայի ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը:

Շուտով լրանում է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության մեկ տարին: Ի՞նչ դժվարությունների եք դուք հանդիպել ինստիտուտի կայացման ճանապարհին:
Անշուշտ, սկիզբը շատ դժվար էր: Առաջին հերթին այն պատճառով, որ ընդամենը երկու աշխատակից ունեինք, որոնք ավելի շատ ժամանակ էին ծախսում տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքների վրա: Մենք չունեինք բյուջե, մենք ինքներս ենք կազմել մեր բյուջեն, որի համաձայն ձեռք ենք բերել տարածք եւ տեխնիկական սարքավորումներ, ինչը աշխատանքի բնականոն ընթացք է կազմակերպության սկզբնական գործունեության համար: Երկրորդ դժվարությունը մեր կազմակերպության վերաբերյալ բնակչության անիրազեկությունն էր, նույնիսկ ոչ բոլոր ֆինանսական կազմակերպությունները գիտեին մեր գոյության մասին, իրենց հաճախորդներին մեզ մոտ ուղարկելու համար: Ուստի, հարց դրվեց այդ խնդրի լուծման մասին` ի՞նչ է հարկավոր անել, ինչպե՞ս է պետք աշխատել հաճախորդների հետ, ո՞ր ԶԼՄ-ների հետ ենք աշխատելու, որպեսզի ժողովուրդը տեղեկացված լինի այն մասին, որ կա ինստիտուտ, որի խնդիրը քաղաքացիների ֆինանսական իրավունքների պաշտպանությունն է: Մենք սկսեցինք մեր PR-արշավը թերթերում տրված հայտարարություններից, սակայն դա շատ քիչ էր, ուստի մենք դիմեցինք հեռուստատեսությանը, ինչն, անշուշտ, եռակի եւ նույնիսկ քառակի անգամ ավելացրեց մեր հաճախորդների թիվը: Հիմնականում այս երկու դժվարություններն են, որոնց հետո մենք բախվել ենք սկզբնական շրջանում:

Ներկայացրեք, խնդրեմ, գրասենյակի մեկ տարվա գործունեության սեղմ հաշվետվությունը: Ինչպիսի՞ն է բողոքների միտումը:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր գործունեությանը, ապա, 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, մենք ունեցել ենք մոտավորապես 400 հայտ, որոնցից 60-ը գրավոր, եւ այդ բողոքների մոտ 75 տոկոսը լուծվել է հաճախորդների օգտին, ինչը կազմել է շուրջ 23 մլն դրամ, որը վերադարձվել է հաճախորդներին: 2009թ. սկզբի հետ համեմատ հայտերի քանակը քառապատկվել է:

Բնակչության իրազեկման բարձրացման նպատակով գրասենյակը մի շարք սեմինարներ անցկացրեց ֆինանսական կազմակերպություններում: Ինչպիսի՞ն են գրասենյակի անցկացման PR-արշավի արդյունքները, եւ ի՞նչ եք մտադիր անել այդ ուղղությամբ:
Բնակչության իրազեկումը 2010 թվականի կարեւորագույն ծրագրերից է, քանի որ, որպես կանոն, ֆինանսական վեճերի են հանգեցնում օրենքների չիմացությունը, սեփական ֆինանսական գործերը վարելու անկարողությունը, առանց կարդալու կամ բովանդակության մեջ խորանալու պայմանագրերի կնքումը: Մենք սեմինարներ ենք վարում ոչ միայն բանկերում, վարկային եւ ապահովագրական կազմակերպություններում, այլ նաեւ դպրոցներում եւ համալսարաններում, որոնք շատ լավ արդյունքներ տվեցին, եւ մենք մտադիր ենք սեմինարներ անցկացնել նաեւ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում ու համալսարաններում: Քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար մենք մտադիր ենք նաեւ գրքեր հրատարակել եւ տեսահոլովակներ նկարահանել, ճիշտ է, դա կապված է մեծ ֆինանսական դժվարությունների հետ, այնուամենայնիվ, դա մտնում է 2010թ. մեր պլանների մեջ:

Ո՞ր կազմակերպություններից են առավել շատ բողոքները եւ ի՞նչ տիպի բողոքներ են ստացվել:
Բողոքների քանակը տարբեր կազամկերպությունների վերաբերյալ տատանվում է, սակայն, վերջին հաշվով, առաջին տեղում են հայտնվել բանկերի վերաբերյալ բողոքները, երկրորդում են` ապահովագրական ընկերությունները, երրորդ տեղում են` վարկային կազմակերպությունները, իսկ չորրորդ տեղում են լոմբարդներըր: Բողոքները կապված են ինչպես վարկերի եւ ավանդների, այնպես էլ բանկային փոխանցումների եւ բանկոմատների հետ: Օրինակ, պլաստիկ քարտի սեփականատերը ցանկացել է գումար հանել բանկոմատում, սակայն բանկոմատը գումարը չհատկացնելով, հանել է այն հաճախորդի հաշվից: Եթե դա կապված է փին-կոդի օգտագործման հետ, ապա դա բարդացնում է գործը, քանի որ գործնականում հնարավոր չի լինում ապացուցել հաճախորդի իրավացիությունը:

Համագործակցո՞ւմ են արդյոք ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները վեճերի կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է համագործակցությանը ֆինանսական կազմակերպությունների հետ, ապա այդ հարցում խնդիրներ չեն առաջացել, հակառակը, եղել են դեպքեր, երբ բանկերն իրենք են գործուղում իրենց հաճախորդներին` ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Նախաձեռնություն կա արդյո՞ք գրասենյակի արդյունավետ գործունեության համար օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ես կարծում եմ, որ կա օրենսդրություն, որը պաշտպանում է ֆինանսական ծառայությունների սպառողներին, բավական զարգացած եւ լավը, այն համապատասխանում է միջազգային չափանիշներին, ուղղակի հարկավոր է ճիշտ եւ հստակ այն կիրառել եւ ստեղծել այդ օրենսդրության կիրառման պրակտիկան, քանի որ «Սպառողական վարկի» եւ «Նոր ավանդների ներգրաման մասին» օրենքները նոր են: Կան, անշուշտ, որոշ անճշտություններ, որոնք գործունեության ընթացքում կվերանայվեն Կենտրոնական բանկի կողմից: Մեզ անհրաժեշտ են որոշ փոփոխություններ իրավական համակարգում, մասնավորապես, անհրաժետ է ներդնել նախադեպի իրավունքը, որը կա եվրոպական երկրներում եւ, հիմնվելով որի վրա, ես կկարողանամ որոշումներ կայացնել, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում ես իրավունք չունեմ սուբյեկտիվ որոշումներ կայացնել:

Ինչպիսի՞ն են գրասենյակի ծրագրերը 2010 թվականի համար:
Ինչպես արդեն նշել եմ, ամենալուրջ ծրագիրը բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացումն է: 2009թ. մենք մասնակցել ենք Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում եւ Չեխիայում կայացած խորհրդաժողովներին, ինչը թույլ տվեց բազում անհրաժեշտ կապեր ու փորձ ձեռք բերել: Ապրիլի սկզբին մենք ինքներս ենք մտադիր միջազգային մակարդակի մեծ խորհրդաժողով անցկացնել, որին շուրջ 100 մարդ կմասնակցի, հիմնական մասնակիցները կլինեն ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դասախոսություններով հանդես կգան 3 կամ 4 օմբուդսմեններ Եվրոպայի զարգացած երկրներից: Խորհրդաժողովին ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի օմբուդսմենի տեղակալը, Նիդերլանդների եւ Ֆրանսիայի հաշտարարները, ինչպես նաեւ Ղազախստանի հաշտարարը, որը զբաղվում է ոչ միայն ապահովագրական ոլորտի հարցերով, այլ նաեւ ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից: Մենք մտադիր ենք առաջատար դառնալ ԱՊՀ-ում: Այժմ էլ մենք առաջատար ենք, սակայն մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի առաջատար, որը կօգնի սովորել ԱՊՀ երկրներին, որպեսզի նրանք էլ ստեղծեն այնպիսի ֆինանսական կազմակերպություններ, ինչպիսին մերն է:

---