Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

PanARMENIAN.Net - Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:

Տիկին Կարդինալե, պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս Դուք դեր ստացաք «Մայրիկ» ֆիլմում:
Անրի Վեռնոյի հետ ես ծանոթացել էի դեռևս 1959 թվականին Փարիզում` իմ առաջին ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ: Դա հոյակապ ֆիլմ էր` շատ լավ դերասանների` Դանիել Դարյեի ու Միշել Մորգանի մասնակցությամբ: Եվ շատ տարիներ անց Անրի Վեռնոյն ինձ հրավիրեց կրկին խաղալ իր ֆիլմում: Դա Ցեղասպանությունից փրկվելու համար Ֆրանսիա փախած հայկական ընտանիքի մոր դեր էր: Դա շատ երկար ֆիլմ է` բաղկացած երկու սերիաներից: Այստեղ ցույց է տրված կնոջ կյանքը` 35-ից մինչև 70 տարեկան: Դա ֆանտաստիկ էր: Ինձ համար անհավանական էր նաև նկարահանման ժամանակ հանդիպումն Օմար Շարիֆի հետ: Ես նրան առաջին անգամ տեսել էի դրանից 15 տարի առաջ Թունիսում և նրա հետ միասին խաղացել կյանքիս առաջին ֆիլմում:

Արդյո՞ք Ձեզ հեշտ տրվեց հայ մոր դերը, երկա՞ր էիք պատրաստվում այդ դերին:
Դերն ինձ հեշտ տրվեց, որովհետև նկարահանման հարթակում դերասանուհին հետևում է ռեժիսորի հրահանգներին, որովհետև այնտեղ նա է գլխավորը: Եվ ես կերտում էի հենց այն կնոջ կերպարը, որին ցանկանում էր տեսնել ռեժիսորը: Բացի դրանից 52 տարվա դերասանական կարիերայի ընթացքում ես բոլորովին տարբեր դերեր եմ խաղացել` արքայադուստրից մինչև մարմնավաճառ: Ես շատ եմ սիրում կերպարանափոխվել, չեմ սիրում մնալ այն, ինչ կամ:

Պատրաստվելով դերին`ուսումնասիրե՞լ եք Հայոց ցեղասպանության փաստերը և գիտե՞իք արդյոք Ցեղասպանության մասին նախքան նկարահանումների մեկնարկը:
Իհարկե, ես գիտեի Հայոց ցեղասպանության մասին նախքան ֆիլմում նկարահանվելը: Դրա մասին բոլորն էլ գիտեն, դա շատ ողբերգական իրադարձություն է, այդ իսկ պատճառով Արաքսիի դերն այդքան դրամատիկ է: Պատրաստվելով ֆիլմին` ես շատ եմ կարդացել Հայաստանի ու նրա պատմության մասին:

Այդ դերի ողբերգականության հետ կապված` որքանո՞վ էր դժվար խաղալ այն:
Շատ կարևոր է անձնական կյանքը զատել էկրանի վրա խաղացած կյանքից: Տեսախցիկի առջև դու բոլորովին այլ մարդ ես դառնում և ապրում ես ոչ թե քո, այլ ուրիշի կյանքը, ուստի այդպես կարևոր է զանազանել դերն ու անձնական կյանքը: Դրա համար դերասանուհին պետք է մեծ ուժ ունենա, այլապես նա չի կարողանա խաղալ կինոյում: Ֆիլմերում դերասանները շարունակ փոխվում են, և եթե նրանք դերը շփոթեն իրական կյանքի հետ, ապա պարզապես կկորցնեն իրենց:

Բայց և այնպես, Դուք որևէ բան վերցրե՞լ Արաքսիի դերից` դաստիարակելով Ձեր երեխաներին:
Ես գտնում եմ, որ կնոջ համար շատ կարևոր է լավ մայր լինելը: Ես երեխաների դաստիարակության լավագույն մեթոդ եմ համարում անկախությունը: Իմ դուստրը սկսեց առանձին ապրել, երբ ընդամենը 14 տարեկան էր: Իմ երեխաների ազատությունն ու անկախությունն ինձ համար ամենագլխավորն են:

Ձեր երեխաներից որևէ մեկը շարունակու՞մ է Ձեր գործը:
Ոչ: Իմ որդին բժիշկ է: Իսկ դստերս համոզում էի դերասանուհի դառնալ, դա իմ երազանքն էր: Բայց նա միշտ հրաժարվում էր: Նա ասում է, որ եթե խաղա կինոյում, ոչ ոք նրան չի ընկալի որպես ինքնուրույն դերասանուհի, այլ միայն որպես Կլաուդիա Կարդինալեի դուստր: Առավել ևս, որ նրա անունը նույնպես Կլաուդիա է:

Դուք աշխարհահռչակ ու ոչ այնքան հայտնի, ամենատարբեր ազգության շատ ռեժիսորների ֆիլմերում եք խաղացել: Դա Ձեզ օգնու՞մ էր, թե՞ խանգարում:
Տարբեր ազգության ռեժիսորների հետ աշխատելը շատ հետաքրքիր էր: Ես աշխատել եմ անհավանական, խելագար ռեժիսոր Բլեք Էդվարդսի հետ ԱՄՆ-ից, խիստ Վիսկոնտիի, ցնորված Ֆելլինիի հետ, ում ողջ ֆիլմը կառուցված էր իմպրովիզացիայի վրա` առանց սցենարի: Ինձ դուր է գալիս փոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ:

Դուք նաև լեգենդ եք դարձել, որովհետև կարողացել եք մերժել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց: Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նրանց հետ այժմ:
Օ, ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրանց հետ: Օրինակ, Ալեն Դելոնն իմ լավ ընկերն է: Ես ընկերություն եմ անում նաև Ֆրանկո Ներոյի հետ: Այո, ես շատ ընկերներ ունեմ: Բայց Ալենը միշտ ասում է, որ մենք կարող էինք գեղեցիկ սիրո պատմություն ունենալ և լեգենդար զույգ կդառնայինք:

Վերադառնալով «Մայրիկ» ֆիլմին` ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
Այն ժամանակից ի վեր, երբ ես խաղացի «Մայրիկ» ֆիլմում, արդեն 20 տարի է անցել, և ես արդեն չեմ հիշում բոլոր մանրամասները: Դա հիանալի, իրական պատմություն է: Նշանակալի է, որ «Մայրիկն» իմ մոր սիրելի ֆիլմն է: Ցավոք, նա արդեն 10 տարի է, ինչ հեռացել է կյանքից: «Մայրիկ» ֆիլմը հաճախ էին ցուցադրում իտալական հեռուստատեսությամբ, և ամեն անգամ իմ մայրը զանգահարում և ասում էր. «Կլաուդիա, Կլաուդիա, հեռուստացույցով «Մայրիկն» են ցուցադրում»:

Ափսոս, որ այսօր մեզ հետ չէ Անրի Վեռնոյը: Հիանալի կլիներ, եթե նա մեզ հետ միասին ներկա լիներ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Իսկ ես հաճույքով ևս մեկ անգամ կդիտեմ «Մայրիկ» ֆիլմը, ես այնքան վաղուց այն չեմ դիտել…

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
---