// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այնպես չի ընթանում, ինչպես հարկն է

Դենիս Սամմութ.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այնպես չի ընթանում, ինչպես հարկն է

PanARMENIAN.Net - Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտությունը կրկին դարձավ փորձագետների և քաղաքագետների շարքում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մի կողմից, խոսվում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հավանականության և ԵԱՀԿ ՄԽ փակուղի մտնելու մասին, ուրիշ փորձագետներ այլ կարծիքի են հարում: Խնդրի իր տեսլականի և կարգավորման ուղիների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է բրիտանական LINKS հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը:
Դուք երկար ժամանակ զբաղվում եք ղարաբաղյան հակամարտությանկարգարվորմամբ, սակայն բանակցությունների վերջը չի երևում: Ինչպե՞ս եք կարծում, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջոովին սառեցված և անլուծելի չէ՞:
Ես չեմ հավատում, որ ղարաբաղյան հակամարտույթունը չի կարելի լուծել: Դա ավելի քան հնարավոր է, ուղղակի պետք է շարունակել աշխատել: Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է տարածաշրջանային, և մարդիկ պետք է հասկանան, թե ինչ կարող է պատահել, եթե այն երկար ժամանակ սառեցված մնա: ԵԱՀԿ ՄԽ-ը որոշել է կարգավորման ուղի, բայց այստեղ անհրաժեշտ է քաղաքական լուծում, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հասարակությունները պետք է իրենք լուծում որոնեն:

Երկար հետազոտությունների արդյունքում մենք հասկացանք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այնպես չի ընթանում, ինչպես հարկն է: Ես տեսնում եմ, որ մեր ՀԿ-ի պարտքն է օգնել հակամարտության գոտու ժողովուրդներին հասկանալ, որ պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է, և ցույց տալ խաղաղ գոյակցության ուղիները:

Վերջին ժամանակներն Ադրբեջանում ավելի հաճած են խոսում ռազմական և տնտեսական գերազանցության մասին: Որքանո՞վ է դա մոտ իրականությանը, և կօգնի՞ արդյոք լուծել ԼՂ հակամարտությունը:
Միայն մեկ երկրի կողմից հաջողության հասնելը չի խոսում տարածաշրջանում ինչ-որ հաջողության մասին: Միայն Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների կողմից հաջողության հասնելու դեպքում կարելի է խոսել առաջընթացի մասին: Հիշեցնեմ, որ տարածաշրջանը միշտ եղել է օտար զավթիչներին գրավող տարածք, ինչը կապված է նրա աշխարհագրական դիրքի հետ:

Հաշվի առնելով տարածաշրջանի իրողությունները` խնդիրների լուծման լավագույն միջոցը տարբեր եկամուտների ապահովումն է: Դրան կարելի է հասնել ԵԱՀԿ ձևաչափում: Անհրաժեշտության դեպքում դա կարող է լինել նաև ավելի լայն ձևաչափ այլ պետական և հասարակական կառույցների մասնակցությամբ:

Որքան հայտնի է, Դուք կարծում եք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է աշխատի ՀԿ-ի հետ, հակառակ դեպքում նրա մոտ ոչինչ չի ստացվի…
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ազատ չեն, նրանք կախված են իրենց կառավարություններից: Ուստի ես կարծում եմ, որ այն պետք է ավելի շատ աշխատի ՀԿ-ի, այլ ոչ թե կառավարական կառույցների հետ: Իսկ հասարակությունները պետք է ձգտեն ժողովրդավարության` դա միակ ուղին է:

Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ դառնա: Այն արդեն հասել է որոշակի հաջողությունների, այն Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է կանոնավորապես հանդիպելու և հակամարտության լուծումը քննարկելու հնարավորությունը: Տեղեկություններ կան նաև որոշակի առաջխաղացումների մասին: Սակայն հասարակության մեջ, որն ամենաշատն է տուժել հակամարտությունից, ավելի շատ տարածված է հիասթափություն ՄԽ-ից, այդ պատճառով նոր խթանի անհրաժեշտություն կա: Դա մեծ ջանքեր կպահանջի ինչպես համանախագահների, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից:

Վերջերս ավարտվեց ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում: Այն որոշ առումով դարձավ հետընթացի քայլ` համեմատած 1999-ին Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը գագաթնաժողովի վերաբերյալ:
Ինչ վերաբերվում է Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին , ապա այնտեղ ինչ-որ բան ձեռք բերվեց եվրասիական անվտանգության ընդհանուր հայեցակարգի առումով: Սակայն ղարաբաղյան հակամարտությունն այդ անվտանգության բաղադրիչներից է, և հենց այդ հարցի շուրջ ոչ մի որոշում չընդունվեց: Հայտարարությունները կամ հռչակագրերը ոչինչ չփոխեցին: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը դարձավ հետընթացի քայլ` համեմատած 1999-ին Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ:

Աստանայի գագաթնաժողովն առաջինն էր 11-ամյա ընդմիջումից հետո, և մենք ինչ-որ բան էինք ակնկալում: Սակայն մեր սպասումները չարդարացան, ուստի առկա է որոշակի հիասթափություն: Այնուամենայնիվ, գագաթնաժողովն օգտակար էր նրանով, որ տրամադրեց Եվրոպայում և Եվրասիայում անվտանգությունը վերանայելու ևս մեկ հնարավորություն:

Աստանայում ձեռք չբերվեց նաև համաձայնություն ԵԱՀԿ գործողությունների պլանի մասին: Դա կթուլացնի կազմակերպությունը: Գագաթնաժողովը ձախողվեց նաև եվրոպական և եվրասիական տարածաշրջաններում չլուծված հակամարտությունների առաջխաղացման հարցում: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն կարող է հաջող կերպով գործել միայն կազմակերխության 56 անդամ-երկրների համաձայնության դեպքում: Սակայն դա ավելի ու ավելի է դժվարանում:

ԵԱՀԿ-ն այդպես էլ չվերականգնվեց 2008-ին Վրաստանում պատերազմի կանխարգելման ձախողումից հետո: Հարավօսեթական պատերազմի համատեքստում ԵԱՀԿ-ն կարևորագույն միջազգային գործոն էր, սակայն կազմակերպության սահմանափակումները նկատելի դարձան հակամարտությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո: Ներկա պահին նույնիսկ համաձայնություն չկա ԵԱՀԿ առաքելության` Վրաստան վերադառնալու մասին:

Վերադառնանք կարգավորմանը. ինչպե՞ս եք կարծում, հնարավո՞ր է այն արդյոք երկու հակադիր սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի:

Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները պատմական են, և նրանք պահպանում են իրենց կարևորությունը նաև այսօր: Դրանք համաձայնեցվել են, երբ աշխարհը բաժանված է եղել երկու գաղափարախոսական ճամբարի: Չպետք է լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները թուլացնելու փորձեր: Ճիշտ է, աշխարհը փոխվել է, և հենց այդ պատճառով առաջացել է նոր մոտեցումների անհրաժեշտություն, մասնավորապես, եվրոպական անվտանգության հարցում: Բայց եվրոպական երկրները պետք է հիմնվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա` չփոխելով դրանք:

Հնարավո՞ր է արդյոք նոր պատերազմ Ղարաբաղում:
Եթե խաղաղության պայմանագիր չկա, ապա իրադարձությունների ցանկացած զարգացում հնարավոր է, այդ թվում` պատերազմ: Խաղաղ գործընթացը պետք է անհապաղ աշխուժանա:

Շփման գծում միջադեպերն այնքան հաճախ և կանոնավոր են դարձել, որ շուտով մենք հնարավորություն չենք ունենա խոսել հրադադարի մասին: Շփման գծում իրավիճակը պետք է շտապ կայունանա, քանի դեռ վտանգն ավելի շատ չի մեծացել: Սակայն ոչ հակամարտության կողմերը, ոչ միջազգային հանրությունը չպետք է շփոթեն հրադադարի ռեժիմը խաղաղության հետ: Միջադեպերը պետք է դիտարկել որպես մոտեցող վտանգի մասին ահազանգ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News