Մեծ ընկերությունները փորձում են ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար

Վահե Գուլյան.

Մեծ ընկերությունները փորձում են ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար

PanARMENIAN.Net - 2010 թվականի նոյեմբեր ամսին տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ամենաքննարկվող թեմաներից էր Google համակարգում հայտնաբերված լուրջ «անցքը», որը թույլ էր տալիս անձնական տեղեկատվության բացահայտում, ինչը կարող էր օգտագործվել չարագործների կողմից: Պատմության հերոսը 21-ամյա ամերիկաբնակ և ծնունդով հայաստանցի Վահե Գուլյանն էր, ով, գտնելով սխալը, փորձել էր տեղեկացնել այդ մասին Google-ին, սակայն պատասխան չէր ստացել: Երբ պարզվել էր, որ խոցելիությունը վերաբերում է ոչ միայն Gmail էլ. փոստի օգտագործողներին, այլ նաև Google Appls-ի օգտագործողներին (որոնց թվում են մի շարք պետական կազմակերպություններ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում), Վահեն որոշել էր գրել ՏՏ ոլորտի ամենահայտնի բլոգերից մեկի` TechCrunch-ի խմբագրին, ցուցադրելով խոցելիությունը իր իսկ բլոգում, որը տեղադրված էր Google-ի սեփական Blogger համակարգում: Աղմկահարույց պատմության մանրամասները Վահեն պատմում է PanARMENIAN.Net-ի թղթակցին` բացառիկ հարցազրույցի շրջանակներում:
Վահե, ինչպե՞ս կներկայացնես ինքդ քեզ:
Ես 21 տարեկան եմ, ծնվել, մեծացել եմ Երևանում և արդեն 2,5 տարի է ապրում եմ Լոս Անջելեսում: Աշխատում եմ որպես համակարգային/ցանցային ադմինիստրատոր:

Ինչպե՞ս գտար այդ բացթողումը Google-ի համակարգում: Հանկարծակի՞ գտար, թե՞ հատուկ փնտրում էիր ինչ-որ սխալ:
Ճիշտն ասած, ես հիմա իմ համակարգիչը չունեմ, աշխատավայրում էի, երբ բզբզելով «գտա» այն: Ավելի ճիշտ` այդ մասին իրենց իսկ դոկումենտացիայում գրված էր` գործը դրա կիրառությունը գտնելու մեջ էր: Սկզբից մտածեցի, որ հատուկ է այդպես մտածված և վերահսկվում է այլ մեխանիզմներով, բայց առաջին փորձը ցույց տվեց, որ իրոք բացթողում է: Շատ էի զարմացել:

Որքանո՞վ է լուրջ այդ բացթողումը: Ի՞նչ կարող էր լինել եթե այդ մասին չարագործներ տեղեկանային:
Դե ասում են, որ շատ լուրջ է :) Օրինակ, այդ կոդը տեղադրելով շատ այցելուներ ունեցող որևէ կայքում (կամ նույնիսկ մի հայտնի մեկի բլոգում` մեկնաբանությունների մեջ) կարելի է հավաքագրել կայքի այցելուների էլեկտրոնային հասցեները, կազմել սփամ-ցուցակներ և սփամ նամակներ ու վիրուսներ տարածել: Էլ. փոստի հասցեների այդպիսի ցուցակներ ինտերնետում վաճառվում են և մեծ պահանջարկ ունեն: Մինչդեռ Google-ը իր էլեկտրոնային փոստի ծառայությունում գրանցվողներին վստահեցնում է, որ առանց նրանց թույլտվության ոչ մի երրորդ կողմի չի փոխանցի հասցեները…

Ի դեպ, հաջորդ բացթողումը կայանում էր նրանում, որ այդ հասցեներին կարելի էր նամակ ուղարկել հենց @google.com դոմեյնից:

Ի՞նչ արեցիր այն հայտնաբերելուց հետո:
Ամբողջ պրոցեսը տևեց մեկուկես ամիս, քանի որ ես համակարգիչ չունեմ: Ողջ կոդը (խմբ. խոցելիությունը ցուցադրող) գրվել էր Apple խանութում: Այդ ընթացքում նամակներ էի ուղարկում տարբեր Google-ի աշխատողներին noreply@google.com հասցեից, ինչը պետք է որ նրանց հասկացներ, որ խնդիր ունեն: Երբ ընկերներիս պատմեցի դրա մասին` ինձ խորհուրդ տվեցին գրել TechCrunch բլոգին, ինչն էլ արեցի: TechCrunch-ի հոդվածը բավականին բուռն արձագանքներ գտավ և այդ նյութը արտատպեցին հարյուրավոր այլ բլոգեր և լրատվական կայքեր: Ես ուղղակի ցանկանում էի բարձրաձայնել, թե ինչպես են մեծ ընկերությունները փորձում ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար: Մինչև հիմա չեմ հասկանում, ինչպես կարող էր Google-ի պես ընկերությունը այդպիսի բացթողում թույլ տալ:

Իսկ ինչո՞ւ հենց Apple-ի խանութում:
Այնտեղ արագ ինտերնետին միացրած Apple-ի արտադրանքներն ազատ ցուցադրվում են, և կարելի է մոտենալ, փորձարկել... հարմար է :)

Մտքովդ անցե՞լ էր օգտագործել այն անձնական նպատակներով, կամ վաճառել Google-ի մրցակիցներին, օրինակ ներկայիս հակառակորդ Facebook-ին:
Կարծում եմ Facebook-ի հետ կապվելն ավելի դժվար կլիներ:

Ինչպիսի՞ արձագանք էիր սպասում Google-ից:
Ճիշտն ասած չէի կարծում, որ TechCrunch-ը այդպես արագ կարձագանքի և մինչև առավոտյան իմ աշխատանքի հասնելը նորությունն արդեն հրապարակված կլինի: Մտածում էի, որ սկզբում Google-ի ներկայացուցիչը կկապվի ինձ հետ: Իսկ թե ինչպես է այդ աղմուկը տարածվել իմացա իմ հետ աշխատող մի տղայից:

Ի՞նչ ստացվեց ի վերջո: Գո՞հ ես Google-ի արձագանքից:
Google-ի աշխատակիցները կապի մեջ են ինձ հետ՝ խորհրդակցելով խոցելիությունը վերացնելու լավագույն լուծմումը գտնելու համար: Խոցելիությունը մեծամասամբ վերացվել է, բայց դեռևս ոչ ամբողջովին: Վերջերս ինձ տեղեկացրեցին, որ անունս ավելացրել են Google-ի անվտանգության «Պատվո սրահի» պատվավոր հիշատակում բաժնում` http://www.google.com/corporate/halloffame.html

TechCrunch-ի խմբագիր Արինգթոնին ուղղված նամակում ստորագրվել ես՝ նշելով քո ազգային պատկանելիությունը և դեպքի մասին բոլոր լուրերում նշվում է, որ խոցելիությունը բացայահտողը հայ է: Հատու՞կ ես այդպես գրել:
Այո, ցանկանում էի որ նշված լիներ, որ բացահայտողը հայ է: Ճիշտն ասած ընդամենը 2 վայրկյան եմ մտածել այդ մասը գրելուց: Արինգթոնի հետ զրույցի ժամանակ նրան պատմեցի, որ Լոս Անջելեսում եմ, սակայն հոդվածի մեկնաբանություններից զգացվում էր, որ շատերը կարծել են, թե այժմ Հայաստանում եմ:

Քո մասին կարծես բոլոր համակարգչային անվտանգության կայքերն արդեն գրել են և շատ մեկնաբանություններում բազմաթիվ հավանություններ և ջերմ մաղթանքներ ես ստանում: Ի՞նչպես ես վերաբերվում այդպիսի հանկարծակի «հայտնիությանը» և ուշադրությանը:
Իհարկե, հաճելի էր Մայքլ Արինգթոնի նման մարդկանց արձագանքը և ուշադրությունը իմ անձի նկատմամբ: Օգտվելով առիթից, ցանկանում եմ ջերմ բարևներ փոխանցել նրանց, ում սիրում եմ :)

Կցանկանայի՞ր արդյոք վերադառնալ և աշխատել Հայաստանում և ի՞նչ պայմաններով:
Մոտակա տարիներին դա ուղղակի հնարավոր չէ անձնական պատճառներով:

---