// IP Marketing video - START// IP Marketing video - END
Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում

Վալերի Կիպորենկո.

Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում

PanARMENIAN.Net - 21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը. ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների շարքում Ադրբեջանում իր առաքելությունն էր կատարում նաև Վալերի Կիպորենկոն: ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների խմբի շարքում նա յոթ ամիս աշխատել է Սումգայիթում և Բաքվում, 1990-ին եղել է Կիևի զինվորական շրջանի հարցերով ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ բաժնի ավագ քննիչ: Գնդապետ Կիպորենկոն կիսվել է այդ տարիների իր հիշողություններով PanARMENIAN.Net և Analitika.at.ua հետ:
Պատմե'ք, խնդրեմ, Ադրբեջանում Ձեր առաքելության մասին:
Մինչև ԽՍՀՄ փլուզումը ես ծառայել եմ Կիևի զինվորական շրջանի հատուկ բաժնում որպես ավագ քննիչ, և երբ 1988-ին տեղի ունեցան Սումգայիթի դեպքերը, ստեղծվեց օպերատիվ-հետախուզական խումբ գլխավոր դատախազության հովանու ներքո, այնտեղ ուղորդվեցին քննիչներ ողջ ԽՍՀՄ-ից: Միանգամից ցանկանում եմ նշել, որ խմբի շուրջ 70-80 տոկոսը քննիչներ էին Ուկրաինայից, ուկրաինացիներն աչքի էին ընկնում նրանով, որ նրանք միշտ կատարողական էին և հաճախ նրանց միջոցով, եթե կարելի է այդպես արտահայտվել, փակում էին լուրջ խնդիրները, որոնք ծագում էին ԽՍՀՄ-ում:

Սումգայիթում մենք կանգ առանք «Դալգա» (Ալիք) հյուրանոցում, մեզ խորհուրդ չտվեցին դուրս գալ քաղաք, տեղի մարմինները սաբոտաժի ենթարկեցին մեր աշխատանքը և չօգնեցին:

Մեր տվյալներով, զանգվածային անկարգություններից մոտավորապես երկու շաբաթ առաջ Սումբագյիթ էր ժամանել մի քանի ավտոբուս Երևանից եկած փախստականներով, այդ անձանց անվանում էին երադներ (երևանյան ադրբեջանցիներ), նրանք հաղորդեցին, որ իբր Երևանում նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն, վտարել են տներից և այլն: Իրականում, դրանք մարդիկ էին, ովքեր Երևանում լավ եկամուտ չունեին, և օգտվելով նրանից, որ ԼՂ-ում սրվել էր իրավիճակը, որոշել էին վերադառնալ հայրենիք և ի հեճուկս հայերի բնակարան ստանալ: Մենք օպերատիվ տվյալներ ունեինք ԽՍՀմ ՊԱԿ-ից այն մասին, որ Երևանում բռնության ոչ մի դեպք չի եղել և ոչ ոքի այնտեղից չեն վտարել: Դա զուտ քարոզչություն էր, որը հանգեցրեց նրան, որ աղքատ միջավայրից նույն մարդիկ` ադրբեջանցիները, լսելով դա, չունենալով կացարան և մշտական աշխատանք, հեշտությամբ տարբեր խմբեր կազմեցին, որոնք Սումգայիթում սկսեցին կողոպտել հայերի բնակարանները, դրանց տերերին վռնդել փողոց, սպանել:

Իմ` Սումգայիթ ժամանելու պահին քաղաքն ամմողջությամբ թալանված էր, ես հիշում եմ, որ երբ մեկնեցի այնտեղ, անցկացվեց զտման աշխատանք, որին մեզ միանգամից կցեցին: Աշխատանքի էությունը նրանում էր, որ Ռոստովի մարզից բերվեն ներքին զորքեր, որոնք մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը ձերբակալեն բոլոր կասկածելի անձնանց, հավաքեն մարզադաշտում, լուսանկարեն, և միայն դրանից հետո ազատ արձակեն: Սումգայիթ քաղաքում իմ ղեկավարած խմբի կողմից հետաքննվում էր 18 հանցագործություն: Մասնավորապես, գործ կար քրեական հանցագործների խմբի մասին, որտեղ գլխավոր անդամներից էր կրկկնահանցագործ Էդիկ Գրիգորյանը: Այդ խումբը զբաղվում էր նրանով, որ պարզում էր Սումգայիթում այն բնակարանները, որոնք պատկանում էին հայերին, բռնաբարում էին նրանց, սպանում: Իրավիճակը չափազանց բարդ էր և բոլորովին անսովոր, դրանք առաջին լուրջ զանգվածային անկարգություններն էին, որոնք կրում էին զուտ ազգային բնույթ: Կային տուժած ուկրաինացիներ, ռուսներ, բելառուսներ, բայց դրանք եզակի դեպքերն էին, և դա էլ այն դեպքում, երբ նրանց շփոթում էին հայերի հետ:

Գրիգորյանը հա՞յ էր:
Ես` որպես քննչական խմբի ղեկավար, անմիջականորեն հարցաքննել եմ Գրիգորյանին և նրան մեղադրանքներ ներկայացրել, նա հայկական ազգանուն ուներ, բայց ազգությամբ գրանցված էր որպես ադրբեջանցի: Իրավիճակն այսպիսին է. նա ծնվել էր անբարեկեցիկ ընտանիքում, նրա մայրն ադրբեջանցի էր, մանուկ հասակում հայրը լքել է նրանց և մեկնել անհայտ ուղղությամբ, ուստի նա հայերին չափազանց վատ էր վերաբերվում: Նա մի քանի դատվածություն ուներ, թեև հայկական ազգանուն էր կրում, բայց չափազանց բացասական էր տրամադրված հայերի հանդեպ:

Տուժածներ կա՞յին արդյոք ադրբեջանցիների շարքում:

Սումգայիթում անկարգությունների ժամանակ ոչ մի ադրբեջանցի չի տուժել, հայերը ոչ մեկին չեն սպանել: Հայերը պատրաստ չէին դիմադրության: Մասնավորապես, հիշում եմ այսպիսի դեպք երկու Հովհաննիսյան եղբայրների հետ, որոնք բնակվում էին առաջին հարկում, նրանք շրջապատման մեջ էին մնացել 2-3 ժամ: Ծնողները փախել էին վերևի հարկ` բելառուս հարևանների մոտ, որոնք նրանց թաքցրել էին: Ամբոխը շրջապատել էր նրանց բնակարանը, իսկ եղբայրները զինված են եղել իրենց ազգականի ատրճանակով և կրակոցներ արձակել, բայց արդյունքում բնակարանն այրել են, եղբայրներին բակում սպանել: Ես եղել եմ դիարանում, նրանց այնքան էին ծեծել, որ միսն անջատվել էր ոսկորներից:

Ամենասարսափելին ինձ համար այն էր, որ հարյուրավոր մարդկանց ներկայությամբ բռնաբարել են 16-ամյա հայ աղջկա, այնուհետև այրել, իսկ ամբոխը կանգնած նայել է, և ոչ ոք ոչինչ չի արել: Իսկ նա գերազանցիկ է եղել, Սումգայիթի «դեմքը», և նրան բոլորն են ճանաչել:

Ձեր կարծիքով ջարդերը տարերային բնույթ են կարել, թե պլանավորված գործողություններ են եղել:
Դա եղել է կազմակերպված ակցիա: Մշակույթի պալատի մոտ տեղավորվել են «փախստականներ» Երևանից: Նրանք պատմել են Հայաստանում «սարսափելի դեպքերի» մասին: Նրանց հետ մենք փորձեցինք աշխատանք անցկացնել, ասելով, որ նման բան չի եղել, ինչո՞ւ եք այդ ամենը հորինում: Բայց, ապարդյուն: Եվ ահա այդ ալիքը գլխավորել են հանցագործներ, որոնք զուտ էթնիկական սկզբունքով կոտորել են, սպանել, բռնաբարել:

Ինչպե՞ս կբնութագրեիք Ադրբեջանի խաղաղ հայ բնակչության նկատմամբ կատարված բռնությունները: Կարելի՞ է դա Ցեղասպանություն անվանել, չէ՞ որ հայերին հետապնդել են բացառապես ազգային նշաններով:
Այո, Սումգայիթում եղել է հենց Ցեղասպանություն, որովհետև կարգախոսները, որոնք բղավել են ջարդարարները, նույնն են եղել. սպանիր հայերին, նրանք վերցրել են մեր լավագույն բնակարանները, նրանք ցածրակարգ ազգ են, Սումգայիթում ոչ մի հայ չպետք է մնա:

Դուք եղել եք դեպքերի էպիկենտրոնում: Պատմեք այլ քաղաքների մասին, ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ: Ինչո՞վ են տարբերվել Սումգայիթի ջարդերը Բաքվի կամ Կիրովաբադի ջարդերից:

Սումգայիթում քրեական գործերն ավարտելուց հետո, որտեղ ես անցկացրեցի 5-6 ամիս, մեղավորները ենթարկվեցին քրեական պատասխանատվության: Նույն Գրիգորյանը գտնվել է քննության տակ, նրա գործը հանձնվել է դատարան և դրանից հետո մենք բաժանվել ենք: Ադրբեջանի այլ քաղաքների մասին ես չգիտեմ, այդ ժամանակ մեր խումբն աշխատել է Սումգայիթում:

1990-ին զանգվածային անկարգություններ են բռնկվել Բաքվում հայերին ոչնչացնելու մասին նույն կարգախոսներով: Բաքու զորք է մտցվել: Բաքվում ոչ ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը վատ էր: Հիշում եմ մի դեպք, երբ գնացել էի հաց գնելու, և երբ հերթը հասավ ինձ, ինձ հաց չտվեցին իբր այն պատճառով, որ մենք պաշտպանում ենք հայերին: Իրականում, մենք հետաքննում էինք հանցագործությունները:

Ինձ հայտնի է, որ Բաքվից Կասպիա են մեկնել լաստանավեր, որոնք էվակուացիայի անվան տակ հայեր են տեղափոխել, բայց դա կազմակերպել են Ադրբեջանի ազգայնական տարրերը, և մենք չենք կարողացել պարզել, թե ո՞ւմ են տարել և ի՞նչ է եղել նրանց հետ:

Հաշվի առնելով այն ամենը, ինչ պատմել եք, ԼՂ բնակչությունն ինքնապաշտպանությունից բացի այլընտրանք ունե՞ր, որպեսզի կարողանար շարունակել ապրել իր հողում:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքնապաշտպանությունից բացի այլընտրանք չուներ: Եթե չլինեին Սումգայիթի և Բաքվի զորքերը, այնտեղ բռնություն կկիրառեին բոլոր հայերի նկատմամբ նրանց երկրից վտարելու նպատակով:

Հայ ժողովուրդն այլ ելք չուներ` դատելով Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ կատարած վայրագություններից:

Յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի, և եթե պատմականորեն այնպես է դասավորվել, որ ԼՂ տարածքում ավելի շատ հայեր են բնակվել, ապա նրանք ինքնորոշման իրավունք ունեն: Կամ պետք էր դեռ ԽՍՀՄ օրոք այդ տարածքի ճակատագիրը որոշել հօգուտ Հայաստանի:

Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը բախվեր ազգայնամոլության հողի վրա կատարվող հանցագործության հետ:

Ազգայնամոլությունը սարսափելի երևույթ է, և երբ կատարվում է հանցագործություն միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն ազգային պատկանելությամբ ուրիշ է, անթույլատրելի է: Իմ խորը համոզմամբ, ժողովուրդները չեն կարող վատը լինել, կարող են վատը լինել միայն առանձին մարդիկ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես