Ռոբերտ Արզումանյան և Հենրիխ Մխիթարյան.Ռոբերտը ցանկանում է ֆիլմում նկարահանվել Ջեսիկա Ալբայի հետ, իսկ Հենրիխը չի պատկերացնում իրեն առանց գնդակի և խաղակոշիկների 7 փետրվարի 2011 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը EURO-2012-ի ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ կներկայացնի հարցազրույցներ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնք կպատմեն իրենց մասին, Հայաստանի հավաքականի մասին և կկիսվեն ֆուտբոլային գիտելիքներով: Գործակալության առաջին զրուցակիները դարձան Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: 2010-ը Հայաստանի հավաքականն ավարտեց Սլովակիայի և Անդորրայի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակներով, և բոլոր սկսեցին հավատալ, որ հավաքականն ի զորու է հաղթահարել EURO-2012-ի խմբային փուլը: Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականի շանսերը: Հենրիխ. Դեռ վաղ է խոսել Հայաստանի հավաքականի շանսերի մասին, կարող եմ ասել միայն, որ յուրաքանչյուր խաղում մենք դաշտ ենք գուրս գալիս հաղթելու համար: Եվ շատ լավ է, որ վերջին խաղերում մենք հաղթանակ ենք տարել: Մենք կարող էինք մեր արխիվում ավելի շատ միավորներ ունենալ 4 խաղերի արդյունքում, բայց ժամանակ դեռ կա և տեսնենք, թե ինչ կհաջողվի մեզ այս տարի: Հուսով եմ, որ կկարողանանք ավելի լավ հանդես գալ: Ռոբերտ. Կարծում եմ, որ 2010-ը մենք լավ ավարտեցինք: Իհարկե, եղել են խաղեր, որտեղ մենք կարող էինք սխալներ թույլ չտալ և ավելի շատ միավորներ վաստակել: Բայց մեր խմբում հանդես են գալիս ուժեղ թիմեր, և այն, որ մենք կիսում ենք 2-3-րդ տեղերը Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների հետ, շատ լավ արդյունք է: Աստված տա, որ մենք հայտնվենք ԵԱ եզրափակիչ փուլում: Փետրվարին մեր հավաքականը Կիպրոսում կանցկացնի հավաքներ և ընկերական խաղում կմրցի Վրաստանի հավաքականի դեմ: Ի՞նչ կտա այդ խաղը մեր հավաքականին: Հենրիխ. Դե, ընկերական խաղը կօգնի մարզիչին որոշել այս տարվա լավագույն կազմը և ծանոթանալ խաղացողների հնարավորությունների հետ: Կարող եմ ասել, որ ամեն ինչ մարզիչի ձեռքերում է, և լավ ռազմավարության դեպքում մենք կարող ենք ցույց տալ լավագույն խաղ և հասնել արդյունքի: Ռոբերտ. Յուրաքանչյուր ընկերական խաղ կարևոր է հավաքականի համար, և այն օգնում է ֆուտբոլիստներին ավելի լավ ճանաչել միմյանց, ուղղել սխալները և պատրաստվել արդեն ստուգողական խաղերին: Ի տարբերություն ակումբների, որտեղ ֆուտբոլիստները մարզվում են և իրար հետ խաղում ամեն օր, հավաքականի խաղացողները հանդիպում են տարեկան 5-6 անգամ, ընկերական խաղերն օգնում են հասնել լավ արդյունքների: Մարտին Հայաստանի հավաքականը կխաղա B խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, ի՞նչ կարող եք ասել մրցակիցների և նրանց խաղի մասին: Հենրիխ. Ես դիտել եմ Ռուսաստանի հավաքականի խաղերի մի քանի տեսագրություններ և կարող եմ ասել, որ դա շատ լավ թիմ է, բայց մենք ամեն ինչ կանենք լավ հանդես գալու և հաղթելու համար: Ռոբերտ. Նույն ոգևորությունը, որը մենք ունենք 2010-ին, կլինի նաև Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում: Մնում է միայն, որպեսզի ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան և մենք լավ մարզավիճակում լինենք: Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է և մեր խմբի առաջատարներից մեկը, բայց մենք կխաղանք միայն հանուն հաղթանակի: Ֆուտբոլիստները տարբեր կերպ են արտահայտում իրենց զայրույթը պարտությունից հետո, ինչպե՞ս եք վերաբերվում 3 միավորի կորստին: Հենրիխ. Ես վերլուծում եմ խաղը, և ինքս փորձում եմ պարտության պատճառները գտնել, իհարկե, ժամանակ առ ժամանակ չարանում եմ, բայց փորձում եմ հանգիստ և դրական լինել: Նայում եմ առաջ և փորձում ուղղել սխալները: Ռոբերտ. Լինում է, որ չարանում եմ ինքս ինձ վրա, բայց ամեն ինչ մի քանի րոպեից անցնում է: Օրինակ, մակեդոնացիների դեմ խաղից հետո, երբ խաղն ավարտվեց ոչ ոքի, ես բարկությունից քիչ մնաց կոտրեմ ապակին: Բայց դա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Դուք աշխատել եք տարբեր մարզիչների հետ, ի՞նչ եք սովորել նրանցից և, եթե կարող եք, համեմատեք նրանց: Հենրիխ. Ես իսկապես աշխատել եմ տարբեր մարզիչների հետ և շատ բան եմ սովորել նրանցից: Չեմ կարող նրանց համեմատել, քանի որ բոլորն ունեն իրենց առանձնահատկությունները, և կարծում եմ, նրանք դրանով են տարբերվում իրարից: Ռոբերտ. Ես աշխատել եմ շատ մարզիչների հետ ինչպես ակումբներում, այնպես էլ հավաքականում, և նրանք բոլորն ինձ շատ բան են տվել: Ֆրանսիացի մարզիչ Բերնար Կազոնին ինձ հնարավորություն է տվել խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, և ես նրան շատ եմ սիրում: Ֆուտբոլիստները միշտ սիրում են այն մարզիչներին, որոնք նրանց տեղ են տալիս հիմնական կազմում: Դուք խաղացել եք տարբեր մարզադաշտերում, իսկ կա՞ ձեզ համար ինչ-որ յուրահատուկ մարզադաշտ: Հենրիխ. «Շախտյորի» մարզադաշտը` «Դոնբաս Արենան»: Ռոբերտ. «էյնդհովենի ՊՍՎ» մարզադաշտը, որտեղ ես անցկացրել եմ երկրորդ խաղը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական խաղերում, և նման մեծ մարզադաշտում դեռ չէի խաղացել: Իհարկե, հետո շատ անգամներ դուրս եմ եկել նման մեծ դաշտ, բայց այն, ինչ քո կյանքում տեղի է ունենում առաջին անգամ, հիշվում է միշտ: Հիշո՞ւմ եք աշխարհի առաջին առաջնությունը, որին հետևել եք, ո՞ր թիմին էիք երկրպագում: Հենրիխ. Դա 1998-ին էր, ես երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին: Ռոբերտ. 1994-ի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Այդ ժամանակ ես երկրպագում էի Գերմանիայի հավաքականին, որը քառորդ եզրափակիչում պարտվեց Բուլղարիայի հավաքականին: Հիշում եմ, որ նույնիսկ լաց եղա, քանի որ իմ սիրած թիմը դուրս մնաց հետագա պայքարից: Հետագայում իհարկե փոխվեցին իմ սիրած թիմերը, հիմա աշխարհի ուժեղագույն հավաքականն աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, ընդհանրապես ես սիրում եմ գեղեցիկ ֆուտբոլ: Առաջին անգամ ե՞րբ եք մարզադաշտում ֆուտբոլ դիտել: Հենրիխ. 1996-ին դիտել եմ Գերմանիայի հավաքականի խաղը: Ռոբերտ. Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր խաղերը դիտել եմ մարզադաշտում: Անվանեք երկու իրեր, առանց որոնց չեք կարող դիմանալ կյանքում: Հենրիխ. Գնդակ և խաղակոշիկներ: Ռոբերտ. Ինտերնետ և հեռախոս: Եթե դուք գիրք գրեիք ձեր ֆուտբոլային կյանքի մասին, ինչպե՞ս կանվանեիք այն: Հենրիխ. Այդ մասին երբեք չեմ մտածել և հետևաբար չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ռոբերտ. Այն ամենն, ինչին հասել եմ կյանքում և ֆուտբոլի մեջ, ինձ դժվարությամբ է տրվել: Չգիտեմ, բայց եթե երբևէ գիրք գրեմ, հավանաբար կանվանեմ «Դժվարություններով լի ճանապարհ» (ծիծաղում է): Ո՞ր ֆիլմում կցանկանայիք հանդես գալ գլխավոր դերում: Հենրիխ. Երբեք չեմ երազել ֆիլմում նկարահանվելու մասին: Ռոբերտ. Եթե նման հնարավորություն ընձեռվեր, ապա կցանկանայի նկարահանվել ռոմանտիկ ֆիլմում Ջեսիկա Ալբայի հետ: Ի՞նչ պետք է միշտ լինի ձեր սառնարանում: Հենրիխ. Այն, ամենագլխավորը, պետք է միշտ միացած լինի (ծիծաղում է), և նրա մեջ պետք է լինի համեղ ուտելիք: Ռոբերտ. Ջուր, ես չեմ կարող առանց սառը ջրի: Ավարտեք նախադասությունը. «Յուրաքանչյուր պարտությունից հետո…» Հենրիխ. Վերլուծում եմ իմ խաղը և գնահատում այն: Ռոբերտ. Ես տխրում եմ: Դավիթ Վիլյան Հարավային Աֆրիկայում ասել է, որ ֆուտբոլը սպորտի ունիվերսալ տեսակ է և սազում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, և հատկապես ընդգծել է կին երկրպագուների դերը: Ձեր կարծիքով, որքանո՞վ են օգնում նրանք Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ: Հենրիխ. Խաղի ժամանակ մենք տրիբունաներին չենք նայում և չենք տեսնում, թե որքան երկրպագու կա այնտեղ, գլխավորը, որպեսզի մարզադաշտը լիքը լինի: Ռոբերտ. Իհարկե, հաճելի է, երբ կանայք հետաքրքրվում են ֆուտբոլով և երկրպագում են մեզ, բայց խաղի ժամանակ մենք չենք նայում տրիբունաներին: 2010-ի ֆուտբոլի աշխարհայի առաջնությունում միայն երեք հավաքականների կազմում են խաղացել այդ երկրների առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներ: Ո՞ր երկրների: Հենրիխ. Հայաստանի հավաքականը (Իրականում Հայաստանի հավաքականը դեռ երբեք հանդես եկել ԱԱ-ում` խմբ. դիտ.) Ռոբերտ. Գերմանիա, Անգլիա և Իտալիա: ԱԱ-ում Իսպանիան խփել է 8 գնդակ, և աչքի են ընկել 3 ֆուտբոլիստներ: Կարո՞ղ եք ասել նրանց անունները: Հենրիխ. Ինյետսա, Վիլյա և Պույոլ: Ռոբերտ. Դավիթ Վիլյան խփել է 5 գնդակ, Անդրես Ինյեստա, իսկ Կառլես Պույոլն աչքի է ընկել Գերմանիայի հավաքականի դեմ խաղում: Այդ ժամանակ ես «Ռանդերսի» հետ հավաքի էի մասնակցում, և մենք միասին ենք դիտել խաղը: Ես ասացի, որ խաղը կավարտվի 1:0 հաշվով հօգուտ իսպանացիների, և աչքի ընկավ Խավին: Ի՞նչ ես անելու 2011-ի հոկտեմբերի 11-ին (այդ օրը Հայաստանի հավաքականն անցկացնելու է վերջին խաղը ԵԱ խմբային փուլում Իռլանդիայի հավաքականի դեմ): Հենրիխ. Հավանաբար, նշելու ենք մեր հավաքականի հաղթանակը և ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալը: Ռոբերտ. Հուսով եմ, որ մենք ուրախանալու առիթ կունենանք, և հուսով եմ, որ դուրս ենք գալու փլեյ օֆ: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |