Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

PanARMENIAN.Net - Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։
Ինչպե՞ս եք դուք ապահովում Ձեր բրաուզերների առաջխաղացումը:
Վլադիմիր Իսաև. Մենք մասնակցում ենք BarCamp-ի պես իրադարձություններին և պատմում ենք մեր մասին։ Իրականում օգտագործողներն են մեր մասին պատմողները, մեզ գովազդողները։ Իհարկե, Opera-ն հայտնի է նաև իր անվճար լինելու շնորհիվ։ Օրինակ, մենք Հայաստանում գովազդային արշավ չենք կազմակերպել, սակայն Հայաստանում բջջային բրաուզերների առաջատարն ենք՝ շուկայում 72 % դիրքով։ Սա բավականին մեծ թիվ է։

Արդյո՞ք Opera desktop-ը Opera mobile-ի պես հանրաճանաչ է։
Վլադիմիր Իսաև. Opera desktop-ն այդքան հանրաճանաչ չէ, որքան Opera mobile-ը, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Opera-ն պատմականորեն միշտ ճանաչված է եղել ԱՊՀ երկրներում։ Մենք աշխարհում առաջատար չենք օգտագործողների քանակով՝ սա այն է, ինչը մենք պատրաստվում ենք փոխել։ Այսօր Opera desktop-ն ունի 60 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհում, իսկ Opera mobile-ը՝ 150 միլիոն։ Ավելի քան 200 միլիոն օգտագործող. սա բավականին տպավորիչ թիվ է։

Որտեղի՞ց է Opera Software-ը եկամուտ ստանում։
Չարլզ ՄքՔեթիՆևիլ. Մենք ունենք գումար վաստակելու 2 ուղի։ Առաջինը՝ մենք վաճառում ենք ծրագրային ապահովում։ Օրինակ, եթե Airbus-ը ասում է. «Մենք ցանկանում ենք ունենալ Opera ինքնաթիռներում», մենք պատասխանում ենք՝ շատ լավ, մենք կարող ենք դա անել և նրանք դրա համար մեզ վճարում են։

Մյուս տարբերակը գովազդն է։ Բազմաթիվ ընկերություններ, ինչպես Google-ը, Microsoft-ը և Yandex-ը վճարում են, երբ դու ունես փոքրիկ որոնման դաշտ քո բրաուզերում։ Opera Software-ը Google-ի հետ առաջին համագործակցությունը սկսել է 10 տարի առաջ։

Եկամուտի մյուս աղբյուրը բջջային օպերատորներն են։ Opera Mini-ն, mobile-ը և desktop-ը կարողանում են տվյալների «սեղմում» անել (compression), ինչն ավելի արդյունավետ է դարձնում ցանցային թրաֆիկի օգտագործումը։ Եթե օգտագործում եք ձեր ցանցային կարողության մեկ տասներորդ մասը, իսկ մնացած մասը ազատ է մնում` դա օպերատորների համար բավականին շահավետ է։ Այդպես, նրանք ավելի շատ օգտագործողներ են կարողանում ներգրավել, քանի որ մարդիկ հասկանում են, որ այդ տարբերակով ինտերնետը ավելի արագ է աշխատում և ավելի մատչելի լինում։ Սա է մեր բիզնես մոդելը. մեր միջոցով օպերատորները և օգտագործողները նվազեցնում են իրենց ծախսերը ցանցային թրաֆիկի վրա։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ՏՏ միջավայրը։
Չարլզ ՄքՔեթիՆևիլ. 15 ժամ է, ինչ Հայաստանում եմ։ Մարդիկ խելացի են երևում, իսկ BarCamp-ը առողջ մթնոլորտում է անցնում։ Առողջ BarCamp նշանակում է առողջ ծրագրային նախագծողների համայնք, իսկ առողջ համայնքն էլ իր հերթին միշտ լավ նախագծեր է անում։

Վլադիմիր Իսաև. Opera Mini-ի վիճակագրությամբ Հայաստանը ԱՊՀ երկրներում առաջատարներից է. Հայաստանից օգտագործողներն միջինում ավելի շատ էջեր են դիտում Opera Mini-ով։ Եթե Ռուսաստանից յուրաքանչյուր օգտագործող միջինում 100 էջ է դիտում, ապա Հայաստանից այդ թիվը կազմում է՝ 1400։ Սա առավելագույն արդյունքն է և դրա պատճառները դեռևս առեղծված են ինձ համար։

Օրինակ, Բելառուսում սա հասկանալի է։ Բելառուսում կան մի շարք կայքեր, որոնք արգելափակված են կառավարության կողմից։ Իսկ Opera Mini-ն օգտագործում է հատուկ proxy-ներ, որոնք հնարավոր են դարձրել այդ կայքերի դիտումը։ Մենք սա չենք գովազդում, քանի որ այդ proxy-ները պարզապես օգտագործում ենք բրաուզերի ավելի արագ աշխատանքի համար։

Հայաստանին վերաբերող ի՞նչ ծրագրեր կամ պլաններ ունեք։
Վլադիմիր Իսաև. Մենք Հայաստանի հետ կապված որոշ գործնական ծրագրեր ունենք։ Պատրաստվում ենք համագործակցել բջջային օպերատորներից մեկի հետ։ Համագործակցության շրջանակներում օպերատորը բաժանորդներին կառաջարկի անսահմանափակ ինտերնետ փաթեթներ՝ Opera Mini-ով ինտերնետ մտնելու դեպքում։ Այդպես օգտագործողները կստանան արագ ինտերնետ, օպերատորը խնայողություններ կանի։ Սա մեր հիմնական բիզնես մոդելն է ԱՊՀ երկրներում։ Մենք այժմ բանակցությունների մեջ ենք Հայաստանի օպերատորներից մեկի հետ։ Շատ շուտով կհայտնենք օպերատորի անունը։

Ի՞նչ կավելացնեիք վերջում:
Վլադիմիր Իսաև. Սա իմ եկրորդ այցելությունն է Հայաստան։ Մեզ շատ ջերմ ընդունեցին այստեղ։ Ես և Չարլզը տպավորված ենք։ Այստեղ կա մեծ հետաքրքրություն Opera-ի նկատմամբ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել մեր նորարարություններն այստեղ բերելու համար։

Չարլզ ՄքՔեթիՆևիլ. Ես այստեղ եկել եմ պատմելու այն մասին, թե ինչ կարող են մարդիկ նախագծել։ Եվ ես ցանկանում եմ տեսնել նորագույն տեխնոլոգիաներն օգտագործող մարդկանց։ Ես ցանկանում եմ, որ այստեղի ծրագրավորողները շատ լավ նախագծեն իրենց ծրագրերը։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
---