Հայաստանի ալմաստի վերամշակման ոլորտը գտնվում է վերածննդի ճանապարհին

Կարինե Մինասյան.

Հայաստանի ալմաստի վերամշակման ոլորտը գտնվում է վերածննդի ճանապարհին

PanARMENIAN.Net - Հայաստանը հին ժամանակներից հայտնի է իր ակնագործներով: Սակայն այն բանից հետո, երբ դադարեց գործել Հայաստանի և Ռուսաստանի միջև ադամանդների արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ալմաստի վերամշակման ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրեց գործունեությունը: Իրավիճակը խորացավ ճգնաժամի տարիներին: Սակայն Սակայն Հայաստանի կառավարությունը փորձում է գործադրել բոլոր ջանքերը` ունեցած պոտենցիալը վերականգնելու համար: Այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:
Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում նաև ալմաստի վերամշակման արդյունաբերությունը, վերականգնվում է: Ինչի՞ հաշվին է Հայաստանի կառավարությանը հաջողվելու վերադարձնել ալմաստի վերամշակման արդյունաբերությունը զարգացման նախաճգնաժամյան մակարդակ:
Հայաստանի ալմաստի մշակման ոլորտը սկսել է ճգնաժամ ապրել համաշխարհային տնտեսական ճգնաժամից ավելի շուտ: 2006-ից սկսած ալմաստի հումքի ներկրման և արտադրության ծավալների նվազումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ադամանդ արտադրող հայկական ընկերությունների մեծամասնությունն աշխատել է դավալական հումքով և չի ունեցել իրացման սեփական շուկաներ: Ադամանդների արտադրության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին համաձայնագրերի գործողության դադարեցումից հետո ձեռնարկությունների մեծամասնությունը դադարեցրել է իր գործունեությունը:

Իհարկե, ֆինանսական ճգնաժամի շրջանում իրավիճակը բարդացել է նաև ադամանդի համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես, ամերիկյան շուկայում:
Ներկա դրությամբ ալմաստի վերամշակման ոլորտն աստիճանաբար վերականգնվում է, և դա, ամենից առաջ, կապված է նրա հետ, որ Հայաստանում ավանդաբար գոյություն ունի ակնագործների լավ դպրոց: Հայաստանի կառավարությունը, սկսած 2008-ից, մշտապես բարելավում է գործարար միջավայրն այս ոլորտի համար, ինչպես նաև ՀՀ նախագահի և վարչապետի ջանքերի շնորհիվ մենք վերականգնել ենք հարաբերությունները ալմաստի հումքի ավանդական մատակարարի՝ ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ:

Մինչև 2005-ի մակարդակը ոլորտի վերականգնման մասին խոսելու համար մեր ընկերությունները պետք է ինքնուրույն խաղացողներ դառնան ադամանդների շուկայում, ինչը շատ բարդ է, քանի որ այս ոլորտն ավանդաբար փակ է համարվել:Միակ իրական շանսն ակնագործական ոլորտը զարգացնելն է և այն համաշխարհային արդյունաբերության մեջ մրցունակ դարձնելը:

Ոլորտի զարգացման այլ ուղղություն կարող է դառնալ կիսաթանկարժեք և արհեստական քարերի վերամշակումը: Բայց ոլորտի որոշակի վերականգնում մենք կարող ենք տեսնել առաջիկա տարիներին այն ավանդական գործընկերային հարաբերությունների շրջանակներում, որոնք մեր ձեռնարկություններն ունեն համաշխարհային խաղացողների հետ և «ԱԼՌՈՍԱ»-ի առաքումների մշտական ավելացման շնորհիվ. դա ինքնըստինքյան մեծ քանակությամբ աշխատատեղ է: Իր կողմից պետությունը պատրաստ է աջակցել ոլորտի ձեռնարկություններին:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հայկական ձեռնարկություններին 2011-ի ընթացքում 30 մլն դոլար ընդհանուր արժեքով ալմաստ տրամադրելու մասին: ԱԼՌՈՍԱ-ն որքա՞ն գումարով է մեր ընկերություններին մատակարարել խոստացված ալմաստները: Թվարկեք, խնդրում եմ, թե որ հայկական ընկերություններն են համագործակցում ռուսական ընկերության հետ:
«ԱԼՌՈՍԱ» ընկերությունն արդեն առաջարկել է հայկական ձեռնարկություններին շուրջ 34 մլն դոլարի ալմաստ, և մեր գնահատականներով մատակարարումներն այս տարի չեն դադարելու: Այսօրվա դրությամբ «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցում են 4 հայկական ընկերություններ: «ԱԼՌՈՍԱ»-ն գործընկեր-ընկերությունների ընտրությունն ինքնուրույն է կատարում՝ սահմանված չափանիշների հիման վրա, Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք Հայաստանում ավանդաբար աշխատում են այդ շուկայում:

2011-ի ապրիլին Հայաստան է այցելել «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխնախագահ Յուրի Օկոեմովը: Կա՞ն արդյոք նորություններ 2012-ին մատակարարումների ծավալներն ավելացնելու վերաբերյալ: Պատմեք այդ առաքումների հաջողությունների մասին:
Իսկապես, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը փոխնախագահ Յուրի Օկոեմովի գլխավորությամբ այցելել է Հայաստան: Ռուսական ընկերության ղեկավարը հնարավորություն է ստացել անձամբ ծանոթանալ այս ոլորտում հայկական պոտենցիալի հետ: Ռուսական ընկերության համար գլխավորը երկարաժամկետ հուսալի գործընկերներ ձեռք բերելն է, որոնք ունենք կայուն դրություն, զբաղվում են ալմաստի վերամշակմամբ և պատրաստ են ալմաստ գնել՝ անկախ շուկայի իրավիճակից: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաքումներն առնվազն 30 տոկոսով ավելացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվում է գործընկեր-ընկերությունների թիվն ավելացնելու մասին հարցը: Եվ դա դեռ ամենը չէ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---