// IP Marketing video - START// IP Marketing video - END
Կարմիր խաչի երևանյան գրասենյակն ահազանգում է. ՁԻԱՀ-ով հիվանդները տարեց տարի ավելանում են

Կատարինա Վարդանյան, Նարինե Մաթևոսյան.

Կարմիր խաչի երևանյան գրասենյակն ահազանգում է. ՁԻԱՀ-ով հիվանդները տարեց տարի ավելանում են

PanARMENIAN.Net - Այսօր ողջ աշխարհում խոսում են ՁԻԱՀ-ի մասին, այն մասին, թե մարդկությաան գոյության համար ինչպիսի մեծ սպառնալիք է այդ գլոբալ համաճարակը, սակայն հայ հասարակության մեջ այդ հարցը չի քննարկվում, ասես երկրում ՁԻԱՀ-ով հիվանդներ չկան: Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, PanARMENIAN.Net-ը որոշել է Կարմիր խաչի հայկական գրասենյակի երիտասարդական բաժնի ղեկավար, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի համակարգող Կատարինա Վարդանյանից և Կարմիր խաչի հայկական գրասենյակի առողջապահության բաժնի ղեկավար Նարինե Մաթևոսյանից պարզել, թե Հայաստանում իրականում ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի հետ կապված իրավիճակը:
Վերջին ժամանակներն ավելի հաճախ խոսում են այն մասին, որ Հայաստանում զգալիորեն ավելացել է ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, համապատասխանո՞ւմ է դա արդյոք իրականությանը:
Կատարինա Վարդանյան. 1988-ից մինչև 2011-ի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակվելու 1127 դեպք, որոնցից 148-ն արձանագրվել է 2010-ին: Պետք է նշել, որ ՁԻԱՀ-ով հիվանդների մեծ մասը տղամարդիկ են: Հայաստանում տղամարդկանց շարքում արձանագրվել է ՁԻԱՀ-ի 797 դեպք (70,7 տոկոս), իսկ կանանց շարքում՝ 330 դեպք (29,3 տոկոս): Տարեց տարի ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը Հայաստանում ավելանում է:

Արդյոք հաճա՞խ են հանդիպում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդանալու դեպքեր երիտասարդների և երեխաների շարքում:
Կատարինա Վարդանյան. Ցավոք սրտի, ՁԻԱՀ-ով ավելի շատ հիվանդանում են երիտասարդները: ՁԻԱՀ-ով հիվանդների շուրջ 57 տոկոսը 29-35 տարեկան մարդիկ են: ՁԻԱՀ-ով հիվանդների 2 տոկոսը երեխաներ են: 1988-ից մինչև 2011-ի հոկտեմբերի 31-ը գրանցվել է երեխաների շարքում ՁԻԱՀ-ով վարակվելու 22 դեպք:

Երկար տարիներ փորձագետները խոսում էին «Արմենիկումի»՝ որպես դեղամիջոցի մասին, որը կարող է բուժել ՁԻԱՀ-ը, սակայն վերջին ժամանակներն այդ խոսակցությունները դադարել են: Ի՞նչ է տեղի ունեցել:
Նարինե Մաթևոսյան. «Արմենիկումը» հակավիրուսային միջոց է, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և իհարկե կարող է որոշ չափով ազդել նաև ՄԻԱՎ վարակի վրա: Սակայն տվյալ դեղամիջոցը չի կարող համարվել ՄԻԱՎ բուժման հիմնական միջոցը, քանի որ անմիջականորեն չի ազդում օրգանիզմի վարակների վրա: Դրա հետ կապված պետք է նշել, որ «աղմուկն» այն առիթով, որ «Արմենիկումը» կարող է բուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Միգուցե այդ պատճառով էլ դադարել են խոսակցություններն այն մասին, որ «Արմենիկումը» կարող է բուժել այդ հիվանդությունները:

Ինչպիսի՞ դժվարությունների հետ են բախվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ հայ հասարակության մեջ, և որքանո՞վ է հնարավոր հասարակության մեջ այդ մարդկանց ինտեգրումը:
Կատարինա Վարդանյան. Ցավոք սրտի, հայ հասարակության մեջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդը դիտարկվում է որպես բացառապես թեթև վարքի տեր անձ: Մեր հասարակության մեջ ՁԻԱՀ-ը չի ընկալվում որպես մահացու հիվանդություն: Հասարակության վերաբերմունքը ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց նկատմամբ այն բանի պատճառն է, որ վերջիններս թաքցնում են իրենց հիվանդությունը: Միաժամանակ, ես կցանկանայի նշել, որ երիտասարդ սերունդն ավելի հանդուրժողական է ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հանդեպ: Ես հիշում եմ, թե ինչպես 10 տարի առաջ մենք Եղեգնաձորում անցկացրեցինք թրենինգ, մասնակիցներից մեկը խոսում էր այն մասին, որ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ չպետք է ապրեն հասարակության մեջ: Այսօր նման միջոցառումների ընթացքում մենք տեսնում ենք, որ դպրոցականներն ավելի բաց են ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հետ շփվելու համար: Երբ մարդը պատշաճ կերպով իրազեկված է, նա սկսում է հրաժարվել ավելորդ կարծրատիպերից, որոնք խանգարում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց ինտեգրվել հասարակության մեջ: Իրականում, իր հիվանդության մասին իմացած մարդը որոշ ժամանակ շոկի մեջ է գտնվում, բայց դրանից հետո փորձում է պահպանել սովորական կենսակերպը: Մեզ համար գլխավոր նպատակներից է օգնել նրանց ինտեգրվել հասարակության մեջ և իսկապես վարել նորմալ կենսակերպ:

Ինչպիսի՞ միջոցառումներ է անցկանում Կարմիր խաչի հայկական գրասենյակը հասարակության մեջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:
Նարինե Մաթևոսյան. Երկար տարիների ընթացքում Կարմիր խաչի հայկական գրասենյակը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերվող հարցերի առիթով հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Մենք մեր ծրագրերը սկսել ենք դպրոցներում դասեր կազմակերպելուց: Դրանից հետո մենք սկսել ենք «հասակակիցը հասակակցին» ծրագրի ուսուցանումը, երբ մեկ ամսվա ընթացքում մեր կամավորներն այցելել են դպրոցներ և համապատասխան միջոցառումներ անցկացրել աշակերտների իրազեկվածությունը բարձրացնելու նապատակով: Ամեն տարի Հայաստանի 11 մարզերում մենք կազմակերպում ենք 11 տարբեր միջոցառումներ՝ բարեգործական, սպորտային միջոցառումներ, հատուկ տեսահոլովակներ են նկարահանվում անվանի մարդկանց մասնակցությամբ, կազմակերպվում են թոք-շոուներ: Բացի դրանից, մենք բաժանում ենք տեղեկատվական բուկլետներ, ինչպես նաև տեղեկատվական տաղավարներ ենք տեղադրում այգիներում, որտեղ նաև բաժանվում են պահպանակներ:

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը, ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվել Կարմիր խաչի հայկական գրասենյակի կողմից:
Կատարինա Վարդանյան. Երկրի մարզերում տեղի է ունեցել տեղեկատվական քարոզարշավ, որի ընթացքում մեր կամավորները բաժանել են տեղեկատվական նյութեր: Ուղարկվել են նաև բջջային հաղորդագրություններ, որոնք տեղեկատվություն են պարունակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Մենք նաև կազմակերպել ենք համատեղ միջոցառումներ World Vision Միջազգային բարեգործական կազմակերպության, ինչպես նաև Dlaboratory-ի հետ:

Բացի դրանից կազմակերպվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երթ: Երևանի հինգ միջնակարգ դպրոցների աշակերտներ մասնակցել են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի թեմայով brain-ring-ի, որը տեղի է ունեցել թիվ 85 դպրոցում: Միջոցառումը եզրափակվել է ֆլեշ-մոբով, որը կազմակերպվել է Հյուսիսային պողոտայում:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
6  01.12.11 - ՁԻԱՀ-ի միջազգային օրվան նվիրված երթ Երևանում